top of page

Հայաստան-Սփյուռք կամուրջը խարխլվել է, ժամանակն է կառուցողական քայլերի

Ֆրանսիահայ նշանավոր գործիչ Դանիել Քյուրքջյանի հարցազրույցը



16.12.2023


Լուսանկարը՝ Global Armenian Summit


Ֆրանսիայի հայկական համայնքի առաջնորդներից Դանիել Քյուրքջյանը՝ Սփյուռքի չօգտագործված ռեսուրսի մասին

 

Դիվանագիտության արվեստը և ռազմավարական մտածողությունը միաձուլվում են ի դեմս Հայ-ֆրանսիական խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանի, ում կյանքն ու կարիերան միահյուսված են երկու մայրաքաղաքների՝ Փարիզի և Երևանի միջև:

 

Հայկական արմատներով այս բացառիկ ֆրանսիացին հսկայական ներդրում ունի երկու երկրների հարաբերությունների զարգացման մեջ․ անգնահատելի է նրա դերը Հայաստանի խնդիրների բարձրաձայնման և շահերի պաշտպանության գործում Ֆրանսիայի քաղաքական վերնախավում։

 

Նրա հայացքը միշտ առաջ է ուղղված, համոզմունքները համառ են։ Դանիել Քյուրքջյանի համար հայկական սփյուռքը ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլ նաև ռազմավարական ռեսուրս, որը պետք է օգտագործվի հանուն Հայաստանի շահերի։

 

Դանիել Քյուրքջյանի խոսքերը գործի կոչ են: Նրա հարցազրույցը Yerevan Onlie Mag.-ի «Արաքսից Սեն. ֆրանսիահայեր» շարքին հրավեր է բացելու աչքերը հայկական սփյուռքի չօգտագործված ներուժի վրա և կոչ է անում ավելի ճշգրիտ օգտագործել այն:

 

 

- Ղեկավարելով Հայ-ֆրանսիական խորհուրդը և առաջ տանելով Հայաստանի շահերը ֆրանսիական տարբեր շրջանակներում՝ ի՞նչ առաջխաղացումներ և ի՞նչ խնդիրներ եք տեսնում համատեղ վարած դիվանագիտության մեջ։ 


- Նախ, Հայաստանի և Ֆրանսիայում հայկական սփյուռքի միջև երկխոսության բացակայությունը խանգարում է հասկանալ Հայաստանի քաղաքական դիրքրոշումը և, հետևաբար, խոչընդոտում է  սփյուռքի կողմից իրական աջակցության ապահովմանը։ Այն հստակ նկատելի էր արցախյան հարցի վերաբերյալ, որը, ցավոք, արդեն անցյալում է։ Իրականում, Արցախի ճանաչման  համար  դժվար էր Ֆրանսիայի Հանրապետության նախագահից պահանջել այնպիսի դիրքորոշումը, որը Հայաստանն ինքը չէր արտահայտել։


Սփյուռքում անհասկացվածությունից, լարվածությունից, նույնիսկ զայրույթից խուսափելու համար ՀՀ կառավարության հետ հաղորդակցման, տեղեկությունների փոխանակման  միջոցներ։ Խոսքն, իհարկե, Հայաստանի քաղաքական որոշումներին միջամտելու մասին չէ․ վերջինս, որն ինքնիշխան և ժողովրդավարական պետություն է և որի քաղաքական ինստիտուտները թույլ են տալիս ընդունել այն որոշումները, որոնք նպատակահարմար են համարվում Հայաստանի համար։ Խոսքն այն մասին է, որ անհրաժեշտ է ունենալ տեղեկատվական ալիք, որը թույլ կտա Սփյուռքին հասկանալու, իհարկե, շատ բարդ իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը, և դրանով իսկ հնարավորություն տա նրան աջակցելու իր որոշումներին: Հակառակ դեպքում, Հայաստանի և նրա սփյուռքի միջև ծագած անհասկանալիությունը դառնում է հակաարդյունավետ։

