Ո՞վ պատասխան կտա...

13 ապրիլի 2020, ՀՀ


Թուրքիայի նախագահ Էրդողանը չի ընդունել այդ երկրի ներքին գործերի նախարարի հրաժարականը: Նախարարը հրաժարական էր տվել հանգստյան օրերին սոցցանցերում տարածված լուսանկարներից հետո, որոնցում մարդկային մեծ կուտակումներ էին խանութների մոտ՝ կարանտինի պայմաններում: Թուրքիայի նախարարը հայտարարել է, թե այդ ամենի համար պատասխանատու է անձամբ ինքը, որ հնարավոր չի եղել ապահովել արտակարգ դրությունն ու կարանտինը:


Անցնող օրերին հայկական սոցցանցում էլ տարածվել են մեծ թվով լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք պատկերում էին Հայաստանում արտակարգ դրության ու կարանտինի պայմաններում մարդկային մեծ կուտակումներ Երեւանի ու այլ քաղաքների խանութներում, շուկաներում:


Այդ ամենը տվել է նաեւ խոսակցության առիթ, որ իրավիճակը վերահսկելու հարցում բավարար կարողություն չի դրսեւորում ոստիկանությունը: Կլինի՞ Հայաստանում նոր նշանակված ոստիկանապետի հրաժարական, որն իր վրա կվերցնի անցնող օրերի մարդաշատության պատասխանատվությունը, թե՞ Հայաստանում արտակարգ դրության ու կարանտինի պատկերը ոչ թե ոստիկանության անկարողությունն է, այլ պարզապես իրավիճակին հետեւելու պարետատան խիստ ցուցումների կամ վարչապետի խիստ ցուցումների բացակայությունը:

Հայաստանում տարածված լուսանկարների ֆոնին շատերն են հարցնում, թե որն է իրենց տանը մնալու իմաստը, եթե ոչ բոլորն են պահպանում կարանտինն ու դուրս գալով, նպաստում վարակի տարածմանը: Մյուս կողմից, այստեղ իրավիճակը հարաբերական է, որովհետեւ տանը մնալն ունի ոչ միայն չտարածելու, այլ նաեւ վարակվելու, այսինքն նաեւ անձնական պաշտպանության իմաստ:

Բայց, ընդհանուր առմամբ ակնառու է, որ կար հարցը՝ ինչու չի իրականացվում կարանտինի խիստ հսկողություն: Միեւնույն ժամանակ, կա թերեւս նաեւ մեկ այլ հարց՝ իսկ արդյոք այդ խստագույն հսկողությունը էապես փոխելու է որեւէ բան: Առողջապահության ոլորտի մի շարք մասնագետներ խոսում են այն մասին, որ համաճարակի դեմ պայքարի թերեւս միակ իրատեսական ճանապարհը այսպես ասած իմունային պատնեշի ձեւավորումն է, որ ստացվելու է, երբ հանրության մի որոշակի շերտ կվարակվի ու կառողջանա: Հայաստանում ներկայիս թիվը՝ 1000-ից փոքր ինչ ավելի, բավական հեռու է այդ իմունային պատնեշի ձեւավորումից: Ըստ այդմ, թերեւս պետք է այդ տրամաբանության շրջանակում դիտարկել կարանտինի ռեժիմը աստիճանաբար թուլացնելու հնարավորությունը, ինչը նպաստավոր կլինի նաեւ տնտեսության առողջության համար:

Հայաստանում երկարաձգված արտակարգ դրության ռեժիմն այդ իմաստով որոշակի թուլացվել է եւ կառավարությունը թույլ է տվել մի շարք տնտեսական գործունեության տեսակների իրականացումը:

Արդյոք հնարավոր է պատկերացնել, որ խստագույն կարանտինի միջոցով կարելի է հասնել վարակի զրոյացման: Տեսականում՝ գուցե, բայց գործնականում դա անհնար է, ընդ որում ոչ միայն Հայաստանում: Դրա վկայությունն է, որ աշխարհի գործնականում բոլոր երկրներում ընտրվել է դանդաղ վարակվելու տարբերակը:

Բայց, այստեղ կա թերեւս մի հարց էլ, որն ուրվագծվում է հանային տրամադրության որոշակի ելեւէջներում: Կա մտայնություն, որ կարանտինը չի պահպանվում, որովհետեւ ոստիկանությունը չունի դրա ուժը, կամ այլ կերպ ասած՝ կառավարությունը չունի կարանտինը պահպանելու ուժ: Իսկ այդ մտայնությունը դառնում է որոշակիորեն կորստաբեր այլ, ավելի լայն իմաստով: Ցանկալի չէ, որպեսզի երկրում ձեւավորվի մտայնություն, որ կառավարությունը չունի արտակարգ դրություն սպասարկելու բավարար ուժ:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

LRAGIR

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան