top of page

Վարուժան Տէր Սիմոնեան. երկու արտերի մարդը

  • 2 дня назад
  • 20 мин. чтения

Обновлено: 23 часа назад

20 ՀՈՒԼԻՍԻ, 2026, ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ, ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, YEREVAN ONLINE Mag.-ի ԱՄՆ ԹՂԹԱԿԻՑ 



1965 թվականն էր, Հայոց ցեղասպանության հիսնամյակը։


Ապրիլի քսանչորսի մեծ հավաքից վերադարձել էին գյուղ։ Մորեղբայրը Բեյրութ էր տարել երեխաներին։ Մարզադաշտը լիքն էր եղել, 70000 մարդ էր հավաքված։ Մարդիկ եկել էին հիշելու նրանց, ովքեր չէին վերադարձել։ Երեկոյան տուն էին հասել։ Տան դիմաց քարքարոտ մի դաշտ կար։ Հայրը և մորեղբայրը վերցրել էր երկու որդիներին և տարել այնտեղ։ Պառկել էին մեջքի վրա։ Քարերը սեղմել էին մարմինը։ Վերևում աստղերն էին։


Մայրը մոտեցել էր։ Ուզեց մի բան բերել, որ դնեն իրենց տակ։ Մորեղբայրը չէր համաձայնել։


— Մեր ծնողները անապատի մեջ էին քայլում։ Իրենց մեջքին ոչինչ չկար։


Այս նկարը 1965-ին ֆրանսերենով Լիբանանի մեծագույն Լօրիան-Լէժուր թերթում էր։  Աջ կողմի անկյունի սպիտակ գլխարկով փոքրիկ տղան Վարուժանն է, կողքին է եղբայրը, հետևում՝ հայրը։
Այս նկարը 1965-ին ֆրանսերենով Լիբանանի մեծագույն Լօրիան-Լէժուր թերթում էր։ Աջ կողմի անկյունի սպիտակ գլխարկով փոքրիկ տղան Վարուժանն է, կողքին է եղբայրը, հետևում՝ հայրը։

Մայրը լուռ հեռացել էր։ Մորեղբայրը սկսել էր արտասանել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը»։ Արտասանել էր սկզբից մինչև վերջ։ Մոտ մեկուկես ժամ։ Տղաները մնացել էին քարերի վրա և լսել։


Տարիներ անց Վարուժան Տէր Սիմոնեանը Ֆրեզնոյում պատմում է այդ երեկոյի մասին։ Սկզբում խոսում է հանգիստ։ Հետո կանգ է առնում։ Բառ է փնտրում։ Ջուր է ուզում։ Ապա նայում է տեսախցիկին։


— Էս չնկարես, հա՞։ Արցունքներ չեմ ուզում։


Նա խնդրում է, որ այդ հուզմունքը չնկարահանեն։ Հիշողությունը մնում է առանց տեսախցիկի։ Դաշտը կար։ Քարերը կային։ Մորեղբայրը պոեմն գիտեր անգիր։ Երեխաները պառկած էին նրա կողքին։ Այդ գիշեր նրանց ոչ ոք չէր բացատրում, թե ինչ է ազգը։ Ոչ ոք դաս չէր տալիս։ Մորեղբայրը պարզապես խոսում էր։


Վարուժան Տէր Սիմոնեանի կյանքի մեջ շատ բան հետո կկրկնվի։ Հողը։ Սերմը։ Գիրքը։ Ձայնը։ Հիշողությունը։ Եվ այն միտքը, որ մարդը պետք է գործը կատարի այնպես, որ վերջում ինքն այնտեղ ավելորդ դառնա։


Նա մեծացել է Լիբանանի հայկական գյուղական միջավայրում։ Տունը պարզ էր։ Ընտանիքը հարուստ չէր։ Երեխաները խաղում էին հողի ու քարերի հետ։ Խաղում էին պինգպոնգ, շախմատ, ֆուտբոլ ու բասկետբոլ, վարում էին հեծանիվ։ Գնում էին հայկական դպրոց և հայկական եկեղեցի։ Սովորում էին հայերեն, արաբերեն ու անգլերեն։ Դասերին կային գրականություն և գիտություն։ Դրսում կային բակն ու ընկերները։


Մայրը կարդում էր։ Ասմունքում էր։ Կիրակի օրերին եկեղեցուց հետո գյուղի մոտ երեսուն տղա ու աղջիկ էր հավաքում և դաս տալիս։ Երեխաների համար դա առանձին մշակութային ծրագիր չէր։ Դա կիրակի էր։ Տունը, դպրոցը, եկեղեցին և ակումբը իրարից կտրված չէին։ Հայերենը միայն լեզու չէր։ Այն միջոցն էր, որով մայրը կանչում էր երեխաներին, հայրը պատմում էր անցածի մասին, ուսուցիչը բացում էր գիրքը, իսկ տղաները վիճում էին խաղի ժամանակ։


Նրանց մոտ էր Նիկոլ Աղբալյանի տունը։ Վարուժանը հիշում է այդ տան բակը։ Իր ընկերն այնտեղ էր ապրում։ Երեխաները խաղում էին այն վայրում, որի անունը կապված էր մի մարդու հետ, որին նրանք հետո պիտի ճանաչեին գրքերից և պատմությունից։ Նա հաճախել է Նիկոլ Աղբալյանի անունը կրող վարժարան։ Հետո սովորել է Անճարի Հայ Ավետարանական վարժարանում։ Անճարը հեռու չէր։ Բայց պատերազմի տարիներին նույնիսկ կարճ ճանապարհը երբեմն երկար էր դառնում։


Դպրոցում կային ակումբներ։ Գրական ակումբը նրանն էր։ Նա սիրում էր ասմունքել։ Մայրը սիրում էր։ Եղբայրն էլ էր ասմունքում։ Վարուժանը կարծում է, որ դա իրենց տուն էր մտել ավելի վաղ, հետո անցել էր երեխաներին։


Լիբանանի պատերազմի ժամանակ Բեյրութում հայտարարվել էր հայկական դպրոցների ասմունքի մրցույթ։ Մոտ երեսուն դպրոց պիտի մասնակցեր։ Անճարից ոչ ոք չէր պատրաստվում գնալ։ Ճանապարհը վտանգավոր էր։ Տնօրենն էլ չէր հավատում, որ գյուղական դպրոցի աշակերտը կարող է մրցել Բեյրութի դպրոցների հետ։


Վարուժանը գնաց տնօրենի մոտ։ Ասաց, որ ուզում է մասնակցել։ Տնօրենը փորձեց հետ պահել։ Բեյրութում շատ աշակերտներ կային։ Նրանք էին շահելու։ Վարուժանը նորից ասաց, որ ուզում է գնալ։ Միայն մի նամակ խնդրեց։ Նամակ, որ հաստատեր՝ ինքը դպրոցի աշակերտ է և ներկայացնում է Անճարի Հայ Ավետարանական վարժարանը։


Նամակը ստացավ։ Պատերազմի ճանապարհներով հասավ Բեյրութ։ Հակոբ Տեր-Մելքոնյան թատերասրահը լիքն էր։ Մասնակիցների անունները վաղուց տպված էին ծրագրում։ Նրա անունը ավելացրին ձեռքով։ Նա վերջինն էր։ Պարտադիր բանաստեղծությունը Վահան Թեքեյանի «Ձոնն» էր։ Ազատ ընտրության համար վերցրել էր Պարույր Սևակի՝ «Մայրենի լեզու» բանաստեղծությունը։


Նա ստացավ առաջին մրցանակը։


Հետո վերադարձավ դպրոց և մոտ մեկ շաբաթ ոչ ոքի չասաց։ Ընկերները հարցրին՝ գնացի՞ր։ Ասաց՝ գնացի։ Հարցրին՝ ի՞նչ եղավ։ Ասաց՝ առաջինը ստացա։ Խնդրեց, որ չաղմկեն։ Հետո տնօրենը կանչեց։ Հարցրեց՝ մրցույթն ինչպե՞ս անցավ։ Վարուժանը նորից ասաց, որ առաջինն է ստացել։ Տնօրենը զարմացավ։


