top of page

«Լացս զսպեմ ու ձեր... ցա՜վը տանեմ...»

14.08.2020

Խոցի գոյացումը սպառնում է մետաստազներով քայքայել ապրումի կենսական բջիջները եւ անընդհատ մահվան հետ նստել հացի... Թումանյանից հետո երկրորդն էր՝ Շիրազի հետ, ում անգիր էր անում ժողովուրդը։ Չարենցն ու Տերյանը ինտելեկտուալ ընթերցողի սեղանին էին, իսկ արեւմտահայերը՝ Սիամանթո, Վարուժան, Մեծարենց եւ այլք, առավել նեղ շրջանակի՝ ստեղծագործողների շուրթերին էին հնչում։ Սա պայմանական, այսպես ասած՝ առերեւույթ բաժանում է, քանզի ինքնազոհաբերումն ու խարույկվելը ընդհանրապես բանաստեղծության՝ բանի, խոսքի առաքելությունն են, զի այն ապրում է ջղերով, մինչեւ ոսկորը, ծուծքը ոսկորի, այնպես, ինչպես գրում է Սեւակը. Առաջներում մերպեսներին Այրում էին խարույկի մեջ... Հիմա պիտի խարույկ վառենք մենք ինքներըս, Խարույկ՝ մեզնո՛վ։ Կյանքը ոչ միայն մաշկով, այլեւ մինչեւ ոսկրածուծն զգացող, ինքնախարույկվող բանաստեղծը, ասես, խոսում է արձակի լեզվով՝ միաժամանակ բանաստեղծական ջղերով միսն անջատում ոսկրից ու ընթերցողի համար դառնում «մարսելի», հեշտանգիր, սակայն այդ հեշտության ու պարզության խորքում անասելի դրամատիզմ ու ողբերգություն է, որ վերծանման կարիք է զգում, առանց որի անհնար է կռահել այն խոցի գոյացումը, որն սպառնում է մետաստազներով քայքայել ապրումի կենսական բջիջները ու անընդհատ մահվան հետ նստել հացի։ Մարդու համար առավել սպանիչ բան չկա, քան պարապությունը՝ ոչ միայն հարկադիր, այլեւ ներաշխարհում բազմած անալի ու անհամ գոյացությունը, որի հասցեն պարզաբանման կարիք ունի, երբ ոչ թե չգիտես՝ ինչ անել, այլ՝ ինչպես անել։ Ու սա այն պարապությունը չէ, երբ երեկոն կարելի է սպառել մի թատրոնի կամ համերգի տոմսով, այլ այն պարապությունը, որ կոչվում է կյանքի ժամանակ, ինչը շարունակ հետաձգվում է ու մամլիչի պես ճզմում ներկան՝ անտերության ու մենակության զգացումով լցնելով մարմինն ու հոգին, պատացնելով մութը անթափանց խավարով՝ ստիպելով երգել՝ ի հեճուկս, «Լույս զվարթ» կամ «Առավոտ լուսո»։ Ժամանակը չի խնայում ոչինչ. այնպես հեշտ ու աննկատելի փոխվում են տեղերը «այո»—ի ու «ոչ»—ի, տիրոջ ու ծառայի, փոխադրողի ու փոխադրվողի. ժամանակի տերը պետք է որ մարդը լինի, սակայն ժամանակն այնքան էլ չի սիրում ծառայել, երբ նրան սխալ են թամբում, երբ «այո»—ն ոչ թե «այո» է, այլ իրականում՝ «ոչ», եւ հակառակը... Այդ պարապությունը, որ առավոտ կանուխ՝ զարթնումի հետ, պիտի ցրվի, ու օրը լցվի աշխատանքով ու աշխատանքի ցնծությամբ, երբ ձեռքերը պետք է սկսեն մտածել ու արարել, աչքերը հանկարծ մեխվում են դարի ողբերգության պատկերին, ու սիրտն սկսում է ճաքել ցավից, ինչպես հանկարծ ճաքող հայելին, որ մահ է գուժում։ Ազդեցիկ պատկեր. բեռնամեքենայով փոխադրվում են ձիեր. Նրա՛նց, Որ բյուրավոր դարեր Իրենց մեջք ու թամբով ամե՜ն ինչ են տարել, Ողջ մարդկային ցեղի պատմությունը կրե՛լ, Իրենց սմբակներով պատմությունն այդ գրե՜լ, Նրա փոշին սրբել իրենց պոչո՛վ։ Հիմա, այդ փոխադրականները, որ անխոնջ աշխատել ու ծառայել են մարդուն, դարձել են ավելորդ, սպանդանոցի միս, այդ մետաղե թափքի վրա անհույս վրնջացող, սպառվող ժամանակ, հեռացող մի կյանք, որ գուժում է դիեր, ստույգ դիեր ներսում, որ վրնջում ու խրխնջում են դեռ որպես ձիեր՝ բերաններից թափում փրփուր ու դոփում, դոփում տեղում եւ հեգնում պյուռոսյան հաղթանակը տխուր... Եվ ի՞նչ անի նա՝ պոետը դարի, գրասեղանի առջեւ նստած, ինչպե՞ս տեղափոխի ձիեր իր միջոցով, ինչպե՞ս տեղափոխի ամեն մեկի մեջ վրջնացող, ապրող ձիեր, ինչպե՞ս փրկի խոսքով պարապությամբ անցնող մի ողջ կյանք, որ դողդողում է մետաղե թափքի վրա ու գնում ստույգ մահվան. Բեռնամեքենայի թափքում՝ ձիե՜ր, Վախից կծի՛կ դարձած, դողդողացո՜ղ ձիեր, Ամեն շրջադարձի ու կեռմանի վրա Մե՛զ պես (մարդո՜ւ նման) ճկվո՛ղ-թեքվո՜ղ, Մե՛զ պես (եւ ավելի՜) զգուշացո՜ղ ձիեր... Ես ձեզ այդ վիճակից ինչպե՞ս հանեմ, ձիե՜ր։ Լացըս զսպեմ ու ձեր... ցա՜վը տանեմ, ձիե՛ր... Կյանքի ամեն վայրկյանը խորությամբ զգացող ու ապրող բանաստեղծը ամեն անցնող վայրկյանի հետ ուղիղ նայում էր մահվան աչքերին ու հազար ձեւերով կռահում այն՝ վստահ իմանալով, որ բնությա՛մբ չի տրվելու իրեն, այլ դիպվածով, եւ այդ դիպվածը լինելու է ցավալի, այն աստիճան, որ գուցե թե հենց վախճանի մասին է ասում ու երազում. —Ինչ լինում է՝ թող որ լինի միանգամի՜ց... Ու ձյունը եկավ հունիսի կեսին, բայց չկարողացավ ծածկել այն վարդերը, որ խնամքով աճեցրել էր բանաստեղծը մայրենի լեզվից, որոնց նեկտարից հավաքվում է հոգու ազնությունը...

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page