top of page

«Մեկ միլիոն հայ՝ մեկ հարթակում. ֆրանսահայ գործարար Վարդան Գաբրիէլեանի համարձակ ծրագիրը»

  • YO
  • 14 сент.
  • 8 мин. чтения

13.09.2025, ՓԱՐԻԶ, ՖՐԱՆՍԻԱ, ԹԱՄԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Վարդան Գաբրիէլեան, անձնական արխիվ
Վարդան Գաբրիէլեան, անձնական արխիվ

Yerevan Online Mag․-ի «Արաքսից Սեն․ ֆրանսիահայեր» շարքը շարունակում ենք մի եզակի հայի մասին պատմությամբ, ում գործունեության ճանապարհն առանձնանում է իր բազմազանությամբ և յուրօրինակությամբ։ Այսօր խոսելու ենք Վարդան Գաբրիէլեանի՝ անհատի, գործարարի, հասարակական գործչի և, վերջապես, ազգանվեր մի հայ մարդու մասին, ով իր կյանքի և գործունեության նպատակն է դարձրել հայության միավորումն ու այդ միասնությամբ Հայաստանի ուժեղացումը։


Ներկայացնում ենք Yerevan Online Mag.-ի փարիզյան թղթակից Թամարա Հովհաննիսյանի զրույցը ֆրանսիահայ ձեռներեց և հասարակական գործիչ Վարդան Գաբրիէլեանի հետ:


Պարոն Գաբրիէլեան, որպես փոքր նախաբան մեր լսարանի համար, խնդրում ենք ներկայացնել Ձեր արմատները, Ձեր անցած ճանապարհը։


Ես ծնվել և մեծացել եմ Լիբանանում, բայց իմ արմատներն ինձ տանում են Կիլիկիա․ մայրիկիս կողմից Մարաշից եմ, հորս կողմից՝ Ադանայից։ Ես ուզում եմ նշել, որ ինձ համար արմատներն ունեն անասելի մեծ կարևորություն։ Սովորաբար, երբ մարդիկ խոսում են արմատներից, նշում են ծննդավայրը, իսկ հայերիս մոտ այս հարցի պատասխանը չի սկսվում և չի ավարտվում ծննդավայրով։ Ես հավատում եմ, որ մարդու ինքնության վրա շատ մեծ ազդեցություն են գործում արմատները, ես ոչ միայն հավատում, այլ նաև իրապես զգում եմ ու ընկալում եմ ինձ որպես այդ արմատների կրող, ես Կիլիկացի եմ, ես Ադանացի եմ․․․


Ընտանեկան լուսանկար․ Վարդանը հոր ծնկին, անձնական արխիվ
Ընտանեկան լուսանկար․ Վարդանը հոր ծնկին, անձնական արխիվ

Ադանայում շատ ծանր դեպքեր են տեղի ունեցել հայ ժողովրդի համար․ իմ Մեծ մորը, ով ծնվել է 1901թ․, արդեն ութ տարեկան հասակում 1909թ․ տեսել է հետ-Համիդյան ջարդերը, հետո արդեն 17-18 տարեկանում արդեն տեսել է Կիլիկիայի ջարդերը։ Արմատների մասին խոսելիս, ես ակամայից հիշում եմ իմ մեծ մորը, ով երկու ջարդ է տեսել հայության։ Ի դեպ, ես բավականին հասուն տարիքում նրան հանդիպեցի, արդեն 17 տարեկան էի, երբ Բեյրութից տեղափոխվեցի և Մարսելում հանդիպեցի իմ մեծ մորը։ Երբ ես ամեն անգամ այցելում էի նրան, տեսնում էի, որ շատ հաճախ տխրում էր, սկսում դառնագին լացել, և այդպես լինում էր ամեն անգամ։ Ես հարցրեցի իմ հորաքրոջը, թե ի՞նչն է պատճառը, նա նշեց, որ ամեն անգամ իմ մեծ մայրը հիշում է, թե ինչպես են իր առջև Կիլիկյան ջարդերի ժամանակ բռնաբարել և սպանել իր ավագ քրոջը։ Տարիներն անցել էին, բայց չէր եղել և մեկ օր, որ նա չհիշեր և չտանջվեր իր այդ հիշողություններից (հայացքը դեպի հեռուն է տանում, տխրության նշույլներն ակնհայտ հայտնվում են դեմքին․-խմբ)։