Մրցանակի հետ գրքեր էր ստացել։ Նիկոլ Աղբալյանի հատորներ։ «Զարթոնքի» հատորներ։ Ռուբենի հուշերը։ Այդ գրքերը նա ավելի երկար է հիշում, քան մրցանակաբաշխությունը։ Հիշում է նաև այն, որ հայկականությունը մարդու մեջ չէր մտնում մեկ մեծ ճառով։ Մտնում էր հատիկ-հատիկ։ Մեկ գիրք։ Մեկ անուն։ Մեկ կիրակի։ Մեկ մրցույթ։ Մեկ երեկո քարերի վրա։


Մորեղբայրը՝ Հակոբ Կիւլոեանը, նույնպես ասմունքող էր։ Վարուժանի պատմելով՝ նա կապ ուներ Պարույր Սևակի հետ և ստացել էր «Անլռելի զանգակատան» և «Եղիցի լույսի» ձեռագիր օրինակները։ Դրանց հիման վրա մորեղբայրը տպագրեց այդգործերը Լիբանանում, և առաջին օրինակներից մեկը մնացել էր ընտանիքում։ Վարուժանը այդ մասին խոսում է այնպես, ինչպես խոսում են ընտանեկան իրերի մասին։ Ոչ որպես հազվագյուտ մասունքի։ Որպես մի բան, որ եղել է տանը։


Հետո ընտանիքը տեղափոխվեց Ամերիկա։ Ֆրեզնոն հայկական քաղաք էր, բայց ուրիշ ձևով։ Այստեղ էլ կային եկեղեցիներ, կազմակերպություններ, հին ընտանիքներ ու հիշողություններ։ Բայց լեզվի շուրջ օդը նույնը չէր։ Լիբանանում հայերենը շրջապատում էր երեխային։ Ֆրեզնոյում այն արդեն պիտի փնտրեիր։


Նրան նորից խնդրում էին ասմունքել։ Երբեմն ինքն անգամ չգիտեր, որ իր անունը ծրագրում դրել էին։ Ելույթից հետո տարեց կանայք գալիս էին։ Բռնում էին նրա թևը։ Գովում էին ձայնը։ Ասում էին՝ լավ է արտասանում։ Մի օր նրանցից մեկը մոտեցավ և ասաց։


— Այնքան լավ ես ասմունքում, բայց, ցավոք, չեմ հասկանում։


Վարուժանը երկար է հիշել այդ խոսքը։ Կինը զգում էր շունչը։ Լսում էր ռիթմը։ Գուցե ճանաչում էր բառերից մի քանիսը։ Բայց միտքը չէր հասնում նրան։ Հայերենը նրա համար դարձել էր մի բան, որին կարելի էր պատկանել առանց այն ամբողջությամբ հասկանալու։


Այդ օրը Վարուժանը տեսավ, որ սփյուռքը միայն պահպանվածի պատմություն չէ։ Այն նաև կորցրածի պատմություն է։ Մարդը կարող է պահել անունը, եկեղեցին, ուտելիքը, երաժշտության մի եղանակ և ընտանիքի մի քանի լուսանկար։ Կարող է պահել նաև հուզմունքը։ Բայց բառերը կարող են նահանջել։ Երբ բառերն են նահանջում, հիշողությունը սկսում է ուրիշից օգնություն խնդրել։


Ֆրեզնոյում նա համալսարան գնաց։ Հետո մասնագիտացավ միջազգային հարաբերությունների մեջ՝ գյուղատնտեսական զարգացման շեշտով։ Ուսման տարիները համընկան Հայաստանի համար ծանր ժամանակի հետ։ 1988-ի երկրաշարժը։ Խորհրդային Միության քայքայումը։ Արցախի շարժումը։ Պատերազմը։ Անկախության առաջին տարիների սառն ու մութ ձմեռները։


Ֆրեզնոյի մի խումբ ամերիկահայ գյուղատնտեսներ, անասնաբույժներ և այլ մասնագետներ երկրաշարժից հետո որոշեցին օգնել Հայաստանին իրենց իմացած գործով։ Նրանք հիշում էին նաև Կալիֆորնիայի Կենտրոնական հովտի պատմությունը։ Իրենց հայրերը կամ պապերը եկել էին մի տարածք, որը շատ տեղերում չոր էր ու դժվար։ Աշխատել էին հողի վրա։ Մասնակցել էին Ֆրեզնոյի գյուղատնտեսության աճին։ Նոր սերունդը կարծում էր, որ այդ փորձը կարելի է տանել Հայաստան։


Այսպես ծնվեց Armenian Technology Group-ը՝ ATG-ն։ Անունը տեխնիկական էր։ Նպատակը՝ պարզ։ Սնունդ ուղարկելն անհրաժեշտ էր, բայց բավարար չէր։ Պետք էր օգնել, որ մարդիկ իրենք սնունդ արտադրեն, մասնավորապես, զարգացնեն խաղողագործությունը: Պետք էր բերել գիտելիք, բարձրորակ սերմ, անասնաբուժական փորձ, կազմակերպում և կապեր։ Եթե աշխատանքը հաջողվեր, դրսից ուղարկվող օգնության կարիքը պիտի պակասեր։


Վարուժանը մասնակցում էր ժողովներին։ Հայերեն գիտեր։ Կարդում էր Հայաստանի մասին։ Լսում էր BBC-ն և այլ ռադիոկայաններ։ Երբեմն կիրակի առավոտյան Ֆրեզնոյի հայկական ռադիոյով պատմում էր նորությունները դեռ այն ժամանակ, երբ թերթերը չէին հասցրել տպագրել դրանք։ Նա դեռ ծրագրի ղեկավարը չէր։ Նա լսում էր, թարգմանում և փոխանցում։ Հետագայում, իր խոսքով, հենց լեզվի, հայ մշակույթի ու պատմության իմացության պատճառով իրեն վստահեցին ղեկավարումը։ Թիմում կային տարբեր երկրներում մեծացած հայեր և ոչ հայ մասնագետներ։ Նույն ծագումը դեռ նույն աշխատանքային մշակույթը չէր նշանակում։ Դա էլ պետք էր սովորել։


1993-ին նրան առաջարկեցին մեկնել Հայաստան։ Ռուսաստանից մեծ քանակով ցորենի սերմացու պիտի հասներ։ Մեկը պետք էր տեղում հետևեր բաշխմանը և աշխատանքին։ Առաջարկը կամավորական էր։ Նա համաձայնեց։


Թռիչքը 1994 թվականի մարտի սկզբին էր։ Տոմսը ձեռքին էր։ Ճամպրուկը պատրաստ էր։ Անձնագիրը չկար։ Այն ուղարկել էր Հայաստանի դեսպանատուն՝ մուտքի արտոնագիր ստանալու համար։ Այդ ժամանակ ճանապարհը պարզ չէր։ Ֆրեզնոյից պիտի հասներ Փարիզ, այնտեղից՝ Երևան։ Եթե բաց թողներ թռիչքը, հաջորդը կարող էր մեկ շաբաթ հետո լինել։ Իսկ գարնանացանը մեկ շաբաթը զգում է։


Նա նախապես գնացել էր փոստի կենտրոնական բաժանմունք և խնդրել, որ անձնագիրը տուն չուղարկեն։ Թող պահեն այնտեղ։ Ինքը կգա։ Սպասում էր զանգին։ Մեկ ուրիշ զանգ եկավ։ Հարցրին՝ Հայաստան գնո՞ւմ ես։ Նա ասաց՝ դեռ չգիտեմ, անձնագիրը ձեռքիս չէ։ Հենց այդ պահին փոստից զանգեցին։ Փաստաթուղթը հասել էր։


