29.06.2020, ԵՐԵՎԱՆ
Յուրաքանչյուր փակուղային հարց ունի իր լուծումը: Պետք է միայն մոտենալ լուծման ճիշտ տեսանկյունից: Տվյալ պարագայում անելանի վիճակում են «Հաղթանակ» զբոսայգու ժամանցային կենտրոնի և՛ տնօրինությունը, և՛ աշխատակիցները, ինչպես նաև վտանգված են փոքրիկների գեղեցիկ մանկության անդառնալի օրերը: Արտակարգ դրության պայմաններից ելնելով` զբոսայգու աշխատանքն ըստ պարետատան որոշման ընդհատված է:
Ի՞նչ խոսք, արդեն փաստ է, որ պետք է վիրուսի հետ շարունակենք ապրել կողք-կողքի` ընտելանալով և հաղթահարելով այն: Տարբեր բակերում կան երեխաների ժամանցն ապահովող խաղահրապարակներ, որտեղ կարուսելներ են տեղադրված, ինչպես նաև երեկոյան ժամերին տարբեր բակերում փոքրիկներն օգտվում են հեծանիվ վարելու հաճույքից: Նույն վտանգը, որը սպառնալիք է բնակիչների համար, առկա է և՛ այս դեպքում, և՛ զբոսայգու աշխատանքի թույլտվության պարագայում, սակայն մի տարբերությամբ:
Առաջին տարբերակում ախտահանիչ և վիրուսազերծ պարագաների առկայությունն իսպառ բացակայում է, իսկ ահա զբոսայգու պարագայում տնօրինությունը ստեղծել է բոլոր պայմանները, որպեսզի վիրուսի վտանգը հնարավորինս դառնա նվազ հնարավոր: Այս կետում տրամաբանական շղթան ջարդվում է, քանի որ իրականության մեջ բացահայտ է վտանգի հնարավորությունը և ոչինչ չի արվում, իսկ մյուս դեպքում ամեն բան մանրազնին աշխատանք է տարված, սակայն կանխված է գործունեության թույլվությունը:
Հարգարժան կառավարություն, եկեք դառնանք մեկ բռունցք և պայքարենք ինչպես վիրուս-թշնամու դեմ, այդպես էլ փոքրիկներին հնարավություն տանք լիարժեք ապրեն իրենց մանկությունը, որպեսզի հետո ո՛չ նրանք մեզ մեղադրեն իրենց «գողացված» մանկության համար, ո՛չ էլ մենք վատ զգանք` նրանց աչքերի մեջ նայելով:
Comments