Մարգարիտա Խլղաթյանի՝ մոխիրներից ծնված սկիզբը. երկրաշարժի սարսափելի կորստից մինչև ինքնուրույն կերտած արվեստ ու բիզնես
- YO
- 8 минут назад
- 16 мин. чтения
23.12.2025

2024 թվականի դեկտեմբերյան մի երեկո Գլենդելի «Ռենեսանս» շքեղ սրահում Մարգարիտա Խլղաթյանն ուղիղ բեմի կենտրոնում էր։ Ավելի քան 400 հյուրերով լեցուն դահլիճում քիչ առաջ եզրափակվեց նրա նոր երգերի՝ «Օրոր քաջ որդուս»-ի ու «Իմ Սուրբ Յոթվերք»-ի պրեմիերան։ Մեղեդին մարում էր, բայց աչքերում թաքնված փայլ կար. նրա երգը նվիրված էր հարազատ Գյումրու սրտում կանգուն Սուրբ Յոթվերք եկեղեցուն։
Այն օրը նրա ծննդյան տարեդարձն էր, բայց հանդիսությունը սովորական ծննդյան խնջույք չէր։ Սա մի յուրահատուկ հոբելյան էր՝ նշանավորելով նաև Խլղաթյանի ստեղծագործական գործունեության 15-ամյա ուղին, որը բեղուն աշնան պես հարստացրել է հայկական երաժշտությունն ու մշակույթի գանձարանը։ Համայնքի սիրելի արվեստագետներ, բժիշկներ, մտավորականներ ու պաշտոնյաներ շրջապատել էին նրան՝ նշելու բացառիկ մի կյանքի հաղթանակը դժբախտությունների հանդեպ։ Ելույթի ընթացքում ցուցադրվեց նաև նրա կյանքին ու ուղուն նվիրված տեսանյութը, որը բազմաթիվ մտորումներ առաջացրեց ներկաների մոտ։ Բոլորը տեսան, թե ինչպես է այս նուրբ, արտիստիկ հոգու և աննկուն կամքի համադրությունը նրան հասցրել միաժամանակ փայլելու թե՛ բիզնեսում, թե՛ արվեստում՝ մի երևույթ, որ իսկապես հազվադեպ է հանդիպում։ Երեկոյի ավարտին Մարգարիտա Խլղաթյանը բեմից իջավ դահլիճ և անձամբ մոտեցավ յուրաքանչյուր հյուրի՝ ջերմ խոսք փոխանակելու համար։ Խլղաթյանը ժպտում էր՝ ակնհայտ հուզմունքը աչքերին, մինչ հյուրերը կանգնած ողջունում էին նրան բուռն ծափահարություններով։
Այդ պահի մեջ մարմնավորված էր մի ամբողջ կյանքի պատմություն․ մի պատմություն այն մասին, թե ինչպես կարելի է փլատակներից վեր հառնել, կյանքը նորից սկսել և նպատակին հասնել՝ որքան էլ աներևակայելի թվան ուղու խոչընդոտները։ Անկախ նրա ներկայիս փառքից ու ձեռքբերումներից՝ Մարգարիտա Խլղաթյանի հոգու խորքում միշտ ապրում է մի աղջիկ Գյումրիից, որ անցել է ցավի միջով և հաղթել դրան։ Այդ աղջկա պատմությունն ենք հրավիրում լսելու։
Մարգարիտա Սերյոժայի Խլղաթյանը ծնվել է սառնաշունչ դեկտեմբերյան մի օր, Հին Լենինականում՝ այժմյան Գյումրիում։ Ծննդյան պահից նա մեծ երջանկություն ու ջերմություն բերեց Խլղաթյանների ընտանիքին։ Ծնողներն իրեն մեծացրել են սիրով ու հայեցի դաստիարակությամբ, ինչը ձևավորել է Մարգարիտայի աշխարհայացքը դեռ փոքրուց։

Նա աչքի էր ընկնում դասերում և գերազանցությամբ ավարտեց Գյումրիի Արտյոմ Պետրոսյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցը, որտեղ խորացված ուսանում էին ֆրանսերեն։

Դպրոցին զուգահեռ՝ Մարգարիտան հաճախում էր նաև Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց՝ դաշնամուրի դասարան, քանզի մանկուց սեր ուներ երաժշտության և երգի հանդեպ։ Նա տաղանդավոր էր նաև այս ոլորտում, սակայն ճակատագիրն այլ ուղի նախանշեց նրա համար։

Դպրոցն ավարտելուց հետո Մարգարիտան ընդունվեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագործական ֆակուլտետը՝ փոխելով իր մանկության իղձերից մեկը արվեստի ոլորտում սովորելու։
Մարգարիտա Խլղաթյանի երիտասարդությունը
Ուսումնառության տարիներին նա չէր մոռանում երաժշտության հանդեպ սերը, սակայն ամբողջ կենտրոնացմամբ խորանում էր դեղագործական գիտելիքների մեջ։ Համալսարանն ավարտեց գերազանցությամբ և անմիջապես վերադարձավ հարազատ Լենինական՝ սկսելու աշխատանքը բժշկի ճշգրտությամբ ու հոգատարությամբ, բայց այս անգամ՝ դեղատան առանցքում։ Նա աշխատանքի անցավ Լենինականի թիվ 1 դեղատանը որպես դեղագետ (դեղագործ) և շուտով հասցրեց իր գիտելիքներով ու նախաձեռնող բնավորությամբ աչքի ընկնել։

