top of page

Մեր անափ սիրո խոստովանությունը Կոմիտասին՝ նրա ծննդյան օրը

26.09.2023

Այսօր լրանում է հայ երգի վեհափառ եւ հայ ժողովրդի երախտարժան զավակ Կոմիտասի ծննդյան 154 ամյակը:


Կոմիտասը դարակազմիկ երեւույթ է, հայ երաժշտական մշակույթի այն բացառիկ երախտավորը, որի մասին գրվել են եւ շարունակում են գրվել հետազոտություններ, մենագրություններ, ատենախոսություններ, հոդվածներ, հուշագրություններ, գեղարվեստական ստեղծագործություններ. «Ուզում եմ ընդգծել, որ կոմիտասագիտության սկզբնավորման ու զարգացման գործում ծանրակշիռ ավանդ ունի նաեւ ԳԱԱ արվեստի ինստիտուտը։


Կոմիտասը հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիրն է. իր նախորդների նվաճումների եւ համաշխարհային հարուստ փորձի օգտագործման ճանապարհով նա ստեղծեց հայ երաժշտության ազգային ոճը՝ խարսխված հայ ժողովրդական երգի վրա»։ Կոմիտասը, Ասատրյանի խոսքով, մոռացությունից փրկեց հայ գեղջուկի երգը։ Նրա գործունեությունը, ըստ երաժշտագետի, այս տեսակետից համեմատելի է Մեսրոպ Մաշտոցի սխրանքի հետ։

«Կոմիտասը բազմաձայնեց հայ ժողովրդական երգն ու հոգեւոր եղանակները՝ ստեղծելով ազգային բազմաձայնությունը (պոլիֆոնիան)։ Նա հայ երաժշտության պրոպագանդիստն էր՝ հայ երգի առաքյալն ինչպես օտարների, այնպես էլ հենց հայերի համար։ Նրա կյանքի նպատակներից էր՝ ապացուցել աշխարհին, որ հայն ունի իր ինքնուրույն երաժշտությունը։ Կոմիտասը գիտնական—հետազոտող էր. նա հայ նոր երաժշտագիտության հիմնադիրն է։ Իր ուսումնասիրություններով Կոմիտասը սկզբնավորեց երաժշտական ֆոլկլորագիտությունն ու երաժշտական միջնադարագիտությունը»,—ասաց Ասատրյանը։

Կոմիտասը նաեւ մանկավարժ էր. իր մանկավարժական գործունեության մեջ նա խիստ կարեւորում էր ազգային երաժշտական կադրերի պատրաստման անհրաժեշտությունը։ Գեւորգյան ճեմարանում փոխարինելով Քրիստափոր Կարա—Մուրզային՝ նա անմիջապես գործածության մեջ է դրել եվրոպական ձայնագրությունը, քանի որ առանց դրա իմացության անհնար էր հաղորդակցվել համաշխարհային երաժշտությանը։ Կոմիտասի մեծագույն փափագն է եղել հայ երեխաների համար երաժշտական կրթության ապահովումը, ազգային երաժշտական մասնագիտական կադրեր պատրաստող հաստատությունների ստեղծումը, նրա գերագույն երազանքն է եղել ազգային կոնսերվատորիան։

Կոմիտասն արտակարգ երգիչ էր, այդ ձիրքը նա ժառանգել էր ծնողներից։ «Հօրս ու մօրս ազգատոհմն ի բնէ ձայնեղ է,–հետագայում՝ 1908—ին, ինքնակենսագրության մեջ գրել է Կոմիտասը։–Հայրս եւ հօրեղբայրս՝ Յարութիւն Սողոմոնեանը յայտնի դպիր են եղել մեր քաղաքի Ս. Թէոդորոս եկեղեցում։ Մօրս եւ հօրս տաճիկ լեզվուով եւ եղանակներով յօրինած երգերը, որոնցից մի քանիսն արդէն գրել եմ 1893 թուին հայրենիքումս, դեռ երգում են մեծ հիացմունքով մեր քաղաքի ծերերը»։ Բեռլինում ուսանելու տարիներին՝ 1899—ի ապրիլին, գերմանացի երաժիշտ Ռիխարդ Շմիդտը փորձում է Կոմիտասի ձայնը եւ բացահայտում, որ այն ամփոփում է «բարձր տենորի եւ ստորին բարիտոնի ամբողջ տարածութիւնը 2—3/4 ութնեակ 20 աստիճան», եւ որ նրա «ձայնի մէջ ձուլուած է հանրագումարը թէ՛ տենորի ճկունութեան, եւ թէ՛ բարիտոնի փափկութեան»։ Իսկ տարիներ անց անվանի թավջութակահար Տիրան Ալեքսանյանը պիտի նկատեր. «Աշխարհի առաջին երգիչն է այս մարդը. այս տեսակ երգիչ ես դեռ չեմ լսած, կենդանի նվագարան մըն է»։

