top of page

Կոմիտասը և թուրքերը

17.02.2021

Պատմաբան Խաչատուր Դադայանը շարք է սկսել, որը նվիրված է Կոմիտասին և թուրքերի փորձին “թրքացնել” նրան, –


Այս կինը ծագումով հրեա, գրող, Թուրքիայում ֆեմինիստական շարժման հիմնադիր Հալիդե Էդիբ Ադըվարն է /1884-1964/: 1926 թ. նա Նյու Յորքում հրատարակեց ՛՛Հուշեր՛՛ վերնագրով գրքի անգլերեն թարգմանությունը, ուր անդրադարձել էր նաև Կոմիտաս վարդապետին։

Ահա թե ի մասնավորի ինչ է գրել.


՛՛1.Իր ծնողները, հավանաբար, թրքական ծագում ունեին, այն թուրքերի, որոնք հարել էին Գրիգորյան եկեղեցուն:

2.Նա հայ ազգայնական էր, անկախ ծագման թրքական կամ հայկական լինելուց, բայց խառնվածքով ու սրտով իսկ և իսկ անատոլացի թուրք էր, թերևս՝ անգիտակից:

3.Մեղեդիները նրանցից էին, որ հաճախ երգում էին մեր քեմախցի և էրզրումցի սպասավորները: Նա պարզապես հայերենի էր վերածել բառերը: Բայց որևէ կարևորություն չտվեցի լեզվին, ես միայն զգացի Անատոլիայի մենավոր տափաստաններից եկող այդ քնքույշ ու թախծագին մեղեդու ներքին իմաստը:

4.Այդ օրվանից մեր ծանոթությունը շարունակվեց: Կոմիտասը հաճախ էր գալիս իմ տուն ու երգում: Նա շարունակում էր գալ նույնիսկ հայերի ու թուրքերի փոխադարձ ջարդից հետո՛՛:

Հանըմը ՛՛Գորշ գայլ՛՛ Մուստաֆա Քեմալի մտերիմ բարեկամն ու զինակիցն էր, ծառայել է նրա զինված ուժերում որպես տասնապետ, մանրամասն նկարագրել 1922 թ. Զմյուռնիայի առումը, շրջանցելով հայերի ու հույների կոտորածը և քաղաքի հրդեհումը: 1916-ին, լինելով թուրքական իգական դպրոցի տնօրեն, եռանդորեն մասնակցել է առևանգված հայ աղջիկներին իսլամացնելու ամոթալի գործին: /Վատորակ լուսանկարներում ինքն է՝ իսլամացված հայ որբուհիների հետ/:

Պատահական չէ, որ նա ստանձնեց նաև Կոմիտաս վարդապետին ՛՛թրքացնելու՛՛, նրա Գործը յուրացնելու խայտառակ առաքելությունը…

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page