Երիտասարդ դեղագործուհին ոչ միայն աշխատասեր էր, այլև կենսուրախ ու հմայիչ։ Շատ չանցած՝ նրա կյանքում սիրո էջ բացվեց․ Մարգարիտան հանդիպեց ու ամուսնացավ մի խելացի երիտասարդի՝ Սպարտակ Պետոյանի հետ։ Ամուսինները ստեղծեցին ջերմ ու համերաշխ ընտանիք։ Կյանքը՝ ասես անվերջ հեքիաթ, օրերը՝ լեցուն փոխադարձ նվիրումով ու երջանկությամբ։ Այդ հեքիաթը դարձավ ավելի գունեղ, երբ լույս աշխարհ եկան զավակները՝ որդին Սուրենը և դուստրը Աստղիկը։ Երիտասարդ մայրն իր ողջ սրտով նվիրվել էր ընտանիքին, բայց միաժամանակ շարունակեց բարձրակարգ մասնագետի իր աճը։ Աշխատանքում նրա նվիրվածությունն ու ամբիցիաները նույնպես պտուղներ տվեցին․ որոշ ժամանակ անց Մարգարիտային վստահեցին ղեկավար պաշտոն՝ նա նշանակվեց Լենինականի թիվ 6 դեղատան բաժնի վարիչ։ Երիտասարդ տարիքում հասած այս հաջողությունները թվում էին միայն սկիզբը անսահման պայծառ ապագայի, և ամեն ինչ ընթանում էր հիանալի։
Սակայն 1988 թվականի դեկտեմբերի 7-ին կյանքն ընդհատվեց մի ակնթարթում։ Այդ օրը տեղի ունեցավ պատմության մեջ ամենասարսափելի էջերից մեկը՝ Սպիտակի երկրաշարժը։ Կասկած չկա, որ ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ընդամենը 20 վայրկյանից էլ պակաս ժամանակահատվածում դժոխքը կիջնի Հայաստանի վրա։ Սարսափելի ուժգնությամբ հարվածը գլխիվայր շրջեց ողջ հյուսիսային Հայաստանը։ Երկրաշարժը հողին հավասարեցրեց Սպիտակ քաղաքը և ահռելի վնաս հասցրեց նաև խոշորագույն հարևան քաղաքներին, այդ թվում՝ Լենինականին։ Պաշտոնական տվյալներով՝ աղետը խլեց առնվազն 25 000 մարդկային կյանք, որոշ գնահատումներով զոհերի թիվը հասավ 50 000-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցեց 100 000-ը, հարյուր հազարավոր մարդիկ մի ակնթարթում անօթևան մնացին անսահման դաժան ձմռան առաջ։ Հայ ժողովրդի համար դա աննկարագրելի վիշտ էր․ Լենինականը, որը դեռ երեկ լցված էր կյանքի ձայներով, այժմ կիսավեր ու լռած էր․ փոշու ու ավերակների մեջ բազմահազար հարազատներ անծայր ցավով փնտրում էին իրենց ընտանիքներին...

Մարգարիտա Խլղաթյանն այդ ճակատագրական պահին գտնվում էր իր ընտանիքի հետ Լենինականում։ Ամեն ինչ մեկ վայրկյանում փոխվեց․ տունը կործանվեց շուրջը, և հազարավոր կյանքեր մարում էին նրա քաղաքի փողոցներում։ Աղետի պահին ծնված շփոթությունն ու սարսափը հաղթահարելով՝ Մարգարիտան անմիջապես նետվեց օգնության գործին։ Չնայած իր անձնական վշտին՝ նա հավաքեց կամքը և միացավ քաղաքում սկսված փրկարարական ու օգնության աշխատանքներին։ Խլղաթյանի՝ ֆրանսերեն լեզվին տիրապետելու փաստը անգին դեր խաղաց այդ օրերին․ միջազգային արձագանքն անտարբեր չէր թողել ոչ ոքի, և առաջին օգնության հասածների թվում էին Ֆրանսիայից ժամանած բժիշկներ ու փրկարարներ։ Մարգարիտան, որպես քաղաքում հայտնի դեղագործ և ոչ պակաս կարևոր՝ որպես ֆրանսերենին տիրապետող նա օգնում էր դեղորայքի բաշխման գործում։ Հետերկրաշարժյան քաոսի մեջ նրա կազմակերպվածությունն ու մասնագիտական գիտելիքները փրկում էին բազմաթիվ կյանքեր։
Սակայն ոչ ոք չէր կարող կռահել, թե ինչ անձնական ողբերգություն էր միաժամանակ կատարվում նրա ներսում։ Երկրաշարժը մի ակնթարթում խլեց Մարգարիտայի ամենաթանկը՝ նրա ծնողները այդ օրը զոհվեցին՝ թաղվելով փլատակների տակ։

Կորցնելով ծնողներին և այլ հարազատների՝ աղջկա կամային ու ամուր հոգին թվում էր՝ փշրվեց։ Մարգարիտան մնաց անասելի ցավի հետ միայնակ։ Ժամանակը կարծես կանգ առավ նրա համար, աշխարհը կորցրել էր գույներն ու ձայները։ Այն, ինչ երեկ հանգիստ ու կարգավորված կյանք էր, այժմ փոխվել էր հավերժություն թվացող մղձավանջի։ «Եթե երկրաշարժը չլիներ... հարազատներս կլինեին կողքիս, չէի կորցնի ծնողներիս, ու հիմա, հեռավոր ԱՄՆ-ում ապրելով, չէի կարոտի նրանց սուրբ գերեզմանին»,– տարիներ անց խորը ցավով հիշեց Մարգարիտան։ Այդ պահին, սակայն, 1988-ի դեկտեմբերին, նա դեռ պետք է գտներ ուժ՝ ապրելու և առաջ շարժվելու համար, ուժ, որ կարծես անհնար էր գտնել այդ կորստի միջից։

Ուրիշի համար գուցե անհնարին լիներ ցավի այն ծանրությունը հաղթահարել, բայց Մարգարիտայի ներսում մի լույս դեռ մարած չէր։ 1989 թվականին այդ լույսը մարմնավորվեց նոր կյանքի ձևով․ ամիսներ անց երկրաշարժից, երբ Գյումրին դեռ տագնապի մեջ էր, ծնվեց նրա երրորդ երեխան՝ Նարեն։ Փոքրիկ դուստրը մի նոր իմաստ հաղորդեց նրա բեկված իրականությանը։ «Աղետից հետո Աստված կարծես վերցրեց ինձնից ամենաթանկը և վերադարձրեց երգին, մեղեդուն, որ դրա միջոցով արտահայտեմ իմ կարոտը, տխրությունը, սպասումը...»,– կասի նա հետագայում՝ հասկանալով, որ Նարեի ծնունդը պատահականություն չէր։ Նորածին Նարեն իր գոյությամբ մեջքը շտկեց տառապած մորն ու լցրեց նրա օրերը փոքրիկ, բայց իրական ուրախություններով։ Երբ Մարգարիտան գրկում էր նոր ծնված դստերը, արցունքները խառնվում էին ժպիտին․ սրտում դեռ մխում էր անդառնալի կորստի ցավը, բայց ձեռքերում զգում էր կյանքի շարունակության ջերմությունը։ Դա տվեց նրան ապրելու նոր նպատակ և պարտավորություն․ հիմա նա երեք երեխաների մայր էր, պետք է կարողանար հաղթահարել սեփական վիշտը՝ նրանց համար կանգուն մնալու, նրանց ապագան կերտելու համար։ Այդ անհուն ցավի մեջ հենց մայրական սերն ու պարտքի զգացումն ընկճված հոգուն կանգնեցրին ոտքի։

