Քարտեզներով խոսող ճշմարտությունը. Հայաստանի պատմական ատլասի մարտահրավերը ժամանակակից մոռացությանը
- YO
- 24 апр.
- 3 мин. чтения
24.04.2025

Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասի վերահրատարակությունը ոչ պարզապես հնագիտական կամ գեղագիտական իրադարձություն է, այլ ժամանակի հանդեպ պատասխանատվության լուռ և արժանապատիվ դրսեւորում։ Այդպես է այս աշխատությունը՝ լույս տվող մի փարոս, որ մաքրում է մոռացվածի մառախուղը և բարձրացնում է հիշողության արժեքը նրա իրական չափերով։
Փայտե փորագիր կազմը՝ կարծես հնագույն մատյանների շնչառությամբ ապրող, ամփոփում է մի ամբողջ քաղաքակրթության սրտազարկը։ Այս ատլասը ոչ միայն քարտեզների ժողովածու է, այլ մի ձայն՝ գրիչի փոխարեն ասեղի պես սուր, թանաքի փոխարեն՝ հողից ու արյունից քամված։ Քարտեզագրության այս բիբլիան՝ ի շնորհիվ Զատիկ Խանզատյանի հոգատար հմտության, վեր է հանում մեր պատմության մոռացված շերտերը՝ ինչպես երկրաշարժից հետո հայտնաբերված ավերակների տակ թաքնված հին տաճարի որմնանկար։
Յուրաքանչյուր քարտեզ այստեղ մի տեսիլք է՝ ոչ անցյալի, այլ ներկայում ապրող։ Որովհետև պատմությունը, եթե չլինի ներկայի մի մաս, ապա դառնում է դամբարանային քար՝ հպարտ, բայց անշարժ։ Իսկ այս ատլասը շարժում է ժամանակը։
Հերոդոտոսի, Ստրաբոնի, Պտղոմեոսի, նույնիսկ Բաբելոնի կավե տախտակի վրա նշված «Հայաստան» անունը հնչում է այստեղ ոչ որպես բառ, այլ որպես հիշեցում՝ մեր գոյության անդադար ընթացքի։ Ատլասի վերատպումն ինքը մի պատմական արարք է՝ չմոռանալու, չթուլանալու, ուրվագծելու այն հողի սահմանները, որտեղից ելնում է հայ մարդու հոգևոր աշխարհը։

Ռուբեն Գրիգորյանը նվիրում է ատլաը միջոցառման հյուրերին
Վարդան Մխիթարյանի խմբագրած այս աշխատությունը՝ գործարար, գրող Ռուբեն Գրիգորյանի մեկենասությամբ վերահրատարակված, հուշում է՝ քարտեզը՝ պատմության լեզվով ասված ճշմարտություն է։ Իսկ ճշմարտությունն, ինչպես միշտ, խորն է, լուռ է, իսկ երբեմն՝ ամբողջ մի ատլաս է։ Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասի վերահրատարակությունն արդեն իսկ իր շուքով և շեշտերով հատում է միայն գիտական սահմանները, այն խորը խորհրդանշական ու պատմաքաղաքական մի դաշտ է բացում։ Ֆրանսերեն բնօրինակով այս բացառիկ աշխատությունը վերահրատարակվել է միանգամից երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն, ասես հաստատելու նրա ձայնի ունիվերսալությունը՝ ոչ միայն մեր, այլև աշխարհի խղճին հղված։
Վերահրատարակության նախաձեռնությունը բխել է Թեքեյան մշակութային միությունից՝ այն հաստատուն ջերմությամբ, որով պահվում է հողի և խոսքի հիշողությունը։ Իսկ մեկենասը՝ Ռուբեն Գրիգորյանը, այս աշխատանքով հնչեցնում է մեկ լուռ, բայց խորաձայն մունետիկություն՝ «մենք կանք, եղել ենք և պիտի լինենք»։