 

-Կարո՞ղ ենք ասել, որ սա կառավարության խնդիրն է, և որ այն բավարար ջանք չի ներդնում Սփյուռքի ներուժը ճիշտ օգտագործելու համար։ 



- Գործերն առաջ տանելու համար ավելի լավ է քննարկել այն, ինչ պետք է անել ապագայում, քան քննադատել արդեն արվածը: Հայաստանի պատմությունը կազմված է ժամանակաշրջանների և իրադարձությունների հաջորդականությունից, որոնք ապացուցեցին, որ Հայաստանի փրկությունը կախված է միայն իրենից։ Հետևաբար, Հայաստանը երբեք իրականում չի իրականացրել սփյուռքի հետ հարաբերությունների կայուն քաղաքականություն, նույնիսկ երբ նրա տարբեր նախարարներ և գերագույն հանձնակատարներ ցանկացել են դա անել: Ներքին քաղաքականության և Հայաստանի սահմանների պաշտպանության հարցերը կլանեցին նրա էներգիայի մեծ մասը։ Ինչ վերաբերում է սփյուռքին, ապա այն շատ հաճախ է կառչել իր քաղաքական անցյալից բխող դիրքերից և բաժանումներից: Այն դժվարանում է ինտեգրել իր «արևմտյան» հայկական մոտեցումների և Հայաստանի մոտեցումների միջև գոյություն ունեցող շատ հստակ մշակութային տարբերությունը: Ֆրանսիական սփյուռքը քաղաքականապես ներկայացված է Ֆրանսիայի հայկական միությունների համակարգող խորհրդի կողմից (CCAF): Իր նախագահության որդեգրած քաղաքական դիրքորոշումների պատճառով այս կառույցը շատ վատ հարաբերություններ է պահպանում գործող իշխանության հետ, ինչը զգալիորեն վնասում է Հայաստանի և Սփյուռքի համագործակցությանը։ Սա լուրջ խնդիր է, որը մի կողմից ազդում է նրա վստահելիության վրա պետական ​​իշխանությունների մոտ, իսկ մյուս կողմից էապես թուլացնում է նրա ներկայացուցչականության զգացումը սփյուռքի անդամների շրջանում։


Սա նաև պատճառներից մեկն է, որ նրանք, ովքեր տեսնում էին այս թերացումները, որոշեցին ստեղծել Ֆրանս-հայկական խորհուրդ՝ նպատակ ունենալով ընդլայնել և խթանել հայկականությունը Ֆրանսիայում և զարգացնել հայ-ֆրանսիական հարաբերությունները՝ պաշտպանված մնալով թե՛ Ֆրանսիայում, թե՛ Հայաստանում քաղաքական ազդեցություններից: Թուրքական և ադրբեջանական սփյուռքերը ներկա են բառացիորեն ամենուր։ Նրանք այսօր շատ ակտիվ են Ֆրանսիայի խոշոր քաղաքներում և շատ հզոր լոբբինգ են իրականացնում իրենց երկրի շահերը առաջ տանելու համար: Նրանք զգալի ֆինանսական ռեսուրսներ ունեն։ Ուստի մենք պետք է հայկական սփյուռքին տրամադրենք խաղաղ շրջանակ և միջոցներ՝ դիմակայելու այս նոր միջավայրին:


Ֆրանսիայում տիրող հայաֆիլիան թե՛ քաղաքական իշխանության, թե՛ բոլոր մակարդակներում, թե՛ քաղաքացիական հասարակության կողմից կապիտալ ակտիվ է, որի վրա մենք կարող ենք ապավինել:


 - Խնդրում եմ մի փոքր պատմել այն կառույցի մասին, որը գլխավորում եք այսօր և որը կոչված է Հայաստանի և Ֆրանսիայի կապերի ամրապնդմանն ու զարգացմանը։

  