Երկրաշարժից հետո Գյումրին դանդաղ փորձում էր ապաքինվել վերքից։ Քաղաքը վրանների ու ժամանակավոր տնակների մեջ էր դեռ երկար ժամանակ։ Մարգարիտայի կյանքն այդ տարիներին բաժանված էր կորստի ցավի և մնացածների համար ապրելու կամքի միջև․ նա արեց ամեն ինչ, որ երեխաները զգան ընտանեկան ջերմություն, որքան էլ շուրջբոլորը ավերակներ էին։ Նա շարունակեց աշխատել՝ իր մասնագիտությամբ օգտակար դառնալով հարազատ քաղաքին, որը տարիներ շարունակ ապաքինման կարիք ուներ։ Խլղաթյանը, անգամ ծնողներին հողին հանձնելուց հետո, առավոտյան գնում էր աշխատանքի՝ քաջալերելով նաև գործընկերներին, որ միասին հանուն քաղաքի կանգուն մնան։
1988-ի ողբերգությունից հետո Հայաստան մտավ նաև նոր փորձությունների շրջան։ Խորհրդային Միության փլուզումը, անկախության ձեռքբերումը, ապա Լեռնային Ղարաբաղի պատերազմը և երկրի տնտեսական ճգնաժամը 1990-ականներին բազմաթիվ հայ ընտանիքների կանգնեցրին դառն ընտրության առաջ։ Գյումրին հատկապես ծանր վիճակում էր՝ ավերիչ երկրաշարժի հետևանքները լրացնելով էներգետիկ ճգնաժամով ու գործազրկությամբ։ Այդ տարիներին հազարավոր գյումրեցիներ ստիպված էին լքել իրենց քաղաքը՝ ճարահատյալ որոնելով կյանքը վերակառուցելու հնարավորություններ արտերկրում։
Երկրաշարժից հետո, երբ Գյումրին փորձում էր հասկանալ իր նոր իրականությունը, Մարգարիտան երկար չկորեց այդ քաոսում. նա արագ տեսավ, թե ինչն է առավել անհրաժեշտ քաղաքին, և որոշեց դեղատուն բացել՝ սկսելով փոքր, բայց շատ կարևոր քայլից։

«Իմ ընտանիքը մնաց Գյումրիում ամենածանր տարիներին: Մենք հեռացանք 1998-ին, երբ մութուցուրտ տարիներն արդեն անցյալում էին»,– պատմում է Մարգարիտան։ Նրա և ամուսնու համար հեշտ չէր թողնել հայրենի տունը, որտեղ ամեն պատ ու քար հարազատների հիշատակը կրող վկա էր։ Բայց երեք երեխաների ապագան անհայտության մեջ թողնել չէին կարող․ երկրաշարժից հետո եկած տարիները ցույց տվեցին, որ Հայաստանում առժամանակ կայունություն չի լինելու, և պետք էր արմատախիլ եղած մի նոր հողի վրա կյանքի սերմ ցանել։
Վերջապես, երկար տատանումներից հետո, Խլղաթյանների ընտանիքը հավաքեց իրերն ու մեկնումի տոմս գնեց։ 1998 թվականի դեկտեմբերի 26-ին Մարգարիտան ամուսնու ու երեխաների հետ վերջին անգամ փակեց իր Գյումրիի տան դուռը և մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Իրեն պոկելով հարազատ հողից՝ նա թռչող ինքնաթիռի պատուհանից նայեց ցածում մնացող լեռնապատկերներին, քաղաքին, որտեղ թողնում էր ծնողների շիրիմները, մանկության և երջանիկ կյանքի հիշողությունները։ Շատերի նման, նա էլ չգիտեր՝ ինչ է իրեն սպասվում, բայց մեջքը շիտակ պահած՝ պատասխանատվության զգացումով էր լցված․ հիմա իր զավակների համար էր ապագա կերտելու։
Օվկիանոսից այն կողմ միանգամայն այլ աշխարհ էր․ արևոտ Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքը, որտեղ հաստատվեց ընտանիքը, թվում էր օտար, բայց և միևնույն ժամանակ՝ հարազատ։ Գլենդելը այն տարիներին արդեն հայտնի էր իր խիտ հայկական համայնքով, և պատահական չէ, որ Խլղաթյանները հենց այնտեղ բնակություն հաստատեցին։ 1990-ականների ներգաղթի մեծ ալիքը դարձրել էր Գլենդելը ԱՄՆ-ի ամենախոշոր հայկական օջախներից մեկը․ 2000 թ․ մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվում էր շուրջ 65 000 հայ՝ բնակչության մեկ երրորդը, ինչը Գլենդելն արդարացիորեն դարձրել էր ամենամեծ հայաշատ քաղաքը Հայաստանի սահմաններից դուրս։ Հայերը հոսել էին այստեղ նախկին ԽՍՀՄ տարբեր ծայրերից, շատերը՝ հենց Հայաստանում տեղի ունեցած դժվարություններից մղված։ Այդ առումով, Մարգարիտային ու իր ընտանիքին Գլենդելը գոնե տրամադրում էր միջավայր, որտեղ մայրենի լեզուն ու մշակույթը լսելի էին։ Քաղաքում արդեն կային հայկական դպրոցներ, եկեղեցիներ, բիզնեսներ, հետևաբար երեխաների համար մշակութային շոկը մեղմ էր, և նրանք շուտով հարմարվեցին նոր կենսակերպին։

