top of page

Ինչպե՞ս արձագանքեց Գեւորգ IV կաթողիկոսը, երբ որբուկ Կոմիտասը պատասխանեց թուրքերեն



Կոմիտասը զարմանում է, որ ֆրանսիացի նշանավոր հայագետ Ֆրեդերիկ Մակլերը չգիտի, թե ինչ ասել է խազ։ Վարդապետը, գրականագետ Աելիտա Դոլուխանյանի խոսքով, նախ բացատրում է, թե ինչ են հայ միջնադարյան ձեռագրերում այնքան տարածված «Շարակնոց» ժողովածուները, որոնք պարունակում են հայ եկեղեցու դասական հիմները. «Բոլոր շարականային ժողովածուներն ունեն խազեր (ձայնանիշներ), ներկա նոտագրության հայկական ձեւերը։ Խազերը հայ երաժշտության մեջ թվով 85—ն են, որոնցից 54—ը Կոմիտասը վերծանել է։ Շարականները հայ գրականության մեջ հայտնվել են մեսրոպյան տառերից հետո եւ այդ հեռավոր ժամանակներից գրվել են մինչեւ XIV դարը։ Առաջին շարականագիրներն են եղել Սահակ Պարթեւը, Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին եւ Հովհան Մանդակունին։ Հիանալի շարականագիրներ են եղել Ներսես Շնորհալին եւ Ներսես Լամբրոնացին։ Նա խոսում է կին շարականագիրներ Խոսրովիդուխտ Գողթնացու եւ Սահակադուխտ Սյունեցու մասին»։

Հետո Կոմիտասը դաշնամուրի նվագակցությամբ երգում է մի քանի շարականներ։ Մակլերի գրքույկի երկրորդ հատվածը, դարձյալ ըստ Կոմիտասի, նվիրված է հայ աշուղներին։ Հիշատակվում է նաեւ Տիգրան Չուխաջյանը՝ Իտալիայում կրթված, իր հայտնի «Լեբլեբիջի» ստեղծագործությամբ։ «Սայաթ—Նովան ներկայացվում է Գեւորգ Ախվերդյանի հաղորդած կենսագրական տվյալներով։ Աշուղ Ջիվանին Սայաթ—Նովայից առավել ժամանակակից է եւ շատ սիրված։ Համառոտ ձեւով ներկայացվում են Նիկողայոս Տիգրանյանը, Կարա—Մուրզան, Ալեքսանդր Սպենդիարյանը, Մակար Եկմալյանը։ Որպես հիանալի աշուղական երգի օրինակ՝ մեջբերվում է մի հատված Ջիվանու «Ձախորդ օրեր» երգից. Les mauvais jours Les mauvais jours, pareils aux hivers, Viennent et s en vont. Ne desesperez donc pas, ils ont une fin. Ils viennent et s en vont. Ձախորդ օրեր Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան, Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան։

Մակլերի գրքույկի վերջին՝ երրորդ բաժինը՝ վերստին Կոմիտասի մասին է»,–նշում է գրականագետը՝ հավելելով, որ այդ հատվածը նվիրված է մեծ կոմպոզիտորի կյանքի ուշագրավ փաստերին։ Այն սկսվում է Սողոմոնի՝ Էջմիածին գալու առաջին օրվանից։ Էջմիածնում որբուկ Սողոմոնին ներկայացնում են Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ IV—ին։ Կաթողիկոսը հայերեն հարց է տալիս մանկանը։ Տղան պատասխանում է թուրքերեն։

–Ինչո՞ւ ես ուրեմն եկել այստեղ։

–Հայերեն սովորելու համա՞ր է, որ ինձ բերել ես տվել Էջմիածին,–հարցնում է Կոմիտասը։

–Ուրեմն, ի՞նչ կարող ես դու անել։

–Ես կարող եմ երգել։

«Երեխան երգում է. նա երգում է մի շարական, որ սովորել էր իր մոր ծնկներին նստած. արցունքները գլորվում են օգոստոսափառ ծերունու աչքերից։ Նա հանձնարարում է, որ ավագ դասարանների աշակերտները շտապ զբաղվեն տղային հայերեն սովորեցնելու խնդրով։ Կոմիտասը շատ արագ յուրացնում է հայերենը եւ սկսում է փայլել բոլոր առարկաների գծով, սակայն նրան հատկապես ձգում է երաժշտությունը»,–պատմում է գրականագետը՝ նշելով, որ Վարդապետը բարձրագույն երաժշտական կրթություն է ստանում Բեռլինում, որտեղ ջանադիր սովորում է օր ու գիշեր։

Վերադառնալով Էջմիածին՝ նշանակվում է վանքի երաժշտապետ ու ճեմարանի երգեցողության պրոֆեսոր։ Աշխատանքից ազատ ժամերին նա շրջում է ժողովրդի մեջ եւ սովորում նրանց երգերից։ Ճեմարանում Կոմիտասի մանկավարժական գործունեությունը տեւել է 13 տարի։ Ա. Դոլուխանյանի խոսքով՝ Կոմիտասի հեղինակությունն օրեցօր մեծանում էր։ Նա համերգներով հանդես է գալիս Կահիրեում, Կոստանդնուպոլսում, Զմյուռնիայում։ Կոմիտասին հատուկ հռչակ են բերում 1906 եւ 1907 թթ. Փարիզում երգչախմբային փառատոների ժամանակ ունեցած ելույթները։ Երաժշտասեր հասարակությունը խիստ տպավորված է եղել Կոմիտասի մատուցած հայկական երաժշտությունից. «1914—ի գարնանը Փարիզում հավաքվել էին համայն աշխարհի երաժիշտները։ Այդ համաժողովի ժամանակ Կոմիտասի երգը հոյակապ էր։ Պիեռ Օբրին հիացական խոսք է ասել Կոմիտասի վերաբերյալ իր «Համեմատական երաժշտագիտության փորձեր» հետազոտության մեջ, սովորելով Կոմիտասի տեսական գիտելիքներից՝ նա շատ մեծ տեղ է հատկացնում հայկական ծիսական երաժշտությանը»։ Կոմիտասը, գրականագետի հիշատակմամբ, ուշագրավ բացատրություն է տվել Մակլերին հայ գեղջկական երգերի մասին։ Պատմել է, թե ինչպես Պայծառակերպության տոնի ժամանակ այցելել է Հառիճի վանք, որտեղ բազմաթիվ ուխտավորներ են եղել։ Նստել է շենքի ստվերում՝ ձեռքին թուղթ ու մատիտ։ Երիտասարդ ուխտավորներն սկսում են երգել ու պարել։ «Սկզբում չորս հոգի առաջացան ու շրջան կազմեցին։ Նրանք լուռ մի քանի անգամ պտույտ կատարեցին, համաչափ քայլերով դեպի աջ շարժվեցին։ Խմբի լավագույն երգչուհին սկսեց երգել հետեւյալ կրկնակը. Aman Tello, Tello! Siroun Tello, Tello (Աման Թելլո՛, Թելլո՛, Սիրուն Թելլո՛, Թելլո՛)։

Կոմիտասը խոստովանում է, թե այդ օրն ինքը գրառել է 34 նոր երգ։ Նա հայ գեղջկական երգչախմբային երաժշտությունը բաժանում է երեք տեսակի՝ պարզ, միահյուսված, խառը։ Խառը ձեւով երգում են գութանի ու կալի երգեր։ Հայկական ժողովրդական երգը չունի բազմաձայնություն, դեպքեր կան, որ երգում են երկուսով։ Մակլերը եզրակացնում է, թե Կոմիտասի երաժշտությունը ծնվել է բացառապես հայ ժողովրդի հետ նրա շփվելուց եւ նրանց կողքին գտնվելուց»,– ընդգծեց Դոլուխանյանը՝ խիստ հուզիչ համարելով «Երաժշտությունը Հայաստանում» գրքույկի նաեւ վերջաբանը՝ նշելով, որ այն ուղղված է ցեղասպանված ժողովրդի լավատեսական ապագային։

Կոմիտասի երաժշտությունն ունեցող ժողովուրդը չի կարող մեռնել. «Բայց մի ժողովուրդ, որը գիտե երգել վսեմորեն, չի կարող ընդմիշտ լռել։ Նրա անցյալը երաշխիք է ապագայի համար»։ «Մակլերի «Երաժշտությունը Հայաստանում» գրքույկը Կոմիտասին նվիրված եզակի գործ է, որում հայ հանճարը ներկայացված է իր կենսուրախ բնավորությամբ, ազգանվեր գործունեությամբ ու երաժշտական հանճարով»,–եզրափակեց գրականագետը։


Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն»

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page