30.01.2025

ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծված փաստաթղթերը փաստում են, որ 90-ականների վերջերին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը առանց միջնորդների հանդիպումների ընթացքում սկզբունքորեն համաձայնել են Ղարաբաղյան հակամարտության լուծումը կապել տարածքների փոխանակման հետ՝ Մեղրին Արցախի դիմաց։ Ամերիկյան գաղտնի հեռագրերում առկա են մինչ այժմ չհրապարակված մանրամասներ, որոնք լուսաբանում են այս քննարկումները։
Տարածքների փոխանակման այս գաղափարը հայտնի է որպես Գոբլի պլան՝ կոչված ԱՄՆ Պետքարտուղարության նախկին աշխատակից Փոլ Գոբլի անունով։ Նա այն հրապարակայնորեն ներկայացրել էր 1992 թվականին, երբ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսը, ՄԱԿ-ի հանձնարարությամբ, այցելել էր Ղարաբաղ։
Չնայած Գոբլը չէր զբաղեցնում բարձրաստիճան պաշտոն, իսկ նրա առաջարկը պաշտոնական չէր համարվում, գաղտնազերծված փաստաթղթերը վկայում են, որ այդ թեման 90-ականների սկզբին արդեն քննարկվել է բարձրագույն մակարդակում՝ ոչ թե Գոբլի, այլ Թուրքիայի իշխանությունների կողմից։ Հստակ հայտնի չէ, թե ով առաջինը շրջանառության մեջ է դրել այս գաղափարը, սակայն փաստերից պարզ է դառնում, որ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը դեռ 1992 թվականին՝ Հայաստանի անկախությունից մեկ տարի անց, այն ներկայացրել է ԱՄՆ նախագահին (բնօրինակն այստեղ)։
Սպիտակ տան գաղտնազերծված փաստաթղթերից մեկի համաձայն, Օզալը նշել է.
«Ես ունեմ մի առաջարկ. Լեռնային Ղարաբաղի բնակչության 80 տոկոսը հայեր են, 20 տոկոսը՝ ադրբեջանցիներ։ Նրանք կարող են իրականացնել տարածքների փոխանակում, համաձայն որի՝ Ղարաբաղը կմիանա Հայաստանին, իսկ Ադրբեջանը Հայաստանից կստանա մի տարածք, որը ներկայումս երկու մասի է բաժանում իր պետությունը»։ Բուշ-ավագի վարչակազմը չցուցաբերեց հետաքրքրություն այս առաջարկի նկատմամբ, սակայն Թուրքիան չմոռացավ այն և կրկին վերակենդանացրեց քննարկումները Բիլ Քլինթոնի նախագահության ընթացքում։ 1997 թվականին, ինչպես վկայում են Պետդեպարտամենտի գաղտնազերծված փաստաթղթերը, Թուրքիայի փոխարտգործնախարար Օնուր Օյմենը կապ է հաստատել ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթի հետ՝ առաջարկելով լուծել Ղարաբաղյան խնդիրը «սահմանների փոփոխության» միջոցով (փաստաթղթին ծանոթացեք այստեղ)։
Օյմենը հայտնել է, որ քննարկել է այս գաղափարը Թուրքիայի նախկին վարչապետ Էջևիթի հետ, ով առաջարկել է փոխել տարածաշրջանի սահմանները՝ համաձայն որի Ադրբեջանը կհանձնի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին, իսկ Հայաստանը կզիջի որոշ տարածքներ Ադրբեջանին։
Նա նշել է, որ թուրքական կողմն արդեն քննարկել է այս հարցը Ռուսաստանի հետ և հետաքրքրվել է Վաշինգտոնի դիրքորոշմամբ։ Ի պատասխան, Թալբոթը զգուշացրել է, որ նման մոտեցումը կարող է շեղել կողմերին Մինսկի խմբի առաջարկած ճանապարհից և ոչ թե լուծում տալ, այլ ավելի խճճել խնդիրը։
«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ սահմանների փոփոխությունն իր հետ բերում է անկանխատեսելի հետևանքներ։ Ղարաբաղի դեպքում դա լավագույն դեպքում կհանգեցնի փակուղու, իսկ վատագույն դեպքում՝ բռնության նոր ալիքի», — նշել է նա։
