top of page

ՊՊԾ գնդի գրավումը և Արցախի հանձնումը. հերոս-գործակալ Ժիրայր Սեֆիլյանը Սերժ Սարգսյանի շախմատային հարթակում

  • 8 февр. 2024 г.
  • 5 мин. чтения

08.02.2024



Ժիրայրի դավաճանությունը և քաղաքական սնանկությունը միայն վերջին տարիներով չի սահմանափակվում: Նա ունի երկար հետագիծ և այդ հետագիծը բացարձակ կապ չունի Շուշիի հետ: Իր հերոս լինելն էլ հենց ինքը վիճարկեց` երբ Հայրենիքը պաշտպանելու փոխարեն պարբերաբար վրանային, հովանոցային ավան  շահագործեց Ազատության հրապարակում:


Արցախյան առաջին պատերազմի գրեթե ավարտին Ժիրայր Սեֆիլյանը դարձել է «Շուշիի առանձնակի գումարտակի» հրամանատար: Մինչ այդ, նա Դաշնակցության ջոկատի հրամանատարն էր: Գումարտակը գումարտակ, հրամանատարն էլ հրամանատար: Արցախի հինգ շրջաններից յուրաքանչյուրում եղել են առնվազն 2-3 գումարտակներ: Դրանցից մեկն էլ Շուշիի առանձնակի գումարտակը: Ոչ ոք չի ասում, որ այդ գումարտակը եղել է անպիտան:


Ընդհակառակը: Բայց Ժիրայրի «քաղաքական» գործունեության սկզբի տարիներից նա և նրա շրջապատը, շահարկելով գումարտակի «Շուշիի» անվանումը, անուղղակիորեն ստեղծել են այնպիսի մի տպավորություն և միֆ, որ իբր նրա հրամանատարությամբ այդ գումարտակն է 1992 թվականին ազատագրել Շուշին: Իրականում, Շուշիի ազատագրման օրերին այդ գումարտակը գոյություն չի ունեցել: Այն ձեւավորվել է ազատագրումից հետո, և կրել բերդաքաղաքի անունը պարզապես որովհետեւ այնտեղ տեղակայված է եղել: Շուշիի ազատագրման գործողությունում Ժիրայրը նույնիսկ երրորդական-չորրոդական դերակատարություն չի  ունեցել: Հարցրեք  Սամվել Բաբայանին,  որի հրամանատարության ներքո էր գտնվում նա Շուշիի ազատագրման օրերին: 


Բացի այդ, գումարտակի Ժիրայրի հրամանատարության իրական որակների վկաները գումարտակի մեծաթիվ այն ազատամարտիկներն էին և են, որոնք խրտնում էին իրենից և իրենց հրամանատար էին համարում ոչ թե նրան, այլ Պետոյին (Պետրոս Ղեւոնդյանին), ով զոհվեց 1994 թվականին Քարվաճառում:  

1994 թվականին Ժիրայրը ներգրավված էր Դաշնակցության ստեղծած «Դրո» գաղտնի խմբի գործունեությունում: Խմբի բացահայտումից հետո նրան հաջողվեց խուսափել հետապնդումից և հայտնվել Լիբանանում, որտեղ մնաց ավելի քան երկու տարի: Հետո վերադարձավ Հայաստան: Նա ցուցմունքներ է տվել «Դրոյի» գործով: Հարցրեք նրան՝ ի՞նչ ցուցմունքներ: Ինչպե՞ս պատահեց, որ ուրիշները ձերբակալվեցին և դատապարտվեցին նույնիսկ մահապատժի, իսկ նրան հաջողվեց պլստալ: Պատահակա՞ն է, որ Դաշնակցությունից հեռացվեց: Նա հարցաքննվել և ցուցմունքներ է տվել նաեւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով: 


Սամվել Բաբայանի Արցախում բանտարկությունից ազատվելուց և Երեւան գալուց հետո (2004 թվականի սեպտեմբեր), 2-3 տարիների քաղաքական գործունեության ընթացքում Ժիրայրը նրան աջակցել է վարձատրության դիմաց: Այդ ժամանակ Ժիրայրը Սամվել Բաբայանից ստացել է բազմատասնյակ հազարավոր դոլարներ: Այս ընթացքում Ժիրայրը հանդես էր գալիս «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնությունների համակարգող, «Արաքս-Կուր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: 