Իմ մեծ Հայրը, ի դեպ, այդ ժամանակաշրջանում եղել է շատ հաջողված գործարար, և մեր ընտանիքը շատ լուսավոր հիշողություններ ու պատմություններ ունի Կիլիկիայից։ Սակայն իմ ու ոչ միայն իմ, իմ ընտանիքի համար արմատների մասին զրույցները երկակի և հակասական զգացողություններ են առաջացնում։


Ես այսօր Ֆրանսիայում ամեն դեպքում չեմ ներկայանում որպես Ադանացի, քանի որ նրանց համար անհասկանալի են Մարաշեցին կամ Ադանացին։ Ես մեծապես ներկայանում եմ որպես Կիլիկիացի, քանի որ այդպես հնարավորություն եմ ունենում պատմել իմ արմատներից, Կիլիկիայից և դրանով փորձում եմ նաև Ֆրանսիայի պատասխանատվության հարցը բարձրացնել, քանի որ Կիլիկիայի վերջին թագավոր Լուսինիան Լևոնը եղել է ֆրանսիացի և Ֆրանսիան այդ հատվածում մեծ ազդեցություն ուներ։ Այսպես ես փորձում եմ ավել շատ մարդկանց տեղեկացնել Կիլիկիայի մասին։


Պատանի Վարդան Գաբրիէլեանը Կիլիկիայի հոգևոր ճեմարանում։ Խորանում՝ Կիլիկիայի Գարեգին կաթողիկոս և Արշաւիր Ծ. վարդապետ։ Տարիներ անց՝ Վարդանը դառնում է նույն Դպրեվանքում դասախոս։
Պատանի Վարդան Գաբրիէլեանը Կիլիկիայի հոգևոր ճեմարանում։ Խորանում՝ Կիլիկիայի Գարեգին կաթողիկոս և Արշաւիր Ծ. վարդապետ։ Տարիներ անց՝ Վարդանը դառնում է նույն Դպրեվանքում դասախոս։

Մեր արմատները բառեր չեն սոսկ, սա մի մեծ ժառանգություն է, որը ես այսօր փոխանցում եմ իմ աղջիկներին, իմ, իմ ծնողների ու մեծ ծնողների հիշողությունները ես որպես ժառանգություն, թանկ ժառանգություն փոխանցում եմ նրանց։


Ես ծնվել եմ Բեյրութում, Զուք Միքայել քաղաքում, և չնայած այն հանգամանքին, որ հայաբնակ հատվածում չէինք ապրում քաղաքի, ինձ բախտ վիճակվեց հայկական դպրոց հաճախել։ Մենք հարուստ չենք եղել, բայց իմ մայրը մեր փոքր բյուջեով փորձել է մեքենա վարձել, որ ես կարողանամ գնալ հայկական դպրոց։ Սա քմահաճույք չէր, հատկապես մի ընտանիքի համար, ում համար ամեն դրամը կարևոր էր, սա տան ամենափոքր տղային հայ պահելու, հայկական ժառանգությունը փոխանցելու հնարավորություն էր։ Այսպես, մեր ընտանեկան բյուջեի կեսը ծախսում էինք իմ՝ հայկական դպրոց հասնելու և վերադառնալու վրա, որ փրկեինք մեր ընտանիքի հայկականությունը (ծիծաղում է․-խմբ)։


Վարդապետ դառնալու ցանկություն ունեի, սակայն հետագայում քաղաքականությունն ինձ ավելի ու ավելի հետաքրքրեց։ Ուսման նպատակով հայտնվեցի Ֆրանսիայում, սակայն գնացի հետ Բեյրութ իմ ուսումից հետ ու 24 տարեկանից սկսեցի իմ ձեռներեցական գործունեությունը։