Միաժամանակ, Թալբոթը ընդգծել է, որ եթե Ադրբեջանն ու Հայաստանը բանակցությունների ճանապարհով՝ առանց ուժի կիրառման, որոշեն գնալ նման լուծման, Մինսկի խումբն ու ԱՄՆ-ն կաջակցեն այդ որոշմանը։
Այդ շրջանում Հայաստանի ղեկավարությունը, սակայն, հրաժարվել է քննարկել այս տարբերակը, ինչի մասին վկայում է 1997-ի սեպտեմբերին ուղարկված դիվանագիտական հեռագրերից մեկը (փաստաթղթին ծանոթացեք այստեղ)։
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ինչպես վկայում են գաղտնազերծված փաստաթղթերը, տարածքների փոխանակման գաղափարը դարձել է Ղարաբաղյան բանակցությունների օրակարգի մաս՝ Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի առանց միջնորդների հանդիպումների արդյունքում։ Մինչ այդ տարբեր փուլային, փաթեթային և ընդհանուր պետության մոդելները մերժվել էին այս կամ այն կողմից, և բանակցությունները հայտնվել էին փակուղում։ Հենց այդ պահին Քոչարյանն ու Ալիևը սկսեցին ուղիղ բանակցություններ՝ առանց երրորդ կողմի միջամտության։
Պետդեպարտամենտի գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն՝ այս հանդիպումների արդյունքում, 1999 թվականի սեպտեմբերին, Քոչարյանը սկզբունքորեն համաձայնել է Ալիևի առաջարկին՝ փոխանակել տարածքներ։ Ամերիկացի դիվանագետների գրառումների համաձայն, այս համաձայնությունը ձեռք է բերվել հայ-ադրբեջանական սահմանի Սադարակի հատվածում։
1999 թվականին սա արդեն հինգերորդ հանդիպումն էր Քոչարյանի և Ալիևի միջև, և եզակիներից մեկը, որի ավարտին երկու ղեկավարներն էլ հրապարակավ նշել էին, որ պատրաստ են փոխզիջումների։
«Ռոբերտ Սեդրակովիչն ու ես քննարկում ենք՝ ով ինչ փոխզիջման կարող է գնալ», — հայտարարել էր Հեյդար Ալիևը։
Քոչարյանն էլ արձագանքել էր. «Այո՛, պետք է ասեմ, որ մենք խոսել ենք փոխզիջումների մասին, բանակցային գործընթացում միմյանց ընդառաջ գնալու հնարավորությունների շուրջ»։
Հանդիպումն ավարտվել էր դրական մթնոլորտում։ Նախագահները նույնիսկ կատակել էին, թե քանի ոչխար պետք է մորթեն, երբ վերջնական համաձայնությունը ստորագրվի, սակայն չէին բացահայտել, թե ինչ լուծման են հակված։
Հանդիպումից հետո Վաշինգտոն ուղարկված դիվանագիտական հեռագիրը, որը կազմել էին Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները, լուսաբանում է մանրամասները (փաստաթղթին ծանոթացեք այստեղ)
«Հիմա խաղաղության հեռանկարը շատ ավելի տեսանելի է, քան երբևէ՝ 1988-ից ի վեր, և դա հնարավոր է դարձել նախագահներ Քոչարյանի ու Ալիևի ջանքերի շնորհիվ», — գրել էին ամերիկացի դիվանագետները։
Ըստ այդ հեռագրի, 1999-ի ապրիլին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, Հեյդար Ալիևը պաշտոնապես առաջարկել էր տարածքների փոխանակման տարբերակը։ Քոչարյանը սկզբունքորեն համաձայնել էր, և դրանից հետո երկու նախագահները սկսել էին ակտիվ բանակցություններ՝ Ալիևի առաջարկների հիման վրա։
Սադարակում կայացած հանդիպումից հետո ԱՄՆ փոխնախագահ Ալ Գորը ուղերձ հղեց կողմերին՝ ողջունելով «ուղիղ երկխոսության արդյունքում ձեռք բերված կարևոր առաջընթացը»։ Իր ուղերձում նա ընդգծեց.