Բայց որքան էլ հայաշատ լիներ նոր քաղաքը, Մարգարիտայի համար կյանքը սկսվում էր զրոյից՝ մի բոլորովին այլ հողի վրա։ «Միայն տարագիր մարդը գիտի, թե ինչ է նշանակում պոկվել հայրենի հողից ու արմատախիլ ծառի պես հայտնվել օտար աշխարհում և մեծ պայքարի դժվարին բովում նոր կյանք սկսել»,– գրում է նա իր հուշերում։ Սկսվեց տառապանքով ու կարոտով լեցուն տարիների մի շղթա, որտեղ պետք էր ամեն ինչ նորից սովորել և հաղթահարել։ Ամերիկայում հաստատվելը պահանջեց օրեցօր վաստակել հասարակության վստահությունն ու սեփական տեղը կյանքում՝ ցավով հասկանալով, որ այստեղ ոչ ոք չէր ճանաչում նրան, չգիտեր նրա բազում փորձությունները։ Բայց Մարգարիտան վայր ընկնողներից չէր․ ոչ մի դժվարություն չկարողացավ կոտրել ու թևաթափ անել այնպիսի մեծ կամքի տեր կնոջը, ինչպիսին նա է։ Նրա մեջ արմատացած լավատեսությունն ու աշխատասիրությունը նույնքան անհրաժեշտ էին այստեղ, որքան Հայրենիքում։ Օրվա ընթացքում նա հետապնդում էր հետևյալ նպատակը՝ ընտանիքին ապահովելը և նախկին մասնագիտությամբ աշխատելը։
Օտար երկրում մասնագիտական դաշտ մտնելը ևս առանձին պայքար էր պահանջում։ Հայաստանում ստացած դեղագործի դիպլոմը ԱՄՆ-ում պարզապես գործնական հիմք էր․ պետք էր անցնել բարդ քննություններ՝ տեղական արտոնագիր ստանալու համար։ Խլղաթյանն անսահման եռանդով լծվեց սովորելուն՝ կրկին ուսանողի պես գրքերով ու թեստերով օրերն անցկացնելով։ Նա երեկոյան ավարտում էր տնային գործերն ու երեխաներին քնեցնելուց հետո նստում հաստ շտեմարանների առաջ՝ անգլերեն բժշկական տերմիններ ու ամերիկյան դեղատնային կանոնակարգեր սերտելով։ Համառորեն, բառ առ բառ առաջ էր շարժվում։ Երբեմն հոգնածությունից գլուխը իջնում էր գրքի վրա, բայց նա չէր հանձնվում։ Հիշում էր այն օրերը Գյումրիում, երբ ընդամենը 22 տարեկանում աշխատանքի անցավ որպես դեղագետ՝ առանց վարանելու վերցնելով պատասխանատվությունը։ Հիմա ևս, թեև ճակատագիրը նրան նորից նորաստեղծի դերում էր դրել, նրա հաստատակամությունը տեղում էր։ 2000-ականների սկզբին Մարգարիտան հաջողությամբ հանձնում է անհրաժեշտ բոլոր քննությունները և ստանում Կալիֆոռնիայի դեղագործի լիցենզիա՝ պաշտոնապես հաստատելով իր իրավունքները նոր երկրում աշխատելու։ Այդ լիցենզիան բառացիորեն բացեց նրա առջև նոր հնարավորությունների դուռը։ Շուտով նա սկսեց աշխատել տեղի դեղատներում՝ սկզբում որպես շարքային դեղագործ, ապա կարճ ժամանակում աչքի ընկավ իր պատասխանատվությամբ ու բարեհամբույր սպասարկմամբ, ինչի համար հաճախորդները առանձնապես սիրում էին նրան։

Մի քանի տարվա փորձ ու ներդրումից հետո Մարգարիտան ապացուցեց, որ ոչ միայն կարող է հարմարվել, այլև բարգավաճել ամերիկյան հողի վրա։ 2006 թվականին նա համարձակ որոշում կայացրեց՝ հիմնել սեփական դեղատունը։ Դա յուրատեսակ ամերիկյան երազանքի իրականություն էր դառնում. Խլղաթյանը բացեց «Սուպերիոր Ֆարմասի» (Superior Pharmacy) կոչվող դեղատունը Կալիֆոռնիայում, որը ժամանակի ընթացքում ընդլայնվեց երկու մասնաճյուղով։ Սկսնակ փուլից դեպի կայացած բիզնես՝ նա անցավ ուղին իբրև գործադիր տնօրեն և սեփականատեր՝ հիմնելով իր հեղինակությունը որպես փորձառու գործարար կին։ Այսօր Լոս Անջելեսի շրջանում նրա դեղատները ճանաչված են որակյալ սպասարկմամբ, և համայնքի բազմաթիվ հայ ու ոչ հայ բնակիչներ վստահում են «Սուպերիոր» դեղատանը իրենց առողջությունը։ Փխրուն ու նուրբ արվեստագետի սիրտը զարմանալիորեն համատեղվել է ուժեղ առաջնորդի և գործարարի հատկանիշների հետ, ինչի շնորհիվ նա մեծ անուն ու համբավ է վաստակել բիզնեսում և մշակույթի ասպարեզում միաժամանակ։ Այսպիսի համադրություն իսկապես հազվադեպ է, և Խլղաթյանի օրինակը վկայում է, որ անհնարին ոչինչ չկա նպատակասլաց հոգու համար։
Իհարկե, այս ամենում մեծ էր նաև նրա ընտանիքի դերը․ կողքին ամուր կանգնած էր ամուսինը՝ Սպարտակ Պետոյանը, որը թե՛ բարոյապես, թե՛ գործնականում օգնեց բիզնեսի կայացմանը։ Մարգարիտան երբեք չի մոռանում նշել, որ Սպարտակի աջակցությունն առանցքային էր, և նա ներառեց ամուսնուն նաև բիզնեսի կառավարման գործում։ Միաժամանակ, երեք երեխաները մեծանում էին, ստանում կրթություն և սեփական կյանքերը կառուցում նոր երկրում։ Տարիների ընթացքում Խլղաթյանները ընդգրկվեցին նաև համայնքային կյանքում, նվիրատվություններ արեցին հայկական դպրոցներին ու եկեղեցիներին, փորձեցին օգտակար լինել իրենց հայրենակիցներին նույնիսկ հեռվից։
Չնայած մշտական զբաղվածությանը՝ Մարգարիտայի հոգում մի անկատար երազանք դեռ ապրում էր, սպասում իր ժամին։ Դա մանկության տարիներից սրտում խոր թաքնված երաժշտության կայծն էր, որը տարիների ընթացքում մղվել էր երկրորդ պլան՝ պրագմատիկ կարիերայի օգտին։ Սակայն, արդեն Ամերիկայում հաստատվելուց հետո, երբ կենցաղային ու նյութական խնդիրները որոշ չափով լուծված էին, այդ կայծը նորից սկսեց բորբոքվել։ Գուցե ակամա, բայց օտարության մեջ, հեռու Հայաստանից, արվեստի հանդեպ Մարգարիտայի հին սերը բռնկվեց նոր ուժգնությամբ։ «Կարծես կյանքում ամեն ինչ ասել էի խոսքով, ամեն ինչ գրել՝ երգ դարձրել... Բայց կար անշոշափելի մի ցավ, որն արտահայտեցի մեղեդիով և կոչեցի “Կարոտ”»,– պիտի խոստովաներ նա հետո՝ նկարագրելով, թե ինչպես ներսում կուտակված տխրությունն ի վերջո երաժշտություն ծնեց։
2008 թվականից, երբ արդեն 40-ն անց էր, Մարգարիտան սիրտ արեց իր մեջ և սկսեց լրջորեն զբաղվել երգաստեղծմամբ։ Դա նրա «կյանքի երկրորդ գլխի» սկիզբն էր, որը թեև ուշացած, բայց նույնքան համարձակ էր։

