top of page

Հայաստանի դաշնակիցները Մոսկվայում

08.07.2020, ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ

ՌԴ վարչապետ Միշուստինը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը լուրջ սպառնալիքի տակ է դրել աղքատության եւ գործազրկության դեմ պայքարում նախկին տասնամյակների ձեռքբերումը:


ՌԴ վարչապետի հայտարարությունը բավականին բազմիմաստ է, նկատի ունենալով այն, որ հնչում է ոչ միայն համավարակի ֆոնին, այլ փաստորեն դրա պայմաններում անցկացված սահմանադրական «զրոյացման» հանրաքվեից  գրեթե անմիջապես հետո: Հուլիսի 1-ին ավարտված հանրաքվեով զրոյացվեց Պուտինի նախագահական ժամկետը, եւ նա ստացավ մինչեւ 2036 թվականը նախագահ մնալու հնարավորություն: Ժամկետի զրոյացման օգտին, ըստ պաշտոնական տվյալի, քվեարկել է մոտ 80 տոկոս: Ահա դրանից հետո արդեն ՌԴ վարչապետ Միշուստինը հայտարարում է, որ համավարակն էլ իր հերթին «զրոյացրել» է աղքատության դեմ պայքարի նախորդ տասնամյակի ջանքը, թերեւս նկատի ունենալով Պուտինի զրոյացված ժամկետը:


Այսինքն, ստացվում է, որ զրոյացել է ոչ միայն ժամկետը, այլեւս դրա ընթացքում «աղքատության դեմ պայքարի արդյունքը»: Պարզապես, այս դեպքում ժամկետը զրոյացրել է ռուսաստանցի քվեարկողը, իսկ աղքատության դեմ պայքարի արդյունքը զրոյացրել է համավարակը:


Պուտինի նոր հնարավորության հարցը լուծելուց հետո, ըստ ամենայնի, ռուսաստանցիերին պատրաստում են վատթարին, կամ ինչպես նախկին վարչապետ Մեդվեդեւը կասեր՝ փող չկա, դիմացեք: Ի դեպ, Մեդվեդեւին Պուտինը պաշտոնանկ արեց հենց սահմանադրական փոփոխության մտադրությունն ազդարարելուց անմիջապես հետո, հունվարին: Արագորեն նշանակվեց Միշուստինը, համակարգերի մասնագետ, որը եղել էր ՌԴ գլխավոր հարկահավաք:


Անմիջապես սկսեց դիտարկվել, թե արդյո՞ք Միշուստինը կարող է լիել ժառանգորդ, որովհետեւ Պուտինն այդ ժամանակ չէր խոսել ժամկետի զրոյացման մասին, այդ դրույթը փոփոխությունների մեջ մտցվեց վերջին պահին: Պուտինը խնամքով թաքցրե՞լ էր դա հանրության աչքից, աղմուկից, թե՞ այդուհանդերձ վերջին պահին փոխվել է ինչ-որ բան, որ Սահմանադրության փոփոխության փաթեթի մեջ հարկ եղավ Տերեշկովայի շուրթերով վերջին պահին ներառել Պուտինի մնալու հնարավորությունը:


Արդյո՞ք այդ հարցում ռուսական վերնախավում կան տարաձայնություններ, եւ Միշուստինը Պուտինի ժամկետի զրոյացումից հետո ռուսաստանցիներին ակնարկում է, թե ինչն է լինելու դրա հետեւանքն ու գինը: Միշուստինը հավակնու՞մ էր ժառանգորդ լինելու, եւ հնարավո՞ր է, որ այդ հանգամանքը իր հերթին ռուսական տնտեսա-քաղաքական ազդեցիկ շրջանակներում առաջացրել է խնդիրներ եւ ի վերջո որպես հանգուցալուծում ընտրվել է Պուտինի չհեռանալու հանգամանքը: Ընդ որում, հետաքրքիր էր, որ Միշուստինը վարակվեց կորոնավիրուսով, ինչին հաջորդեցին ռուսական ԶԼՄ-ներում խոսակցությունները, թե նա կարող է չվերադառնալ: Այդ ֆոնին «առաջին համավարակային ջութակ» դարձավ Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը: Բայց Միշուստինը վերադարձավ, Պուտինը՝ զրոյացավ:

ՌԴ իշխանության հարցը առավելապես դիտարկվում է ՌԴ նախագահի իշխանատենչության, ցմահ ցար մնալու մոլուցքի պրիզմայով: Անկասկած է, որ կա անձնական հանգամանքը, սակայն հազիվ թե իրատեսական է Ռուսաստանի պես երկրի իշխանության հարցը դիտարկել լոկ այդ մոտիվի համատեքստով:


Ռուսաստանը չափազանց բարդ աշխարհաքաղաքական մի սալ է, որտեղ իշխանության հարցը պայմանավորված է բազմաթիվ ներքին ու արտաքին գործոններով, սկսած տնտեսա-քաղաքականից, մինչեւ կրոնա-քաղաքակրթական:


Այդ սալն իր աշխարհաքաղաքական նշանակությամբ եւ ընդգրկուն շերտերով շատ ավելի ուժեղ է, քան մեկ մարդու ցանկությունը, եթե դա անգամ քարոզչական մակարդակում գերմարդ դարձված Պուտինն է: Սալը ներկայումս գտնվում է խորքային շարժերի ազդեցության փուլում, որ տեղի են ունենում աշխարհում եւ բավականին վաղ է ասել, թե ինչ հանգուցալուծում է լինելու ՌԴ իշխանության հարցում:


Այդ հանգամանքը անշուշտ էական նշանակություն ունի Հայաստանի համար, թե հայկական ինքնիշխան պետականության խնդիրների համատեքստում, թե նաեւ Ռուսաստանի համար կենսական նշանակության, որ ունի Հայաստանը: Ըստ այդմ, ռուսական սալի վրա աշխարհաքաղաքական ազդեցությունը աննկատ չի անցնելու նաեւ Հայաստանի վրա ազդեցության իմաստով, ինչը գործնականում արտացոլում է ներկայիս ներքաղաքական իրավիճակը նույնպես:


Հայաստանն ունի դեր Ռուսաստանի նոր իշխանության ձեւավորման գործընթացում, անկախ, թե ու՞մ դեմքով է լինելու այդ իշխանությունը՝ Պուտինի, թե որեւէ այլ դեմքով: Հայաստանի այդ դերը ինքնիշխան պետականության խնդրի լուծման համար մի կողմից անհրաժեշտություն է, մյուս կողմից հնարավորություն: Երեւանին էական է հաստատել հաղորդակցություն այդ հարցում ռուսական վերնախավի դաշնակից խմբերի ու շերտերի հետ, որոնք անշուշտ առկա են: Հատկապես, երբ նկատելի է, որ հակառակ խմբերը Հայաստանում են «դաշնակիցների» աշխույժ որոնման մեջ:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page