Ռուբեն Գրիգորյան. անուն, որ բացվում է ոչ թե կենսագրությամբ, այլ լռության մեջ հնչող ճշմարտություններով։ Նա այն բացառիկ մարդկանցից է, որոնց մեջ հայրենիքի զգացողությունը չի տեղավորվում սահմանների մեջ, այլ դառնում է ամբողջ էության ընթացք։ Գործարար, հրապարակախոս, գրող, սցենարիստ, տեսլականով գործող մարդ, ում բառերն ու կադրերը հաճախ չեն շոյում, բայց միշտ արթնացնում են։
Նա չունի հարմարվողական բնույթ, չունի հարթված ճամփաներ։ Նրա խոսքը՝ հաճախ դառը, միշտ դիպուկ է, որովհետև ծնվում է սիրուց, այն սիրուց, որը համարձակ է։ Ռուբեն Գրիգորյանը հայրենասիրություն չի քարոզում, նա պարզապես ապրում է այն՝ գրելով, ասելով, երբեմն՝ բղավելով լռության մեջ, երբ բոլորը լռել են։ Եվ այդ բղավոցները հենց այն են, ինչ մեզ պակասում է։
Նրա վավերագրական ժառանգությունը՝ տասնյակ ֆիլմեր, հարյուրավոր հոդվածներ, մի ամբողջ հոգևոր քարտեզ է մեր ժամանակների համար։ Իսկ այսօր, «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասի» վերահրատարակության շնորհանդեսին, նա կրկին սրտով խոսեց՝ այս անգամ ֆիլմով։ «Իմ վախերը» շարքի առաջին մասը դարձավ ոչ միայն ցուցադրություն, այլև բացահայտում՝ մարդու, ազգի, պատմության, ինքնախորացման։ Ֆիլմում նա չի վախենում ասել այն, ինչ լսելն անտանելի է. «Մենք պետք է փոխվենք։ Մենք պետք է մեր ճակատագիրը վերցնենք մեր ձեռքը։ Մենք պետք է դադարենք ամպերի մեջ լողալուց»։ Դա կռվող մարդու խոսք է՝ ոչ զենքով, այլ գիտակցությամբ։
Ռուբեն Գրիգորյանը ունի բացառիկ սիրտ՝ զգայունության և ուժի սահմանագծին։
Նա ունի հոգի, որը բաց է մինչև ցավի խորություն, և տեսլական, որ դուրս է սովորականի եզրերից։ Նա ուրիշ է՝ խարիզմայով, մտածողությամբ, լռությամբ անգամ։ Սա նրա ժամանակն է՝ այս խճճված, կորսված, երբեմն հուսահատ ժամանակի մեջ մի մարդու ներկայություն, որը պնդում է՝ մենք ունենք հին ճանապարհ, բայց մեզ պետք է նոր քայլք։
Իսկ ներկայացված ատլասն ասես հնադարյան սրբություն լինի։ Նրա առաջին օրինակներն արդեն ուղարկվել են Մատենադարան, Ազգային գրադարան, համալսարաններ, ԱԺ գրադարան՝ դարձնելով այն ոչ միայն գիտական ժառանգություն, այլև հանրային կամքի արձագանք։ Շուտով դրանք կհասնեն նաև աշխարհի տարբեր ծագերում գտնվող կենտրոններ։
Շնորհանդեսի օրը պատահական չէր ընտրված։ Եղեռնի հիշատակի օրվան ընդառաջ, ատլասի կյանքի վերադարձը դառնում է ոչ միայն մշակութային, այլև բովանդակությամբ դիմադրողական արարք։ Այս քարտեզները ժամանակից ժամանակ տեղափոխված վկաներ են, որոնք ցույց են տալիս՝ ինչպես են անվանվել մեր վայրերը հազարավոր տարիներ առաջ, ինչպես է գոյություն ունեցել «Հայաստան» անունը դեռ Բաբելոնի քարտեզի վրա։ Սա ոչ թե պատմության մասին փաստ է միայն, այլ ներկային ուղղված մարտակոչ։
Աշոտ ՊՈՂՈՍՅԱՆ