Այդ ժամանկվանից և մինչ օրս չորսամյա դպրոցական գրագիտությամբ Ժիրայրի հիմնական ինստրուկտորն (հրահանգիչն) է` իհարկե հնամենի Կոմսորգը,  կոմսոմալի քարտուղար, Սերժի մտերիմ, «Ղարաբաղ կոմիտեից» կոմիտեական` Աշոտ Մանուչարյանը:  Այս ինստրուկտորի (հրահանգչի) նշանակումը նույնպես պատահական չէր`  Աշոտ Մանուչարյանը պրովոկացիաների, խառնակչության, սեւ գործերի խելացի ու խորամանկ փորձառու սատանա է: Եվ որքան բացահայտիչ է այս Կոմսորգի կերպարը այսօր`Ղարաբաղի միացման անվան տակ շուրջ 35 տարի առաջ քաղաքական ասպարեզ նետված Աշոտ Մանուչարյանը Ղարաբաղը հանձնելուց լռեց:


2006 թվականից սկսվում է Ժիրայրի քաղաքական հետապնդում խորագրով` կալանավորում-ազատում բեմականացման միջոցով նրանից «քաղաքական ֆիգուր» քանդակելու գործընթացը:2006 թվականի վերջին նա կալանավորվեց և դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման, իր՝ «Արցախը հանձնողի գլուխը տրաքացնելու ենք» խոսքի համար: Տեսանք, թե ինչպես «տրաքացրեց» հանձնողների գլուխները: Հետո ասում էր՝ «Հող հանձնողին հողին ենք հանձնելու»: Տեսանք նաեւ, թե ինչպես հողին հանձնեց դրանց: 


Ի դեպ 2006 թվականի կալանավորումից հետո նրա եղբայր Թորոսը այդ հարցով հանդիպել էր Սերժ Սարգսյանին և վերջինը նրան ասել էր՝ «Հավատա Թորոս, Ժիրայրը բանտում ավելի ապահով է» և թե էլ ինչ պայմանավորվեցին Սերժի հետ, որը նրան ապահովություն է տալիս մինչ օրս կարծում եմ հասկանալի է: 

Ազատազրկման մեջ եղած ժամանակ, 2007-2008 թվականներին նա պաշտպանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, 2008 թվականի վերջին Հայ ազգային կոնգրեսին, և սա այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանը շարունակում էր պնդել Արցախի հարցով իր հայտնի թեզիսները: 


Մի կողմից օգտվելով ԼՏՊ-ի և Կոնգրեսի շարժման մարումից, մյուս կողմից բանտարկության իրողությունից առաջ բերելով «հերոսի» ու «հալածվածի» կերպար, 2008-2009 թվականից սկսեց իր անձի շուրջ ձեւավորել տարբեր «նախաձեռնություններ»՝ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում», «Միացում», «Սարդարապատ», «Նախախորհրդարան», «Հիմնադիր խորհրդարան» եւ այլն, հասնելով մինչեւ «Բեւեռ»: Վերոնշյալ «նախաձեռնությունները» տարբեր «քաղաքացիական» ակցիաներ կազմակերպեցին. բժիշկ, սպա Վահե Ավետյանի սպանության, «փակ շուկայի» ճարտարապետական ձեւափոխման, Կոմիտաս 5 հասցեում հակաօրինական և բնակիչների իրավունքները ոտնահարող շենքի կառուցման դեմ բողոքներ եւ այլն: Այդ ակցիաները մեկ էլ հանկարծակի դադարում էին: Ես չեմ կասկածում, որ դրանց դադարեցումը «տակից» փոխանցված փողերով էր պայմանավորված: 


