top of page

Դոնբասից մինչև Կրեմլ, կամ ինչպես էր հերթական հայը զբաղվում ամեն ինչով, բացի Հայաստանից. Արմեն Սարգսյանի տխուր պատմությունը՝ մանրամասներով

05.02.2025



Փետրվարի 3-ի առավոտյան Մոսկվայի «Алые паруса» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց Արմեն Սարգսյանը՝ գործարար և քրեական հեղինակություն օկուպացված Գորլովկայից (Դոնեցկի շրջան):


Հետաքննության վարկածով՝ սպանության պատճառը Սարգսյանի բիզնեսի հետ կապված ազդեցության ոլորտների վերաբաշխումն էր, սակայն չի բացառվում նաև «ուկրաինական հետքը». Եվրոմայդանի ժամանակ նա հավաքագրում էր վարձկաններ ընդդիմության կողմնակիցներին ցրելու համար, 2014 թվականի իրադարձություններից հետո բնակվում էր ինքնահռչակ ԴԺՀ-ում և Ռուսաստանում, իսկ 2022-ին աջակցեց լայնամասշտաբ պատերազմին ու հիմնեց «Արբատ» (Армянский батальон, թարգմանաբար՝ Հայկական գումարտակ) կամավորական միավորումը, որը շուտով միացավ ՌԴ բանակին։ Ըստ ուկրաինական հետախուզության՝ Սարգսյանի լոյալության շնորհիվ ռուսական իշխանությունները նույնիսկ դիտարկում էին այդ գումարտակը որպես Եվգենի Պրիգոժինի Վագների խմբավորման այլընտրանք։


Արմեն Սարգսյանի պատմությունը՝ մարզային հանցավոր խմբավորումից մինչև ազդեցիկ դաշտային հրամանատար


Դոնբասում Սարգսյանը եղել է ազդեցիկ հանցավոր խմբավորման անդամ, ինչը նրան հնարավորություն տվեց մուտք գործել նախագահ Յանուկովիչի շրջապատ։

Արմեն Սարգսյանը ծնվել է 1978 թվականին Հայաստանում, սակայն դեռ մանուկ հասակում ընտանիքով տեղափոխվել է Գորլովկա՝ Դոնեցկի շրջանի արդյունաբերական քաղաք, որը ԽՍՀՄ-ում և հետխորհրդային Ուկրաինայում հայտնի էր «Ստիրոլ» քիմիական կոմբինատով և հանքահորերի համար հորատման տեխնիկա արտադրող ձեռնարկություններով։ «Դոնբասն իմ երկրորդ հայրենիքն եմ համարում», – ասում էր Սարգսյանը։


1990-ականներին Սարգսյանը մտավ Գորլովկայի քրեական շրջանակներ, երբ սկսեց զբաղվել ստվերային բիզնեսով։ Իսկ 2000-ականների սկզբին նա արդեն դարձել էր հեղինակություն՝ քրեական կապերով։ Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով՝ Սարգսյանը գլխավորում էր մի բանդա, որը աշխատում էր «Ենակևյան» հանցավոր խմբավորման ներկայացուցչի՝ Ալեքսանդր Բատուրինի (Բատուր) համար, իսկ ավելի ուշ դարձավ հենց խմբավորման առաջնորդ Յուրի Իվանուշչենկոյի (Յուրա Ենակևսկի) վստահված անձը։ Վերջինս Սարգսյանին նշանակեց «դիտորդ» (смотрящий), և նա հայտնի դարձավ որպես Արմեն Գորլովսկի։


«Ենակևյանները» համարվում էին Գորլովկայի ամենաազդեցիկ խմբավորումներից մեկը։


Նրանք վերահսկում էին օղու բիզնեսն ու տաքսիները, ազդեցություն ունեին քաղաքի ածխարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտներում, ինչպես նաև, ըստ լուրերի, ռուսական քրեական խմբավորումների հետ միասին կազմակերպել էին թմրանյութերի մաքսանենգություն ռուս-ուկրաինական սահմանով։ Սարգսյանի գործունեությունը, ինչպես գրել էր դոնեցկյան «Վչասնո» պարբերականը, հիմնականում բաղկացած էր քրեական գործունեությունից, մարդկանց ու գործարարներին վախեցնելուց և այլ հանցավոր գործողություններից։