Շատ բազմաշերտ ու բազմատեսակ գործունեություն եմ ունեցել․ զբաղվել եմ մարկետինգով, քաղաքականությամբ, խորհրդատվությամբ, 7 տարուց ավել դասախոսել եմ, Հայաստանում երեք տարի շարունակ Օրանժ Հայաստանի համար մատուցել եմ վաճառքի վերապատրաստման ծառայություններ, որոնք դեռ այն ժամանակ Հայաստանում անհայտ գործունեության տեսակ էին։ Հայաստանում դարձա նաև Մոդդ Իվենթս և Մոդդ Վեդինգս ընկերությունների համահիմնադիր, Ֆրանսիայում տեղեկատվական տեխնոլոգիաների MK Web Links և տուրիստականան Noah voyages ընկերությունների հիմնադիր։ Այսպես փորձել եմ մշտապես ակտիվ դեր ունենալ այս երկու երկրների հասարակական ու տնտեսական կյանքում, մշտապես ակտիվ մասնակցել եմ Ֆրանսիայի հայ համայնքի նախաձեռնություններին, որոշները նույնիսկ ղեկավարել, այդ թվում տարիներ շարունակ եղել եմ նաև ԱՅԲ FM հայկական ռադիոյի տնօրեն Ֆրանսիայում։


Վարդան Գաբրիէլեանը՝ 17 տարի Փարիզի հայկական ԱՅԲ FM ռադիոյի տնօրեն և գլխավոր հաղորդավար, անձնական արխիվ
Վարդան Գաբրիէլեանը՝ 17 տարի Փարիզի հայկական ԱՅԲ FM ռադիոյի տնօրեն և գլխավոր հաղորդավար, անձնական արխիվ

Մեր ազգի ճակատգիրը շատ բացառիկ է, մշտապես ինքնության պայքարի խնդիր ենք ունեցել, ու այսօր էլ հայ ազգի մի մեծ մաս, մաս, որն ավելի մեծ է, քան հայաստանաբնակներն են, ապրում է արտերկրում ու կրկին բախվում է նույն խնդրին։ Շատերը նախընտրում են ձուլվել այն բարքերին, մշակույթին և վերջիվերջո ազգին, որտեղ ապրում են, բայց դուք համառորեն հայ եք մնում։ Իչպե՞ս կայացրեցիք Ձեզ համար այդ որոշումը։


Իմ առջև նման հարց, նման միտք, քննարկում չի եղել և չէր կարող լինել, որ պետք է հայ մնալ, թե ոչ։ Ինձ համար բացարձակ արժեք է լինել հայ, և ես հավատում եմ, որ ես և ինձ պես մտածող մարդիկ գիտակցում են հայկական ժառանգության կարևորությունը, արժեքները և դրանց կրող են։ Մարդը չի կարող լինել այլ ազգ, այլ մարդ, երբ իր ժառանգությունն ու արժեքները հայկական են։ Եւ ես հպարտ ու միայն հպարտ եմ դրանով։


Մենք այնքան հարուստ պատմություն ունենք, բացառիկ ազգերից ենք այս երկրագնդի վրա, որ ունենք նման պատմություն, սա մեծ ժառանգություն է, հարստություն, որ ամեն մարդ չէ, որ ունի․ հրաժարվել նման ժառանգությունից նշանակում է կորցնել մեծ հարստություն։ Եթե դու մեծացել ես այդ արժեքներով, կրել ես այդ ժառանգությունը, դու չես մտածում, թե արդյո՞ք ուզում ես կորցնել այդ մեծ գանձը, այդ հարստությունը։ Ես հավատում եմ, որ եթե մենք սերմանենք այս գաղափարը յուրաքանչյուր հայի և մեծացող սերնդի մեջ, որ մեզ համար հայ լինելը մեծագույն ժառանգություն է, և սա պետք է հպարտությամբ կրել, ուրախանալ այդ ժառանգությամբ, այդ հարցն այլևս ոչ մեկի մոտ չի կարող առաջանալ։