«Հասկանում եմ, որ այս բանակցությունները պահանջում են դժվար փոխզիջումներ երկու կողմերի համար, սակայն ես համոզված եմ, որ ձեր որոշումը՝ օգտվել այս բացառիկ հնարավորությունից, իմաստուն և խիզախ քայլ է»։
Այդ օրերին ԱՄՆ նախագահը և պետքարտուղարը տարածաշրջան գործուղեցին Ղարաբաղյան հարցով զբաղվող փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթին։ Նա նախ հանդիպեց Ադրբեջանի, ապա Հայաստանի ղեկավարության հետ, իսկ վերջում մեկնեց Անկարա։
Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ հանդիպման ընթացքում Թալբոթը նշեց, որ Բաքվում այդ համաձայնությունից այնքան ոգևորված են, որ կարծես ինչ-որ բան կարող է ստորագրվել Ստամբուլում՝ ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում, որը նախատեսված էր մի քանի շաբաթ անց։
Փոխպետքարտուղարն անգամ դիմել էր ԱՄՆ նախագահի և պետքարտուղարի աշխատակազմերին՝ խնդրելով իրենց գրաֆիկում պահել հատուկ ժամանակ հնարավոր համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա լինելու համար (փաստաթուղթը տե՛ս այստեղ)։
Սակայն, մինչ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը դեռևս տարածաշրջանում էր, Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցավ աղետալի իրադարձություն։ Հայաստանի խորհրդարանում հոկտեմբերի 27-ին սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը և ևս վեց բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մի քանի ժամվա ընթացքում ուժերի հավասարակշռությունը երկրում կտրուկ փոխվեց, ինչը հետագա տարիներին իր ազդեցությունը թողեց ոչ միայն Հայաստանի քաղաքական զարգացման վրա, այլև Մեղրիի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների ճակատագրի։
Դիվանագիտական փաստաթղթերում այս իրադարձություններին առնչվող ուշագրավ մանրամասներ են արձանագրված։ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն իր գաղտնի հեռագրերից մեկում (տե՛ս այստեղ) պնդում է, որ հենց հոկտեմբերի 27-ի կեսօրին՝ խորհրդարանի ահաբեկչությունից ժամեր առաջ, Վազգեն Սարգսյանը նախագահի նստավայրում աջակցություն էր հայտնել Քոչարյանի և Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությանը։
Միաժամանակ, փոխպետքարտուղար Թալբոթը, որն այդ օրը Երևանից մեկնել էր Անկարա, հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելին հայտնել էր, որ Վազգեն Սարգսյանը Քոչարյանի ծրագրերի որոշ մանրամասներին ծանոթ չէր։
«Փոխպետքարտուղարը նախագահ Դեմիրելին ասաց, որ նախագահ Քոչարյանի հետ իր հանդիպման ժամանակ վարչապետ Սարգսյանն առաջին անգամ էր լսում Քոչարյան-Ալիև քննարկումների որոշ մանրամասներ», — նշված է Պետդեպարտամենտի գաղտնի հեռագրում։
Թե հատկապես ինչ մանրամասների մասին էր խոսքը, փաստաթուղթը չի հստակեցնում։ Սակայն Թալբոթը Դեմիրելին փոխանցել էր, որ, ի տարբերություն Հեյդար Ալիևի, Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի զգուշավոր էր և հորդորում էր չշտապել այս հարցում։
Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից ընդամենը ժամեր անց, Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Ամերիկայի փոխպետքարտուղարը ներկայացրել էր իր տեսածը՝ Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում։ Քոչարյանի զգուշավորության պատճառներից մեկը, ըստ Թալբոթի, այն էր, որ նա մտահոգություն ուներ՝ ռուսական կողմը կարող է ամբողջությամբ տեղյակ չլինել իր և Ալիևի միջև ձեռք բերված առաջընթացից։ Նա նախատեսում էր նոյեմբերի 5-ին հանդիպել Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հետ և քննարկել այս հարցը, քանի որ անհանգստացած էր, որ Մոսկվային կարող էր թվալ, թե ինքը կամ ամերիկացիները գործում են ռուսների թիկունքում։
Թալբոթը, ներկայացնելով այս մանրամասները, ընդգծել էր, որ թե՛ Քոչարյանը, թե՛ Ալիևը ցանկանում են, որ իրենց համաձայնությունը մնա խիստ գաղտնի։ Դեմիրելը վստահեցրել էր, որ այդ տեղեկությունը սենյակից դուրս չի գա։
Հանդիպման ընթացքում Քոչարյանը բարձրացրել էր նաև Իրանի հետ կապերը պահպանելու անհրաժեշտության հարցը։
«Հայաստանը ցանկանում է գտնել մի լուծում, որը թույլ կտա Ադրբեջանի և/կամ Թուրքիայի հետ երկխոսության միջոցով երաշխավորել իր համար կարևոր առևտրային կապերը Իրանի հետ», — ասել էր Քոչարյանը։ Դեմիրելն արձագանքել էր, որ Ադրբեջանը կարող է ինչ-որ ձև գտնել այս հարցը լուծելու համար։
