top of page

Երևանյան չկարգավորվող ինքնագլորները պատուհաս են դարձել երթևեկության և հետիոտների համար

27.07.2022

Վերջին տարիներին՝ հատկապես 2021-ից սկսած, Երևանի փողոցներում ի հայտ է եկել նոր փոխադրամիջոց։ Մայթերին՝ հետիոտն հատվածում երթևեկող, վարձակալությամբ տրվող էլեկտրական ինքնագլորների (scooter) թիվը աճում է աչքի առաջ։ Էկոլոգիապես մաքուր, համեմատաբար էժան ու հարմարավետ այս փոխադրամիջոցը, սակայն, նաև դժգոհությունների պատճառ է դարձել․ սոցիալական ցանցերում օգտատերերը բողոքում են, որ փոխադրամիջոցը սպառնում է հետիոտնի անվտանգությանը, սահմանափակում ազատ տեղաշարժի հնարավորությունը՝ չհաշված, որ երբեմն ինքնագլորավարները դուրս են գալիս մեքենաների երթևեկության գոտի ու լրացուցիչ վտանգներ են ստեղծում իրենց ու երթևեկության մյուս մասնակիցների համար։


Հատկանշական է, որ ինքնագլորների մասնակցությամբ պատահարները հաճախակիացել են։


Վերջերս ԵՊԲՀ «Հերացի» վերլուծական կենտրոնը տվյալներ էր հրապարակել, որոնց համաձայն՝ 2022 թվականի մարտ-հունիս ամիսներին միայն «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է դիմել ինքնագլորներից տուժած 38 մարդ։ Նրանցից 95%-ը եղել են փոխադրամիջոցը վարած անձինք, իսկ 5%-ը՝ հետիոտներ, որոնք տուժել են ինքնագլորի հետ բախվելու հետևանքով:


Ավելորդ չէ նշել, որ այլ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման հետևանքով միայն այս տարվա հունվար-հունիսին զոհվել է 89 մարդ։

Ինքնագլորների մասնակցությամբ պատահարների հետևանքով Երևանյան այգիներից մեկի տնօրինությունն անգամ արգելեց այգու տարածքում դրանց շահագործումը։


«Հուսանք շատ մոտ ապագայում մեր քաղաքում ևս ինքնագլորների համար կլինեն առանձնացված ուղիներ կամ արահետներ, ինչի շնորհիվ այս փոխադրամիջոցով երթևեկությունը կլինի ապահով և անվտանգ»,- ասված է այգու տնօրինության տարածած հաղորդագրության մեջ։


«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ոլորտը՝ պարզելու, թե ինչպես են պատկան մարմինները կարգավորում ինքնագլորների երթևեկությունը և դրանք վարձակալությամբ տրամադրող ընկերությունների գործունեությունը։


Ինքնագլորների շահագործումն օրենքով կարգավորված չէ, պատահարների վիճակագրություն չի վարվում

ՀՀ ոստիկանությունից FIP.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են, որ ինքնագլորների երթևեկությանը վերաբերող առանձին կարգավորումներ ՀՀ օրենսդրությամբ ներկայումս սահմանված չեն։


Միևնույն ժամանակ, տեղեկացնում են, որ իրենց «ամենօրյա գործունեության ընթացքում մշտապես ուսումնասիրում են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման միջազգային փորձը և ըստ այդմ ձեռնարկում անհրաժեշտ իրավական և կազմակերպչական միջոցառումները՝ ՀՀ-ում դրանք ներդնելու ուղղությամբ»։


«Ուսումնասիրության արդյունքում մշակվել է ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծը, որը գտնվում է ՀՀ ոստիկանության ներքին քննարկման փուլում»,- հայտնում են ոստիկանությունից։


Ոստիկանությունից նշում են նաև, որ ինքնագլորների մասնակցությամբ պատահարների մասով առանձին հաշվառում չի տարվում։


Ինքնագլորները կայանում ու երթևեկում են՝ որտեղ պատահի

«Փաստերի ստուգման հարթակը» Երևանի քաղաքապետարանի Առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանի հետ զրույցում պարզեց նաև, որ համայնքը որևէ իրավասություն և լծակ չունի վարձակալությամբ ինքնագլորներ տրամադրող ընկերությունների գործունեությունը կարգավորելու համար։


Պարզվում է՝ գործունեության այդ տեսակը ներառված չէ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, հետևաբար՝ քաղաքապետարանն իրավասու չէ համայնքում վարձակալությամբ ինքնագլորներ տրամադրող որևէ ընկերության գործունեության թույլտվություն տալու կամ չտալու։


Քաղաքապետարանից FIP.am-ին հայտնեցին, որ չեն կարգավորում նաև ինքնագլորների կայանման հարցը․ այդ նպատակով համայնքը հատուկ տարածք չի հատկացնում, և շահագործողներն ինքնագլորները կայանում են կամայական վայրերում՝ առանց քաղաքապետարանի հետ համաձայնության։

Ինչ վերաբերում է այս ուղղությամբ քաղաքապետարանի գործողություններին, ապա ոստիկանության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 19-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու Հրաչյա Սարգսյանը աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկել են ինքնագլորների խնդրի կարգավորման հարցը։


Գործադիրը արտոնություն է տալիս օրենքով չկարգավորվող գործունեություն վարող ընկերություններին


Ինքնագլորների շահագործումը կարգավորող օրենսդրության բացակայությունը չի խանգարել, սակայն, որ ՀՀ կառավարությունը արտոնություն տա մի քանի ընկերությունների՝ էլեկտրական սկուտերների վարձակալության ծառայություն ներդնելու համար։


Կառավարության համապատասխան որոշումների հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագիրը նպատակ ունի Երևան քաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին ապահովել արագ, էկոլոգիապես մաքուր և անվտանգ տրանսպորտ։

Այսպիսով, չնայած ինքնագլորը որպես փոխադրամիջոց շահագործողների թիվը շարունակում է աճել, դրանց անվտանգ երթևեկությունը կարգավորող օրենսդրություն և ենթակառուցվածքներ պատկան մարմինները դեռ չեն ապահովել։ Ավելին, գործադիրը արտոնություն է տալիս օրենքով չկարգավորվող գործունեության տեսակով զբաղվող ընկերություններին։


Նանե Մանասյան

Փաստերի ստուգման հարթակ

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page