Այս շրջանում ճակատագիրը նրան պարգևեց մի շարք հանդիպումներ հայ երաժշտական աշխարհի երևելի ներկայացուցիչների հետ, որոնք դարձան նրա արվեստի խթանիչներն ու խորհրդատուները։ Խլղաթյանի ասելով՝ հենց օտար հողում է ճակատագիրը փոխհատուցել նրան նման ծանոթություններով։ Նա հանդիպեց լեգենդար կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանին, որի հետ զրույցները մոտիվացրին նոր բարձունքներ ստիպեցին որոնել։ Երգարվեստի հայտնի դեմքեր՝ երգիչ Հարութ Փամբուկչյանը, օպերային երգչուհի Էլլադա Չախոյանը, երգիչ Ռազմիկ Մանսուրյանը, տաղանդավոր գործիքավորող Ալբերտ Բուլբուլյանը, ինչպես նաև բանաստեղծուհիներ Հասմիկ Վարոսյանը և Սուսաննա Ասատրյանը ու ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը. այս անուններից յուրաքանչյուրը հետք թողեց Մարգարիտայի ստեղծագործական վերելքի վրա։ Նրանցից յուրաքանչյուրը կամ աջակցում էր նրան մասնագիտական խորհուրդներով, կամ իր արվեստով ոգեշնչում էր։ Նրանք խրախուսեցին նրան հավատալ իր երաժշտական տաղանդին, համոզեցին, որ նրա ներսի պատմությունները արժե հնչեցնել երգի միջոցով։ Այդպես, մի օր Մարգարիտան վերջապես ամաչկոտությունից անցավ ինքնավստահության․ նստեց դաշնամուրի առջև և փորձեց հնչեցնել իր հոգու մեղեդիները։

