top of page

Նա հայրենիքին օգնության հասավ ամենածանր պահին. Քըրքորյանի ծննդյան օրը հիշում ենք նրա պատմությունը

6 июн. 2023 г.
2 мин. чтения

06.06.2023

Հայաստանի ազգային հերոս, ամերիկահայ մեծ բարերար Քըրք Քրքորյանի ծննդյան օրն է այսօր: Նա մի մարդ էր, որն իր հայրենիքին օգնության եկավ ամենածանր օրերին և նշանակալի հետք թողեց մարդկանց գիտակցության մեջ՝ իբրև նվիրվածության, անշահախնդրության ու ազնվության եզակի օրինակ:


Գրիգոր Ահարոնի Գրիգորյանը, ով, որպեսզի իր անունն ավելի հեշտ արտաբերելի դառնա, հետագայում սկսեց ստորագրվել իբրև Քըրք Քըրքորյան, ծնվել է 1917 թ. 19–րդ դարի վերջին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքում։ Մինչև 1935-ը կատարել է զանազան աշխատանքներ, եղել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Այնուհետև սովորել է օդաչուական դպրոցում, դարձել օդաչու-հրահանգիչ։ Որպես ռազմաօդային ուժերի օդաչու մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ավարտից հետո զբաղվել է օդանավերի բաժնեթղթերի առևտրով՝ 1947-ին գնել է Los Angeles Air Service փոքրիկ չարտերային ավիաընկերությունը, ինչպես նաև հյուրանոցային բիզնեսով։ Կառուցել է Լաս Վեգասի «Ֆլամենգո», «Էմ Ջի Գրանդ» և այլ խոշոր հյուրանոցներ։ 1968-ից զբաղվել է կինոարտադրությամբ, «Մետրո Գոլդվին Մայեր» և «Յունայթեդ Արտիստս» կինոստուդիաների, «Էմ Ջի Էմ Միրաժ» կորպորացիայի հիմնադիր բաժնետերն է։ Եղել է «Քրայսլեր Քորփորեյշնի» բաժնետեր։


Անկախ Հայաստանի հիմնադրման առաջին տարիներից Հայաստանին աջակցած գործարարը բարեգործական ամենամեծ ծրագիրն իրականացրեց իր հիմնած «Լինսի» հիմնադրամի միջոցով։ Քըրքորյանի նվիրաբերած միլիոններով Հայաստանում նորոգվեցին հարյուրավոր կիլոմետր երկարությամբ ճանապարհներ, տասնյակ դպրոցներ, մշակութային հաստատություններ, կառուցվեցին բնակարաններ աղետի գոտու բնակիչների համար:


2000-ականներին մամուլը շատ էր գրում այն մասին, որ նրա գումարները Հայաստանում անարդյունավետ են ծախսվում ու յուրացվում են: «Լինսի» հիմանդրամը 2011-ին դադարեցրեց իր գործունեությունը Հայաստանում: Սա տարատեսակ մեկնաբանությունների և ասեկոսեների տեղիք տվեց, թե Քըրքորյանը հիասթափված է իր միջոցների ոչ նպատակային վատնումից կամ փոշիացումից:


Հայազգի մեծահարուստը ամերիկյան բիզնեսի հայտնի դեմքերից էր, նաեւ «ամերիկյան երազանքի» մարմնացումներից ու խորհրդանիշներից մեկը:


Քըրքորյանի մահով Հայաստանի կորուստը մեծ էր, սակայն ամենեւին ոչ այն պատճառով, որ նա օգնում էր Հայաստանին ֆինանսապես եւ դա կարող էր այլեւս չլինել: Խնդիրը միայն դա չէր:


Քըրքորյանը համաշխարհային մասշտաբի հայի խորհրդանիշ էր, հայի, որն իրենց կարողացել է դրսեւորել համաշխարհային մրցակցությունում, հասնել ձեռքբերումների, դիրքի: Ընդ որում, այդ ամենը ոչ թե ընկել է օդից ինչ որ պահից, ոչ թե տեղի է ունեցել պետական ու հանրային ռեսուրսների մսխման հաշվին, այլ ձեռք է բերվել տարիների տքնաջան աշխատանքով, սկսած մանուկ հասակից:


Քըրքորյանն իր մտքի, աշխատասիրության, համառության, կամքի շնորհիվ քայլ առ քայլ բարձրացել է, բիզնեսի աշխարհում հասնելով իրապես մեծ նվաճումների: Այդ ամենով հանդերձ, նա իր մեջ կրել է նաեւ պետականության զգացումը, հայկական պետության համարժեք պատկերացումը, ինչի մասին է վկայում նաեւ Հայաստանին տրամադրած նրա ֆինանսական օգնության այսպես ասած թիրախային ուղղությունները:


Այդ իմաստով, Քըրքորյանը նախ եւ առաջ օրինակ էր՝ մասշտաբային մտածողության, աշխատասիրության, կամքի, հետեւողականության օրինակ:


Քըրքորյանը Հայաստանի համար անհրաժեշտ էր առաջին հերթին հենց որպես այդ օրինակը, հետո որպես մեծահարուստ և բարերար:

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page