2015 թվականից սկսվեց ավելի «ուժային» գործունեության շրջանը: Պատահական չէր, որ Վարուժանի «աննկատ միջամտությամբ» այդ ժամանակներից սկսվեց «շարժման» ներսում Ժիրայրին «հրամանատար» անվանելու «ավանդույթը»: Իսկ 2014 թվականից արդեն միանշանակ ուժի մեջ էր մտել Արցախը հանձնելու ծրագիրը, որի համար ընտրված էին և Նիկոլը, ում ստորագրությամբ պետք է հանձնվեր Արցախը և նրան իշխանությունը փոխանցելու աջակցողները: (2014 թվականի մի փակ հավաքի մասին` Ժիրայրի և Նիկոլի «քաղաքական խոսկապի» արարողության մասին կպատմեմ հաջորդիվ): 2015 թվականին հատուկ ծառայությունների և Սերժի կողմից անցկացված քաղաքային շախմատի դեբյուտում` «Պերմյակով»,  «Ավտոերթ Արցախ», «Ապրիլի 24` Հարյուր ամյակը առանց ռեժիմի», «Սահմանադրական հանրաքվե» քաղաքական շախմատի տախտակի վրա տեղադրվեց և խաղարկվեց հերոսի համբավով «ֆիգուրը»: 


«Ֆիգուրը» քաղաքական շախմատի պարտիայի դեբյուտում. 

2015 թվականի հունվարի 15-ին «Պերմյակով» ողբերգության բողոքի ցույցերի ժամանակ  «ֆիգուրը» և Լևոն Բարսեղյանը նույն սինխրոնությամբ սադրիչ գործողություններ էին իրականացնում: Գյումրիի դատախազության առջեւ հավաքված ցուցարարներին ուղորդում էին գնալ և հարձակվել ՌԴ հյուպատոսության վրա: Զավեշտալին այն է, որ թեպետ նրան, որ Հանրապետության ամբողջ ոստիկանությունը իր վերնախավով այդ օրը գտնվում էր Գյումրիում, մոլորված ցուցարարներին, որոնց առաջնորդում էին Լեւոն Բարսեղյանի և Ժիրայր Սեֆիլյանի սադրիչները չխոչընդոտեցին` չփակեցին Գյումրիի դատախազությունից մինչև ՌԴ հյուպատոսություն տանող ճանապարհը:  Այս ճանապարհի երկարությունը կազմում է շուրջ 1,5 կիլոմետր: «Ֆիգուրի» և Լևոնի սադրիչները ու ջուր պղտորողները ՌԴ հյուպատոսության վրա գրոհելիս, ինչպես մենք Բերձոր գնալիս ու ՊՊԾ գունդ մտնելիս և ինչպես Նիկոլը Ռադիոտունը գրավելիս Սերժի ոստիկանության կողմից դիմադրության կամ խոչընդոտի չհանդիպեցին: 


2015 թվականի հունվարի 31-ին  տեղի ունեցավ, 2014 թվականի դեկտեմբերի 20-ին «Նախախորհրդարանի» կողմից «100-ամյակը առանց ռեժիմի» կարգախոսով չեղարկված ավտոերթը դեպի Արցախ և Բերձորի մուտքի մոտ Արցախի ուժային կառույցների կողմից հայտնի խայտառակ ծեծ ու ջարդը: Ի՞նչ խնդիր կարող էր լուծել այդ ավտոերթը: Ո՛չ մի: Ինչպես որ ոչ մի խնդիր չէին լուծելու տարիների ընթացքում Հայաստանի տարբեր շրջաններում կատարված բազմատասնյակ մյուս ավտոերթերը: Բայց Արցախի պարագայում Ժիրայրը բազմիցս զգուշացվել էր, որ այն ոչ մի գնով չի թույլատրվելու: Բազմիցս զգուշացվել էր, որ փորձելու դեպքում դա ուժով կանխվելու է: Նա նույնիսկ կանչվել էր Ստեփանակերտ, Բակո Սահակյանի գրասենյակ, և Արցախի ռազմաքաղաքական ամբողջ վերնախավի ներկայությամբ կրկին զգուշացվել: Հուշագրավ է, որ Երևանից մինչև Գորիս ամբողջ ճանապարհը ավտոերթը ընթացել է առանց որևէ խոչընդոտի ոստիկանների ուղեկցությամբ` նրանք առաջնորդել են ավտոշարասույնը: «Ֆիգուրը»  հաստատապես իմանալով, թե ինչ է սպասվում, ավտոշարասյանը Բերձորի մատույցներում չէր հրաժարվել սադրանքից և մինչեւ Բերձոր իրականացրեց երեխաների ու կանանց մասնակցությամբ ավտոերթը: Ի թիվս ուրիշների, նա էլ ստացավ մահակների բիրտ հարվածների իր բաժինը: Բազմիցս կրկնված զգուշացումների պարագայում այդ համառությունն այլ նպատակ չէր կարող հետապնդել, քան Հայաստանցի-Ղարաբաղցի արհեստական սեպի թարմացմանը, իր անձին ու ղեկավարած կազմավորման կարևոր նշանակություն տալուն և իհարկե Արցախի հերոսին, կանաց և երեխաներին Արցախում ծեծելու տեսարանի նկարահանման տարածմանը: 