Առաջին իսկ քայլերը անսպասելի հաջող էին։ 2011 թվականին Մարգարիտան համագործակցեց ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի հետ և նկարահանեց իր առաջին երաժշտական տեսահոլովակները՝ «Մայրիկ», «Գյումրի», «Երևան» և «Դու ես դու» երգերի համար։ «Մայրիկ» երգը նա գրել էր իր մոր հիշատակին, «Գյումրի»-ն՝ իր հարազատ քաղաքին նվիրված, «Երևան»-ը՝ հայրենի երկրի մայրաքաղաքին, իսկ «Դու ես դու»-ն՝ մարդուն իր ինքնության մասին։ Այս երգերը հնչեցին «USArmenia» հեռուստաալիքով և սոցիալական ցանցերում, և շուտով ամերիկահայ համայնքում ու նույնիսկ դրանից դուրս սփռված հայության շրջանում լայն արձագանք ստացան։ Հազարավոր մարդիկ հայտնաբերեցին նոր անուն՝ Մեգի (այդպես է Մարգարիտայի բեմական մականունը), որի հուզիչ երգերն ու ինքնատիպ ձայնը շոշափում էին լսողների սրտի լարերը։ Համեստությամբ լի այս կինն արդեն չէր դիտվում պարզապես դեղագործ կամ գործարար, այլ բացահայտվում էր որպես երգչուհի և երգահան, որն ուներ ասելիք։ Մի պահ, կարծես, նա կյանքում երկրորդ ծնունդ էր ստանում՝ այս անգամ որպես արվեստագետ։
Մեկը մյուսի հետևից հայտնվում էին նոր մեղեդիներ։ Մարգարիտան գրում էր ոչ միայն երաժշտությունը, այլ հաճախ նաև խոսքերի հեղինակն էր լինում։ Աշխատանքային լարված օրից հետո՝ ուշ գիշերով, երբ ընտանիքը քնած էր, նա հոգնած վերադառնում էր տուն, բայց միանգամից մոտենում դաշնամուրին, և ծնվում էր երգը, որը օրեր շարունակ հնչում էր նրա մեջ, անկաշկանդ չէր թողնում մինչև ամբողջությամբ ձևավորվելը։ Այդպես ծնվեց, օրինակ, «Ուշացած երգը» կոչվող ստեղծագործությունը, որը երբ վերջապես ներկայացրեց հանրությանը, շատ ջերմ արձագանքներ ստացավ։ Նրա ներսում կարծես կուտակված կարոտը ելևէջվում էր նոտաների լեզվով։ Երգերի թեմաները ծնվում էին կյանքից՝ կապված նրա ամենանվիրական զգացմունքների հետ։ «Մայրիկ» երգով նա անմահացրեց իր մոր՝ Լիդայի, հիշատակը, «Աստղիկիս» երգով՝ իր դստեր հանդեպ սերը, «Նարեիս» երգով՝ փոքրիկ դստերը նվիրված զգացմունքները, «Թոռնիկիս» երգով՝ արդեն տատիկի սերն իր թոռների հանդեպ։ «Մաղթանք» երգն էլ անակնլկալ էր որդու՝ Սուրենի հարսանիքին: Յուրաքանչյուր երգի մեջ թափանցում էր նրա հոգու մի մասնիկը՝ հաճախ մի նուրբ տխրություն, որ հասանելի չէր բոլորին, բայց շատ խոր ու արտահայտիչ էր նրանց համար, ով զգում էր։ Նա ինքն էր գրում նաև որոշ երգերի խոսքերը, օրինակ՝ «Մայրիկ», «Աստղիկիս», «Հարսանյաց», «Նարեիս», «Թոռնիկիս», և դրանք ստացվում էին շիտակ ու սրտահույզ, հեռու ծեծված կաղապարներից։
2013 թվականին Մարգարիտայի կյանքում առանձնահատուկ մի իրադարձություն տեղի ունեցավ, որը հավաստեց՝ նա ճիշտ ճանապարհին է որպես կոմպոզիտոր։ Իր «Կարոտ» անվամբ նվագարանային մեղեդին, որը բխել էր իր սրտի խորքից, օգտագործվեց Սուրեն Թադևոսյանի նկարահանած «Ջութակահարը» կարճամետրաժ ֆիլմում։ Ֆիլմը ցուցադրվեց ավելի քան տասը միջազգային կինոփառատոններում և ստացավ մրցանակներ, իսկ 2014 թվականի փետրվարին Գրանադայում (ԱՄՆ) կայացած «After Glow» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում «Ջութակահարը» հաղթեց գլխավոր մրցանակը՝ գրան պրին։ Այս լուրը մեծ ուրախությամբ ընդունվեց ոչ միայն Մարգարիտայի, այլև համայն հայ արվեստասերների կողմից․ գյումրեցի դեղագործ-երգահանի ստեղծած մեղեդին հնչում էր համաշխարհային բեմերից մեկում և համարվում լավագույնը։ Դա կարծես նշան էր, որ նրա երաժշտական տաղանդը չի ճանաչում սահմաններ։
Հաջորդ տարիներին Մարգարիտայի ստեղծագործական ակտիվությունը շարունակում էր աճել։ 2015 թվականին նա թողարկեց իր առաջին երաժշտական ժողովածուն՝ «Հոգու կանչը» խորագրով, որը ներառում էր երեք ձայնասկավառակ՝ «Ասա՝ սիրում ես», «Հավատա» և «Իմ Հայաստան» խորագրերով։ Այս ալբոմների երգերը թեմատիկ առումով բազմազան էին, բայց մեկ ընդհանուր գիծ ունեին՝ հոգու ջերմությունը և ապրած կյանքի արտացոլանքը։ «Ասա՝ սիրում ես» սկավառակում սիրո քնարերգություններ էին, «Հավատա» սկավառակում՝ հավատ ու հուսադրող ստեղծագործություններ, իսկ «Իմ Հայաստան»-ը պարունակում էր հայրենասիրական ու հայրենաճանաչ երգեր։ Ժողովածուի հետ միաժամանակ թողարկվեց նաև «Սիրո հեքիաթ» տեսասկավառակը, որտեղ ընդգրկված էին Մարգարիտայի նկարահանած հինգ տեսահոլովակները։ Այս ամբողջը կազմվել էր տարիների աշխատանքից, և երբ վերջապես ներկայացվեց հանրությանը, Մարգարիտան զգաց, որ մի մեծ փուլ է հաղթահարել։ Նրա երգերը գտել էին ճանապարհը դեպի բազմաթիվ սրտեր, իսկ պրոֆեսիոնալ երաժշտական շրջանակները սկսել էին ուշադրությամբ հետևել նրան՝ արդեն որպես կայացած երգչուհու և երգահանի։
Ի դեպ, Մարգարիտա Խլղաթյանի առանձնահատուկ սերը հայրենի քաղաքի հանդեպ արտացոլվեց նաև առանձին երգով։ Գյումրիի վաստակաշատ մանկավարժ ու բանաստեղծուհի Հասմիկ Վարոսյանը, որը նաև Մարգարիտայի շատ երգերի խոսքերի հեղինակն է, գրեց «Գյումրի» երգի բառերը։ Այդ բառերի հիման վրա Մարգարիտան ստեղծեց չափազանց գեղեցիկ երգ՝ նվիրված իր հարազատ քաղաքին:
«Գյումրի» երգը հուզում է յուրաքանչյուր լսողի՝ քաղցր, զգացմունքային ձայնով տեղափոխելով նրանց դեպի հին քաղաքի բակերն ու ավերակների տակ մնացած հուշերը։ Հատկանշական է, որ այս երգն այնքան գեղեցիկ էր, որ հանրահայտ երգիչ-դերասան Ռազմիկ Մանսուրյանը, լսելով այն, ցանկացավ ներառել իր ռեպերտուարում և ներկայացրեց սեփական կատարմամբ՝ հաղորդելով երգին առանձնակի հնչողություն։ Երբ Գյումրիի մասին այդ երգը հնչեց Մանսուրյանի մենահամերգում, դահլիճը ծափահարեց կանգնած՝ գնահատելով ինչպես երգը, այնպես էլ դրա հեղինակի՝ Մարգարիտայի հոգու ուժն ու տաղանդը։
2019 թվականի վերջում Գլենդելի լեգենդար «Ալեքս» թատրոնը մի երեկո ապրեց առանձնահատուկ շնչով․ Մարգարիտա Խլղաթյանի «Հոգու կանչը» մենահամերգը դարձավ մի ամբողջական բեմական պատմություն՝ լույսի, ձայնի ու զգացումների շքեղ միաձուլում։ Դահլիճը շնչում էր նրա հետ միասին. յուրաքանչյուր երգի մեջ կար և՛ հուշ, և՛ խոստովանություն, և՛ այն անկեղծ ուժը, որ բառերից առաջ է գալիս ու ուղղակի հասնում սրտին։

Բեմը լի էր տոնական ներկայություններով․ տարբեր աստղեր հյուր էին գալիս՝ որպես սիրո ու հարգանքի նշան, բայց կենտրոնում անփոփոխ մնում էր նա՝ իր ձայնի ընդգծված նրբությամբ, իր հայացքի ջերմությամբ, իր արվեստի լայն բացվածքով։ Այդ երեկո Մարգարիտան կարծես ամբողջությամբ բացվեց հանդիսատեսի առաջ՝ առանց պահելու, առանց խնայելու, մաքուր ու համարձակ՝ ստեղծագործական ամբողջ ներաշխարհը բեմի վրա թափելով։ Եվ հենց դա էր այդ տեսարանի ուժը․ այն «մի բան էր, ինչ-որ բան», որ դժվար է սահմանել, բայց անհնար է մոռանալ։
Երեկոն անցավ հմայքով ու թափով, շնչառության պես բնական, բայց միաժամանակ մեծամասշտաբ ու հուզիչ։ Մարդիկ դուրս էին գալիս թատրոնից այն զգացողությամբ, որ եղել են ոչ թե դիտորդ, այլ մասնակից՝ մի կենդանի, լույսով լեցուն տոնի, որտեղ երաժշտությունն ու հոգին մեկ լեզու էին խոսում։ Այդ համերգը մնաց որպես գեղեցիկ հիշողություն՝ ուժեղ, հետաքրքիր, ներգրավող, և ամենակարևորը՝ խորապես մարդկային։