Այդ ընթացքում, սակայն, Բաքուն կարծես չէր պատրաստվում նոր զիջումների գնալ։ Սադարակում տեղի ունեցած հանդիպումից շաբաթներ անց՝ 1999-ի նոյեմբերին, Հեյդար Ալիևը Վաշինգտոն գործուղեց մի ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում էին Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն և ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը։
Փոխպետքարտուղարի հետ նրանց հանդիպման արձանագրությունից պարզ է դառնում, որ պատվիրակությունը Վաշինգտոն էր մեկնել հենց տարածքների փոխանակման տարբերակի քննարկման նպատակով (փաստաթղթին ծանոթացեք այստեղ)։
«Ալիևն ու Ռասիզադեն տեղեկացրել են, որ դրական հանդիպումներ են ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամում և Համաշխարհային բանկում։ Նրանք ստացել են հստակ ազդակ, որ այս երկու կառույցներն էլ պատրաստ են արագորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագրի իրագործմանը»։
Այդ ժամանակ Իլհամ Ալիևը հավաստիացրել էր ամերիկյան կողմին, որ Ադրբեջանն ուզում է հնարավորինս արագ ավարտին հասցնել գործընթացը։ Նա դժգոհել էր, որ ընդդիմությունը շահարկում է իրավիճակը՝ տարածելով կասկածներ, ինչը թուլացնում է իշխանության դիրքերը։
«Ալիևն ասաց՝ Ադրբեջանի ժողովուրդը գնալով ավելի անհանգիստ է դառնում, նրանք գիտեն, որ ինչ-որ բան է կատարվում, բայց չգիտեն մանրամասները։ Մինչդեռ ընդդիմությունը շահարկում է իրավիճակը», — նշված է Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթում։
Ադրբեջանական կողմը ենթադրել էր, որ հայկական կողմը դանդաղում է Մոսկվայի թելադրանքով։ Սակայն ԱՄՆ փոխպետքարտուղարը հերքել էր այդ կասկածները՝ պնդելով, որ իրական պատճառը Հայաստանի ներքաղաքական անկայուն վիճակն է։ Նա ընդգծել էր, որ Քոչարյանին անհրաժեշտ է ժամանակ՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո իր դիրքերը կայունացնելու և անհրաժեշտ աջակցություն ապահովելու համար։
Պետդեպարտամենտի գաղտնազերծված փաստաթուղթը նաև բացահայտում է, թե ինչ հարց էր քննարկվում բանակցությունների ընթացքում.
«Իլհամ Ալիևը նշեց, թե հասկանում է՝ որքան դժվար է ղարաբաղցի հայի՝ Քոչարյանի համար, հրաժարվել Մեղրիի շրջանից»։
Արդեն ամիսներ անց, երբ հարցն սկսեցին քննարկել ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Իվանովը, Օլբրայթը հորդորել էր Մոսկվային՝ համոզել Հայաստանը, որ այս գործարքը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը։
Ի պատասխան՝ Իվանովը նշել էր, որ երկար զրուցել է թե՛ Քոչարյանի, թե՛ Ալիևի հետ և հասկանում է, որ Քոչարյանը անկեղծ է, երբ ասում է, որ նախ պետք է ապահովի ներքին կայունություն՝ նման կարևոր համաձայնություն ստորագրելուց առաջ։
«Քոչարյանն ասում էր, որ այլևս չունի այն աջակցությունը, որը վայելում էր մինչ սպանությունները։ Չնայած այն փաստին, որ Երևանն այս գործարքով ավելի շատ տարածք է ստանում, Հայաստանի ղեկավարությունը մտահոգված է, որ արդյունքում երկիրը կմնա երեք կողմից շրջապատված թուրքերով ու նրանց մերձավոր ազգականներով, մինչդեռ Վրաստանն անկայուն վիճակում է», — փոխանցել էր Իվանովը (փաստաթուղթը տե՛ս այստեղ)։ Ըստ ձեռք բերված պայմանավորվածության, հայկական կողմը պետք է դուրս գար Լեռնային Ղարաբաղի շրջակա բոլոր տարածքներից՝ բացառությամբ Լաչինի միջանցքի։
ԼՂՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, սակայն, 2019-ին հայտարարեց, որ նման առաջարկ չէր կարող քննարկվել առանց իր գիտության։ «Ինձ հետո ոչ ոք չի բանակցել, դուրս եկողը մենք պիտի լինեինք, բայց ինձ ոչ ոք ոչինչ չի ասել», — պնդել էր նա։
Մինչդեռ Պետդեպարտամենտի գաղտնազերծված փաստաթղթերը ցույց են տալիս, որ միջնորդները հատուկ քայլեր էին ձեռնարկել նաև Ղարաբաղին տեղյակ պահելու համար։ 1999 թվականի դեկտեմբերին, Սադարակի հանդիպումից մոտ երկու ամիս անց, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Հեյդար Ալիևի խնդրանքով, այցելել էին Ստեփանակերտ՝ համոզվելու, որ Ղարաբաղի ղեկավարությունը համաձայն է այս տարբերակին։
Ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն այդ այցի մանրամասները օրեր անց փոխանցել էր Վաշինգտոն (փաստաթղթին ծանոթացեք այստեղ), նշելով.
