17.04.2022
Ապրիլի 17-ին լրանում է ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի 90 ամյակը: Պետական, քաղաքական նշանավոր գործիչը, գործելով երկու հասարակարգերի հատման ժամանակաշրջանում, յուրահատուկ նվիրվածություն ու հոգածություն դրսեւորեց իր ժողովրդի բախտի հանդեպ: Ճակատագրի բերումով եղավ հին հասարակարգի շենացնողը, միաժամանակ՝ նորի անաչառ գնահատողն ու կշռադատ ջանադիրը՝ ուսերին առնելով նոր պայմաններում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման դժվարին պատասխանատվության ողբերգականորեն ընդհատված դերակատարությունը:
42 տարեկանում նա ընտրվեց Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար եւ երկիրը կառավարեց 1974-1988 թվերին: Պոլիտեխնիկի նախկին սանը, Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանի վարպետից մինչեւ տնօրեն հասած Երեւանի քաղկոմի, ապա ՀԿԿ Կենտկոմի քարտուղար աշխատած խոստումնալից կազմակերպիչն ուներ երկրի ապագայի վերաբերյալ սեփական հայեցակարգը: Նա Հայաստանը պատկերացնում էր քիչ էներգատար ու նվազ ռեսուրսատար զարգացած արդյունաբերությամբ, ինտենսիվ գյուղատնտեսությամբ ու բնապահպանական առումով անվտանգ երկիր, ինչպիսին էր Շվեյցարիան:
Կարեն Դեմիրճյանին այս պաշտոնում առաջադրելիս չեն եղել բարեխոսներ, ինչպես դա ընդունված էր այն ժամանակ: Մոսկվայում նա նույնիսկ փորձեց քաղաքավարությամբ մերժել առաջարկությունը: Սակայն նրան հուշեցին, որ հրաժարումը կարող է վախկոտություն դիտվել: Նրա «բարեխոսներն» էին աշխատասիրությունը, ազնվությունն ու սկզբունքայնությունը: Ստանձնելով նոր պաշտոնը՝ Կարեն Դեմիրճյանը հոգատարությամբ վերաբերվեց հանրապետության կադրային ռեսուրսին՝ համախմբելով ու հնարավորություն տալով լավագույններին ինքնադրսեւորվելու: Կարեն Սերոբիչը, ինչպես դիմում էին նրան գործընկերները, մարդկանց լսելու, կարծիքներ համադրելու, դրանց հիման վրա եզրակացություններ անելու բացառիկ ձիրք ուներ:
Որեւէ գործ սկսելիս սիրում էր խորանալ մանրամասների մեջ՝ նշելով, որ չի կարելի ճանապարհ ընկնել՝ չիմանալով այդ ճանապարհը: Թեեւ գիտեր տեղին ու ժամանակին անել խիստ դիտողություններ, բայց ամենապայթյունավտանգ իրավիճակներում էլ նրան բնորոշ էին հավասարակշիռ կեցվածքն ու սառնասրտությունը: Նրան խորթ էին աղմկարարությունը, ցուցամոլությունը: Ամենաբարդ խնդիրներն էլ լուծում էր հանգիստ, աշխատանքային սովորական ռիթմով: Հրաշալի էր տիրապետում ճիշտ հանձնարարականներ տալու եւ վերահսկելու արվեստին: Իր առաջին իսկ ելույթներում կարեւորեց անկեղծ քննադատությունն ու ազատ խոսքը: Ովքեր ապրել են խորհրդային ժամանակներում, հիշում են, որ կային թեմաներ, որոնց մասին ընդունված չէր խոսել բարձրաձայն: Հասարակարգի համար դա կարող էր վարկաբեկիչ լինել: Կարեն Դեմիրճյանը հնարավորինս բացեց շատ փակագծեր՝ չքողարկելով առկա դժվարություններն ու բացթողումները: Բարձրացված հարցերը, խնդիրների լուծման մեթոդներն ու առաջարկությունները թարմության շունչ էին պարունակում:
Նման մոտեցումը նորություն էր ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ Խորհրդային Միությունում: Սակայն, որքան էլ ազնիվ լինեին նրա մղումները, հասկանալի է, որ դրանք չէին կարող ամբողջությամբ կյանքի կոչվել հսկայական երկրի մի փոքրիկ անկյունում, որը կրում էր մեծ կտորի բազմաբնույթ ու բազմաշերտ ազդեցությունը: Միայն 10 տարի անց հսկա միությունում սկսվեց վերակառուցման գործընթաց, որի շատ ու շատ մտքեր ու մոտեցումներ վաղուց հնչել էին Հայաստանում: Այո՛, լինում է այնպես, որ մարդն ուշացած է գալիս ասպարեզ կամ ընդհակառակը՝ գալիս է ժամանակից շուտ, ու ամենամեծ ցանկության դեպքում էլ պայմանները թույլ չեն տալիս ամբողջությամբ իրականացնել սեփական երազանքները: Մնում է անել հնարավորը: Կարեն Դեմիրճյանի հետ եւս այդպես պատահեց:
Բնականաբար, եղան նաեւ խնդիրներ, որոնց առնչությամբ նրա ջանքերը հանրության կողմից մնացին աննկատ ու ոչ պատշաճ գնահատված. 1977 թ. մոսկովյան կենտրոնից պահանջեցին, որ Հայաստանն ընդունի զարգացած սոցիալիզմի սահմանադրությունը, որում ամրագրված լինի ռուսերենի պետական լեզու լինելը: Նա միակն էր Անդրկովկասի իր կոլեգաների մեջ, որ բացահայտ դեմ գնաց դրան՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում ստիպված կլինի հրաժարականի դիմում գրել: Շատ քչերը գիտեն, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու որոշման համար նա տարիներ շարունակ թակում էր մոսկովյան չինովնիկների դռները՝ բացատրելով ու հասունացնելով որոշման ընդունման անհրաժեշտությունը: Զարմանալի ներզգացողությամբ, դեռեւս 1987 թվին նա հասավ ԱԷԿ-ի փակման որոշման կայացմանը, որը, սակայն, հեռատեսորեն չկիրառվեց, անգամ չհրապարակվեց՝ խնդիր դնելով դա իրականացնել միայն էներգիայի այլ աղբյուրներից բավարար պաշարներ ստեղծելու պարագայում:
Այսինքն, Սպիտակի երկրաշարժից մեկ-մեկուկես տարի առաջ արդեն կայացվել էր ատոմակայանի փակման որոշում, որը հետագայում կամայականորեն կիրառվեց այլոց կողմից՝ առանց այլընտրանք առաջարկելու: Բնապահպանական տեսանկյունից մեծ նշանակություն ունեցան Սեւանա լճի հիմնախնդրի լուծումը, թունավոր մի շարք ձեռնարկությունների անվտանգացումը: Նախագիծ մշակվեց «Նաիրիտը» լայն սպառման ապրանքների արտադրության վերամասնագիտացնելու մասին եւ այլն: Եթե շատ բաներ չհասցրեց անել, դա իր մեղքը չէր: Կարեն Դեմիրճյանի կատարած աշխատանքների մասին կարելի է խոսել շատ երկար: Նրա ջանքերի արդյունքում Խորհրդային Հայաստանը բարձր անուն ու հեղինակություն վաստակեց 15 հանրապետությունների շարքում: Գիտության, մշակույթի ու մտավոր ներուժի կենտրոն կառուցելու նրա անուրանալի վաստակը նկատի ունենալով՝ ժողովուրդը մեկ անգամ չէ, որ հնչեցրել է նրան բնութագրող ամենատիպական բառը՝ Շինարար:
Կարեն Դեմիրճյանը հպարտ ու բարձր արժանապատվությամբ օժտված անհատականություն էր: Ի տարբերություն հարեւան երկրի շողոքորթ ղեկավարի, նա իր ժողովրդի կենսական հարցերը լուծում էր այն մարդկանց միջոցով, ովքեր իր մեջ գնահատում էին հենց բարձր առաքինությունները: Այնտեղ՝ մոսկովյան կենտրոնում էլ մարդիկ տարբեր էին, ու քիչ չէին այնպիսիք, որ համակրում էին բարձրահասակ, ժպտերես ու ազնիվ հայորդուն: Ավագ սերնդի մարդկանց մոտ դեռեւս պահպանված կլինեն հիշողություններ այն մասին, որ սննդամթերքի, հագուստի, կենցաղային իրերի մատակարարման հարցերում Հայաստանը գտնվում էր շատ ու շատ հանրապետություններից ավելի ապահովված վիճակում: Հայաստան այցելած զբոսաշրջիկները տուն էին վերադառնում բեռնավորված՝ ոչ միայն բարձր պահանջարկ վայելող հայկական ապրանքներով, այլեւ երբեմն իրենց երկրների արտադրանքով:
Խորհրդային երկրի 3 տարբեր գլխավոր քարտուղարներ նրան տեսնում էին միութենական մակարդակի պաշտոններում, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ նշանակումը չկայացավ: Երիտասարդ տարիքում ձեռք բերած հաջողություններն ու վայելած համաժողովրդական սերը հաճախ խանդ էին ծնում այն չինովնիկների մոտ, ովքեր նրա մեջ տեսնում էին իրենց մրցակցին: Մոսկվայում սկսեցին շրջանառել մի կարծիք, թե Կարեն Դեմիրճյանի նկատմամբ Հայաստանում ձեւավորվում է անհատի պաշտամունք, մինչդեռ կուսակցությա՛նն է պետք սիրել եւ ոչ թե նրա ղեկավարին: Իսկ երբեմն էլ, ինչպես Մ. Գորբաչովի դեպքում, հանդես էր բերվում բացահայտ չարակամություն: Դրան տեղիք էր տալիս վերակառուցման քաղաքականության այս կամ այն դետալի վերաբերյալ Դեմիրճյանի լռությունը կամ ոչ խանդավառ կեցվածքը:
Այդպիսիներից էին, օրինակ, ալկոհոլիզմի դեմ պայքարն ու դրա հետեւանքով խաղողագործությանը հասցվող վնասները: 1987թ. հունիսին մոսկովյան ամբիոնից Գորբաչովը քննադատություն հնչեցրեց Հայաստանի հասցեին՝ նշելով, որ վերակառուցումն այստեղ տեղապտույտ է տալիս: Ժամանակի հեռվից զավեշտական է դիտվում նման վերաբերմունքը, հատկապես մի մարդու կողմից, ով իրեն համարում էր վերակառուցման կնքահայրը, բայց այն իրականացնում էր առանց վերջնական նպատակը հասկանալու, խարխափելով մթության մեջ, ուրիշներին ու իրեն էլ մոլորեցնելով պոպուլիստական արտահայտություններով, ի վերջո հսկայական երկիրը հասցնելով փլուզման:
Դա կատարյալ ապաշնորհություն էր, եթե ի սկզբանե հենց այդպիսի նպատակ չէր հետապնդվել:
1988 թվին սկսվեց ղարաբաղյան շարժումը: Ազատության հրապարակը եռում էր մարդկային զանգվածների հրաբորբոք կրքերից: Կարեն Դեմիրճյանը չգնաց խաբեության ճանապարհով: Նա հարթակ բարձրացավ ու անկեղծորեն ասաց իր կարծիքը, որը չէր համընկնում մասսաների ցանկությանը: Առաջացավ խզում: Նա արժանապատվորեն հեռացավ ասպարեզից: Իսկ Մոսկվայում փորձեցին նրան մեղադրել այդ շարժումը հրահրելու եւ նացիոնալիզմի մեջ: Պատահական չէ, որ նրան «սեփական դիմումի համաձայն» աշխատանքից ազատեցին Ադրբեջանի ղեկավար Բաղիրովի հետ նույն օրերին: Մոսկվան հավասարության նշան էր փորձում դնել Սումգայիթ ծնած Բաքվի ու խաղաղ ցույցեր կազմակերպած Երեւանի միջեւ:
Փորձառության ծաղկունքում գտնվող 57-ամյա «թոշակառուին» համառորեն ոչ մի աշխատանք չէին առաջարկում: Նույնիսկ, երբ երկրաշարժից հետո դիմեց Նիկոլայ Ռիժկովին՝ իր ուժերն աղետի գոտում օգտագործելու համար, պատասխան չստացավ: Քչերը գիտեն, որ իր ժողովրդի համար օրհասական պահին նա պատրաստ էր աղետի գոտում անգամ աշխղեկ աշխատել: Սակայն դրան խանգարում էր Գորբաչովի վերաբերմունքը: Վերջինս Դեմիրճյանին մեղադրում էր ոչ միայն նացիոնալիզմի, այլեւ կոռուպցիայի ու հովանավորչության մեջ, ասես դա զուտ հայկական դրսեւորում էր: Բոլորովին էլ չժխտելով այդ երեւույթների առկայությունը Հայաստանում, նշենք, որ 14 տարի երկրի առաջին դեմք, հետագայում ՀՀ ԱԺ նախագահ աշխատած մարդու «կոռուպցիայի» արդյունքը տրամաբանորեն պիտի լիներ այն, որ նրա ընտանիքն ունենար մասշտաբային սեփականություններ, ինչպես այլք: Մինչդեռ սեփական առանձնատուն չունենալու փաստն անգամ արդեն իսկ խոսուն է:
Ասում են՝ ամենակարեւոր եզրակացությունները մարդիկ անում են համեմատության արդյունքում: Գրեթե 10 տարի անց ժողովուրդն իր հայացքը կրկին հառեց Կարեն Դեմիրճյանին՝ ակնկալությամբ, որ նա վերադառնա քաղաքականություն: Հենց այդ տրամադրությունները հաշվի առնելով ու նրանց հուսախաբ չանելու նպատակով էլ նա 1999թ. մարտին սեղմեց իրեն ուղղված Վազգեն Սարգսյանի ձեռքը: Վերջինս ոչ միայն հարգանք ու ակնածանք էր տածում նրա հանդեպ, այլեւ շատ լավ հասկանում էր այն կարծիքի արհեստածին լինելը, ըստ որի՝ Դեմիրճյանը կարող էր ղեկավարել միայն խորհրդային ժամանակներում՝ կենտրոնի կողմից տրված անխափան ֆինանսավորմամբ: Դրա ամենապարզ հակափաստարկն այն էր, որ 90-ական թթ. դժվար տարիներին նա կարողացել էր աշխատեցնել Հայկական էլեկտրամեքենաշինական գործարանը եւ երկրի տնտեսությունը գիտեր ներսից՝ ոչ միայն մակրո, այլեւ միկրո մակարդակով: Նա պահանջված գործիչ էր նոր ժամանակներում եւս:
«Միասնություն» դաշինքը ասպարեզ մտավ վերածննդի համոզմունքով: Ձեւավորված միասնությունը հասարակ ժողովրդի համար փրկօղակ էր, վաղվա հանդեպ՝ հավատի հզոր աղբյուր: Հանապազօրյա աղոթք՝ սիրելի, բայց հանկարծակիորեն ընդհատված…
Ոչինչ հենց այնպես չի կորչում: Մտքերը, գաղափարներն ու հնչեցրած խնդիրները մի օր դուրս են բերվում դարակներից ու մաքրվում մոռացության փոշուց: Նրանք ու իրենց ծնած կերպարները սկզբում դանդաղ, ապա շռնդալից հեղեղում են մարդկային հոգիներն ու ուղեղները՝ համախմբելով եւ ուղղորդելով նրանց դեպի մեծ ու սքանչելի գործեր: Այդպիսիները՝ որպես խարիզմատիկ անհատականություններ, դարձյալ առաջնորդում են մարդկանց, ինչպես կենդանության օրոք: Դա, վստահաբար, կարող է վերաբերել Կարեն Սերոբի Դեմիրճյանին՝ մեծ ու պահանջված անհատին:
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՄՏՔԵՐԻՑ
«Մեր ժողովուրդը մանկան պես միամիտ է ու դյուրահավատ։ Նա ծանր պատմություն է ունեցել, նրան շատ են խաբել։ Ես երբեք չեմ խաբի ժողովրդին։ Եվ եթե իմ գործունեություն ընթացքում ինձ հաջողվի թեկուզ փոքր-ինչ բարձրացնել ազգի մակարդակը, իմ պատմական առաքելությունը կհամարեմ կատարած»։
«Իբրև ողորմություն մի խնդրիր այն, ինչ կարող ես ուժով կամ խելքով ձեռք բերել»։
«Մենք փոքր երկիր ենք և ոչ մեկին չենք կարող զարմացնել մեր արտադրանքի ծավալներով և քանակով։ Մենք կարող ենք և պարտավոր ենք տեղ գրավել աշխարհում միայն փոքրածավալ, գիտական առաջատար միտք պարունակող, բարձր որակ, միջազգային ստանդարտների համապատասխանող և դրանք գերազանցող արտադրանքով»։
