top of page

Արայիկ Հարությունյանն արդեն ստիպված է իրերը կոչել իրենց անուններով. ռուսները բանի պետք չեն

05.07.2023



Զլմ-ները հայտնում են, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի անվտանգությունն ապահովելու հարցով նամակ է հղել Պուտինին։ Դժվար է հավատալ, որ Արայիկ Հարությունյանի համար պարզ չէ, որ Ռուսաստանի խնդիրն այլ է, որ ռուս «խաղաղապահները» Արցախի անվտանգությունն ապահովելու եւ նոյեմբերի 9-ի թղթի կետերը պահպանելու համար չեն։ Ռուսաստանն իրականացնում է Արցախը Բաքվի լիակատար ենթակայության հանձնելու օպերատիվ գործողություններ։


Արցախի Ազգային ժողովում Հարությունյանի վերջին ելույթը, երբ արդեն ստիպված էր ճշգրիտ նկարագրել Արցախի մոտալուտ հեռանկարը, ինչպես նաեւ սեփական ուժերի վրա հենվելու եւ ինքնապաշտպանության անհրաժեշտության մասին նրա հայտարարությունը ցույց են տալիս, որ պարզ է։ Պարզ է նաեւ Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակը վերացնելու Փաշինյան-Ալիեւ-Պուտին ոճրագործության նպատակը։


Իրավիճակն իհարկե ծանր է, մանավանդ որ այն ավելի են բարդացնում օկուպացիոն զորքի ներկայությունը, Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Բաբայանը՝ առաջինը Արցախը Հայաստանից կտրելու իր առաջադրանքով, երկրորդը՝ ռուսական բացառիկ մանդատի եւ Բաքվի հետ բալագանի մեջ մտնելու իր առաջադրանքով։ Երկուսն էլ նույն խնդիրն են լուծում՝ աշխատանքի համապատասխան բաժանմամբ։ Արցախի խորհրդարանն ամոթալի հայտարարություն է ընդունում, նպաստելով միջազգային ատյաններում հայկական իրավունքների եւ քաղաքական կարգավորման քննարկման հնարավորությունները չեզոքացնելու Նիկոլ-քպ-ական գործունեությանը։


Արցախի ներկայիս վիճակի բացառիկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ով Արցախը ճանաչել է «Ադրբեջանի» մաս, որից հետո թե Բերձորի միջանցքի հարցը, թե հումանիտար հարցերը ճանաչվում են ներքին խնդիր։ Լեգիտիմացվում է Արցախի դեմ Բաքվի ուժային գործողությունների «իրավունքը»։ Ըստ այդմ, Արցախի նախագահի դիմումները եւ հայտարարությունները պետք է ունենան հստակ հասցեատեր՝ իրավիճակի հստակ գնահատականներով ու քաղաքական իրավունքների հիմքով պահանջներով։


Դրանք հանգում են հետեւյալին՝ ԵԱՀԿ մանդատի վերականգնում եւ ահաբեկչական պատերազմի արդյունքներով ստատուս-քվոյի անթույլատրելիություն, Արցախի խնդրի քաղաքական կարգավորման եւ կարգավիճակի հարցի քննարկումների վերականգնում միջազգային ատյաններում, միջազգային ընդունված սկզբունքների հիման վրա։ Հղում Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրին, 1989 թ․ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին որոշմանը եւ այդ դրույթների կատարման պահանջ։ Այս ամենը արձանագրված է ներազգային ու միջազգային իրավական բազմաթիվ փաստաթղթերում, ընդ որում՝ նաեւ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո։

Մտայնություն կա, թե Արցախի իշխանության մարմինների՝ նախագահի աշխատակազմի, ԱԺ, ԱԳՆ հայտարարությունները ոչ ոք լուրջ չի ընդունում։


Վաշինգտոնում բանակցությունների օրերին Արցախի ԱԺ ամոթալի հայտարարության կապակցությամբ ԱՄՆ Պետդեպի արձագանքը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում աղմկահարույց հայտարարությունները երեւի բավական են այս մտայնությունը ցրելու եւ հետեւանքները հասկանալու համար։


Արցախի քաղաքական համակարգը, ցավոք, գերակշիռ մասով երեւանյան դեգեներատիվ քաղդասի շարունակությունն է։ Միեւնույն ժամանակ, ներկայիս բարդ իրավիճակը հնարավորություն է Հայաստանի արցախյան հատվածի ղեկավարների համար՝ շրջելու իրավիճակը։ Սուբյեկտությունը անիրական, կամ դրսից տրվող ինչ որ բան չէ եւ սկսում է սեփական քաղաքական իրավունքների գիտակցումից եւ դրանք պաշտպանելու կամքից։ Իրավունքը հայկական կողմում է, եւ ցապարների խառնածին ցեղապետի հիստերիկայի ու ռուսների ջղաձգության պատճառը դա է։


ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page