top of page

Ինչպես էին Գուսան Հայկազունի երգերը Արցախում կյանքեր փրկում


«Գետաշեն», «Հայեր, միացեք», այս և մյուս սիրված երգերը մարդիկ ավելի լավ գիտեն, քան դրանց հեղինակին` Գուսան Հայկազունին (Գագիկ Նազարյան)։ Նրա ստեղծագործությունների համերգներին սովորաբար երգիչներին ձայնակցում է ողջ դահլիճը, որովհետև այդ երգերը գիտեն բոլորը։


Գուսան Հայկազունի ստեղծագործական ուղու, նրա երգերի ստեղծման պատմության և պատերազմական վիճակում երգի ուժի մասին Գուսան Հայկազունի հետ զրուցել է Սուսաննա Ներսեսյանը։


- Գուսան Հայկազուն, Դուք մասնագիտությամբ երաժիշտ չեք, բայց գրում եք երգեր, որոնք բոլորի շուրթերին են, ու Ձեզ այդ առումով կարող են նախանձել պրոֆեսիոնալները։ Ինչպե՞ս սկսեցիք երգեր գրել:


— Սկսեմ սկզբից. պապերս Խոյեցի են, Խոյ-Սալմաստից, իսկ Խոյ-Սալմաստից են եղել Սայաթ-Նովան, Րաֆֆին, Սևակը, Համո Սահյանը, գուսանների, բանաստեղծների օրրան է: Պապս հայտնի տաղասաց էր, երգիչ։


Ես մասնագիտությամբ, իսկապես, շինարար-ինժեներ եմ, երկար տարիներ հենց դրանով էլ զբաղվում էի, մոռացել էի երգն էլ, իմ սիրելի կիթառն էլ: Միայն հաճախ Կոմիտաս էի լսում: Ու այդպես մինչ համազգային զարթոնքը` 1988թ.-ը: Ղարաբաղյան շարժումը, որի ակտիվ մասնակիցներից էի, լիցքավորեց ինձ, կրկին արթնացավ գրելու ներքին մղումը, անհանգստացնող ցանկությունը, ու ես ոգևորված սկսեցի գրել:


- Այդ տարիներին շատ տարածված էր «Հայեր, միացեք» երգը, դա Ձեր առաջի՞ն ստեղծագործությունն էր:


— Այո, «Հայեր, միացեքը» իմ առաջին գործն է: Երբ շարժումը դեռ նոր էր սկսվել, հասկացա, որ միայն «Հայեր, միացեք» կոչը վանկարկելը քիչ էր, երգեր էին պետք, նոր հայրենասիրական, ազգային երգեր: Ու հենց «Հայեր, միացեք» վանկարկումն արդեն իսկ երգ էր:


Մի օր էլ ղարաբաղյան շարժման իմ ընկերներին ասացի. «Տղերք, մի երգ եմ գրելու, որ ողջ հայությունը երգի»: Նրանք ծիծաղեցին ու ասացին. «Դու լավ ճառ կասես»: Բայց ես չափազանց լրջորեն էի տրամադրված. միտինգների ժամանակ ծնվեց ու 4-5 օրվա ընթացքում երգ դարձավ «Հայեր, միացեքը»` առանց որևէ գործիքի նվագակցության:


Գիտե՞ք, ինձ թվում է, որ այդ երգը ես չեմ գրել, պարզապես այդ երգը պետք էր մեր ազգին, ու ծնվեց, ոչ թե ինձնից, այլ իմ միջոցով ծնվեց: Դա վաղուց պետք է ծնված լիներ` 100, 200 տարի առաջ կամ ավելի շուտ, ուղղակի ուշացումով ծնվեց, ու Աստված երևի ինձ ընտրեց որպես այդ երգի հեղինակ: Այդ օրվանից վերադարձա երգին. քիչ-քիչ, կամաց-կամաց ծնվեցին մյուս երգերը, ու համոզվեցի, որ պետք է գրեմ:


Երգեր գրելը ինձ Աստծուց տրված ամենամեծ շնորհն է, աշխատանքը` աշխատանք, բայց դա շնորհ է, որը պետք է օգտագործել և արդյունքը վերադարձնել ժողովրդին, Հայրենիքին:


Հասկացա նաև, որ երգն էլ զենք է, ու ես երևի զենքի այդ տեսակով էի պետք ու զորեղ: Երազում եմ, որ Հայոց մեծ աշխարհում ու հայի հոգում միշտ հնչի սիրո ու հաղթության երգը` հզոր ու փառահեղ:


- Պատերազմի տարիներին շատ սիրված էր «Գետաշեն» երգը, ինչպե՞ս այն ստեղծվեց, այդ երգի հետ կապված պատմություններ կա՞ն։


— Պատերազմի տարիներն էին, պետք է գնայինք Գետաշեն կռվելու, տղաներն ինձ չթողեցին գնալ իրենց հետ, պատվիրեցին, որ ավելի լավ է մնամ ու Գետաշենի մասին երգ գրեմ: Գրեցի «Գետաշեն» երգը, ու տարածվեց, սիրվեց, կարծես սպասում էին այս երգին, ու այն վերջապես եկավ։


Երգը շատ կարևոր էր մարտի դաշտում, օրինակ` «Հպարտ գնացեք» երգը ծանր հրետանու դեր է խաղացել այդ տարիներին, «Գետաշենը» և մյուս երգերը յուրովի ոգևորել են, ոգեշնչել զինվորներին, յուրատեսակ հոգևոր զենք են դարձել ու հաճախ նաև անհնարին վիճակներում ելք ու բանալի են դարձել, օգնել: Շատ դրվագներ կան երգերի հետ կապված, բայց ամենահուզիչը, կարևորը կապված է հենց «Գետաշեն» երգի հետ:


Տղաները պատմեցին, որ Շահումյանի գաղթի ժամանակ Մարտակերտի անտառներում լսում են երեխաների ձայներ: Գալիս, զեկուցում են հրամանատարին, թե անտառից հայ երեխաների ձայներ են գալիս, բայց ինչքան կանչում ենք, ձայն ենք տալիս, դուրս չեն գալիս, վախենում են, որովհետև ադրբեջանցին էլ կարող է կանչել հայերեն:


Մի ամբողջ օր անտառի խիտ թփուտներում փնտրում են, կանչում, երեխաները դուրս չեն գալիս, բայց ձայները լսվում են: Եվ ճիշտ ելքն են գտնում (այդ ժամանակ «Գետաշեն» երգը շատ էր տարածված). հրամանատարը շարում է բոլորին ու հրամայում` «Գետաշենը» երգեք:


Երգում են, ձայնն ամբողջ անտառը բռնում է, ու այդ ժամանակ միայն թփերի ետևից դուրս է գալիս 80-ն անց մի ծերունի` որսորդական հրացանը ձեռքին, իսկ նրա ետևից` 40-43 տկլոր, սոված երեխաներ, որոնք մնացել էին նրա հսկողության տակ: Այդպես երեխաները փրկվում են:


- Դուք երգեր եք գրում Արցախի հերոսների մասին, նրանց անունը երգով հավերժացնելը Ձեր կոչու՞մն եք համարում:


— Անպայման: Տեսեք, այսօր` 100 տարի անց, երգում ենք Անդրանիկի, Գևորգ Չաուշի, Արաբոյի մասին երգեր, ինչ լավ է, որ դրանք գրվել են ժամանակին ու այսօր հնչում են: Մերօրյա հերոսներից ես գրել եմ երգեր նվիրված Շահեն Մեղրյանին, Աշոտ Մինասյանին, Վազգեն Սարգսյանին, Մոնթեին, Դուշման Վարդանին, Կոմանդոսին։ Այդ երգերը հերոսներին են նվիրված, ու դրանք շատ անհրաժեշտ են:


Կռվող տղաներն այնքան հերոսություններ են արել, այնքան արժանիքներ ունեն, նրանցից յուրաքանչյուրին պետք է երգեր ձոնվեն, ֆիլմեր նկարահանվեն նրանց մասին, գրքեր գրվեն, որ նրանք անմահանան, որ ապագա սերունդներն իմանան նրանց քաջագործությունների մասին: Այսօր էլ մեր կողքին շատ արժանի մարդիկ կան, որոնց մասին նույնպես պետք է երգեր գրվեն:


- Ասում եք, որ ժողովուրդը Ձեր երգերի կարիքն ունի, ինչպե՞ս եք դա զգում:


— Առաջին հերթին` իմ երգերը մարդիկ երգում են, իսկ դա ամենամեծ գնահատականն է: Ինձ համար ամենամեծ երջանկությունը իմ երգերն ուրիշի կատարմամբ լսելն է: Այդ առումով ես ամենաերջանիկ մարդն եմ աշխարհում։ Մենք 100-150 տարի առաջ գուսաններ ենք ունեցել, որոնց անունն այսօր հայտնի է մեկ երգի շնորհիվ։ Մեկ հաջողված երգը մեծ բան է, որ ժողովրդի մեջ մնա ու հարյուրավոր տարիներ նրա հետ գնա:


Այսօր ես ունեմ համազգային դարձած երգեր, որոնք չեն կորչելու, չեն մոռացվելու, և ինձ համար դա հոգու բերկրանք է: Ունեմ նաև մի քանի տասնյակ երգեր, որոնք ևս, վստահ եմ, սիրվելու են, դառնալու են ազգի սեփականությունը: Երգ եմ ստեղծել, մնացել է ժողովրդի մեջ, դա է կարևորը:


Նաև բանակում են կատարում իմ եգերը, չկա մի զինվոր, մի երիտասարդ հայ, որը ծառայել է ու այդ երգերի տակ չի քայլել, և դա մեծ ուրախություն է ինձ համար:


Իսկ ընդունված լինելու երկրորդ կարևոր պահն այն է, որ մարդիկ կատարում են իմ երգերն ու համոզված են, թե դրանք իրենց պապական երգերն են, Սասնա երգեր են, հին երգեր են: Չեն էլ ուզում ընդունել, որ հեղինակը ես եմ, և դա ինձ ուրախացնում է: Մարդիկ, ուրեմն, այնքան են սիրում այդ երգերը, այնքան են իրենցը համարում, որ չեն համակերպվում այն մտքի հետ, որ դրանց հեղինակը իրենց սերնդի ներկայացուցիչն Է: Ու ես հպարտ եմ դրանով:


- Հայրենիքի թեման մի՞շտ է եղել Ձեզ հետ, թե՞ Արցախյան պատերազմը այն սերմանեց:


— Հայրենիքը իմ մեջ եղել է միշտ, պարզապես ավելի քան քսան տարի առաջվա դեպքերն այն թեժացրեցին: Դա արյան հետ Է փոխանցվել` ժառանգականություն է: Ապրել եմ Արտաշատում` Մասիսի մոտ, դպրոցում հայրենասիրական դաստիարակություն եմ ստացել, ու իմ մեջ մանկուց վրեժ է եղել` ոնց թե մեր հողերը ուրիշը տանի: Մեզ Աստված հող էր տվել, ծով էր տվել, դրախտային երկիր էր տվել, ասել էր` վայելեք, մենք չվայելեցինք, ո՞վ է մեղավոր: Պաշտպանեինք մեզ, ազգային ոգին է մեռած եղել:


Պատմությունը ցույց է տալիս, որ ժողովուրդների համար ամեն 100 տարին մեկ-երկու անգամ նպաստավոր պայմաններ են ստեղծվում իրենց խնդիրները լուծելու համար, ընդամենը ազգը պետք է պատրաստ լինի, ոգին բարձր լինի։ Իմ երգերի նպատակը հենց այդ ոգին պահպանելն է: «Հրով լինի, սրով լինի, պիտի գնանք վաղ թե ուշ»` այս է մեր երազը, այն մոռանալ չենք կարող, և պետք է հասնենք դրան: Դա եմ ես ասում իմ երգերով, դրա համար աշխատում եմ լավ գրել, ճիշտ, բառերը տեղին օգտագործել: Երգ գրելը ինձ համար տառապանք է, երգ գրելիս տառապում եմ. բառը, տառը, վանկը, նոտան… Բայց գրելուց հետո թեթևանում եմ ու երգում, վայելում եմ:


Sputnik Armenia

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page