top of page

Ամերիկա-ուկրաինական բարեկամություն, թե՞ շահագործում. ինչ է իրականում նշանակում ԱՄՆ-Ուկրաինա նոր հումքային գործարքը

  • YO
  • 1 день назад
  • 3 мин. чтения

06.05.2025


Վաշինգտոնն ու Կիևը պայմանավորվել են․ ԱՄՆ-ը կստանա առաջնահերթ մուտք Ուկրաինայի նոր հանքային ծրագրերին, իսկ Ուկրաինան՝ ներդրումներ և հակաօդային պաշտպանություն


2025 թվականի մայիսի 1-ին ԱՄՆ-ի և Ուկրաինայի կառավարությունները ստորագրեցին համաձայնագիր «ամերիկա-ուկրաինական վերականգնման ներդրումային հիմնադրամի» ստեղծման վերաբերյալ։ Այս նոր ձևաչափով ամերիկյան ներդրողները ստանալու են առաջնահերթ մուտք Ուկրաինայի բնական ռեսուրսների օգտագործման ծրագրերին՝ ինչպես նաև իրավունք՝ դրանց արտահանման շահույթից բաժին ունենալու։


Համաձայնագրին նախորդել են երկարատև և լարված բանակցություններ, որոնց առավելագույն լարված պահը եղավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրապարակային բախումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ Սպիտակ տանը։ Մի քանի ամիս շարունակ աղբյուրները տեղեկացնում էին, որ Վաշինգտոնը կոշտ ճնշում է գործադրել Կիևի վրա՝ փորձելով ապահովել առավել շահավետ պայմաններ ԱՄՆ-ի համար։ Ուկրաինական կողմը դիմակայել է այդ ճնշումներին և ի վերջո հասել որոշապես բարենպաստ փոփոխությունների։


Բանակցությունների սկզբնական փուլում քննարկվում էր ԱՄՆ-ի կողմից պահանջ՝ Ուկրաինայից փոխհատուցում ստանալ այն զինտեխնիկայի դիմաց, որը նախկինում անվճար տրամադրվել էր Բայդենի վարչակազմի օրոք։ Սակայն այդ դրույթը դուրս է մնացել համաձայնագրի վերջնական տարբերակից։ Կողմերը համաձայնել են, որ ԱՄՆ-ը շահույթ կստանա միայն նոր համատեղ հանքային նախագծերից։


Հիմնադրամի կառավարումն իրականացվելու է համահավասար հիմունքներով, այլ ոչ թե՝ ամերիկյան վերահսկողությամբ, ինչպես նախատեսվում էր նախնական տարբերակներում։ Բացի այդ, Կիևը պահպանում է իր իրավունքը՝ բացառելու արդեն գործող հանքային նախագծերը համաձայնագրից։ Այսինքն՝ պետական ընկերությունների՝ օրինակ՝ «Նաֆտոգազի» կամ «Ուկրնաֆտայի» շահույթները ամերիկյան կողմի հետ կիսելու պարտավորություն չկա։ Ուկրաինայի կառավարությունը որոշելու է՝ որոնք են այն ռեսուրսները, որոնք ներառվելու են համատեղ շահագործման շրջանակներում։


Համաձայնագիրը ընդգրկում է 50 տեսակի օգտակար հանածոներ՝ նավթ, գազ, լիթիում, տիտան, ուրան, գրաֆիտ, ալյումին, ինչպես նաև հազվագյուտ հողամետաղներ։ Ուկրաինան պարտավորվում է նոր հանքային նախագծերից ստացած շահույթի 50%-ը ուղղել հիմնադրամին, իսկ ԱՄՆ-ը՝ տրամադրել ներդրումներ, տեխնոլոգիաներ և զենք։


Սակայն ուկրաինական կողմին չի հաջողվել համաձայնագրում ապահովել ոչ մի անվտանգային երաշխիք, անգամ դրանց նշում։ Կողմերը արձանագրել են, որ համատեղ նախագծերի զարգացումը երկարաժամկետ գործընթաց է, և առաջին տասը տարիների ընթացքում ողջ շահույթը պետք է ուղղվի հանքավայրերի զարգացումն ու ենթակառուցվածքների ստեղծումը ֆինանսավորելուն։


Փորձագետների մտահոգությունները


Չնայած սկզբնական լարվածությանը, Ուկրաինային հաջողվել է պահպանել մի շարք սկզբունքային դրույթներ և վերականգնել երկխոսությունը Թրամփի վարչակազմի հետ։ Սակայն բազմաթիվ վերլուծաբաններ կասկածի տակ են դնում համաձայնագրի իրական տնտեսական ու ռազմավարական արդյունավետությունը։ Ստորև ամփոփված են դրանց հիմնական խնդիրները՝ ըստ Reuters-ի, The Washington Post-ի, AP-ի, CNN-ի և CSIS-ի:


Խնդիր 1. Շահույթի հեռանկարը չափազանց ուշացած է


Հանքային արդյունաբերության ոլորտում նույնիսկ կայուն երկրներում նոր հանքավայրի զարգացումը տևում է 10-ից 20 տարի։ CSIS-ի տվյալներով՝ միակ հանքավայրի մշակման ամբողջական ցիկլը կարող է տևել 18 տարի՝ պահանջելով մինչև միլիարդ դոլար ներդրում։ Ուկրաինայի դեպքում՝ պատերազմական վիճակը, խարխլված ենթակառուցվածքներն ու ներդրումային ռիսկերը միայն ավելի են բարդացնում գործընթացը։


Benchmark Minerals Intelligence-ի ներկայացուցիչ Ադամ Վեբբը փաստում է․ «Համոզել մարդկանց ներդրումներ անել պատերազմի մեջ գտնվող տնտեսության մեջ՝ շատ ավելի բարդ կլինի, քան այն երկրներում, որոնք չեն մասնակցում ռազմական հակամարտություններին»։


Խնդիր 2. Դանդաղ լիցենզավորման գործընթաց


2012–2020 թվականներին Ուկրաինան տրամադրել է ընդամենը մոտ երկու տասնյակ լիցենզիա՝ նավթագազի արդյունահանման, ինչպես նաև մեկական՝ ոսկու, գրաֆիտի, պղնձի և մանգանի համար։ Նման դանդաղ տեմպը լրջորեն կարող է խոչընդոտել նոր ներդրումային ծրագրերի մեկնարկը։ Որոշ փորձագետներ առաջարկում են ներդրումները ուղղել պետական վերահսկողության տակ գտնվող ծրագրերի մեջ՝ ինչպես, օրինակ, Չիլիի Codelco ընկերության մոդելն է։


Խնդիր 3. ՌԴ օկուպացիան՝ որպես սահմանափակում


Ուկրաինայի բնական ռեսուրսների զգալի մասը գտնվում է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում։ Benchmark Minerals Intelligence-ի վերլուծությամբ՝ երկրի 24 հեռանկարային հանքային նախագծերից 7-ը օկուպացված են։ Դրանց թվում են լիթիումի, գրաֆիտի, հազվագյուտ մետաղների, նիկելի և մանգանի հանքավայրեր։


We Build Ukraine վերլուծական կենտրոնը գնահատում է, որ երկրի հանքային ռեսուրսների շուրջ 40%-ը գտնվում է ռուսական վերահսկողության տակ։


Համաձայնագրի լիարժեք իրականացումը կախված է խաղաղ բանակցություններից, որոնց ընթացքում Ռուսաստանը հազիվ թե զիջի արդեն իսկ անեքսացված տարածքները։


Խնդիր 4. Հնացած երկրաբանական տվյալներ


Բազմաթիվ ներդրողներ կասկածում են Կիևի ներկայացրած երկրաբանական տվյալների արժանահավատությանը, քանի որ դրանք մեծամասամբ հիմնված են խորհրդային շրջանի հետազոտությունների վրա։ Հանքարդյունաբերության ոլորտի մասնագետները նշում են, որ այս տվյալները հաստատելու համար անհրաժեշտ են նոր՝ ծախսատար և աշխատատար հորատման ու վերլուծության ծրագրեր։


ԱՄՆ Էներգետիկայի նախարարության նախկին պաշտոնյան նշել է, որ այս ոլորտում ներդրումներն անվանում են «աշխարհի ամենավտանգավոր խաղատուն»։


Խնդիր 5. Վերամշակման ենթակառուցվածքների բացակայություն


Բուն հումքի արդյունահանումը միայն առաջին քայլն է։ Առանց վերամշակման գործարանների՝ հանքանյութերն իրենց արժեքը չեն կարող ամբողջությամբ վերածել շահույթի։ ԱՄՆ ռազմածովային քոլեջի փորձագետ Էմիլի Հոլանդը նշում է, որ Ուկրաինայի էներգետիկ և լոգիստիկ ենթակառուցվածքները լրջորեն վնասված են, ինչը դարձնում է վերամշակումը գործնականում ոչ նպատակահարմար՝ ամերիկյան շուկաների տեսանկյունից։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page