2010 թվականին Վիկտոր Յանուկովիչի իշխանության գալուց հետո Սարգսյանը՝ «Ենակևյանների» առաջնորդ և նոր նախագահի մտերիմ Յուրի Իվանուշչենկոյի միջոցով, կապեր հաստատեց Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարության հետ։ Բացի այդ, Իվանուշչենկոն Սարգսյանին վստահեց Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ածխարդյունաբերության վերահսկողությունը։ Այդպես, դոնեցկյան «Արտեմուգոլ» ձեռնարկությունը, որը ձևականորեն մնում էր պետական, իրականում գտնվում էր Իվանուշչենկոյի և Սարգսյանի կառավարման տակ։


2013 թվականին «Горловка.ua» պարբերականը Սարգսյանին անվանում էր տեղի «գորշ կարդինալ»՝ լայն կապերով քաղաքի էլիտայի շրջանում, շքեղ ապրելակերպով ու բարեգործության նկատմամբ հետաքրքրությամբ (չնայած լրագրողները չէին հստակեցնում, թե ինչով էր դրսևորվում այդ հետաքրքրությունը)։


Այդ ժամանակ «Горловка.ua»-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բիլինսկին Դոնբասում «դիտորդների» (смотрящие) անսահմանափակ իշխանության տարիները նկարագրում էր այսպես. «Իվանուշչենկոյի մարդիկ վերահսկում էին քաղաքը, և էական չէր, թե ինչ ազգանուն ուներ քաղաքապետը, դատախազը կամ ոստիկանության ղեկավարը։ Նա [Սարգսյանը] մտնում էր ոստիկանության բաժին, տալիս հրահանգներ»,- հիշում էր լրագրողը։


Միաժամանակ, պաշտոնապես Սարգսյանը համարվում էր տեղի Բոքսի ֆեդերացիայի նախագահն ու ժողովրդական պատգամավորի՝ հենց նույն Յուրի Իվանուշչենկոյի օգնականը, ով 2012 թվականին անցել էր Գերագույն ռադա «Ռեգիոնների կուսակցության» ցուցակով, իսկ մեկ տարի առաջ զբաղեցրել էր երկրորդ տեղը «Կոռեսպոնդենտ» պարբերականի վարկածով Ուկրաինայի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։


Եվրոմայդանը թույլ տվեց Սարգսյանին էլ ավելի ամրապնդել դիրքերը Դոնբասի անջատականների շրջանում


Եվրոմայդանի ժամանակ իշխանությունները Սարգսյանին վստահեցին «տիտուշկաների»՝ վարձկանների հավաքագրումը՝ Կիևում բողոքի ակցիաները բռնի ուժով ճնշելու համար։ Հետաքննության վարկածով՝ հենց Սարգսյանի վարձած մարդիկ սպանեցին «Վեստի» թերթի լրագրող Վյաչեսլավ Վերեմիին մայրաքաղաքում։


2014 թվականի գարնանը, երբ ուկրաինական ընդդիմությունը հաղթանակ տարավ, Սարգսյանի մարտիկները մասնակցեցին Եվրոմայդանի կողմնակիցների դեմ ուղղված գործողություններին Դոնբասում։


Նույն տարվա մայիսին նոր ուկրաինական իշխանությունները Սարգսյանին միջազգային հետախուզման հայտարարեցին, որից հետո նա սկսեց ապրել Կիևի վերահսկողությունից դուրս գտնվող Դոնբասի տարածքում և Ռուսաստանում։


