top of page

«Սերժի մնացորդներն» ու անհաջող կառավարումը

20 ապրիլի 2020, ԵՐԵՎԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է աղմկոտ, տհաճ միջադեպին, կապված վարչապետի ուղերձի նախապատրաստական կադրերի հրապարակման հետ:


Վարչապետն իր անդրադարձում հանրությանը կարեւոր կոչ արեց, որ այդօրինակ պատմությունները պետք է տանել հանգիստ, ոչ թե նյարդայնանալ, այլ անտեսել:

Սա թերեւս խնդրի կարեւորագույն կողմն է, որը սակայն մնում է ստվերում: Մնում է «հեղափոխության ու հակահեղափոխության» ստվերում, որ սկսվում է ամեն այդօրինակ առիթով: Հայաստանում կա մարդկանց, հանրային դեմքերի, խմբերի մի շրջանակ, որը սպասում է այդօրինակ առիթների, սկսելու համար՝ թե ահա ինչի է հանգեցնում «անտեղի թավիշը», ահա ինչի է բերում այն, որ այսօր այսինքը բանտում չէ, այնինչը բանտում չէ եւ այլն:


Հանրությունը հասցվում է համընդհանուր «փսիխոզի», կորցնում ինքնատիրապետումը, կորցնում ինքնավստահությունը, այդպիսով դադարելով լինել դրության տեր: Յույրաքանչյուր այդօրինակ դեպք կամ պատմություն հանրությանը սնուցում է պարտվողի հոգեբանության լիցքով: 2018 թվականի հաղթող հանրությունը դրանից հետո պարբերական պատմություններով սնուցվում է հաղթողի հօգեբանությամբ, ու դրանով հանդերձ սնուցվում իր իսկ հաղթանակի, իր իսկ հաղթանակի գաղափարախոսության, մեթոդաբանության հանդեպ անվստահությամբ: Այլ կերպ ասած, յուրաքանչյուր դեպքից հետո հեղափոխություն-հակահեղափոխություն «հոգեխանգարմունքային» խրախճանքով հանրությունը հաղթողից վերածվում է պարտվողի:


Դա դառնում է լրջագույն խնդիր, այդ թվում Նիկոլ Փաշինյանի համար, որն այստեղ հայտնվել է երկիմաստ վիճակում: Ինչ որ առումով նա ինքն է երբեմն սնուցում այդ խնդիրը, թեժացնում այդ դիսկուրսը, մյուս կողմից սակայն նա այդպիսով թերեւս փորձում է ընդամենը իր համար անբարենպաստ որեւէ իրավիճակ վերածել օգուտի, ինչպես պետք է անի ցանկացած քաղաքական գործիչ:


Այդուհանդերձ, խորքային առումով վիճակը կորստաբեր է, հանրությունն այդպիսով վերելքից հետո հայտնվում է անկումային ռեժիմում, ու դա Նիկոլ Փաշինյանի համար լրջագույն խնդիր է, թե ներքին, թե առավել եւս արտաքին: Որովհետեւ հաղթող հանրությունից պարտվող, ինքնավստահությունը կորցրած, անընդհատ քառատելու, բանտելու, գլխատելու, հեռացնելու, պատժելու մասին մտածող հանրույթ ստանալը թուլացնում է Հայաստանի արտաքին քաղաքական դիմադրունակությունը ռազմա-քաղաքական բարդ միջավայրում:


Այդ իմաստով, վարչապետ Փաշինյանի ուղիղ եթերը եւս երկիմաստ էր: Մի կողմից հանրությանն ինքնավստահ լինելու կոչը, մյուս կողմից «Սերժի մնացորդների» թեմայի շոշափումը: Այն դեպքում, երբ Հայաստանի պետական կառավարման համակարգի համար խնդիրը այլեւս վաղուց «Սերժի մնացորդները» չեն, այլ նոր կառավարության պրոֆեսիոնալիզմը, նոր կադրերի մտածողության ու պատկերացումների մասշտաբը, պատրաստվածությունը՝ սկսած վարչապետի ուղիղ եթերի կազմակերպման գործընթացից, մինչեւ պետության կառավարման ամենաբարդ այլ հարցեր:

«Սերժի մնացորդները» որպես եզր, որպես երեւույթ լինելու են անվերջ, դառնալու են անհաջող կառավարման հոմանիշ, վերածվելու են կառավարության անվերջ «ալիբիի», մինչ դրա տակ քայքայվելու է հանրային համընդհանուր ստեղծարար էներգիան:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page