Ես Ձեզ ասեմ, այս մոտեցումը կիրառելի է նաև որոշակիորեն ձուլված հայերի համար։ Հավատացեք այս ժամանակահատվածում շատ հայերի եմ հանդիպել, և զարմանալիորեն տեսել եմ մարդկանց, ովքեր թոռներ կամ ծոռներ են Ֆրանսիա տեղափոխված կամ ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանց, ովքեր կարծես թե լիովին ֆրանսիացի են, գուցե գրեթե հայերեն չեն խոսում, բայց կամավոր աշխատանք են անում Հայ Դատի գրասենյակում, օգնում են Հայաստանին իրենց ուժերին ներածին, և ես չեմ կարող ասել, որ նրանք հայ չեն․․․նրանք հայ են, քանի որ կրում են հայ ժառանգությունը որպես մեծագույն հարստություն և մեծագույն հպարտություն։


Իսկ բա՞րդ է հայ լինելը։


Հրաշալի է հայ լինելը, մեծ մարտահրավեր է հայ լինելը, բայց և մեծագույն հարստություն ինձ համար։ Այն պատմամշակութային ժառանգությունը, որ թողեն են մեզ երգի, գրականության (հիշում է իր սիրելի հեղինակներին՝ Ղևոնդ Ալիշան, Ծերենց, Րաֆֆի, Մալխաս․․․,-խմբ), նկարչության ու այլ արվեստի գլուխգործոցների տեսքով, երբեմն ինձ ստիպում են մտածել, թե ինչքան աղքատ կլինեի ես, եթե չլինեի հայ ու չունենայի այս ամենը։ Միթե՞ հրաշք չէ հայ լինելը։

Եւ իհարկե, հայ լինելը մեծագույն մարտահրավեր է․ մենք դարեր շարունակ և այսօր էլ շարունակում ենք պայքարել մեր հողում ապրելու մեր իրավունքի ու մեր ինքնության համար, ամեն րոպե պայքարի մեջ ենք։ Եվ այդ պայքարով հանդերձ էլ հայ լինելը հրաշք է, հպարտություն է ինձ համար։


Գիտենք նաև, որ ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև հենց Հայաստանում եք գործունեություն ծավալում։ Ե՞րբ և ինչպե՞ս կայացվեց որոշումը աշխատել Հայաստանում։


Ես Հայաստանասեր եմ, բարեբախտաբար միակը չեմ, բայց Հայաստանասեր եմ, ազգասեր եմ, իմ ամբողջը միտքն ու գործերն ուղղված են Հայաստանին։ 1998թ․, երբ Բեյրութում ունեի հաջողված բիզնես, սկսեցի մտածել նաև բիզնես-գործունեություն սկսել Հայաստանում։


Ավելին ասեմ, երբ դեռ Էքս ան Պրովանսում սովորում էի, դպրեվանքի իմ ղեկավարներից Հայր Արշավիրը նամակ ուղարկեց ինձ՝ հարցնելով, թե արդյո՞ք պատրաստ եմ Սիսիանում ապրել, ժողովրդի մեջ։ Պատասխան նամակում միանշանակ նշեցի, որ պատրաստ եմ լիովին՝ չնայած որ Հայաստանը չէի տեսել։


Երբ արդեն հաջողված բիզնես էի իրականցնում, Հայաստանում մարկետինգային ընկերություն բացեցի, սակայն Հայաստանի բիզնես միջավայրն այդ ժամանակ դեռ պատրաստ չէր մարկետինգային նորամուծություններին։ Սակայն 2009թ․ երբ կրկին ունեցա միտք Հայաստանում աշխատանքի, առաջին անգամ գործարկեցինք թիմբիլդինգի մշակույթը Հայաստանում և սկսեցի խոշոր նախագծով Օրանժ Արմենիայի հետ։ Նույն տարում հանդիպեցի նաև Արմենուհի Հարությունյանին, ով գործունեություն էր ծավալում տուրիզմի ոլորտում։