«Արկադի Ղուկասյանն անմիջապես հաստատեց, որ լիովին աջակցում է Քոչարյան-Ալիև գործարքին, և ես խոստացա այդ մասին տեղեկացնել Ադրբեջանի նախագահին»։
Դիվանագիտական հեռագրերից պարզ է դառնում, որ միջնորդները այդ ընթացքում արդեն սկսել էին աշխատանքները միջազգային դոնոր կազմակերպությունների հետ՝ համաձայնագրի ստորագրումից հետո ենթակառուցվածքների վերակառուցման ու տեղահանվածների վերաբնակեցման ուղղությամբ։ Ֆրանսիացի համանախագահն անգամ հարցրել էր, թե երբ է նպատակահարմար, որ Համաշխարհային բանկը այց կատարի տարածաշրջան՝ կարիքների գնահատման համար։ Ղուկասյանը պատասխանել էր, որ որքան շուտ, այնքան լավ, սակայն ընդգծել էր, որ գործընթացը պետք է մնա գաղտնի։
«Նա ասաց, որ կպահպանի լիակատար գաղտնիություն, ինչը, իր համոզմամբ, կենսական նշանակություն ունի արդյունքի հասնելու համար։ Նա ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն անընդունելի է, և այն հնարավոր չէ անժամկետ պահպանել։ Անհրաժեշտ է խաղաղություն ու զարգացում»։
Միաժամանակ, գաղտնազերծված փաստաթղթերը փաստում են, որ «Հոկտեմբերի 27»-ից հետո Քոչարյանը հաճախ էր հղում անում ներքին անկայունությանն ու Իրանի հետ սահմանը պահպանելու անհրաժեշտությանը՝ միջնորդներից հավելյալ ժամանակ խնդրելով»։
2000 թվականի հունվարին, սակայն, Դավոսում Քոչարյանն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ, որտեղ նոր պահանջ է դրել բանակցային սեղանին։ Այս անսպասելի քայլը ոչ միայն զարմացրել էր Ադրբեջանի նախագահին, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։
Այս հանդիպման մասին ամիսներ անց՝ 2000-ի փետրվարին, Հեյդար Ալիևը պատմել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Սթենլի Էսկուդերոյին (փաստաթղթին ծանոթացեք այստեղ)։ Քոչարյանը, ընդգծելով հայ-իրանական սահմանի կարևորությունը, առաջարկել էր, որ Հայաստանն իր սահմանների փոփոխության գնով՝ Մեղրին հանձնելու պայմանով, պատրաստ է զիջումներ անել, եթե Թուրքիան համաձայնի քննարկել 1915-16 թվականների ցեղասպանության հարցը։
Հեյդար Ալիևը, սակայն, հակադարձել էր, որ ցեղասպանության հարցը երբեք չի եղել հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգում, և ինքը չի կարող բարձրացնել նման հարց Թուրքիայից։ Նա նաև պնդել էր, որ դա հիմք է տալիս պնդելու, որ Իրանի հետ սահմանի հարցն այնքան էլ կենսական չէ հայկական կողմի համար։ Ալիևը ավելացրել էր. «Եթե Քոչարյանը պատրաստ է հրաժարվել Մեղրին, ապա դա նշանակում է, որ այդ հարցը ոչ թե սկզբունքային նշանակություն ունի, այլ այն պարզապես սակարկման տարր է»։
Այս հարցի մասին հիշատակում է նաև Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն՝ Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպումից հետո Վաշինգտոն ուղարկված հեռագրում (փաստաթղթին ծանոթացեք այստեղ).