«Ղեկավարի արժանիքը ոչ այնքան այն է, թե ինչ նպատակներ է նա դնում իր առջև, որքան այն, թե ինչքանով է ռեալ այդ նպատակների իրականացման աստիճանը։ Սա մի ձող է, որն ունի երկու ծայր։ Վեհ, ազնիվ, բայց անիրականալի նպատակն ավելի վտանգավոր է, քան որևէ այլ բան։ Չէ՞ որ մյուս ծայրով ձողը հարվածում է ղեկավարին։ Հնարավորություններով չամրապնդված քաղաքական նպատակների առաջքաշումը բախտախնդրություն է»։
«Արժանապատիվ պետք է ապրել՝ հույսը սեփական ուժին ապավինելով»…
«Ուզում եմ, որ հպարտ ասենք, որ հայ ենք, որ ծաղկող հայրենիք ունենք, որի գիտությունը գիտություն է, մշակույթը` մշակույթ: Մեր Հայրենիքը կարող է թռիչքներ անել»…
ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՄԱՍԻՆ
«Հոգևոր, մարմնավոր, մտավոր արատներից ազատ մարդ էր, ասել է թե ՝ ազատ էր թաքուն կամ բաց ճիգից իր որևէ արատը սքողելու.. Տասնամյակների իշխանությունը և տարիքը ի զորու չեղան այդ եզակի կառույցը խարխլել – իշխանությունը՝ կեցվածքի ամբարտավանությամբ, տարիքը՝ տարեցի վեհերոտությամբ, իր բաժին աշխարհի վերջի անթոթափելի երկյուղով և սրանից արտածվող ագահությամբ ու չարացածությամբ, որ ծերերի բերանը անեծքով է լցնում: Դեմիրճյանը մեծանում էր, բայց չէր ծերանում…»
Հրանտ Մաթևոսյան
«Կինը նարկոզից հետո գիտակցության չէր գալիս: Ծննդաբերությունը ծանր էր անցել: Երեխան ծնվել էր թեև խոշոր, սակայն կապտած և անշունչ, առանց նորածիններին հատուկ սովորական ճիչի: Բժիշկների բոլոր ջանքերը՝ կյանք վերադարձնել երեխային, չօգնեցին և, կորցնելով հույսերը, երեխային դրեցին դույլի մեջ՝ դուրս տանելու, իսկ իրենք սկսեցին զբաղվել մոր հետ՝ գոնե նրա կյանքը փրկելու հույսով: Սանիտարուհին վերցրեց դույլը և երեխային, որպես մեռելածին, դուրս տարավ: Ճանապարհին թույլ ճիչ լսեց, ուշադրությունը լարեց և համոզվեց, որ ձայնը դույլից է լսվում: Երբ թեքվեց դեպի երեխան՝ նա արդեն ճչում էր ամբողջ կոկորդով: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվեց փրկել նաև մոր կյանքը: Այդպես բարեհաջող ավարտվեց երեխայի ծնունդը, որը թվում էր՝ ողբերգական վախճան էր ունենալու: 1932 թ. ապրիլի 17-ն էր: Հրաշքով փրկված նորածինը՝ Կարեն Դեմիրճյանը, իսկ ծննդաբերողը՝ նրա մայրը՝ Լյուսյա Դեմիրճյանը»։
Ռիմա Դեմիրճյան «Հիշատակ»
«Կան մարդիկ, որոնց կյանքը որքան էլ դաժանորեն և անժամանակ ընդհատվելիս լինի, դարձյալ կենդանի են մնում ապրողների, ժովովրդի հիշողության մեջ: Եվ որքան անարդար, ահավոր ու անհեթեթ է թվում մեզ ճակատագրի կամքը, այնքան ավելի այդ հիշատակն անջինջ է ու թանկ: Այդ դեպքում մեր գիտակցությունը մշտապես ավելի արդարացի ու վեր է քմահաճ բախտից: Ես հենց այդպիսի մարդկանց կարգին եմ դասում նաև իմ պանծալի ընկերոջը՝ Կարեն Դեմիրճյանին, որին համարում եմ մեկն այն մտերիմ մարդկանցից, որոնց, ցավոք, վիճակվել է կորցնել…»։
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձե
Comments