- Մենք հայկական ծագում ունեցող ֆրանսիացիների խումբ ենք, ովքեր ունեն փորձ ձեռնարկատիրական և ասոցիատիվ ոլորտներում: Մենք հաստատապես համոզված ենք սփյուռքի կառույցների բարեփոխման անհրաժեշտության մեջ՝ դրանց շրջանակը մեծացնելու և ազդեցությունն ուժեղացնելու նպատակով։ Հայությանը վերաբերող բոլոր հարցերը քննարկող, կենտրոնացնող և խթանող կազմակերպության բացակայությունն է սփյուռքում, որ դրդեց Ֆրանսահայերի խորհրդի ստեղծմանը և դրա գործունեության կառուցմանը: 


Ֆրանսահայերի խորհրդի առաքելությունն է՝ մի կողմից ընդլայնել և ամրապնդել Ֆրանսիայում հայության գործողությունը, ազդեցությունն ու հաղորդակցությունը, մյուս կողմից` զարգացնել ֆրանս-հայկական հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ մշակույթ, տնտեսություն, հետազոտություն, կրթություն, իրավունք, առողջություն և այլն: Ֆրանսահայերի խորհուրդը կառուցված է հնարավորինս ներառական հիմքերի վրա՝ ընդգրկելով ցանկացած բարի կամքի դրսևորում, առանց որևէ տեսակի տարբերակումների: 

 

- Կա արդյո՞ք այսօր վտանգ, որ Ֆրանսիան, ով դարեր շարունակ եղել է Հայաստանի աջակիցը, որոշ ժամանակ անց փոխի իր դիրքորոշումը հայկական հարցում, քանի որ ադրբեջանական և թուրքական լոբբինգն այսօր հզորանում է  Ֆրանսիայում։  


- Իհարկե, վտանգ կա և մի քանի պատճառով.


Նախևառաջ, դիվանագիտական ​​հարաբերությունները  Օսմանյան կայսրության և այսօր Թուրքիայի Հանրապետության հետ ավելի հին են, քան Հայաստանի հետ

Այնուհետև, դիվանագիտական ​​հարաբերությունները բախվում են իրական քաղաքականության ուժեղ մրցակցությանը, որը շատ հաճախ հաղթում է։  Դրա վառ օրինակը եվրոպական երկրներին գազի մատակարարումներն են, , որը իբրև ադրբեջանական է, բայց բոլորը գիտեն, որ գալիս է Ռուսաստանից, ինչը հանգեցնում է նրան, որ Ադրբեջանին և նրա առաջնորդինվերագրում են բազում արժանիքներ։


Պետք է դադարենք մտածել, որ մշակութային ընդհանրությունը  և այն փաստը, որ Հայաստանն առաջին պետությունն է, որն ընդունել է քրիստոնեությունը, բավարար և մնայուն արժեք են:


Թուրքական և ադրբեջանական սփյուռքի ժողովրդագրական և ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս զգալիորեն մեծացնել իրենց ազդեցությունը Ֆրանսիայում։ Դրանց համեմատությամբ  հայկական մշակութային, կրթական, մարդասիրական, մարզական և այլ հաստատությունների ֆինանսավորումն իսկապես անբավարար է։


Սա ևս մեկ լրացուցիչ պատճառ է վերը նշված բոլոր առումներով Հայաստանի հետ համագործակցությունն ավելի լավ կառուցելու համար։

 

- Որտե՞ղ եք տեսնում այս խնդրի լուծումը, ինչպե՞ս պետք է տեղի ունենա այս համակարգումը, ո՞վ պետք է հանդիսանա նախաձեռնողը։ 

 