Ինքնահռչակ ԴԺՀ-ում Սարգսյանը արագ մտերմացավ Գորլովկայի ռուսամետ վարչակազմի ղեկավար Իվան Պրիխոդկոյի հետ և պահպանեց ազդեցությունը քաղաքի ստվերային տնտեսության վրա։ Բացի այդ, նա շարունակեց կապերը Իվանուշչենկոյի հետ, ով նույնպես հայտարարված էր հետախուզման մեջ և բնակվում էր Ուկրաինայից դուրս (ըստ «Украинская правда»-ի՝ Մոնակոյում)։ Մասնավորապես, Սարգսյանը օգնում էր նրան Օդեսայում սեփականության վերաբաշխման հարցերում և հետևում էր նրա ակտիվներին ինքնահռչակ ԴԺՀ-ի տարածքում (Իվանուշչենկոն չէր կարողանում լեզու գտնել «հանրապետության» իշխանությունների հետ, ինչի պատճառով հայտնվել էր նրանց «սանկցիաների» տակ)։


Պաշտոնապես Սարգսյանը շարունակում էր գլխավորել ԴԺՀ-ի Բոքսի ֆեդերացիան, իսկ 2020 թվականին նրան նույնիսկ հայտարարեցին Գորլովկայի պատվավոր քաղաքացի։


Այս շրջանում Արմեն Գորլովսկին ակտիվորեն ներթափանցում էր ռուսական բիզնես ոլորտ։ ՌԲԿ-ի տվյալներով՝ նա համասեփականատեր էր Մոսկվայի «Ռիթեյլ Գրուպ» (վարձակալություն և սեփական կամ վարձակալված անշարժ գույքի կառավարում) և «Թկլաբ» (ծխախոտային արտադրանքի մեծածախ առևտուր) ընկերություններում, ինչպես նաև ուներ 99,64% բաժնեմաս «ԱԲ Գրուպ» ներդրումային ընկերությունում։


2022 թվականին Սարգսյանը դարձավ ազդեցիկ դաշտային հրամանատար ռուս-ուկրաինական պատերազմում՝ գրեթե դառնալով Եվգենի Պրիգոժինի մրցակից


Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ ներխուժման սկզբից Սարգսյանը բացահայտ աջակցեց ռուսական ագրեսիային։ 2022 թվականի սեպտեմբերին նա հավաքեց «Արբատ» («Հայկական գումարտակ») կամավորական ստորաբաժանումը, որը սկսեց գործել Դոնեցկի շրջանում՝ ՌԴ բանակի կազմում։


Ուկրաինական հետախուզության (ԳՈՒՐ) տվյալներով՝ նույն տարվա նոյեմբերին ռուսական իշխանությունները Սարգսյանին հանձնարարեցին հավաքագրել կալանյալներին՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ուկրաինայի օկուպացված տարածքներում։ Ըստ ԳՈՒՐ-ի վարկածի, Կրեմլը նրան դիտարկում էր որպես լոյալ այլընտրանք ՉՎԿ Վագների հիմնադիր Եվգենի Պրիգոժինին, որի ազդեցությունն այդ պահին աճում էր։ Սակայն ուկրաինական գերատեսչությունը Սարգսյանի գործունեության մանրամասներ չէր ներկայացնում։


Մոսկվայում Սարգսյանի աշխատանքը բարձր գնահատվեց։ 2023 թվականի հուլիսին «Արբատ» գումարտակը պաշտոնապես ընդգրկվեց ՌԴ ՊՆ կազմում, իսկ նրա մարտիկներին օրհնեց Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսը։ Նույն ժամանակ գումարտակի նոր հրամանատար դարձավ նախկին հանցագործ Հայկ Գասպարյանը, որը դատապարտված էր ութ տարի զինված կողոպուտի համար, սակայն վաղաժամկետ ազատ էր արձակվել ՉՎԿ Վագների միջոցով։ 2022 թվականի դեկտեմբերին Վլադիմիր Պուտինը նրան պարգևատրել էր «Խիզախության մեդալով»։