«Հեռախոսով Երևանի տեղեկատվությունը ստանալուց հետո Ղուկասյանը կրկնել է Քոչարյանի փաստարկները՝ նշելով, որ Հայաստանը պետք է ժամանակ ունենա՝ ստիպելու Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանության հարցի ճանաչումը»։
Քավանոն նույն հեռագրում նշում է, որ հայկական կողմի հաշվարկները սխալ են, քանի որ թուրքերը հեռու են այն խոստումից՝ բացել սահմանները և հաստատել հարաբերությունները։ Միաժամանակ, Մադլեն Օլբրայթը, երբ այս հարցը քննարկել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Իվանովի հետ 2000 թվականի փետրվարին, նույնպես համաձայնել էր, որ Թուրքիան այդքան հեշտ չի գնա սահմանների բացմանը (փաստաթուղթը տե՛ս այստեղ)։
Մադլեն Օլբրայթը, քննարկելով հարցը, նշեց, որ փոխանցել է Ալիևին ու Քոչարյանին, որ նրանք չպետք է կորցնեն խաղաղության հասնելու այս հնարավորությունը։ Նա ընդգծել էր, որ, չնայած Անկարան այժմ վարում է ավելի բաց և աջակցող քաղաքականություն, նրանք երբեք այնքան հեռու չեն գնա, որպեսզի ընդունեն հայկական պահանջը՝ ցեղասպանության համար ներողություն խնդրելու հարցում։
2021 թվականի նախընտրական արշավում Ռոբերտ Քոչարյանը պնդել էր, որ իր գրքում շատ պարզորեն գրել է, թե ինչպես է քննարկվել Մեղրիի հարցը։ Սակայն, նրա ինքնակենսագրությունում, որը վերաբերում է փակ դռների տակ տեղի ունեցած բանակցություններին ու սակարկումներին, ոչ մի նշում չկա։
Քոչարյանը մշտապես շեշտել է, որ նման առաջարկ Մինսկի խմբի կողմից չի ներկայացվել։ «Եղել է երեք առաջարկ՝ Ընդհանուր պետությունը, Քիվեսթյանը, որից Ալիևը հրաժարվեց, և Մադրիդյան սկզբունքները», — պնդել է նա։
Սակայն, դիպվածի համաձայն, եթե թե՛ 1998-ի «Ընդհանուր պետություն», թե՛ 2001-ի Քի Վեսթի առաջարկները փաստացի գոյություն ունեն, ապա այդ ընթացքում Քոչարյանն ու Ալիևը առնվազն տասը անգամ հանդիպել են առանց միջնորդների՝ քննարկելով այդ առաջարկների տարբերակները, այդ թվում՝ տարածքների փոխանակման հարցը։
Գաղտնազերծված փաստաթղթերը վկայում են, որ եթե սկզբնական փուլում այս առաջարկները միայն ամերիկյան կողմը քննարկում էր, ապա մի քանի ամիս անց դրանք քննարկվել են նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների պաշտոնական հանդիպումներում։ 2000 թվականի մարտին, օրինակ, ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը և Ֆրանսիայի արտգործնախարարության քաղաքական հարցերով տնօրեն Ժերար Էրերան հանդիպել են քննարկելու այս հարցը և այլ թեմաներ (փաստաթուղթը տե՛ս այստեղ)։
Հատուկ հանձնարարություններով դեսպան Սթիվ Սեստանովիչը, 2000 թվականի գարնանը, հորդորել էր Մինսկի խմբի համանախագահներին Ժնևում հանդիպել համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ՝ կազմակերպելու առաքելություն, որը կգնահատեր տարածաշրջանում մարդկանց վերաբնակեցման ու վերակառուցման կարիքները։ Սեստանովիչը նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանն ակնհայտորեն ուզում է լուծել հակամարտությունը, սակայն Ֆրանսիայի արտգործնախարարության քաղաքական հարցերով տնօրեն Ժերար Էրերան արձագանքել էր՝ այս գործարքը շահավետ է Քոչարյանի համար, եթե միայն չհաշվենք Իրանի հետ կապի խնդիրը։