- Սփյուռքը,  ՀՀ կառավարության հետ մեկտեղ, պետք է լրջորեն մտածը այնպիսի կառույցի ստեղծման մասին, որը պատասխանատու կլինի Հայաստանի շահերի առաջխաղացման  և պաշտպանության համար ողջ աշխարհում և հատկապես այն պետություններում ու միջազգային ատյաններում, որոնք անդրադառնում են Հայաստանի և հայերի հարցերին։ Դա կարող է լինել  օրինակ Հայկական համաշխարհային  կոնգրեսի միջոցով։ Այնպես, ինչպես կարողացել են գործի դնել այլ սփյուռքեր, օրինակ՝  հրեաների մոտ գործում է Հրեական համաշխարհային  կոնգրեսը։ Այդ կառույցի միջոցով մենք կարող ենք համակարգել մեր ջանքերը, միավորել բոլորին և  հասցնել մեր ձայնն  այն կարևոր հարթակներին , որոնք որոշիչ դեր ունեն աշխարհաքաղաքական հարցերում։  Անցյալում եղել են նման նախաձեռնություններ, հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, սակայն  ժամանակի աշխարհաքաղաքական կարգը թույլ չի տվել ավելի հեռու գնալ։  Այսօր  աշխարհաքաղաքական պայմաններն ավելի բարենպաստ են։

 

Նման կազմակերպությունն ապագա ունի միայն այնքան դեպքում, երբ հստակորեն սահմանված է յուրաքանչյուրի դերը և հստակ սահմանազատված են  Հայաստանի կառավարության և սփյուռքի տեսակետներն յուրաքանչյուրի ներքին հարցերի առումով։

 

Այնքան ժամանակ, որքան Հայաստանի իշխանությունները կձևավորվեն  ժողովրդավարական ընտրությունների գործընթացի արդյունքում, ինչպես ներկայումս է, Սփյուռքը պետք է հարգի ներքին քաղաքական ընտրությունը, ինչը ոչ մի կերպ չի խանգարում երկխոսությանը,իսկ վերը նշված համաշխարհային կոնգրեսը կլինի նրա արտահայտման հարթակը:

 

Իրական համագործակցությունը և փոխլրացման ուղիների որոնումն էապես անհրաժեշտ են սփյուռքին ուծացման վտանգից  պաշտպանելու համար : Եվ այս վտանգը առավել մեծ է, քանի որ հայկական մշակույթի երկու հիմնասյուները, որոնք թույլ են տվել այս ժողովրդին դարեր շարունակ գոյատևել, այն է՝ նրա այբուբենն ու եկեղեցին, կորցնում են ազդեցությունը։ Ֆրանսիայում ունենալով 10-ից քիչ ամենօրյա դպրոցներ, լեզվի պահպանումը ներկայումս ապահովվում է միայն Հայաստանից և Արցախից եկած հայերի վերջին հոսքով: Ինչ վերաբերում է եկեղեցուն, ապա  վերջինիս հետ կապի վրա անդրադառնում է նաև  Եվրոպայում նկատվող ընդհանուր շարժումը: Ուստի,  հրատապ  կարգով սթափվել է պետք։

Վերը նշված համագործակցությունն ու փոխլրացման որոնումները հնարավորություն կտան Հայաստանին ուղղված աջակցությունն  ավելի արդյունավետ կերպով իրականացնել ցուցաբերել, քան այսօր թույլ են տալիս բազմաթիվ հումանիտար, տնտեսական, մշակութային, կրթական և այլ նախաձեռնություններ։


Ադրբեջանի հետ հակամարտությունը և դրա հետ կապված պատերազմի վտանգը, ցավոք, կարող են հոռետեսություն առաջացնել: Մեր մտորումները և նախաձեռնությունները, և իհարկե շատ այլ նախաձեռնություններ, պետք է նպաստեն ապագան  նկատմամբ ավելի լավատես լինելուն, այն ինչ մեզ հորդորում է Հայաստանի երկարամյա պատմությունը։

 

Զրուցեց Թամարա Հովհաննիսյանը

Փարիզ, Ֆրանսիա



Արաքսից Սեն. ֆրանսիահայեր շարքի մյուս հարցազրույցները.

Ռուսաստանից վերադարձել է Հայաստան և ստեղծել CreamLeo-ն՝ հայկական բնական քաղցրավենիքի արտադրանքը

bottom of page