2024 թվականի աշնանը գումարտակը տեղափոխվեց Կուրսկի մարզ, որի մի մասը գտնվում էր Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողության տակ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի Քննչական կոմիտեն հայտարարեց, որ Ռոստով-դոնում «Արբատ» ռազմական բազայում զինյալներ են պատրաստվում՝ Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար, քանի որ նա սկսել էր հեռանալ Մոսկվայից։


Սարգսյանը պատերազմի գոտում գրեթե չէր հայտնվում՝ նա հիմնականում զբաղված էր բիզնեսով Մոսկվայում


2024 թվականի փետրվարին Սարգսյանի անունը հայտնվեց քրեական քրոնիկայում․ նրա թիկնապահները կրակոցներ փոխանակեցին չեչենական ՄՄԱ մարտիկ Ռասուլ Օչաևի հետ՝ այն բանից հետո, երբ վերջինիս մեքենան բախվեց Սարգսյանի դստեր՝ Էմիլիայի ավտոմեքենային։ Այն ժամանակ լուրեր տարածվեցին, որ Սարգսյանը կոնֆլիկտի մեջ է մտել չեչենական վերնախավերի հետ, թեև 2022 թվականի մայիսին նա լուսանկարվել էր Ադամ Դելիմխանովի հետ, իսկ 2024 թվականի հոկտեմբերին ծննդյան օրը շնորհավորել էր Ռամզան Կադիրովի եղբորը՝ Վիսիթին։ Սակայն, եթե անգամ Սարգսյանի և չեչենների միջև լարվածություն եղել էր, այն ավարտվեց դոնբասցի գործարարի հաղթանակով․ Ռասուլ Օչաևը դատապարտվեց երեքուկես տարվա ազատազրկման՝ առողջությանը ծանր վնաս հասցնելու համար։


Մեկ տարի անց, 2025 թվականի փետրվարի 3-ի առավոտյան, Մոսկվայի «Ալые паруса» բնակելի համալիրում, որտեղ Սարգսյանը վարձակալել էր բնակարան, տեղի ունեցավ պայթյուն։


Այդ պահին Սարգսյանը վերելակից դուրս էր գալիս երկու ուղեկիցների հետ, ովքեր նախկինում կապ էին ունեցել Ուկրաինայի հետ՝ Վիկտոր Յանուկովիչի նախկին թիկնապահ Սերգեյ Շկրյաբատովսկու և Ղրիմի հատուկ նշանակության ուժերի նախկին սպա Օլեգ Կասպերովիչի, ով 2014-ին անցել էր Ռուսաստանի կողմը և դարձել Սարգսյանի թիկնապահը։ Պայթյունի հետևանքով Շկրյաբատովսկին, Կասպերովիչը, ինչպես նաև շենքի բնակչուհի Դարյա Կարսելաձեն, ով պատահաբար գտնվել էր մուտքում, ծանր վիրավորվեցին։ Սարգսյանը մահացավ վերակենդանացման բաժանմունքում։


Հետաքննության վարկածները


Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց «երկու և ավելի անձանց սպանության և սպանության փորձի» հոդվածով (ՌԴ ՔՕ 105-րդ հոդված)։

Հետաքննության տվյալներով՝ պայթյունը, հնարավոր է, իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից, որը, ենթադրաբար, Հայաստանից էր։

Սկզբնական վարկածով՝ սպանությունը կապված է Սարգսյանի բիզնեսի հետ ազդեցության ոլորտների վերաբաշխման հետ։ Սակայն քննիչները չեն բացառում նաև «ուկրաինական հետքը»։


2024 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը Սարգսյանի դեմ քրեական գործ էր հարուցել երկու հոդվածով՝ «ապօրինի զինված կազմավորումների կամավոր մասնակցություն» և «ագրեսոր պետությանը աջակցություն»։


Եթե հետաքննության ընթացքում հաստատվի այս վարկածը, Քննչական կոմիտեն հայտարարել է, որ գործը կվերաորակավորվի այլ հոդվածով։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page