Խլղաթյանի ստեղծագործությունները առավելապես ընդունվում են մեծ սիրով թե՛ ԱՄՆ-ի հայկական համայնքում, թե՛ Հայաստանում և այլուր։ Ժողովուրդը նրա մեջ տեսավ սրտացավ մարդու, որն իր ցավը վերածել է արվեստի և հույս է պարգևում ուրիշներին։ Նրա երգերում մշտապես կա ցավի ստվերը, բայց նաև՝ թունելի վերջի լույսը, անկեղծ հավատը, որ հաղթում է հուսահատությանը։ Այդ երգերը հասկանալու համար գուցե պետք է անցնել կյանքի որոշ ուղի․ ամեն մի մեղեդի խորքից հուզում է, քանի որ բխած է իսկական ապրումներից։ Իր հարցազրույցներում Մարգարիտան հաճախ նշում է, որ երգը իր համար սեփական հուզական աշխարհը ներկայացնող և ապրումները արտահայտող միջոց է։ «Բազմազբաղ իմ առօրյայից հետո,– ասում է նա,– երգը ինձ համար հոգեկան հանգստություն բերող հրաշալի միջոց է»։ Թերևս հենց այդպիսին է նրա արվեստի էությունը․ ինքնամաքրման և ինքնաբացահայտման ուղի՝ երաժշտությամբ արտացոլելով այն, ինչ հոգում է կուտակված։ Երբ ինքը՝ հեղինակը, երգում է իր ստեղծածը, ունկնդիրը զգում է այդ բովանդակ հույզը, որովհետև դա ապրված ցավ ու սեր է, որ նյութականանում է ձայնի միջոցով։ Մարգարիտայի թավշյա մեցցո-սոպրանոն, որի մասին Ռազմիկ Մանսուրյանը հատուկ ընդգծել է, թե «թափանցում է լսողի սիրտը», իսկապես ունի մի անկրկնելի ջերմություն, ինչն անկեղծության շունչ է տալիս նրա ստեղծագործություններին։
Այսօր Մարգարիտա Խլղաթյանը, ում երբեմն դիմում են պարզապես Մեգի, շարունակում է ապրել և ստեղծագործել Կալիֆոռնիայում՝ մարմնավորելով բազմաշերտ հաջողության պատմություն։ Նա ոչ միայն ճանաչված երգչուհի և երգահան է, այլև հաջողակ բիզնես լեդի, սիրառատ մայր և նվիրված տատիկ։ Իր երեք զավակներին նա մեծացրել է հայեցի արժեքներով, իսկ այժմ էլ արդեն ութ թոռնիկների սիրված տատիկն է։ Անչափ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է նա կարողացել համադրել այս բոլոր դերերը՝ առանց որևէ մեկում հետին պլան մղվելու։ Առավոտյան նրան կարելի է տեսնել իր դեղատան մասնաճյուղերից մեկում՝ սպիտակ խալաթով հիվանդներին խորհուրդ տալիս դեղերի վերաբերյալ, կեսօրին նա քննարկում է բիզնեսի ընդլայնման հարցեր, իսկ երեկոյան մասնակցում համայնքային մի հավաքի կամ փորձի՝ նվիրված համերգին պատրաստվելուն։ Շաբաթվա որևէ օրն էլ ընտանիքի հետ է՝ որպես մայր ու տատիկ ընդգրկված ընտանեկան առօրյայում։ Հազվագյուտ հմտությամբ այս կինը կարողացել է իր կյանքի բազում հոսքերը միահյուսել մեկ հոսանքի մեջ, ուր յուրաքանչյուր դեր լրացնում է մյուսին։ Նրա ընկերներն ու ծանոթները հաճախ են զարմանում, թե որտեղից այսքան եռանդ մի մարդու մեջ, ում տարիքն արդեն վաղ երիտասարդական չէ։ Բայց Մարգարիտայի դեպքում տարիքը թիվ է միայն։ Ինչպես նշում են նրան մոտիկից ճանաչողները, նրա տաղանդներն ի վերուստ են տրված, և նա բազմապատկել ու պտղաբեր է դարձրել դրանք։
Խլղաթյանի պատմությունը հատկապես ոգեշնչող է կանանց համար՝ լինեն նրանք Հայաստանում, թե Սփյուռքում։ Այն ցույց է տալիս, որ կինը կարող է միաժամանակ լինել հոգատար մայր և հաջողակ գործարար, ավանդապահ ընտանիքի սյուն և անվախ արվեստագետ։ Նա կոտրում է կարծրատիպերը՝ ապացուցելով, որ կրեատիվությունը և կառավարչական ունակությունները կարող են ներդաշնակորեն գոյակցել նույն անձի մեջ։ Այն, ինչը առաջին հայացքից անհնար համադրություն է թվում, նրա պարագայում իրականություն է։ Մարգարիտան սիրում է հիշեցնել երիտասարդներին, որ կյանքում ոչինչ շուտով չէ, եթե կա երազանք և նրան հասնելու կամք․ «Երազանքին հասնել երբեք ուշ չէ, որ տարիքում էլ մարդ լինի, միայն պետք է նպատակ ունենալ, տաղանդ ու աշխատասիրություն»,– ասել է նա մի առիթով։ Իր կյանքով հենց դա է փաստում․ 40 տարեկանից հետո երգարվեստի բեմ բարձրանալով՝ նա ընդամենը մի քանի տարում դարձավ սիրված ու պահանջված հեղինակ-կատարող։
Չնայած երեք տասնամյակ բնակվում է ԱՄՆ-ում, Մարգարիտայի սիրտը անընդհատ Հայաստանի հետ է բաբախում։ «Չեմ մոռանում, որ Գյումրիում ինձ սպասում է իմ տունը, թե երբ կգնամ ու կբացեմ փակ դուռը... Շատերի պես իմ ընտանիքն էլ չուզելով հեռացավ հայրենիքից»,– խոստովանում է նա։ Արտասահմանում ապրելու բոլոր այս տարիներին Խլղաթյանն ամենևին չի կտրվել իր արմատներից․ նա ակտիվորեն հետևում է Հայաստանի իրադարձություններին, մասնակցում սփյուռքի նվիրվածության արշավներին, այդ թվում՝ 1988-ի երկրաշարժի տարելիցներին նվիրված միջոցառումներին, Արցախյան պատերազմից տուժածների աջակցության համերգներին և այլ նախաձեռնությունների։ Նա դեռ երազում է իր ստեղծագործական ուղու գագաթնակետը կրկին հայրենի հողում նշանավորել. «Կա երազանք հանդես գալ համերգներով իմ հայրենի Գյումրիում, Երևանում և ինչու չէ Արցախում։ Ամեն ինչ անելու եմ...»– ասում է նա հավատով։ Իր սրտում լավ գիտի, որ Գյումրու հանդիսատեսի առաջ երգելն իր համար կլինի յուրահատուկ փորձություն և կյանքի ողջ շրջանի միավորումը մեկ կետի վրա. «Լինել իմ արվեստասեր ու խստապահանջ գյումրեցիների առջև, արժանանալ նրանց ծափողջույններին... ամեն լուրջ արվեստագետ կարևորում է գյումրեցու ընդունելությունը»։ Նա սպասում է այդ օրվան, և համոզված է, որ ուշ թե շուտ իր քաղաքի բեմից կհնչի իր ձայնը՝ որպես աղոթք և շնորհակալություն այն ուժի համար, որ Գյումրին տվել է իրեն։

