top of page

Հեմինգուեյն ու հայերը

07.07.2020


Եթե ձեզ ինչ-որ բան խոցում է, նշանակում է՝ ձեզ համար միեւնույն չէ...

Էռնեստ Հեմինգուեյ


1922 թվական, Զմյուռնիա։ Թուրքական զորքերը ներխուժելով քաղաք՝ սրի են մատնում խաղաղ քրիստոնյաներին։ Նրանք ավերում, թալանում եւ ոչնչացնում են հայկական, հունական եկեղեցիներն ու թաղամասերը, իսկ փրկվածների նավերը թշնամու կողմից ջրասույզ են արվում։

Քրիստոնյաներից ընդմիշտ ազատվելու տենչանքով «արբած»՝ քեմալական զորքերը քաղաքը հրդեհի են մատնում։ Ամերիկացի մի գրող, ով այդ ժամանակ «Տորոնտո դեյլի սթար» թերթի թղթակիցն էր, մեկնում է Թուրքիա եւ դառնում վայրագությունների ականատեսը։ Գրողը սարսափում է...

Հայերի ու հույների կոտորածն անջնջելի հիշողություն է դառնում։ «...Շարունակ երկմտում էի՝ արդյոք շարունակե՞մ գրողի իմ գործունեությունը, թե՞ պայքար սկսեմ ցեղասպանության ոճրի դեմ։ Ի վերջո, ես որոշեցի գրել, բայց գրել միայն ճշմարտությունը...»,–գրում է նա։

1925 թվականին ամերիկացի գրողը հրատարակում է «Մեր ժամանակում» պատմվածաշարը, որում տարիներ առաջ անմեղ քրիստոնյաների հետ կատարվածը վերարտադրում է «Զմյուռնիայի նավահանգստում» խորագրով պատմվածքում. «Չեմ կարողանում մոռանալ Զմյուռնիայի նավահանգիստը։ Ինչեր ասես, որ չէին լողում նրա ջրերում։ Կյանքում առաջին անգամ գիշերները մղձավանջների մեջ էի ընկնում...»։

Այդ գրողը, ում տարիներ շարունակ հանգիստ չէր տալիս «քրիստոնյաների ճակատագիրը», Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյն էր։ Հուլիսի 2—ը ականավոր գրողի հիշատակի օրն է։ Նրա ստեղծագործական սկզբունքը «այսբերգի տեսության» համաձայն է, գրելաոճը՝ հակիրճ, պարզ, խորքային։ Իր «Ծերունին եւ ծովը» վիպակն աշխարհում ամենաշատ վաճառված գրքերի ցանկում է։ «Իսկ իմ զարթուցիչը ծերությունն է։ Ինչո՞ւ են ծերունիներն այդպես շուտ զարթնում, մի՞թե նրա համար, որ երկարացնեն գոնե այդ օրը։ Չգիտեմ։ Գիտեմ միայն, որ երիտասարդները պինդ ու երկար են քնում»,–մտածում է Հեմինգուեյի ծերունի հերոսը։

Հեմինգուեյը ծանոթ է եղել հայկական մշակույթին։ Նա եւ իր կինը հմայվել են Արամ Խաչատրյանի երաժշտությամբ։ Մի անգամ, երբ հայ կոմպոզիտորը երաժշտական շրջագայությամբ ժամանել է Կուբա, Հեմինգուեյն իր տանը հյուրընկալել է Խաչատրյանին եւ քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանին։ Անվանի գրողը նրբանկատորեն ցույց է տվել կոմպոզիտորի երաժշտության ձայներիզները, որով իր համակրանքն է արտահայտել հայկական երաժշտության նկատմամբ։

Էռնեստ Հեմինգուեյը, սիրելով հայկական մշակույթը, միաժամանակ հակամարտության մեջ է եղել հայ ականավոր գրողի՝ Վիլյամ Սարոյանի հետ։ Պատմում են, որ ֆրանսիական սրճարաններից մեկում երկու գրողը վիճել են, որից հետո փակցվել է մի ցուցանակ՝ հետեւալ գրությամբ. «Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու Սարոյանը»։ Երբեմն լեգենդներ էին հյուսվում նրանց մասին։ Գուցե պատճառը երկուսի հանճարեղ լինե՞լն էր։ Փաստն այն է, որ երկու գրողն էլ դարձան 20—րդ դարի ամենանշանավոր հեղինակները։ Հեմինգուեյը տեսնում էր մարդուն մահվան եւ կյանքի սահմանագծին, որտեղ ամեն ակնթարթը պայքար է եւ ամենասոսկալին՝ մարդու պայքարն իր դեմ։ «Տեղից տեղ մեկնելով՝ չես կարող փախչել ինքդ քեզնից»,–գրում է Հեմինգուեյը, դրա համար «Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը»,–ասում է լավատեսական հայացքով Սարոյանը։

Որքան էլ նրանց մեջ եղել են տարաձայնություններ, միեւնույն է, երկուսն էլ բարձր են գնահատել միմյանց գրականությունը։ Հեմինգուեյն այսպես է ասել Սարոյանի մասին. «Գիտե՞ք, նա մի գրական առավելություն ունի բոլորիս հանդեպ. դա նրա հայ լինելն է»։ Հայերի մասին Հեմինգուեյը բարձր կարծիք էր հայտնում նաեւ հավաքույթների, հաճախ գրական երեկույթների ժամանակ։ Հայերի արժանիքները գնահատեց այնպես, որ հենց այս ազգի մեջ փնտրեց իրեն բարեկամ ու մրցակից...

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page