top of page

Ինչպես Թամարա Պետրոսյանը դարձավ Թամարա Խանում՝ Ուզբեկստանի բոլոր ժամանակների լավագույն պարուհին

14.06.2023

Թամարա Արտեմի Պետրոսյանի՝ նույն ինքը Թամարա Խանումի ընտանիքը միջինասիական այս հանրապետությունում էր հաստատվել 1905-ին: Ուզբեկստանի Ֆերգանա քաղաքում ծնված (մարտի 29, 1906) բազմատաղանդ այս հայուհին համարվում է Ուզբեկական բալետի հիմնադիրը: Պարուհի, երգչուհի, բալետմայստեր, ԽՍՀՄ եւ Ուզբեկստանի ժողովրդական արտիստուհի Թամարան հիմնել է այս հանրապետության երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիան:


Թամարան առաջին անգամ բեմ է բարձրացել 12 տարեկանում: Բարձրացել է ու հասկացել, որ բեմն է լինելու իր ճակատագիրը: Տասնհինգ տարեկանում ընդունվում է Տաշքենդի ռուսական բալետի դպրոց, այնուհետեւ ավարտում Մոսկվայի թատերական ուսումնարանը: Վերադառնալով՝ որպես պարուհի ընդգրկվում է Տաշքենդի երաժշտական-էթնոգրաֆիկ անսամբլի կազմում, զուգահեռաբար ձեռնամուխ լինում տեղի ազգային երգի ու պարի, ինչպես նաեւ Ուզբեկստանի առաջին օպերային թատրոնի հիմնադրմանը: Կարճ ժամանակ անց տաղանդավոր հայուհուն ճանաչում էր ողջ Կենտրոնական Ասիան: Նա երգին, պարարվեստին այնպես էր տիրապետում, որ կարող էր ներկայացնել ցանկացած ժողովրդի կատարողական արվեստը, այդ թվում նաեւ իր արյան հետ խոսող ազգայինը՝ հայկականը:



Միջինասիական երկրներում մեծ ճանաչում ձեռք բերած հայուհուն համերգային հրավառություններ էին սպասվում օտար աշխարհներում. 1935 թ. մասնակցում է Լոնդոնում անցկացվող ազգային պարերի առաջին միջազգային փառատոնին՝ արժանանալով պատվավոր առաջին մրցանակին եւ անձամբ Մեծ Բրիտանիայի թագուհու ձեռքով պարգեւատրվում Ոսկե մեդալով: Շրջագայում է ողջ Եվրոպայով, ելույթներ ունենում Փարիզի, Բեռլինի, Վիեննայի, այլ քաղաքների համերգային լավագույն դահլիճներում: Նույնիսկ Մեծ Հայրենականի տարիներին Թամարան չի դադարեցրել իր ստեղծագործական գործունեությունը՝ մարտական ոգի ներշնչելով ճակատում կռվող մարտիկներն։ Պատերազմից հետո շարունակել է համերգաշարերով հանդես գալ աշխարհի տարբեր մայրցամաքներում։ Նրա պարային համարները ուղեկցվում էին իր իսկ գրած երաժշտությամբ և սեփական կատարումներով։


Վերադառնալով Եվրոպայից՝ Թամարա Խանումը որոշում է հավաքել իր խումբն ու ելույթներ ունենալ առաջնագծում: Կնոջ համար սա նախադեպը չունեցող երեւույթ էր: Սիրված արտիստուհին, առաջին կինն է եղել, որ արժանացել է կապիտանի կոչման, նաեւ Ստալինյան հատուկ մեդալի:


ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհին թեեւ ապրել ու զարգացրել է ուզբեկական մշակույթը, բայց երբեք չի մոռացել իր արմատների մասին: Նա ոչ միայն հայկական երգեր է հնչեցրել տարբեր բեմերից, այլեւ իր նպաստը բերել 1988 թ. երկրաշարժի աղետյալներին. իր ողջ խնայողություններն ուղարկել է ավերակված Գյումրի՝ ոչինչ չթողնելով անգամ հարազատ դուստրերին, նրանց ընտանիքներին: Իսկ կյանքի վերջին տարիներին, երբ արդեն հիվանդ էր՝ սրդողանքով հետեւել է արցախյան իրադարձություններին՝ տագնապելով, որ գուցե չհասցնի լսել հայոց բաղձալի հաղթանակի լուրը…


1986 թ. նրա կենդանության օրոք Տաշքենդում բացվել է Թամարա Խանումի տուն-թանգարանը, որտեղ ցուցադրվել և այժմ էլ ցուցադրվում են պարուհու բեմական հագուստները, լուսանկարները, չհրատարակված հուշերը, կարելի է լսել նաև հայ արտիստուհու երգերը։


ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page