Մարգարիտան ոչ միայն ստեղծագործող է, այլև քաղաքականապես զգոն, մտահոգ քաղաքացի՝ բառի ամենաբուն իմաստով։ Նրա սիրտը ցավում է Հայաստանի առջև ծառացած խնդիրների համար, որքան էլ ինքն ապրում է Կալիֆոռնիայում։ Տարբեր հարցազրույցներում՝ թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ առցանց հարթակներում, նա բաց խոսում է Արցախի կորստի, հայրենազրկման վտանգի ու համահայկական համախմբման անհրաժեշտության մասին։ Պատահական չէ, որ նրա մասնակցությամբ հաղորդումներից մեկը կրում էր «Համահայկական համախմբմամբ կարող ենք կանխել հայրենազրկումը և հետ բերել Արցախը» խորագիրը։ Yerevan Online Mag.-ին տված անցյալ տարվա անկեղծ հարցազրույցում էլ Մարգարիտան արծարծում է ամենացավոտ թեմաները՝ անդրադառնալով մեր իրականության բարդություններին և այն հարցերին, որոնք հաճախ մնում են անպատասխան, և որոնց մասին քչերն են համարձակվում բարձրաձայնել։ Այդ հարցազրույցում հատկապես զգացվում է, թե որքան սուր է նա ապրում Հայաստանի ներսում տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխություն՝ պատերազմների հետևանքներից մինչև հասարակական լռության ծանրությունը։ Նա խոսում է ոչ թե որպես կողքի դիտորդ, այլ որպես մարդ, ում ցավ է պատճառում յուրաքանչյուր կորսված գյուղ ու լքված տուն։ Նրա քաղաքական ակտիվությունը դրսևորվում է ոչ թե ցուցարարների շարքերում, այլ խնդիրների շուրջ քննարկումներին հետևողական մասնակցությամբ, Սփյուռքի ու Հայաստանի միջև կամուրջ դառնալու ջանքերով։ Նա հանդես է գալիս որպես քննող, երբեմն էլ կտրուկ հարցադրումներով, բայց միշտ՝ մեկ պարզ մեկնակետով․ ինչ էլ լինի, ինքն իրեն պարտավոր է համարում հայացքը չկտրել Հայաստանից և չհաշտվել այն մտքի հետ, որ հայի ապագան կարող է վտանգվել իր իսկ պատմական հողի վրա։
Վերջերս Մարգարիտա Խլղաթյանի «Օրոր քաջ որդուս»-ը արժանացավ Armenian Music Awards-ի մրցանակին՝ «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում։
«Օրոր քաջ որդուս»-ը խորապես հայկական պատմություն է՝ մոր օրորի պես մեղմ, բայց ներսից՝ խոցող։ Այն հնչում է այնպես, կարծես մայրը օրորում է իր որդուն, որը պատերազմից այլևս չի վերադառնալու, և այդ օրորը դառնում է վերջին խոսքը, վերջին գրկախառնությունը, վերջին «քուն մտիր, բալես»՝ ասված կորստի անսահման լռության մեջ։ Երգի մեջ չկա ցուցադրական ողբ․ կա անասելի սեր, կա ցավ, որն արդեն չի գոռում՝ միայն շնչում է։
Ու հենց դրա համար էլ երգը այսքան ծանր ու այսքան հարազատ է մեր օրերին։ Երբ հիշում ենք, թե վերջին պատերազմում մենք կորցրեցինք մոտ 5000 մարդու՝ 5000 մեր տղաների, երգը այլևս միայն արվեստ չի մնում։ Այն դառնում է հիշողության լեզու։ Յուրաքանչյուր «օրոր»-ի մեջ կարծես տեղ է գտնում մի անուն, մի տուն, մի մայրական սպասում, որ այլևս դռան թակոց չի լսելու։
Այդ մրցանակը ոչ միայն Մարգարիտա Խլղաթյանի աշխատանքի գնահատականն է, այլ նաև՝ մեր ընդհանուր ցավի հանդեպ լուռ խոնարհումը։
Մարգարիտան հետևյալ ճշմարտության մարմնացումն է՝ ցավը թրծելով ստեղծագործությամբ, կորուստը փոխարկելով երգի, իսկ կարոտը՝ հավատով լի ուղերձի։ Նրա կատարումները վկայում են, որ ամեն խորը անձնական վերք կարող է դառնալ համամարդկային գեղեցկության աղբյուր, երբ այն շաղախվում է սիրո և հավատի հետ։ Մի մեծանուն կենսագիր ասել է․ «Վիշտը կամ կոտրում է մարդուն, կամ պողպատացնում»։ Մարգարիտա Խլղաթյանի դեպքում վիշտը ոչ միայն պողպատացրեց նրան, այլև նոր իմաստ հաղորդեց նրա կյանքին։ Նա դարձավ մի փյունիկ, որ դուրս եկավ մոխիրներից, վեր ձայնեց իր երգով ու իր թևերի տակ թաքցրեց ուրիշների ցավը՝ բուժելով այն երաժշտությամբ։ Մարգարիտայի երգերը մնում են որպես վկայություն նրա անցած ճանապարհի, իսկ իր անձնական օրինակը՝ որպես լուռ խրատ յուրաքանչյուրիս. որքան էլ դժնդակ լինեն կյանքի հարվածները, մարդու մեջ միշտ կա ուժ վեր հառնելու և նորովի ծաղկելու՝ եթե սիրտը պահում է սերը, հավատի կայծն ու ստեղծելու համառ ցանկությունը։ Մարգարիտա Խլղաթյանի կյանքը հենց այդ ուժի կենդանի ապացույցն է։

































