top of page

Մարդկանց հասցնում են խելագարության

15.05.2020, ԵՐԵՎԱՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հոգեկան առողջության դեպարտամենտի ղեկավարը ՄԱԿ ներկայացված զեկույցում հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով աշխարհում կա մարդկանց հոգեկան առողջության վնասի կտրուկ վտանգ: Ըստ զեկույցի, անընդհատ մահերով շրջապատված, միաժամանակ սոցիալական, տնտեսական բարդությունների առաջ կանգնած մարդիկ հայտնվում են հոգեկան, հոգեբանական ծանր վիճակում:


Ամենաուշագրավը թերեւս այն է, որ այդ մասին խոսում է մի կազմակերպության ներկայացուցիչ, որի մյուս ղեկավարները գործնականում իրենց էական լուման են ներդրել եւ շարունակում են ներդնել մարդկանց խելագարության հասցնելու, մարդկանց նկատմամբ փաստացի հոգեբանական փորձարկումներ անելու գործում:


Բառացիորեն նախօրեին ԱՀԿ մի պաշտոնյա հայտարարեց, որ կորոնավիրուսը կարող է եւ չանհետանալ, ինչպես ՁԻԱՀ-ը, եւ մարդիկ ապրեն պարբերական վարակի եւ տնտեսական ճգնաժամի, վարակի եւ ճգնաժամի պայմաններում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տապալելով իր բուն առաքելությունը՝ մարդկությանն առողջապահական վտանգի մասին օպերատիվ ահազանգելն ու կանխարգելիչ քայլեր հորդորելը, երբ վարակը դեռ Չինաստանում էր, գործնականում ձեռնամուխ է եղել մարդկանց հանդեպ հոգեբանական տեռորի:


Ահա այդ պայմաններում, նույն կազմակերպության հոգեկան առողջության դեպարտամենտի ղեկավարի զեկույցը, թե կորոնավիրուսի վարակը աշխարհին սպառնում է հոգեկան հիվանդությունների կտրուկ աճով, վերածվում է պարզապես մարդկության հանդեպ ծաղրի: Կազմակերպություն, որը նպաստել է մարդկանց հոգեբանական վիճակը խեղող ինֆոդեմիայի սնուցմանը, այժմ խոսում է հոգեկան առողջությանը սպառնացող վտանգի մասին:


Կամ, այդ հանգամանքը խոսում է այն մասին, որ Առողջապահական համաշխարհային կազմակերպության ներսում առկա է լուրջ բախում՝ աշխարհին փաստացի պարտադրված մեթոդաբանության եւ ինֆոդեմիայի հարցում, որը գործնականում արդյունավետ չի լուծել համավարակի կանխարգելման եւ պայքարի խնդիրը, փոխարենը կաթվածահար է արել համաշխարհային տնտեսությունն ու մարդկանց հասցրել գրեթե խելագարության:


Չի բացառվում, որ ԱՀԿ ներսում լրջորեն հասունացել է այդ ամենի համար պատասխանատվության ռիսկը: Համենայն դեպս, ավելի է ընդլայնվում պետությունների ու կազմակերպությունների շղթան, որոնք բարձրացնում են ստեղծված իրավիճակի համար ԱՀԿ ղեկավարության պատասխանատվությունը, հայտնելով փաստացի հանցավոր անգործության կասկած:


Ընդ որում, պետք է հստակեցնել, որ դա կասկած չէ վարակի առկայության առնչությամբ: Կասկած է այդ վարակին արձագանքի, դրա արդյունավետության, օպերատիվության եւ դրա դեմ պայքարի հանձնարարականների համարժեքության կամ անհամարժեքության կապակցությամբ, երբ գուցե հնարավոր էր ապահովել պայքարի այնպիսի ընթացք, որի պարագայում ինֆոդեմիան չգերազանցեր պանդեմիային՝ նաեւ իր հեռահար հետեւանքով, որի մասին սկսել են խոսել ԱՀԿ այլ պաշտոնյաներ:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page