Նա փակեց հեռախոսը։ Զանգեց եղբորը։ Մեքենայի բանալին վերցրեց։ Տանից մինչև փոստ և այնտեղից մինչև օդակայան ճանապարհը սովորաբար մոտ քառասուն րոպե էր։ Նա հիշում է, որ այդ օրը անցել է գրեթե կես ժամանակում։ Օդակայանում ընտանիքն ու կազմակերպության մարդիկ սպասում էին։ Ինքնաթիռն էլ էր սպասել։ Մոտ կես ժամ։


Երբ նա բարձրացավ ինքնաթիռ, ուղևորները նայեցին նրան։ Երիտասարդ տղամարդ էր։ Մուգ մազերով։ Նրանք չգիտեին, թե ինչ կարևոր մարդ է, որի համար օդանավը կանգնել է։ Նա էլ գիտեր, որ կարևոր մարդ չէ։ Պարզապես մի քանի մարդ օդակայանում համոզել էր անձնակազմին սպասել։


Փարիզում նա տեսավ մի կնոջ, որին մարդիկ մոտենում էին, բարևում ու ճանապարհում։ Լուսանկարներից ճանաչեց։ Կինը USAID-ի Կովկասյան ծրագրերի ներկայացուցիչն էր։ Վարուժանը նրան հիշում է Սյուզան Վոլց անունով։ Վարուժանը պիտի աշխատեր նրա համակարգի հետ։ Մոտեցավ։ Ներկայացավ։ Առաջարկեց օգնել ուղեբեռի հարցում։


Կինը հարցրեց՝ ո՞վ ես։ Նա ասաց անունը և կազմակերպությունը։ Կինը պատասխանեց, որ իրենք չպետք է գործի մասին խոսեն։ ATG-ն պայմանագրային շղթայում պիտի հաղորդակցվեր Save the Children-ի միջոցով։ Վարուժանն ասաց, որ գործի մասին չի խոսում։ Ուղղակի ուզում է օգնել, որ միասին ներս մտնեն։


Նրանք նստեցին նույն թռիչքը։ Փարիզից Երևան ճանապարհը հինգ ժամից ավելի էր։ Այդ ամբողջ ընթացքում կինը հարցեր տվեց ATG-ի մասին։ Վարուժանը պատմեց, թե ովքեր են, ինչ են արել և ինչու են գնում Հայաստան։


Մեկնելուց առաջ կազմակերպության ղեկավարները նրան վեց ժամ նստեցրել էին և բացատրել հինգ տարվա աշխատանքը։ Հետո երեք պայման էին դրել։ Կազմակերպության ղեկավարներից ոչ ոք Հայաստանից անձնական շահ չպիտի ստանար։ Այն ամենը, ինչ արվելու էր, պիտի արվեր Հայաստանի համար։ Եվ երբ գործը ավարտվեր, կազմակերպությունը պիտի փակվեր։ Նա համաձայնել էր։


Օդանավում նույնն ասաց USAID-ի ներկայացուցչին։ Երբ հասան Երևան, կինը նրան արդեն ուրիշ ձևով էր դիմում։ Ասաց՝ եթե որևէ մեկը դժվարություն ստեղծի, զանգիր ինձ։ Վեց ժամ առաջ նա չէր ուզում խոսել։ Վեց ժամ հետո հեռախոս էր առաջարկում։


Հայաստանում Վարուժանը սկսեց սպասել Ռուսաստանից եկող սերմացուին։ Անցավ մեկ շաբաթ։ Հետո երկրորդը։ Հետո երրորդը։ Մարտի կեսն անցնում էր։ Գարնանացանի ժամանակը փակվում էր։ Փաստաթղթերը կարող էին շարունակել շրջել սեղանների վրա։ Հողը չէր շարունակելու սպասել։


Նա զանգեց USAID-ի ներկայացուցչին։ Ասաց, որ սերմը չի հասնում։ Եթե այն ժամանակին չգա, կկորչի ամբողջ ցանքաշրջանը։ Կկորչի նաև ծրագրի իմաստը։ Կինը հարցրեց՝ ի՞նչ ես առաջարկում։


ATG-ի ղեկավարների հետ կապի մեջ էր։ Առաջարկեց Օրեգոնից բերել մոտ հարյուր վաթսուն տոննա բարձրորակ սուպերէլիտային սերմացու։ Այն պիտի հասներ ավելի շուտ, ցանվեր և հիմք դներ հաջորդ տարիների աշխատանքին։ Կինը փաստաթուղթ խնդրեց։ Ֆրեզնոյից գրեցին։ Որոշումն ընդունվեց։ Սերմը ճանապարհ ընկավ Օրեգոնից։ Վարուժանի հիշողությամբ՝ բեռը անցավ Բելգիայով և Քըրք Քըրքորյանի Լինսի հիմնադրամի օգնությամբ հասավ Երևան։


Ռուսաստանից սպասվող հիմնական սերմը, նրա պատմելով, հասավ մոտ երեք ամիս հետո։ Այդ ժամանակ հունիս էր։ Գարնանացանի սերմը հունիսին չեն ցանում։ Նա հեռախոսով ասաց, որ այն պահեն կամ օգտագործեն մեկ ուրիշ ժամանակ։


Այդ դրվագը նա պատմում է արագ։ Թվում է, թե ամեն ինչ մեկ զանգով լուծվեց։ Իրականում զանգից առաջ կային մարդիկ, նամակներ, վստահություն, պայմանագրեր, բեռներ, օդանավակայաններ և գյուղացիներ, որոնք սպասում էին։ Բայց նրա պատմության մեջ կարևորն ուրիշ է։ Սերմը պիտի հասներ այն ժամանակ, երբ այն դեռ սերմ էր։ Հետո այն դառնում էր ուշացած ապրանք։


1994 և 1995 թվականներին, նրա հաշվարկով, ծրագրի օգնությամբ Հայաստանում 5028 գյուղտնտեսությունների միջոցով մոտ 17 000 հեկտար ցորեն ցանվեց։ Հետագա տարիներին աշխատանքը փոխվեց ու մեծացավ։ Փորձարկվեցին հարյուրավոր սորտեր։ Նա ասում է՝ չորս հարյուր հիսունից ավելի, գուցե մոտ չորս հարյուր ութսուն։ Փնտրում էին սերմեր, որոնք կդիմանային ժանգին ու երաշտին և ավելի բարձր բերք կտային։


Հարցազրույցի ժամանակ նա կանգ է առնում հենց «երաշտ» բառի վրա։ Անգլերենը հիշում է՝ drought։ Հայերենը չի գալիս։ Հարցազրուցավարը հուշում է։ Նա շնորհակալություն է հայտնում և շարունակում։


Այդ դադարն իր մեջ փոքր պատմություն ունի։ Նա ապրել է լեզուների միջև։ Մեծացել է արևմտահայերենով։ Սովորել է արաբերեն ու անգլերեն։ Աշխատել է Հայաստանի արևելահայախոս գյուղացիների ու պաշտոնյաների հետ։ Տասնամյակներ անց կարող է ամբողջ պոեմի շունչը հիշել և մի պարզ մասնագիտական բառի առաջ կանգնել։ Լեզուն էլ հող է։ Այն օգտագործելուց ուժեղանում է։ Չօգտագործելուց չորանում է։


ATG-ի աշխատանքի մեջ միայն սերմ չկար։ Կային մասնագետներ, գյուղեր, անասնաբուժական ծրագրեր, փորձադաշտեր, ցուցումներ և մշտական վերահսկում։ Վարուժանի խոսքով՝ մի ժամանակ Հայաստանում և Արցախում իրենց ծրագրերի հետ աշխատում էր հարյուր յոթանասուներեք մարդ։ Ֆրեզնոյի ու Երևանի միջև մոտ տասներկու ժամ տարբերություն կար։ Երբ Հայաստանում աշխատանքային օրն էր սկսվում, Կալիֆորնիայում գիշեր էր։ Նա երբեմն քնում էր երեք կամ չորս ժամ։


