top of page

Հայ կինը

Կինը նրբագեղ է, զգացմունքային, կարոտող, հոգեբանական թեստեր ու Ֆանդորինին պաշտող, թանկարժեք ներքնազգեստի խանութից երկար ժամանակ դուրս չեկող ու գիշերը երեխաներին հեքիաթ կարդացող: Կինը պահանջում է հաճոյախոսություններ ու տանել չի կարողանում, երբ իրեն շտապեցնում են: Կինն ասում է, որ չի սիրում լինել ուշադրության կենտրոնում, բայց անում է ամեն ինչ, որպեսզի աննկատ չմնա: Բայց կանանց հետ ամեն ինչ այդքան պարզ չի կարող լինել: Ներկայացնում ենք հայ կանանց լուսանկարների անհավանական ընտրանի, որը կստիպի նորովի հայացք նետել «թույլ սեռին»:


1885 թվականի լուսանկարում պատկերված են երկու հայուհիներ Զեյթունից, որոնք զենք են վերցրել ձեռքը, որպեսզի պաշտպանեն իրենց օսմանյան ավազակներից: Հատկանշական է, որ աջ կողմում կանգնած կինը ռոք երաժիշտ Դերեք Շերինյանի (Dream Theater, KISS, Alice Cooper) նախատատն է' Եղիսաբեթ Սուլթանյանը:


Այս բացիկը 2005-ին Թուրքիայում՝ Այնթափ լեռան վրա գտնվող փայտե տան պատի մեջ հայտնաբերել է բանվոր Մուրադը: Նկարում Հեղինեն է՝ ֆիդայական առաջնորդ Գևորգ Չաուշի այրին: Աջ ձեռքում նա պահում է «մաուզեր» ատրճանակ, իսկ ձախում՝ Մոսինի հրացան:


Ճապոնացի գրականագետ ու հրապարակախոս Դիանա Աբգարն իր ամուսնու՝ Միքայել Աբգարի հետ 1889-ին: Ցեղասպանության ժամանակ Դիանա Աբգարն ամեն կերպ օգնում էր մի շարք հայ փախստականների, որոնք Սիբիրով ու Ճապոնիայով փորձում էին ԱՄՆ հասնել: 1920-ին շատ առումներով հենց Դիանայի շնորհիվ Ճապոնիան դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունը: Դիանան ինքը զբաղեցրեց Ճապոնիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Այդպիսով նա դարձավ աշխարհում առաջին կինը, որը դիվանագիտական պաշտոն զբաղեցրեց:


1895 թվականի լուսանկարում Ագուլինե Թաթուլյանն է: Նա այն ինը կանանցից մեկն էր, ում հաջողվեց փրկվել պաշարված Հաճնից, որը թալանվեց ու ոչնչացվեց թուրքական զորքերի կողմից: Նա կտրել էր մազերն ու տղամարդու հագուստ սկսել կրել, որպեսզի միանա դիմակայող ուժերին: Մարտերի ժամանակ Հաճնում կրծքավանդակի ձախ հատվածում նա վիրավորվեց, բայց գնդակը կրծքում ապրեց ևս 67 տարի: Դա չխանգարեց նրան հետագայում գրել ու բեմադրել մի պիես, որից ստացված հասույթը նվիրաբերեց Ցեղասպանությունից փրկված հայերի օգնությանը:


Հանրահայտ նյույորքյան լուսանկարիչ Վիվիեն Մայերը 1956-ին կոլորիտային հայ կնոջ է լուսանկարել, որն ինչ-որ բան չի կիսում ոստիկանի հետ: Լուսանկարը գերում է իր հուզականությամբ: Չէ՞ որ շատ հայեր լուսանկարում պատկերված կնոջ մեջ ճանաչում են սեփական տատիկին՝ անդրդվելի ու միշտ իրավացի:


1992-ին Ստալինա Ադրիյանը 19 տարեկանում զոհվեց ճակատում՝ Արցախի Հակոբ-Կամարի գյուղի ազատագրման ժամանակ: Նա այն աղջիկների թվում էր, որոնք տղամարդկանց հետ հավասար պաշտպանում էին իրենց ժողովրդի ու երկրի ազատությունը: Ընդհանուր առմամբ Արցախյան ազատամարտին մասնակցել է ավելի քան 300 հայ աղջիկ, որոնցից 42-ը զոհվել են:


Աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը՝ Արշիլ Գորկին, իր մոր հետ, 1912 թիվ: Լուսանկարը կատարվել է Թուրքիայի հայկական Վան քաղաքում: Հենց այդ լուսանկարն է հիմք ծառայել Գորկու «Նկարչի և նրա մոր դիմանկարը» հանրահայտ ստեղծագործության համար: Ինչպես Ցեղասպանությունը վերապրած շատերը, Գորկին փորձում էր խուսափել այդ թեմայից խոսակցություններում ու հարցազրույցներում: Սակայն ստեղծագործության մեջ զգացմունքները զսպելը շատ ավելի դժվար էր: «Նկարչի և նրա մոր դիմանկարը» մի քանի անգամ վերանկարվել ու չի ավարտվել: Գորկու մի շարք քննադատներ ու կենսագիրներ վստահ են՝ նկարիչը վախենում էր ավարտել այդ կտավը, որպեսզի Ցեղասպանությունը վերապրած ու Երևանում սովից մահացած մայրը չլքի նրան գոնե իր նկարելու ընթացքում:


Լուսանկարիչ Արմինե Յոհանեսը հայ տատիկին լուսանկարել է նրա տան մոտ՝ Գորիսի շրջանի Տեղ գյուղում՝ Ադրբեջանի սահմանի մոտ: Լուսանկարը կատարվել է 1991-ին: Սիմա տատիկը լուսանկարում 106 տարեկան է: Նա հաճախ էր ձեռքը վերցնում Արցախի ազատագրման համար պայքարած ծոռան զենքը և այդպես ժամերով նստում տան շեմին՝ ասելով. «Թող թշնամին հլը փորձվի ոտք դնել այստեղ»:


Ֆիդայի կինը՝ երկու դստրերի հետ: 1920 թվականի լուսանկարը հայտնի դարձավ՝ հայտնվելով «Կանանց պայքարն Արցախյան պատերազմում» գրքի շապիկին:

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page