Քոչարյանը տարիներ անց պնդել էր, որ իր օրոք Թուրքիան այս պատմության մեջ չի եղել։ Սակայն, փաստացի, հակառակն էր՝ Թուրքիան ներգրավված էր այս գործընթացում առաջին օրերից։ 1992 թվականին հենց Անկարան էր փակ դռների ետևում շրջանառել տարածքների փոխանակման գաղափարը։ Քոչարյանի նախագահության ընթացքում էլ Թուրքիան տեղյակ էր նրա և Հեյդար Ալիևի միջև տեղի ունեցած տետ ա տետ բանակցություններին։ 1999 թվականին, օրինակ, Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը բաց տեքստով ասել էր Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարին, որ ինքն անձամբ համագործակցում է Հեյդար Ալիևի հետ և խորհուրդներ է տալիս նրան (փաստաթուղթը տե՛ս այստեղ):
«Դեմիրելն ասաց, որ մտավախություն ունի, որ դժվար կլինի երկու նախագահների համար նման համաձայնությունը ներկայացնել իրենց մայրաքաղաքներում, և որ ինքը խորհուրդ է տվել Ալիևին, որ թույլ տա Մինսկի խմբին ներկայացնել այս առաջարկը, որպեսզի երկու խորհրդարանները այն դիտարկեն որպես Մինսկի խմբի առաջարկ», — նշված է փաստաթղթերում։
Սակայն Ռոբերտ Քոչարյանն այդ օրերին, ինչպես նաև տարիներ անց, հաստատեց, որ ինքը սկզբից և ի վերջո մերժել է տարածքների փոխանակման գաղափարը, ընդգծելով, որ այդ տարբերակը երբեք չի եղել պաշտոնական բանակցությունների մեջ։
Ռոբերտ Քոչարյանը, 2008 թվականի փետրվարի 16-ին հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, հաստատել էր, որ երբեք տարածքների փոխանակման տարբերակ չի եղել սեղանին։ Նա բացատրել էր, որ քննարկվել է միայն կոմունիկացիաների հարցը և նշվել էր, որ տարածքային փոխանակումը կլինի անընդունելի, քանի որ այն կհանգեցնի ռազմավարական սահմանի՝ Իրանի հետ կորուստին։ «Հողերը հայկական հողերով ես չեմ փոխում», — պնդել էր նա։
Սակայն հարց է առաջանում՝ եթե նման հարց երբևէ չի քննարկվել, ապա ինչու հայկական կողմը հետո սկսեց փնտրել պատրվակներ՝ մերժումը հիմնավորելու համար։ 2000 թվականի փետրվարին, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Բերդեննիկովը ամերիկյան կողմին պատմել է, որ Բաքու և Երևան այցելելուց հետո Քոչարյանը նրան ասել է, որ եթե Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը ողջ լինեին, այն ժամանակ գործարքը կարող էր առաջ գնալ։ Նա նաև նշել էր, որ առանց նրանց դժվար կլինի համաձայնություն ձեռք բերել, քանի որ այս առաջարկի դեմ ուժեղ քննադատություն կա քաղաքական դաշտի աջ հատվածից և նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցներից։
Բերդեննիկովի խոսքով՝ Քոչարյանը նշել էր, որ միայն սահմանային կապը Իրանի հետ կդարձնի այս համաձայնությունը հնարավոր, բայց առանց դրա, գործընթացը չի կարող հաջողության հասնել։ Ինչ վերաբերում է Թուրքիային, Քոչարյանը ասել էր, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման մերժումը կդառնա պատրվակ Բաքվին՝ համաձայնությունից հրաժարվելու համար։
Միաժամանակ, երբ համանախագահ երկրները Վաշինգտոնում, Փարիզում և Մոսկվայում քննարկում էին, թե ինչու է Քոչարյանը ետ կանգնում սկզբնական պայմանավորվածություններից, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Երևանում պնդում էր, որ «տարածքների փոխանակման առաջարկություն հնչել է, բայց Հայաստանի կողմից դա որևէ կերպ չի ընդունվել կամ արձանագրվել որպես սեղանի վրա եղող առաջարկ»։
Այս ամենին 25 տարի անց, 2023 թվականի սկզբին, Վարդան Օսկանյանը ընդունեց, որ հայկական կողմը որոշ ժամանակ աշխատել է այդ առաջարկի ուղղությամբ՝ հաշվի առնելով որոշակի քաղաքական և տարածաշրջանային դրդապատճառներ։