Տնից հազվադեպ էր դուրս գալիս։ Հեռախոսը միշտ մոտ էր։ Մեկ գյուղում խնդիր էր առաջանում։ Մյուսում սերմը չէր հասնում։ Երրորդ տեղում մասնագետ էր պետք։ Պետք էր խոսել նախարարության հետ։ Հետո դոնորի։ Հետո Ֆրեզնոյի հոգաբարձուների։ Աշխատանքը հայրենասիրական հայտարարության տեսք չուներ։ Այն հեռախոսազանգ էր, հաշվարկ էր, ուշացած բեռնատար էր, հիվանդ կենդանի էր, սխալ պահված սերմ էր։


Հայաստանի իշխանությունները երբեմն կազմակերպությանը հող կամ տարածք էին առաջարկում։ ATG-ի ղեկավարները հրաժարվում էին։ Նրանց սկզբունքը նույնն էր։ Հայաստանը չպիտի դառնար կազմակերպության սեփականության աղբյուր։ Հողը պիտի մնար այնտեղի մարդկանց։


— Թող գյուղացիները մեծանան։ Թող իրենք զորանան։


Այս խոսքը Վարուժանը մի քանի անգամ տարբեր ձևով կրկնում է։ Օգնությունը նրա համար վերջնական վիճակ չէր։ Այն ժամանակավոր միջամտություն էր։ Լավ օգնությունը պիտի ուժեղացներ մարդուն։ Վատ օգնությունը պիտի երկարացներ նրա կախվածությունը։


Դոնորների հետ միշտ համաձայնություն չկար։ Նա լսել էր, որ որոշ դեսպանատների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում ասում էին՝ ATG-ի ծրագրերը իրենց ծրագրերին չեն համապատասխանում։ Գուցե չափման եղանակներն էին տարբեր։ Գուցե առաջնահերթությունները։ Գուցե կազմակերպությունը շատ ինքնուրույն էր գործում։ Նա այդ վեճերի մանրամասները չի բացում։ Ասում է միայն, որ շարունակել են։


Նրա ներկայացրած թվերը մեծ են։ Խորհրդային տարիներին մեկ հեկտարից երկու կամ երեք տոննա բերք։ Նոր սերմերով՝ ութ, ինը, երբեմն տասը տոննա, եթե գյուղացին հետևի ցուցումներին։ Նա հիշատակում է նաև 2025 ու 2026 թվականների ամռանը հրապարակված զեկույցներ, որը, ՀՀ տնտեսության Նախարարութեան կարծիքով, ցույց էր տալիս աշխատանքի արդյունքը։ Այս թվերը Նախարարութեան ու ATG ֊ի հետ համանագործակցող ցորեն աճեցնող պարտեզպանների հաշվարկներն են։



Երբ Վարուժանը Հայաստան էր գալիս, տեսնում էր, որ մշակույթը մարդու շուրջն է։ Լեզուն փողոցում է։ Գրականությունը՝ գրախանութում։ Եկեղեցին, թատրոնը, պատմական անունները և ընտանեկան հիշողությունները նույն երկրի մեջ են։ Դրանք միշտ լավ վիճակում չեն։ Մարդիկ միշտ չեն նկատում դրանք։ Բայց դրանք կան։


Ֆրեզնո վերադառնալիս նա ուրիշ բան էր տեսնում։ Այստեղ հայկական մշակույթը ինքն իրեն չէր շարունակում։ Եթե երեխան այն չէր ստանում ընտանիքում, հետո շատ դժվար էր լրացնել բացը։ Երրորդ, չորրորդ, հինգերորդ ու վեցերորդ սերունդները կարող էին իմանալ, որ հայ են, բայց չիմանալ՝ ինչ գրքեր են կարդացել իրենց նախնիները, ինչպես է ձևավորվել իրենց եկեղեցին, ինչու են ընտանիքները հայտնվել Կալիֆորնիայում և ինչ կապ ունի Ֆրեզնոն Հայաստանի հետ։


1990-ականների վերջում այդ միտքը նրա մեջ հաստատվեց։ Եթե սփյուռքը ուզում է օգնել Հայաստանին, ինքը նույնպես պիտի ուժեղ լինի։ Միայն դրամով չէ։ Մշակույթով, կրթությամբ, պատմական գիտակցությամբ ու հաստատություններով։ Հակառակ դեպքում օգնություն ուղարկողը մի օր չի հասկանա, թե ինչու է ուղարկում։


Այդ ժամանակ մարդիկ սկսեցին նրան ասել, որ Ֆրեզնոյում հայկական թանգարան է պետք։ Նա սկզբում մերժեց։ Արդեն շատ աշխատանք ուներ։ Ասաց՝ Ֆրեզնոյում տասնյակ հազարավոր հայեր կան, թող ուրիշ մեկը սկսի։ Մարդիկ նորից վերադարձան։ Ասացին՝ դու պետք է անես։ Նա դեռ չէր ուզում։


Մոտ 2000 թվականին Ֆրեզնոյի շրջանը ներկայացնող նահանգային գործիչ Մայք Բրիգսը հարցրեց, թե ինչ կարելի է անել քաղաքի հայ համայնքի համար։ Վարուժանն ասաց, որ հայկական թանգարանի մասին խոսակցություն կա։ Բրիգսը խնդրեց կարճ գրել նպատակը։ Ի՞նչ պիտի անի այդ թանգարանը։ Ում համար։ Ինչու։


Վարուժանը մեկ ամփոփ պարբերություն գրեց ATG-ի անունից։ Այդ պարբերությունը ներկայացվեց Կալիֆորնիայի իշխանություններին։ 2001-ին փոքր գումար ստացան։ Նա այդ գումարը նորից սերմ է կոչում։ Սերմ, որով սկսվեց թանգարանի աշխատանքը։


Առաջին երկու տարիներին թանգարանը գործեց ATG-ի հովանու ներքո։ Հետո կազմակերպությունները բաժանեցին։ Մեկը պիտի շարունակեր Հայաստանի գյուղատնտեսական զարգացման գործը։ Մյուսը պիտի զբաղվեր Ֆրեզնոյի հայկական մշակույթով և պատմությամբ։ Ստեղծվեց առանձին ոչ առևտրային կառույց՝ Armenian Heritage Museum անունով, որը գործում է որպես Armenian Museum of Fresno։ Վարուժանը դարձավ ղեկավարներից մեկը և շարունակեց երկու դաշտերում էլ աշխատել։


Թանգարան ստեղծելու համար շենք էր պետք։ Խորհուրդը նայեց ինը կամ տասը վայր։ Ոչ մեկը չստացվեց։ Երբեմն քաղաքը չէր համաձայնում։ Երբեմն հողատերը։ Երբեմն շենքը հարմար չէր։ Թանգարանը շարունակում էր գոյություն ունենալ առանց սեփական տան։


Այդ ընթացքում նրանք միջոցառումներ էին անում։ Հրավիրեցին Իզաբել Բայրաքդարյանին։ Կազմակերպեցին Արշիլ Գորկու ցուցադրություն։ Երկու ամիս տևող Սարոյանի փառատոն անցկացրին։ Հայաստանից բերեցին կամերային նվագախումբը՝ Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ։ Նվագախումբը մի քանի անգամ ելույթ ունեցավ Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում և Լոս Անջելեսում։


Հետո եկավ Վիլյամ Սարոյանի հարյուրամյակը։ Նախապատրաստությունը սկսվեց ավելի վաղ։ 2008-ին ամբողջ տարին դարձավ Սարոյանի տարի։ Վարուժանի հաշվարկով՝ հարյուրից ավելի միջոցառում եղավ։ Մասնակցեցին ոչ միայն հայերը։ Մասնակցեցին ամերիկյան հաստատություններ, գրականության մարդիկ, թատրոններ և քաղաքային շրջանակներ։ Ֆրեզնոյից դուրս քաղաքի անունը հաճախ Սարոյանի անունով էին ճանաչում։ Վարուժանը դա գիտեր։ Թանգարանը ուզում էր, որ Սարոյանը միայն հայ համայնքի սեփականությունը չմնար։


