top of page

Մահացել է երգիչ Բորիս Մոիսեևը

27.09.2022

Մահացել է խորհրդային և ռուսական էստրադային երգիչ Բորիս Մոիսեևը, ով վերջերս ուղեղի կաթված էր տարել: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:


Նա 68 տարեկան էր:


Մոիսեևը ծնվել է 1954 թվականին Մոգիլյովում՝ քրեակատարողական հիմնարկում։ Մեծացել է առանց հոր, իսկ մայրը՝ Գենյա Բորիսովնա Մոիսեևնան, եղել է քաղբանտարկյալ։ Մոր մահվանից հետո նրա հիշատակին Բորիսը նվիրել է իր «Խուլ ու համր սեր» («Глухонемая любовь») երգը, քանի որ նրա մորը սպանել էր խուլ ու համր մի մարդ, ով շփոթել էր դուռը։


Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Մինսկ և ընդունվել պարարվեստի ուսումնարան։ Սովորել է բալերինա Մլադինսկու մոտ։ Ուսումնարանն ավարտել է որպես դասական պարող։


Աշխատել է Ուկրաինայի Խարկովի օպերայի և բալետի թատրոնում՝ սկսելով դերասանի պաշտոնից, ավարտելով որպես խորեոգրաֆ-բեմադրող։


1975 թվականին մեկնեց Կաունաս և սկսեց պարել երաժշտական թատրոնում։ Ավելի ուշ դարձավ լիտվական «Տրիմիտաս» նվագախմբի բալետմաստեր։


1978 թվականին ստեղծեց «Էքսպրեսիա» ռուս.՝ «Экспрессия» պարային տրիոն, որտեղ պարում էր երկու աղջկա հետ (Լարի Խիտանա և Լյուդմիլա Չեսնուլյավիչյուտե)։ Տրիոն հանդես էր գալիս այն ժամանակ հայտնի «Յուրաս պերլե» յուրմալյան վարյետեում (ռուս.՝ «Юрас перле» («Морская жемчужина»)), որի գեղարվեստական ղեկավարը Մարկ Գուրմանն էր։ Այնտեղ Ալլա Պուգաչովան նկատեց տաղանդավոր պարողներին և հրավիրեց աշխատել իր շոուում։


1987 թվականին տրիոն դուրս եկավ Պուգաչովայի խմբից և սկսեց ինքնուրույն կարիերա։ 1988-1989 թվականներին «Էքսպրեսիա»ն հանդես էր գալիս Իտալիայի, Ֆրանսիայի և Ամերիկայի ակումբներում։ Երկար ժամանակ տրիոն աշխատում էր իտալական Rai 2 հեռուստաընկերության «Ռաֆաելա Կարան ներկայացնում է» (ռուս.՝ «Раффаэлла Карра представляет») հեռուստաշոուում։


Մի քանի տարի անց Բորիս Մոիսեևն սկսեց աշխատել Նոր Օռլեանի մունիցիպալ թատրոնում՝ որպես խորեոգրաֆ և բեմադրող ռեժիսոր։ 1991 թվականին կոլեկտիվը վերադարձավ Ռուսաստան, և էկրան բարձրացավ «Էքսպրեսիա» փաստագրական ֆիլմը՝ նվիրված Մոիսեևի և նրա տրիոյի ստեղծագործությանը։


1992 թվականին բեմադրվեց առաջին ներկայացումը, որում «Էքսպրեսիա» տրիոն դարձավ զանգվածային շոու-նախագիծ «Բորիս Մոիսեևը և նրա լեդիները» (ռուս.՝ ««Борис Моисеев и его леди»))։ 1993 թվականին բեմադրվեց «Բորյա Մ + Բոնի Մ» (ռուս.՝ «Боря М + Бони М») ներկայացումը «Բոնի Էմ» խմբի մասնակցությամբ։ Այդ նույն տարում բեմադրվեց նաև «Շոուն շարունակվում է՝ Ֆրեդի Մերկուրիի հիշատակին» (ռուս.՝ «Шоу продолжается - памяти Фредди Меркьюри»)։


1994 թվականին ներկայացվեց «Բորիս Մոիսեևի քմահաճույքը» (ռուս.՝ «Каприз Бориса Моисеева») շոու-ծրագիրը։ 1995 թվականին բեմադրվեց «Արատի երեխաները» (ռուս.՝ «Дитя порока») ներկայացումը, իսկ 1996 թվականին Մոիսեևը թողարկեց «Լքյալ հրեշտակ» (ռուս.՝ «Дитя порока») ներկայացումը։ Մոիսեևի խոսքերով՝ դա ներկայացում-խոստովանություն է, որտեղ ներկայացված է իր ճակատագիրը։


Ես երգում եմ ողբերգության և սիրո մասին։ Ես միշտ ցուցադրում եմ մարդկային զգացմունքների խորությունը, ով էլ որ լինի դրանով կապված՝ կինը և տղամարդը, թե տղամարդը և տղամարդը։ Դա սեր է իր բոլոր վերելքներով ու վայրէջքներով։ Ես խաղում եմ զգացմունքների պատմության բեմում։