Վարդան Օսկանյանը հիշում է, որ 1999 թվականին Ժնևի հանդիպման ժամանակ Ալիևը ներկայացրել էր տարածքների փոխանակման առաջարկ՝ Ղարաբաղը Հայաստանին զիջելու դիմաց։ Օսկանյանը նշում է, որ այդ հանդիպմանը միայն Քոչարյանը և Ալիևն էին, իսկ ինքը և Վազգեն Սարգսյանը չեն մասնակցել։ Երբ Քոչարյանը դուրս եկավ հանդիպումից, նա ասաց, որ Ալիևը պատրաստ է տալ Ղարաբաղը, ինչը սկզբնական փուլում առաջացրել էր ուշադրություն ու մտահոգություն։ Օսկանյանը վստահեցրեց, որ Քոչարյանը և Սարգսյանը ունեն հիմնական հանձնարարական՝ առանց Հայաստանի տարածքից որևէ հող զիջելու, փորձել օգտվել Ալիևի այս առաջարկից, որը հետագայում բերեց Քի Վեսթյան համաձայնության, որը վերաբերում էր տարածքային փոխանակմանը։
Քիվեսթյան տարբերակում, ըստ դիվանագետների վկայությունների, եղել է Սադարակում ձեռք բերված համաձայնության փոփոխված տարբերակը, որի համաձայն Ադրբեջանը Մեղրին չի ստանում, այլ այն պետք է փոխարինվի «ինքնիշխան միջանցքներով», որոնք կապեն Նախիջևանը։ Միջազգային ճգնաժամային խումբը պնդում է, որ 2005 թվականին Հայաստանի իշխանությունները նրանց ներկայացրել են այդ համաձայնության ոչ պաշտոնական նախագիծ, որտեղ նշվում էր, որ Ղարաբաղը պետք է հանձնվեր Հայաստանի ինքնիշխանությանը։ Սակայն, այդ համաձայնությունը գործնական արդյունք չտվեց, քանի որ Հեյդար Ալիևը, դեռ Քի Վեսթ մեկնելուց առաջ, ասել էր, որ համաձայնության կգա միայն այն դեպքում, եթե Նախիջևանն ամբողջովին միանա Ադրբեջանին (փաստաթուղթը տե՛ս այստեղ)։
Ալիևը մի անգամ նաև նշել էր, որ 1997 թվականին, երբ լրագրողներից մեկը հարցրել էր Նախիջևանի և Սյունիքի միջև ընկած 46 կիլոմետրանոց հատվածի մասին, պնդել էր, որ այդ տարածքը վաղնջական ժամանակներից պատկանում է Ադրբեջանին։
Հեյդար Ալիևը 1997 թվականին հայտարարեց, որ խորհրդային շրջանում, երբ Ստալինը Նախիջևանի ու Ադրբեջանի միջև տարածքները բաժանել էր, այդ հատվածը որպես «նվեր» տվել է Հայաստանին՝ իբր Հայաստանի տարածքը երկու մասի բաժանելու նպատակով։ Նա պնդել էր, որ այդ քայլը կապված էր ադրբեջանական տարածքների բաժանման հետ։
2000-ականների ընթացքում, չհասնելով հաջողության, Բաքուն՝ Թուրքիայի աջակցությամբ, վերականգնեց Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով կապելու պահանջը, հատկապես Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո, երբ հայկական կողմի դիրքերը բանակցային գործընթացում ամենաբարձր ճգնաժամի մեջ էին։
2020 թվականի նոյեմբերի 8-ին Իլհամ Ալիևը հայտարարեց, որ համաձայնեցված է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը պետք է կապվի Ադրբեջանի հետ, և այս համատեքստում նշվեց, որ պետք է ստեղծվեն նոր տրանսպորտային ենթակառուցվածքներ։ Ալիևը պնդեց, որ այս դրույթը ուղղակիորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, սակայն, ըստ նրա, իր պահանջներն ընդունվել էին։ Մինչ այժմ նա խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ որպես կարևոր պայման։
Ինչպես Ալիևը կարողացել է կապել այս պահանջը Ղարաբաղյան հարցի հետ 44-օրյա պատերազմից հետո ստորագրված փաստաթղթում, կամ ինչպիսի դռնփակ քննարկումներ են եղել առաջ և հետո, դեռևս անհայտ է։
Հայաստանի կառավարությունը, որն ըստ էության համաձայնվել է Մինսկի խմբի առաջարկներին, սակայն դեռ չի գաղտնազերծել Ղարաբաղյան հակամարտության շուրջ տևական տարիների բանակցությունները կամ միջնորդների ներկայացրած տարբերակները։
Այդ ընթացքում, նորանկախ Հայաստանի համար կարևոր և ճակատագրական բանակցությունների մասին տեղեկություններ ստանում ենք հաճախ օտար երկրների աղբյուրներից։ ԱՄՆ Պետդեպարտամենտը, ըստ Տեղեկատվության մասին օրենքի, գաղտնազերծում է դիվանագիտական փաստաթղթերը, ինչը քաղաքացիներին իրավունք է տալիս իմանալ՝ ինչպիսի բանակցություններ են վարել իրենց պաշտոնյաները փակ դռների հետևում։