2015 թվականի սկզբին «ֆիգուրը» հայտարարեց «100-ամյակը առանց ռեժիմի» կարգախոսով ապրիլի 24-ին ընդվզման օր և  կոչ արեց ժողովրդին այդ օրը դուրս գալ օրվա իշխանության դեմ: «Ընդվզումն» այդ օր նշանակելու Ժիրայրի տրամաբանությունը հետեւյալն էր. «Ապրիլի 24-ին ժողովուրդը տասնյակ հազարներով արդեն փողոցում է լինելու, ուստի շատ հեշտ կմիանա մեր կոչին»: Ոչ ավել, ոչ պակաս: «Ազգային-քաղաքական» մտքի ինչպիսի՛ փայլատակում: Ազգային մեծագույն աղետը շահարկելու ինչպիսի՛ չարչիություն:  «Ապրիլի 24` 100-ամյակը առանց ռեժիմի» ակցիայից առաջ Ժիրայրը իր մեղսակիցների հետ կրկին ստացավ ուղեգիր և գնաց ապահով վայր` մեկուսարան: Այդ ժամանակ կրկին Թորսը Սեֆիլյան հանդիպեց Սերժին: Ինչ խոսեցին` համենայնդեպս արդյունքը եղավ Ժիրայրի և մյուսների մեկամսյա բանտային ուղեգրի ավարտը: Ժիրայրը դուրս եկավ բանտից հերթական  հալածյալի պիտակով և կրկին գործի անցավ Ազատության հրապարակում: Այս անգամ նա պետք է գործեր «Ոչ» սահմանադրական փոփոխությունների ճամբարում:


2015 թվականի աշնանը «ֆիգուրը» հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի միասնական շտաբի իր կողմից ղեկավարման մասին և որ ինքն ու «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել են` եթե անհրաժեշտություն լինի, ընտրելու են ամեն գնով փոփոխություն անելու տարբերակը: Եվ նրանք մի առ ժամանակ Ազատության հրապարակում անցկացրեցին բողոքի գործողություններ: Ազատության հրապարակից կոչ արեցին «Ոչ»-ի ճամբարի մյուս քաղաքական ուժերին միանալ պայքարին:  Ժիրայրը դիմեց նաեւ Նիկոլին բղավելով «Նիգոլ ուրես, ըզգզել է»: Բայց ավաղ այս պայքարն էլ ավարտվեց Նիգոլի չափսերով կարված սահմանադրության հաստատմամբ և Սերժի գրասենյակի մոտ ծաղիկների խոնարմամբ: Նիգոլը այդպես էլ չեկավ, քանի որ համոզված էր, որ իսկապես «ըզգզել է»: Շուտով նա հագնելու էր իր չափսերով կարված սահմանադրությունով կոստյումը և մեծ ջանասիրությամբ, նույնիսկ մարդկության դեմ հանցագործությամբ հանձնելու էր Արցախը:


(Շարունակելի)


Արմեն Բիլյան

«Արմավիր» ՔԿՀ

02 փետրվար, 2024 թվական

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page