Արշիլ Գորկու փոքր ցուցադրության պատմությունն էլ է նա սիրով պատմում։ Ֆիլադելֆիայից թանգարանային մասնագետ էր եկել և ուսումնասիրել իրենց արածը։ Հետո ավելի մեծ ցուցադրություններ էին ստեղծվել այլ քաղաքներում և համալսարանական թանգարաններում։ Գիրք էր հրատարակվել։ Վարուժանը չի ասում, թե ամեն ինչ սկսել էր Ֆրեզնոյից։ Ասում է, որ իրենց փոքր ցուցադրությունը ուրիշներին նորից նայելու առիթ տվեց։ Փոքր հաստատությունը երբեմն դա կարող է անել։ Այն չի ունենում մեծ թանգարանի փողը։ Բայց կարող է գտնել մի պատմություն, որը մեծ հաստատությունը դեռ չի տեսել։


Հետո Ֆրեզնոյի մեծ թանգարանը փակվեց։ Metropolitan Museum-ը քաղաքի մշակութային հպարտություններից էր։ Այնտեղ Սարոյանին նվիրված մշտական բաժին կար՝ գրքերով, լուսանկարներով, հեծանիվով և այլ իրերով։ Շենքը մեծ գումարով վերանորոգվել էր։ Վարուժանի հիշողությամբ՝ մոտ քսանյոթ միլիոն դոլար էր ծախսվել։ Վերաբացումից ամիսներ անց թանգարանը չկարողացավ շարունակել։ Պարտքերը մեծ էին։ Քաղաքին էլ էր պարտք։ Ի վերջո այն լուծարվեց։


Այդ պահին հայկական փոքր թանգարան ստեղծելու գաղափարը վատ կատակ էր թվում։ Եթե ամբողջ քաղաքը, հարուստ նվիրատուները և խոշոր հաստատությունները չկարողացան պահել մեծ թանգարանը, ինչպե՞ս պիտի փոքր հայկական կազմակերպությունը նոր թանգարան բացեր։


Աճուրդից առաջ Վարուժանը գնաց փակվող շենքը նայելու։ Իր մասնագիտությունը թանգարան ստեղծելը չէր։ Նա մշակույթի մեջ էր մեծացել։ Արվեստ ու գրականություն գիտեր։ Բայց չէր սովորել, թե ինչպես է կառուցվում թանգարան։ Ուզում էր տեսնել՝ ինչ կա ներսում, ինչ է պետք, ինչպես են պահեստները աշխատում, ինչպես են ցուցասրահները կառուցված։


Քայլելիս տեսավ մի պատ, որի վրա գրված էին նվիրատուների անունները։ Նրանց մեջ հայեր կային։ Մարդիկ, որոնց ինքն էլ պիտի դիմեր և գումար խնդրեր հայկական թանգարանի համար։ Նրանք արդեն օգնել էին մեծ թանգարանին։ Մեծ թանգարանն արդեն փակվել էր։


Այդ պատի առաջ հարցը պարզ էր։ Կամ թողնել երազը։ Կամ շարունակել՝ իմանալով, որ այն կարող է չստացվել։


Նրանք շարունակեցին։


Տնտեսական ճգնաժամը ծանր էր։ ATG-ի աշխատանքն էլ էր դժվարացել։ Թանգարանն էլ տարածք չուներ։ Վարուժանը մտածեց գրասենյակը փակել և տան ավտոտնակը վերածել աշխատանքի վայրի։ Սկսեց հաշվել վերանորոգման, էլեկտրականության և հեռախոսի ծախսերը։ Բայց տունը և աշխատանքը նույն տարածքի մեջ պահելը ուրիշ ծանրություն ուներ։ Նա ուզում էր առավոտյան դուրս գալ տնից և գնալ աշխատանքի, թեկուզ աշխատանքը երկու փոքր սենյակ լիներ։


Այդ ժամանակ հեծանիվ էր քշում։ Ֆրեզնոյի հեծանվորդների խմբի ժողովը պիտի լիներ համալսարանական մի շենքում։ Նա գնաց։ Քարտուղարը ասաց՝ ժողովը երեկ էր։ Վարուժանը օրը շփոթել էր։ Կարող էր շրջվել ու հեռանալ։ Փոխարենը հարցրեց՝ սա ի՞նչ շենք է։ Պարզվեց՝ համալսարանի վարչական տարածք էր։ Ասացին՝ տնօրենը հաջորդ օրը կլինի։


Նա վերադարձավ։ Հարցրեց՝ ազատ սենյակ ունե՞ք։ Տնօրենը ցույց տվեց վերևի հարկի երկու փոքր սենյակ։ Մոտ երկու մետր երկու մետրի վրա։ Վարուժանը հաշվեց։ Ավտոտնակը վերանորոգելու փոխարեն կարող էր նույն գումարով դրանք վարձել։ Վարձեց։


2011-ից մինչև 2015 թվականը նա աշխատեց այդ փոքր սենյակներում։ Տարածքը քիչ էր։ Բայց հասցե կար։ Դուռ կար։ Մարդը տնից դուրս էր գալիս և գնում գործի։ Երբ տնտեսական վիճակը մի փոքր լավացավ, շենքում ավելի մեծ տարածք բացվեց։ 2015-ին տնօրենն առաջարկեց տեղափոխվել այնտեղ։ Երկու փոքր սենյակները սկսեցին աճել։


Վարուժանը այդ տարիներին նաև Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու խորհրդում էր։ Երեք տարի ատենապետ էր։ Արցախից երկկողմանի խաչքար բերեցին։ Մի կողմում խաչն էր։ Մյուսում՝ այբուբենը։ Խաչքարը կանգնեց եկեղեցու բակում։ Նրա համար հավատքն ու մշակույթը տարբեր բաժիններ չեն։ Եկեղեցին միայն աղոթքի վայր չէ։ Այն դպրոց է եղել, գրադարան, հավաքատեղի, հիշողության պահոց և քաղաքում հայկական ներկայության նշան։


Ֆրեզնոյի հայկական պատմությունը նա պատմում է թվերով ու շենքերով։ Ասում է՝ առաջին հայը քաղաք է հասել 1874-ին, բայց շոգին չի դիմացել ու հեռացել է։ 1880-ականներից հայերը սկսել են ավելի հաստատուն գալ։ 1894–1895 թվականներին Սուրբ Երրորդություն եկեղեցու հովանու ներքո առաջին պատարագներն են եղել, դպրոց ու գրադարան են գործել։ Համայնքը որպես եկեղեցական հաստատություն պաշտոնապես կազմակերպվել է 1900-ի շուրջ։ Առաջին եկեղեցական շենքը 1913-ին այրվել է։ Կրակի մեջ կորել են նաև գրքերն ու դպրոցական նյութերը։ Ներկայիս եկեղեցին կառուցվել է 1914-ին և կանգուն է մինչև այսօր։


Նրա պատմելով՝ շենքը պատմական պահպանության կարգավիճակ է ստացել այն ժամանակ, երբ քաղաքի կենտրոնի վերակառուցման ծրագրերը կարող էին վտանգել հին կառույցները։ Թանգարանի խորհրդի ճարտարապետ անդամներից մեկը ժամանակին դիմել էր նահանգային մարմիններին։ Շենքը պահպանվել էր։ Վարուժանն այն ներկայացնում է որպես հայկական ճարտարապետությամբ Ամերիկայի եզակի պատմական եկեղեցիներից մեկը։ Այժմ այնտեղ գալիս են հայերն ու ոչ հայերը։ Եկեղեցին շարունակում է աշխույժ գործել։ Բակում կանգնած են Արցախից բերված երկկողմանի խաչքարը, ԱՆՉԱ-ի հիշատակը պահող հուշարձանը և այլ կառույցներ։ Հին հայկական թաղամասի պատմությունն այստեղ դեռ տեսանելի է։