1998 թվականին ներկայացումը ցուցադրվեց Բրոդվեյի «Beacon Theatre» թատրոնում։


1997 թվականին Մոիսեևը թողարկեց «Սիրո թագավորություն» (ռուս.՝ «Королевство любви») ներկայացումը, իսկ 1999 թվականին՝ «25 տարի բեմում կամ Պարզապես Շելկունչիկ» (ռուս.՝ «25 лет на сцене или Просто Щелкунчик») շոուն։


2000 թվականին բեմադրվեց «Չեմ հրաժարվում» (ռուս.՝ «Не отрекаюсь») ներկայացումը։ 2001 թվականին արտիստը սկսեց համագործակցել ֆրանսիացի երգիչ Նիլդա Ֆերնանդեզի հետ և ձայնագրեց մի քանի զուգերգ։ 2002թվականին ներկայացվեց «Օտար» (ռուս.՝ «Чужой») շոու ծրագիրը։


2004 թվականն ներկայացվեց «Զգացմունքների կայսրություն» (ռուս.՝ «Империя чувств») հոբելյանական ծրագիրը՝ նվիրված արտիստի 50-ամյակին։ 2005 թվականին Մոիսեևը էպիզոդիկ դերում նկարահանվեց «Ցերեկային շրջագայություն» (ռուս.՝ «Дневной дозор») ֆանտաստիկ ֆիլմում։ Նույն թվականին Լյուդմիլա Գուրչենկոյի հետ երգել է մի քանի զուգերգ։


2005 թվականին Մոիսեևը Գորչենկոյի հետ համատեղ ներկայացրեց «Այս աշնանը ոչ ոք մեղավոր չէ» (ռուս.՝ «В этой осени никто не виноват») շոուն։ 2006 թվականի հունիսին «Ամառ» (ռուս.՝ «Лето») ծրագրով հանդես եկավ Նյու Յորքի «Միլենիում» համերգասրահում։


2007 թվականին Բորիս Մոիսեևը ներկայացրեց «Տիկնայք և պարոնայք» (ռուս.՝ «Леди и Джентльмены») շոուի պրեմիերան։ Նույն տարում լույս տեսավ Մոիսեևի ինքնակենսագրությունը «Թռչնակ. կենդանի ձայն» (ռուս.՝ «Птичка: живой звук») անվամբ։ 2008 թվականի մարտին ուկրաինական «Ինտեր» հեռուստատեսությամբ սկսվեցին «Նորաձևության դատավճիռ» (ռուս.՝ «Модный приговор», ուկրաիներեն՝ «Модний вирок») թոք շոուի նկարահանումները, որում Մոիսեևը հանդես էր գալիս դատավորի դերում։


2008 թվականին Ելենա Վորոբեյի հետ զուգերգով մասնակցել է «Երկու աստղ» (ռուս.՝ «Две звезды») հեռուստաշոուին (երկրորդ եթերաշրջան):


2009 թվականի փետրվարին Բորիս Մոիսեևը ներկայացրել է «Աղանդեր» (ռուս.՝ «Десерт») հոբելյանական շոուն՝ նվիրված իր 55-ամյակին։ Հաջորդ տարում ստեղծել է «ZERO» նոր շուն, որի պրեմիերան կայացել է մարտի 6-ին Սանկտ Պետերբուրգում։


2010 թվականի նոյեմբերին Մոիսեևը հեռացավ պրոդյուսեր Եվգենի Ֆրիդլյանդից, որի հետ աշխատում էր ավելի քան տասը տարի:


2010 թվականի դեկտեմբերի 20-ին Բորիս Մոիսեևը հոսպիտալացվեց ինսուլտի կասկածանքով։ Հաջորդ օրը բժիշկները հաստատեցին ախտորոշումը։ Օր օրի արտիստի դրությունը վատանում էր, ինչի արդյունքում մարմնի ձախ կողմը պարալիզացվեց։ Դեկտեմբերի 23-ին երգիչը կոմայի մեջ ընկավ, միացվեց արհեստական շնչառության ապարատ։ Փետրվարի 3-ին երգիչը դուրս գրվեց հիվանդանոցից, ապրիլի 17-ին ներկա գտնվեց Քրիստինա Օրբակայտեի համերգին, իսկ արդեն հուլիսի 22-ին երգեց «Նոր ալիք»-ում։


Երգիչը ամբողջովին չէր վերականգնվել. նրա դեմքի ոչ բոլոր մկաններն էին գործում, դժվարությամբ էր խոսում:


Բորիս Մոիսեևը Ռուսաստանի առաջին համասեռական երգիչներից է, ով իրականացրել է քամինգ աութ: Իր խոսքերով ինքը երբեք չի թաքցրել իր կողմնորոշումը և նախկինում դրա պատճառով շատ խնդիրներ է ունեցել:

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page