«Կոմիտասը նաեւ անկրկնելի խմբավար էր»,–նկատում է երաժշտագետը՝ հավելելով՝ վարդապետն իր ստեղծագործական ոչ երկարատեւ կյանքի ընթացքում ծավալել է բազմակողմանի ու արդյունաշատ գործունեություն՝ մեծապես կանխորոշելով հայ երաժշտության զարգացման հետագա ուղիները։ Ասատրյանի խոսքով՝ մյուս կողմից, հայ մշակույթում բացառիկ տեղ ու դեր ունի նաեւ Կոմիտասի կերպարը։ Հայ երաժշտության մեջ ստեղծվեցին նրան նվիրված արժեքավոր ստեղծագործություններ, նա այն եզակի հայ կոմպոզիտորներից է, որի կերպարը մարմնավորվեց երաժշտական թատրոնում. «1969թ. Էդգար Հովհաննիսյանը գրում է «Անտունի» բալետը, որի լիբրետոն, ըստ Եղիշե Չարենցի «Ռեքվիեմի» ու Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմի, կազմել էր բալետի հայ արտիստ եւ բալետմայստեր, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանը։ Բալետի պրեմիերան տեղի ունեցավ 1969թ. նոյեմբերի 20—ին Երեւանի օպերային թատրոնում Մաքսիմ Մարտիրոսյանի բեմադրությամբ։ Սփյուռքահայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ եւ երաժշտական—հասարակական գործիչ Համբարձում Պերպերյանը 1972—ին գրել է «Requiem Aeternam»—ը (Կոմիտասի հիշատակին)՝ Չարենցի համանուն ստեղծագործության հիման վրա (տեքստը՝ հայերեն եւ անգլերեն լեզուներով), որը 1975—ին հնչել է Դետրոյթում՝ ամերիկյան պրոֆեսիոնալ երգչախմբի կատարմամբ եւ արժանացել ջերմ ընդունելության։ «Requiem»—ը հնչել է նաեւ Երեւանում հեղինակի ղեկավարությամբ»։

Կոմիտասի կերպարը, Ասատրյանի մեկնաբանմամբ, խթանեց նաեւ հայ գրականության առաջընթացը։ Նրան են նվիրվել բազմաթիվ չափածո եւ արձակ ստեղծագործություններ, որոնց մեջ բացառիկ տեղ են գրավում Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմն ու Եղիշե Չարենցի «Requiem Aeternam»—ը։ Նշենք նաեւ Գուրգեն Մահարու «Երգ Կոմիտասին», Նաիրի Զարյանի «Կոմիտասին», Վահրամ Ալազանի «Գազել Կոմիտասին», Հովհաննես Շիրազի «Բեյթ՝ Կոմիտասին», Համո Սահյանի «Կոմիտասին», Ազատ Վշտունու «Կոմիտասին», Գեղամ Սարյանի «Դեպի կառափնարան», Վահագն Դավթյանի «Կոմիտաս» եւ այլ չափածո երկեր. «Կոմիտասի կերպարը ներշնչանքի աղբյուր է դարձել նաեւ օտարազգի բանաստեղծների համար՝ Արսենի Տարկովսկի, Պավլո Տիչինա, Կայսին Կուլիեւ...»։

Կոմիտասը նպաստեց հայ կերպարվեստի զարգացմանը եւս։ Նրա կերպարին են անդրադարձել հայ նկարիչներից ու քանդակագործներից շատերը թե՛ իր կենդանության օրոք, թե՛ հետագայում։ Ասատրյանի կարծիքով՝ հատուկ ուշադրության են արժանի նրա ժամանակակիցների ու բարեկամների՝ Գեւորգ Բաշինջաղյանի, Փանոս Թերլեմեզյանի եւ Եղիշե Թադեւոսյանի կտավները։ Հետագայում կոմիտասյան թեման հարստացրին Մարտիրոս Սարյանի, Գեւորգ Գրիգորյանի (Ջիոտտո), Երվանդ Քոչարի, Դմիտրի Նալբանդյանի, Հրաչյա Ռուխկյանի, Հովհաննես Զարդարյանի, Հակոբ Հակոբյանի, Սուրեն Սաֆարյանի, Գրիգոր Խանջյանի, Սարգիս Մուրադյանի, Հենրի Էլիբեկյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի եւ էլի շատ շատերի՝ գեղանկարչական ու գրաֆիկական ստեղծագործությունները, ինչպես նաեւ քանդակագործներ Երվանդ Քոչարի, Արա Սարգսյանի, Նիկողայոս Նիկողոսյանի, Սերգեյ Բաղդասարյանի, Խաչատուր Իսկանդարյանի, Ղուկաս Չուբարյանի, Արա Հարությունյանի, Արտաշես Հովսեփյանի, Արտո Չաքմաքչյանի, Լեւոն Թոքմաջյանի, Դավիթ Երեւանցու եւ այլոց աշխատանքները։


Կոմիտասի հիշատակը հավերժացնող հուշարձաններ են տեղադրվել ինչպես Երեւանում, այնպես էլ Էջմիածնում, Փարիզում, Դետրոյթում, Քվեբեկում եւ Սանկտ Պետերբուրգում։

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page