Ֆրեզնոյի հայկական թանգարանը փոքր սենյակներից դարձել է մոտ վեց հազար քառակուսի ոտնաչափ տարածք՝ շենքի երկու հարկերում։ Վարուժանը երբեմն այն չափում է մետրերով, հետո անցնում է ամերիկյան չափին։ Թվերը լեզուների պես են։ Նա օգտագործում է այն, որն այդ պահին ավելի հարմար է։


Պատերին 20-րդ դարի հայոց պատմության տարբեր էջերն են։ Հայոց ցեղասպանություն։ Գաղթ։ Ֆրեզնոյում հաստատված ընտանիքներ։ 1945-ից 1960-ականները Եվրոպայից ԱՆՉԱ-ի ծրագրերով Ամերիկա հասած տեղահանվածների պատմություններ։ Հայաստանի Առաջին Հանրապետություն։ Խորհրդային շրջան։ Անկախություն։ Հայաստան–Միացյալ Նահանգներ կապեր։ Արցախ։ Հայերի ներդրումը Ֆրեզնոյի գյուղատնտեսության, տնտեսության ու մշակույթի մեջ։


Վարուժանի հաշվարկով՝ շենքում ավելի քան հարյուր տասը պատմական վահանակ կա։ Ոմանք փոքր են։ Ոմանք մոտ երկու մետր բարձրություն ունեն։ Լուսանկարներ են։ Քարտեզներ։ Բացատրություններ։ Տեքստերը հիմնականում անգլերեն են։ Թանգարանը համալսարանական շենքի մեջ է։ Մարդիկ կարող են մտնել, կարդալ և դուրս գալ։ Ոչ ոք նրանց չի ստիպում։


Մինչ համավարակը, նրա խոսքով, շաբաթական երկու հարյուրից երեք հարյուր մարդ էր անցնում շենքով։ Թանգարանը սովորաբար բաց է շաբաթական հինգ օր՝ առավոտյան տասից մինչև երեկոյան վեցը։ Բոլորը թանգարան չէին եկել հատուկ ծրագրով։ Ոմանք համալսարանի գործով էին։ Ոմանք ճանապարհին կանգնում էին։ Նայում էին մի վահանակի։ Հետո մյուս անգամ՝ մեկ ուրիշի։ Վարուժանը նույնիսկ նկատում է, որ որոշ շրջաններում ոչ հայ այցելուները հայերից շատ են եղել։


Վարուժանն ամենից շատ ուրախանում է, երբ ոչ հայ այցելու է կանգնում պատի առաջ։ Հայը կարող է եկել լինել իր պատմությունը գտնելու։ Օտարը դեռ չգիտի՝ ինչ է գտնելու։ Նա կարդում է։ Հետո հարց է տալիս։ Երբեմն վերադառնում է։


Ֆրեզնոյում մարդիկ գիտեն, որ հայերը աշխատասեր են եղել։ Գիտեն, որ շատերը եկել են աղքատ և հետո հաջողել։ Գիտեն հայկական խորովածն ու ուտելիքը։ Բայց Վարուժանը ասում է՝ ստամոքսի մշակույթը մի բան է, մտքի ու հոգու մշակույթը՝ ուրիշ։ Ուտելիքը դուռ կարող է բացել։ Բայց ներսում միայն խոհանոց չէ։ Ներսում գրականություն, հավատք, արվեստ, տեղահանություն, գյուղատնտեսություն, քաղաքականություն և ընտանիքի լռություն կա։


Թանգարանում մոտ հարյուր հիսունից երկու հարյուր գեղանկար ու այլ արվեստի գործ կա։ Շատերը հայ նկարիչների գործեր են։ Կան նաև պաստառներ և ժամանակավոր ցուցադրություններ։ Վերջին տարիներին փորձում են Սարոյանի թատերական երեկոները դարձնել ամենամյա։ Մի քանի բեմադրություն արդեն արել են։ Նպատակը միայն նրա անունը կրկնելը չէ։ Պետք է գործերը նորից բեմ բարձրանան։ Գրողը չի ապրում, եթե միայն լուսանկարն է մնում պատին։


Թանգարանի ապագայի մասին խոսելիս Վարուժանը առաջին հերթին ասում է, որ այն պիտի շարունակվի իրենցից հետո։ Քսանհինգ տարվա կամավոր աշխատանքը արժեք ունի միայն այն դեպքում, եթե չի ավարտվում մեկ մարդու հետ։ Փոքր հաստատությունների մեծ վտանգը դա է։ Մեկ մարդ գիտի՝ որ լուսանկարը ումից է եկել։ Մեկ մարդ ունի նվիրատուի հեռախոսը։ Մեկ մարդ հիշում է ցուցադրության ամբողջ պատմությունը։ Եթե այդ գիտելիքը չի դառնում արխիվ ու կարգ, հաստատությունը նրա հետ ծերանում է։


Վարուժանը այդ վտանգը տեսնում է։ Նա չի խոսում իր փոխարինողի մասին։ Խոսում է շարունակության մասին։ Ավելի շատ ցուցադրություններ։ Ավելի շատ քաղաքներ։ Ավելի շատ մարդիկ, որոնք կկարողանան պատմությունը ներկայացնել։


Ֆրեզնոյի քաղաքային իշխանությունը, նրա խոսքով, քսանչորս տարվա ընթացքում առաջին անգամ դրամաշնորհ է տվել թանգարանին։ Այդ գումարը մեծ չէր, բայց նշան էր։ Այն թույլ տվեց ավելի բաց աշխատել քաղաքում և մտածել Ֆրեզնոյից դուրս գնալու մասին։


Այդ ծրագրերից մեկը «Հուշեր» ցուցադրական շարքն է։ Գաղափարը պատմական Հայաստանը, Ֆրեզնոն և ապագան կապելն է։ Հին հայկական թաղամասերի ընտանիքներն ունեն լուսանկարներ, ձեռագործ իրեր, նամակներ և պատմություններ։ Մեծ մայրերն ու մեծ հայրերը մահանում են։ Նրանց հետ բառերն էլ են գնում։ Թանգարանը փորձում է վերցնել այն, ինչ դեռ կա, և դարձնել հանրային հիշողություն։


Վիկտորիա Խաչերեանի աշխատանքների ցուցադրությունը այդ շարքի մասերից էր։ Վարուժանը դրանք պատահաբար էր տեսել։ Աշխատանքները ստեղծվել էին 1907-ին՝ ցեղասպանությունից առաջ։ Թղթի վրա արված ձեռագործ պատկերներ էին։ Հին էին, բայց նրան ժամանակակից թվացին։ Նա նայում էր և մտածում, թե դրանցից ինչ նոր բան կարելի է ստեղծել։ Հիշողությունը նրա համար կրկնություն չէ։ Հին ձևը կարող է նոր գործի նյութ դառնալ։


Ֆրեզնոն Ամերիկայի հին հայկական կենտրոններից է։ Այստեղ արդեն գալիս են հետազոտողներ։ Նրանք ուզում են հասկանալ՝ ովքեր էին առաջին ընտանիքները, որտեղից եկան, ինչպես աշխատեցին, ինչու մնացին և ինչպես փոխեցին քաղաքը։ Հետո գնում են պատմական Հայաստանի վայրերը կամ հայկական բարձրավանդակ։ Փորձում են հինգերորդ ու վեցերորդ սերնդի ամերիկահային կապել այն մարդու հետ, որը մեկուկես դար առաջ ճանապարհ ընկավ։


