top of page

Տավուշի հոգին

17.07.2020, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ


Մեր զրուցակիցն է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը

Սրբազան, Դուք շրջում եք Տավուշի գյուղերում, ինչպիսի՞ն է մարդկանց տրամադրությունը: Լավ է, փառք Աստծո: Մի քիչ լարվեց, երբ Չինարին ռմբակոծեցին, անօդաչու թռչող սարքով հարվածեցին:

Խաղաղությանն այլընտրանք կա՞ այսօր:

Ընդհանրապես կյանքում և տիեզերքում խաղաղությանն այլընտրանք չկա, որովհետև Աստված խաղաղության մեջ է, բայց այդ խաղաղության հասնելու ճանապարհը կա: Այդ ճանապարհը շատ փշոտ ու բարդ է: Եթե չարին չես զսպում, չես ստիպում, որ ենթարկվի և պարտադրված լինի ընդունել այդ խաղաղությունը, խաղաղություն չի լինում: Խաղաղությանն անշուշտ այլընտրանք չկա, մեր ամբողջ ձգտումը, փափագը, աղոթքը այն է, որ խաղաղություն լինի: Բայց այդ խաղաղությունը պետք է լինի նաև արժանապատիվ կեցվածքով, ոչ թե անարժանապատիվ ճանապարհով:

Մենք հիմա մեր գործողություններով Ադրբեջանին պարտադրում ենք խաղաղությո՞ւն:

Ոչ միայն դա, մենք պարզապես փորձում ենք մեր գյուղերի, մեր պետության սահմանի, մեր հավատքի, մեր ընտանիքների, երեխաների անվտանգության խնդիրները լուծել, որովհետև այս տարիներին մենք համոզվել ենք, որ այլ կերպով չի լուծվել՝ ոչ խոսակցությամբ, ոչ երկխոսությամբ, ոչ մի եղանակով: Մեր անընդհատ երկխոսության ձգտումը, խաղաղության առաջարկը, հավանաբար, նկատվում է որպես թուլություն: 5 տարի է ես Տավուշում եմ ապրում:

Հիշում եմ 2015 թվականի ահռելի մեծ տագնապն ու պատերազմը սեպտեմբերին, ապա կրկնությունը հոկտեմբերին: Դրանից հետո շարունակաբար կրակոցները մեր բոլոր գյուղերին, մեր դպրոցներին, մանկապարտեզներին, մեր բուժհաստատություններին, դաշտում աշխատող մշակին շարունակվել են: Այսինքն անընդհատ գտնվում ենք այս նույն վիճակում, անընդհատ դիմում ենք այս կողմ, այն կողմ, փորձում ենք այդ խաղաղության միջնորդությունը հաստատել, և ահավասիկ, հիմա մենք միջոցներ ենք ձեռնարկում ինքներս մեր միջոցներով, մեր նախաձեռնությամբ մեր անվտանգության խնդիրները լուծել, որովհետև այսպես երկար, տևական այս հոգեբանական վիճակում, սթրեսային վիճակում հատկապես երեխաների ապրելն անհնար է:

Բացի այդ, դա պետության անվտանգության խնդիրն է մեծ առումով: Ոչ միայն սահմանին ապրող մեր սիրելի, քաջարի հայրենակիցների կյանքը, մեր կյանքը, այլ նաև մեծ առումով պետության անվտանգության, պետության սահմանի խնդիր է դրված: Այսպիսով, այսօր մենք մեր զինված ուժերը այդ խնդիրն են լուծում՝ ևս մեկ քայլ առաջ հաստատելով, ամրագրելով մեր անվտանգությունն ու մեր պետության սահմանը:

Ադրբեջանի կողմից տեռորիստական կոչեր են հնչում, ընդհուպ Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում է խոցել Մեծամորի ատոմակայանը: Ինչպե՞ս եք դրան արձագանքում:

Բայց դրանք ձեզ համար նորությո՞ւն են: Ոչ մի ժամանակ էլ դրանք նորություն չեն: Եթե մարդիկ ունակ են քնած զինվորին կացնահարել, այդ կոչերը տարօրինա՞կ են: Ոչ, տարօրինակ չեն: Սա նկարագրի հարց է, հայության նկատմամբ ատելության հարց է:

Ադրբեջանում ամբողջ քարոզչամեքենան հասել է այնպիսի աստիճանի, որ այդպիսի կոչերը բոլորովին տարօրինակ չեն: Մենք պետք է տարօրինակ էլ չընդունենք, այդ կոչերը վկայում են այսօրվա մեր քայլերի արդարացիության մասին: Այսինքն, մենք պետք է սեփական միջոցներով և ուժերով մեր անվտանգության խնդիրները լուծենք ու լուծենք բոլոր առումներով: Մենք պատերազմ չենք ուզում և երբեք էլ չենք ուզել, ոչ էլ ցանկանում ենք նախահարձակ լինել, ոչ էլ ցանկանում ենք ուրիշի իրավունքները խլել կամ զրկել, սակայն մենք ստիպված ենք մեր հայրենիքում, այս տարածաշրջանում խաղաղ ապրելու համար լուծենք մեր խնդիրները:

Այսօր ռազմական ուժով, դրան զուգահեռ տնտեսական ուժով, կրթական ուժով, առողջապահական ուժով, և բոլոր հնարավոր տարբերակներով, որպեսզի որևէ կերպով մեր անվտանգությունը երբեք չխաթարվի: Հարցազրույցը վարեց ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page