Արմենուհին, ի թիվս իր բազում հրաշալի նախագծերի, ուներ Սասուն շրջագայությունների կազմակերպման նախաձեռնություն, որին մտածեցինք ներգրավել նաև Ֆրանսիայի Սասունցիներին՝ հրաշալի առիթ ստեղծելու վերջինների համար ծանոթացնելու պատմական հայրենիքին։ Զրույցից զրույց մինչ այսօր համագործակցում ենք և կյանքի ենք կոչել նաև Modd Events և Modd Weddings միջոցառումների և արարողությունների պրոֆեսիոնալ կազմակերպման ընկերությունների ստեղծման գաղափարը։ Արդեն 15 տարի է, ինչ գործում է այս հրաշալի գործընկերությունը։ Modd Events-ի գործարկման հատկապես առաջին տարիներին ես տարեկան 5-6 անգամ լինում էի Հայաստանում․ մենք երկար օրեր ենք անցակացրել մեր՝ Հայաստանում նոր կորպորատիվ մշակույթ մտցնելու գաղափարի իրականացման շուրջ, և կարծում եմ մեզ դա հաջողվեց, կարելի է ասել մենք առաջամարտիկ էինք այս ոլորտում։ Մոդդ Իվենթսը միջոցառումների պրոֆեսիոնալ կազմակերպման բացառիկ կորպորատիվ մշակույթ մտցրեց Հայաստանում, որը հետագայում մի նոր գործունեություն շուկայի համար տեղ բացեց։ Արմենուհու և մեր ուժեղ թիմի կատարված ամենօրյա աշխատանքն իրենց արդյունքները տվեցին, ընկերություններն այսօր առաջատար են իրենց ոլորտում։


MODD EVENTS հայ-ֆրանսիական ընկերության համահիմնադիր Արմենուհի Հարությունյանի և Ավետիս Գրիգորյանի հետ, անձնական արխիվ
MODD EVENTS հայ-ֆրանսիական ընկերության համահիմնադիր Արմենուհի Հարությունյանի և Ավետիս Գրիգորյանի հետ, անձնական արխիվ

Կարծում եմ սա էլ է մի փոքր ներդրում եղավ մեր կողմից Հայաստանի համար․ աշխատատեղերի ստեղծման գաղափարն ինձ համար առաջին հրաշալի արդյունքն է, իսկ նոր մշակույթի ստեղծումն ու հարկերի վճարմամբ պետական բյուջեն ավելացնելու հնարավորությունը հաջորդում են հայրենասիրության դրսևորման վերաբերյալ իմ պատկերացումները։


Այսօր Դուք աշխատում եք նաև մեկ այլ հայամետ գաղափարի շուրջ։ Ֆրանսիահայ միջավայրներում հատկապես շատ են խոսում “Միասին” հարթակի մասին։ Խնդրում ենք պատմել մեր լսարանին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում այս գաղափարը։


Ես կարծում եմ հայերս ունենք մեկ կարևոր խնդիր․ հայ հասարակությունը, ցավոք, անկման մեջ է, հայրենասիրության ու ազգասիրության գաղափարներն այլափոխված են։ Իհարկե, մենք վերջին տարիներին շատ մեծ դժվարությունների միջով ենք անցել․ մենք ձեռք ենք բերել անկախություն, սակայն շատ ծանր գնով և այնպիսի տնտեսությամբ ու ֆինանսներով, որով շատ դժվար էր երկիրը ոտքի կանգնեցնել։ Այդուհանդերձ, մենք շատ քիչ բան արեցինք մեր գիտության համար, որը հիմքն է ամեն ինչի համար։ Իսկ եթե չկա պատշաճ գիտություն, պատշաճ կրթություն, ինչպե՞ս կարող ենք սպասել տնտեսության վերականգնման կամ վերելքի։ Այս իրավիճակը վերլուծելու և շտկելու համար մենք հանդիպեցինք 27 պրոֆեսորների հետ, ու մտածեցինք բացել անվճար համալսարան՝ բարձրացնելու գիտելիքի համազգային մակարդակը։ Նախաձեռնության՝ բավարար լսարան չունենալու պատճառով մենք մտածեցինք գաղափարին տալ ավելի մեծ գրավչություն ու սկսել սոցիալական հարթակից, որը կմիավորի, կմիասնականացնի հայերին, իսկ այնուհետև հարթակում կրթական էլեմենտների ներդրմամբ մենք առաջ կտանենք կրթվելու, պետականության ու ազգասիրության հիմքերը դնելու գաղափարները։ Սա ազգայնամետ, պետականամետ գաղափար է։


“Միասին”-ը եկել է ուժեղացնելու, ամրացնելու մեր պետությունը, միավորելու հայ ժողովրդին ամբողջ աշխարհում միասնական գաղափարների շուրջ։