Այդ կապը ուղիղ չէ։ Ընտանիքի անունը կարող է փոխված լինել։ Լեզուն կարող է կորած լինել։ Գյուղի անունը կարող է տարբեր քարտեզներում տարբեր գրված լինել։ Բայց երբեմն մի լուսանկար է մնում։ Մի եկեղեցական արձանագրություն։ Մի հողամասի փաստաթուղթ։ Մի հին գիրք։ Թանգարանը այդ մանր կտորների հետ է աշխատում։


Արցախի պատմությունը պատերին առանձին տեղ ունի։ Ցուցադրության մի մասը պատրաստվել էր 2016-ի շուրջ։ Հետո եղան նոր պատերազմը, շրջափակումը և Արցախի հայաթափումը։ Պատերի պատմությունը կանգնել էր ավելի վաղ կետում։ Այցելուները դա նկատում էին։ Հարցնում էին Վարուժանին՝ ե՞րբ ես գրելու վերջին տարիները։


Նա այդ հարցը կրկնում է։ Ոչ հայ այցելուն է հարցրել։ Մարդը կարդացել էր նախորդ էջերը և հասկացել, որ պատմությունը կիսատ է։ Թանգարանը այլևս միայն հին ցավի մասին չէր։ Նոր կորուստը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ վահանակներն արդեն պատին էին։


Վարուժանը ասում է՝ մենք կորցրինք հայկական բարձրավանդակի արևելյան ուժեղ կորիզներից մեկը։ Նրա բառերն են։ Դրանց մեջ քաղաքական վեճ կա, ցավ կա և աշխարհագրական հիշողություն։ Բայց թանգարանի խնդիրը միայն այդ ցավը ցուցադրել չէ։ Պետք է փաստագրել։ Ով գնաց։ Ինչ տարավ։ Ինչ թողեց։ Ինչպես պիտի պատմվի այդ ամենը հինգ կամ հիսուն տարի հետո։


Նրա համար հայ ժողովրդի պատմությունը ներկա պետական սահմանի չափով չի ավարտվում։ Սահմանները փոխվել են։ Մեծացել են։ Փոքրացել են։ Պետությունը անհրաժեշտ է։ Բայց ազգի հիշողությունը քարտեզի մեկ ներկա գծի մեջ չի տեղավորվում։


— Դուք կարող եք ֆիզիկապես սփյուռքը դուրս պահել, բայց ոչ հայ մտածողը։


Նա սա ասում է կտրուկ։ Հետո բացատրում է։ Հայ մտածողը չի կարող սահմանափակվել միայն այնտեղով, որտեղ այսօր պետությունն է։ Նրա գրականությունը, եկեղեցին, ընտանիքի գերեզմանները, գաղթի ճանապարհները և հիշողությունը տարբեր երկրներում են։ Եթե այդ ամենը հանես, կմնա վարչական սահման։ Ժողովուրդը ավելի երկար պատմություն ունի։


Այս միտքը հեշտ կարող է դառնալ ճառ։ Վարուժանի կյանքում այն ավելի պարզ ձև ունի։ Ցորենի սերմը մեկնել էր Օրեգոնից և հասել Հայաստան։ Ֆրեզնոյի պատերին դրված լուսանկարը կարող էր լինել Խարբերդից, Մուշից, Կիլիկիայից, Երևանից կամ Արցախից։ Սահմանը իրական է։ Բայց աշխատանքը միշտ անցել է դրա միջով։


Նա հաճախ է խոսում Հայ եկեղեցու մասին։ Դարեր շարունակ հայերը կենտրոնական պետություն չեն ունեցել, բայց եկեղեցին, համայնքը և մշակույթը պահել են կապը։ Տարբեր կայսրությունների մեջ եղել են տարբեր կենտրոններ, կաթողիկոսություններ ու պատրիարքություններ։ Նրա համար եկեղեցու միասնությունը վարչական միատեսակություն չէ։ Այն հավատքի և հիշողության շարունակություն է։


Այս համոզումը նույնպես ընտանիքից է գալիս։ Մոր կյանքի վերջին տարիներին Վարուժանը մի օր հարցրել է նրան՝ ինչու՞ որդիներին անվանեց Ռաֆֆի, Վարուժան և Սևակ։


Մայրը անկողնում էր։ Պատասխանել էր պարզ։ Առաջին որդով հղի ժամանակ կարդում էր Րաֆֆու «Կայծերն» ու «Սամվելը»։ Վարուժանով հղի ժամանակ կարդում էր Դանիել Վարուժան։ Փոքր որդու ժամանակ տանը Սևակն էր ու «Անլռելի զանգակատունը»։


Երեխաների անունները որոշվել էին գրքերի կողքին։ Ոչ ժողովում։ Ոչ ծրագրով։ Մայրը կարդում էր։ Գրողները մտել էին տուն։ Հետո դարձել էին երեխաների անուններ։


Վարուժանը այդ պատմությունից եզրակացնում է, որ հավատքն ու մշակույթը ծնվում են ընտանիքում։ Դպրոցը հետո է գալիս։ Եկեղեցին, ակումբը, թանգարանը և պետությունը կարող են օգնել։ Բայց եթե արմատը ներսում չի բռնել, արտաքին ճյուղերը մարդուն հեշտ են տանում։


Նա միջազգային հարաբերությունների մասին խոսելիս հասնում է համաշխարհայնացմանը։ Բաց շուկաներ։ Շարժվող մարդիկ։ Ուժեղ մշակույթներ։ Անգլերենը ամենուր։ Հայերը արագ են հարմարվում։ Դա ուժ է։ Նոր երկրում կարողանում են աշխատել, լեզու սովորել և առաջ գնալ։ Նույն ուժը կարող է նաև արագացնել ձուլումը։ Մարդը հարմարվում է այնքան լավ, որ մի օր չի նկատում, թե ինչ է թողել։


Վարուժանի պատասխանը փակվելը չէ։ Նա չի առաջարկում ապրել միայն հայկական շրջանի մեջ։ Ֆրեզնոն հենց բազմամշակութային քաղաք է և Կալիֆորնիայի խոշոր քաղաքներից մեկը։ Տասնյակ համայնքներ այստեղ կողք կողքի են։ Հայերն այդ քաղաքի մի մասն են։ Նրանք իրենց ներդրումն ունեն գյուղատնտեսության, գրականության, արվեստի և քաղաքային կյանքի մեջ։ Սարոյանը դրա ամենահայտնի անունն է։ Վարուժանը հիշատակում է նաև Մարկ Արաքսին և ուրիշ գրողների ու հանրային մարդկանց։ Կան ֆերմերներ, լրագրողներ, ճարտարապետներ, բժիշկներ։


Խնդիրը ուրիշի մշակույթը չսիրելը չէ։ Խնդիրը սեփական արմատը իմանալն է։ Նրա խոսքով՝ ուժեղ հավատք ու պատմական գիտակցություն ունեցող մարդը կարող է մտնել համաշխարհային մշակույթի մեջ և չլուծվել։ Թույլ արմատով մարդուն նույնիսկ փոքր քամին է տանում։


Երբ նոր էր եկել Ֆրեզնո, մի տարեց հայ մի խոսք էր ասել նրան։ Վարուժանը տարիներ անց էլ հիշում է։


— Մենք վստահ կհաղթեինք, եթե վեհանձն ու համեստ լինեինք։


Նա այդ միտքը բացատրում է։ Եթե կենտրոնանայինք ընդհանուր շահի վրա և ոչ անձնական եսի։ Եթե աշխատանքը չդարձնեինք սեփական հեղինակության գործիք։ Եթե կարողանայինք ինչ-որ բան անել և չպահանջել, որ անունը ամեն տեղ գրվի։


ATG-ի սկզբնական պայմանը հենց դա էր։ Հայաստանից շահ չվերցնել։ Հող չվերցնել։ Երբ աշխատանքը ավարտվի, փակել կազմակերպությունը։ Իրական կյանքում կազմակերպությունը չի փակվել, որովհետև գործը չի ավարտվել։ Բայց սկզբունքը մնացել է որպես չափանիշ։


Թանգարանի մեջ էլ նույն հարցն է։ Հավաքածուն ումի՞ց է։ Ո՞ւմ համար է։ Եթե այն միայն կազմակերպության հեղինակության համար է, ապա փակ պահեստ է։ Եթե այն ծառայում է մարդկանց, պիտի հասանելի լինի։ Դրա համար վահանակները անգլերեն են։ Դրա համար ոչ հայ այցելուն կարևոր է։ Դրա համար Սարոյանը պետք է ներկայացվի ոչ միայն հայերի, այլ քաղաքի ու երկրի գրական պատմության մեջ։


Վարուժանը ավելի քան երեսուն տարի գնում է Հայաստան։ Ասում է՝ դրսից նայելը մի բան է, ժողովրդի մեջ ապրելը՝ ուրիշ։ Դրսից կարելի է սիրել ընդհանուր պատկեր։ Ներսում տեսնում ես մանր դժվարությունները։ Պաշտոնյաներին։ Հոգնած գյուղացուն։ Անվստահությունը։ Կորած ժամանակը։ Կորած արժեքները։


Նա կարծում է, որ անկախությունից հետո Հայաստանը և սփյուռքը չկարողացան այն չափով միանալ, ինչքան կարող էին։ Հաճախ համագործակցության փոխարեն մրցեցին։ Մեկը մյուսին ամբողջությամբ չհասկացավ։ Սփյուռքը եկել էր տարբեր մշակույթներից։ Հայաստանը դուրս էր եկել խորհրդային համակարգից։ Բառերը նույնն էին, բայց դրանց տակ փորձը տարբեր էր։


Նա Գերմանիայի միավորման մասին մի պատկեր է բերում։ Պատմում է, որ արևելյան ու արևմտյան համակարգերի մարդիկ փակ սենյակում նստել են և անկեղծ խոսել միմյանց դեմ արածի մասին։ Այդ պատմության մանրամասները նա չի ստուգում։ Նրա համար կարևորը պատկերն է։ Երկու կողմը պիտի մի օր նստեն առանց հանդիսատեսի։ Ասեն՝ ինչ են արել, ինչից են վախենում, ինչ են սխալ հասկացել։ Առանց այդ խոսակցության բաժանումը շարունակում է ապրել նույնիսկ այն ժամանակ, երբ պատը չկա։


Հայաստան-սփյուռք հարաբերության մեջ այդ փակ սենյակը դեռ չի ստեղծվել։ Հանդիպումներ եղել են։ Համաժողովներ։ Ճառեր։ Հավաքներ։ Բայց անկեղծ խոսակցությունը քիչ է եղել։ Մեկ կողմը մյուսից սպասել է փող։ Մյուսը սպասել է ազդեցություն։ Մեկը մտածել է՝ միայն մենք գիտենք երկրի իրականությունը։ Մյուսը մտածել է՝ մենք դրսում ավելի լավ համակարգեր ենք տեսել և գիտենք լուծումը։ Երկուսն էլ երբեմն ճիշտ են եղել։ Երկուսն էլ երբեմն սխալ։


Վարուժանի կենսագրության մեջ այս հակասությունը տեսանելի է առանց տեսության։ Նա գնացել էր Հայաստան օգնելու և ստիպված էր սովորել, որ հայրենիքը գաղափար չէ։ Այն մարդիկ են, որոնք կարող են համաձայն չլինել քեզ հետ։ Այն նախարարություն է, որը կարող է հող առաջարկել։ Այն դոնոր է, որի ծրագիրը ուրիշ չափանիշ ունի։ Այն գյուղացի է, որը կարող է չհետևել ցուցումներին։ Այն սերմ է, որը ուշանում է։


Սփյուռքն էլ գաղափար չէ։ Այն տարեց կին է, որը լսում է հայերեն բանաստեղծությունը և բառերը չի հասկանում։ Այն հաջողակ նվիրատու է, որի անունը փակված թանգարանի պատին է։ Այն հինգերորդ սերնդի ուսանող է, որը գալիս է Ֆրեզնո իր մեծ տատի գյուղը գտնելու համար։ Այն մարդ է, որը հայկական մշակույթից միայն խորովածն է ճանաչում։


Վարուժանը երկու կողմն էլ գիտի։ Դրա համար նրա խոսքը երբեմն կոշտ է։ Նա չի ուզում սփյուռքը Հայաստանից դուրս դիտել։ Չի ուզում նաև, որ սփյուռքը Հայաստանին վերևից նայի։ Նրա համար ընդհանուր աշխատանքը սկսվում է այն պահին, երբ մարդը իր եսը մի փոքր հետ է տանում։


Հարցազրույցի վերջում նա հոգնում է։ Ասում է՝ անընդհատ խոսում եմ։ Ջուր է խմում։ Հետո նորից շարունակում։ Ապագայի մասին հարցը նրան կանգ չի տալիս։ Խոսում է ցուցադրությունները Ֆրեզնոյից դուրս տանելու մասին։ Խոսում է Սարոյանի թատրոնի մասին։ Խոսում է ընտանիքների հիշողությունները հավաքելու մասին։ Խոսում է Արցախի վերջին էջերը գրելու մասին։


Նա դեռ գործերն ասում է ապագա ժամանակով։ Թանգարանը քսանհինգ տարեկան է, բայց նրա համար ավարտված չէ։ ATG-ն տասնամյակներ է աշխատել, բայց գործը փակված չէ։ Գյուղատնտեսության մեջ միշտ հաջորդ ցանքն է գալիս։ Թանգարանում՝ հաջորդ սերունդը։


Երկու աշխատանքների միջև արտաքին նմանություն չկա։ Մեկում հող է, մեքենա, սերմ, հիվանդություն ու բերք։ Մյուսում պատ է, լուսանկար, գիրք, ցուցադրություն ու այցելու։ Բայց երկուսի օրենքը նույնն է։ Սերմը պահեստում պահելով բերք չես ստանում։ Հիշողությունն էլ փակ արկղում պահելով չի ապրում։ Պետք է հողի մեջ դնել։ Պետք է ուրիշին տալ։ Հետո սպասել, որ այն իր ձևով աճի։


Հայաստանում նա ուզում էր, որ գյուղացին հաջորդ տարի ինքնուրույն ցանի։ Ֆրեզնոյում ուզում է, որ երեխան կամ օտար այցելուն ինքնուրույն կանգնի վահանակի առաջ և կարդա։ Երկու դեպքում էլ նա չի կարող վերահսկել վերջնական արդյունքը։ Դա աշխատանքի ամենադժվար մասն է։


Մարդը սիրում է տեսնել իր արածի ավարտը։ Սերմնացանը չի տեսնում բոլոր հացերը, որոնք մի օր պիտի թխվեն այդ հատիկից։ Թանգարանի աշխատողը չի իմանում, թե որ նախադասությունը կմնա այցելուի մեջ։ Հայրը նույնպես չէր կարող իմանալ, թե քարքարոտ դաշտում մեկուկես ժամ արտասանած պոեմն ուր կհասնի։


Նա միայն պառկել էր որդիների կողքին։ Մերժել էր փռոցը։ Նայել էր աստղերին և սկսել խոսել։


Մայրը նույնպես ծրագիր չուներ։ Նա կարդում էր Րաֆֆի, Դանիել Վարուժան ու Սևակ։ Հետո որդիներին տվեց այդ անունները։


Տարիներ անց նրանցից մեկը գնաց Հայաստան՝ ցորենի սերմի հետևից։ Հետո վերադարձավ Ֆրեզնո և սկսեց պատերին հիշողություն դնել։


Գործը այդպես էլ շարունակվում է։ Մի արտում հողն է։ Մյուսում՝ մարդը։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page