Ես մտաբերում եմ Ուկրաինայում իրավիճակը, երբ Ուկրաինայի հայերը մնացին անելանելի վիճակում, մենք չդարձանք նրանց համար մեկ ազգ-մեկ ժողովուրդ։ Իմ մտահոգությունը այն է, որ մենք ոչ մի կերպ չհամախմբվեցինք մեր ժողովրդին օգնելու համար։


Չկա կապ տարբեր երկրների Հայ Սփյուռքի և Հայաստանի միջև, արդյո՞ք կա կապ Մեքսիկայի և Ռումինիայի հայերի միջև, այսօր մենք զբաղվում ենք մեր խնդիրներով միայն, համահայկականությունը չկա։ Մենք զբաղվում ենք լոկալ խնդիրներով, բայց չենք տեսնում համահայկական խնդիրները։


Մենք ստեղծել ենք ալգորիթմ, որով կարող ենք կապել տարբեր հայերի տարբեր երկրներից կիսելու միասին մտքերը, հետաքրքրությունները, ստեղծելու լուծումներ։ Միթե՞ սա հրաշալի չէ, և միթե՞ հենց սա չի տանելու մեզ միասնականացման և ուժեղացման, քանի որ ուժը հենց միասնականությունն է։


Մենք մեզ համար դրել ենք նպատակ՝ հասնելու 1 միլիոն ակտիվ օգտագործողի, ովքեր հսկայական ուժ են դառնալու մեր Հայրենիքի լուսավոր ապագայի համար, հայության պայծառ ապագայի համար։


Մենք ունենք հսկայական ներուժ, հայկական սփյուռքի նման հսկայական ներուժը միավորված Հայաստանի հետ կարող է էապես փոխել և վերածննդի տանել մեզ, և մենք պետք է օգտագործենք այս հրաշալի ռեսուրսը։


Մենք ունենալու ենք այնքան շատ ենթահարթակներ “Միասին”-ում․ բիզնես հարթակ, ստարտափերի հարթակ, մարկետփլեյս և այլն։ Հարթակը հիմնվում է այն մտքով, որ մարդիկ կարողանան իրենց գործունեության ու հետաքրքրությունների հետ կապված ամեն ինչ գտնել մեկ վայրում, ինչը և հաջողության հասնելու ամենակարևոր գրավակններից մեկն է։


Որտե՞ղ եք տեսնում “Միասին”-ը երեք տարի անց։


Մեր թիմը շատ նպատակասլաց է, և հաշվի առնելով մեր ստեղծած պլատֆորմի հնարավորությունները՝ մենք այն դարձնելու ենք միջազգային ու նպատակ ենք հետապնդում 120 միլիոն օգտատեր ունենալ առաջիկա երեք տարիներին ամբողջ աշխարհում։


Մենք վաճառելու ենք “Միասին” պլատֆորմը առանձին երկրներին, քանի որ այս պլատֆորմի ղեկավարումը մեզ է պատկանում, այն դառնալու է ևս մեկ գործիք, որը գործելու է ի շահ Հայաստանի։



Վարդան Գաբրիէլեանի հետ զրույցն ավարտեցինք թեև մտահոգ, բայց և հուսառատ՝ կրկին հավատալով իրական հայի վերածննդին։ Այն հայի, ով, նույնիսկ ծնվելով և մեծանալով այլ երկրում, պայքար է մղում իր ու իր ժառանգների ինքնության համար, ում կյանքի մեծագույն պայքարն ուղղված է հայերի համախմբանն ու Հայաստանի բարգավաճմանը։


Հավատացած ենք, որ հենց այսպիսի հայրենասիրության շնորհիվ է, որ մենք շարունակել ենք գոյատևել որպես ազգ՝ անցնելով բազում արհավիրքներ։ Այսօր մեր հայրենիքը կրկին կանգնած է մարտահրավերների առջև, որի լուծումը ազգային համախմբվածության, ազգային գիտակացության և համագործակցության ու փոխօգնության միջավայրի ստեղծումն է, ինչը և այսօր փորձում է իրականացնել Վարդան Գաբրիէլեանը “Միասին” համահայկական հարթակի միջոցով։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page