top of page

Երբ Կարպը բեմին էր մարդիկ ծիծաղից ուշագնաց էին լինում...



Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի պատին Խաչվանքյանի անունով հուշատախտակ կա, շատերն էլ ժամանակին այն անգամ անվանել են «Կարպի թատրոն»։ Թբիլիսիի «Վրացֆիլմ» կինոդերասանի դպրոցն ավարտած արտիստը 1944 թ. հրավիրվեց Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն եւ իր անկրկնելի խաղով շատ կարճ ժամանակ անց դարձավ այս թատրոնի «անձնագիրը»։ Խաչվանքյանի կերպարը անտարբեր չթողեց եւ ոչ մի հանդիսատեսի։ Ժամանակակիցները հիշում են՝ նրա ներկայացումների ժամանակ մարդիկ ծիծաղից «ուշագնաց» էին լինում, դահլիճը թնդում էր ուրախությունից։ Միայն դերասան չէր, նաեւ հրաշալի ռեժիսոր էր։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, լուսահոգի Երվանդ Ղազանչյանի հետ հայ թատրոնի մեծերի մասին զրույցներն այսօրվա պես եմ հիշում։ Դերասանի կյանքի եւ բեմական գործունեության մասին «ՀՀ» թղթակիցը ներկայացնում է եւս մի քանի հուշ, որ մեզ հետ զրույցում պատմել են Երվանդ Ղազանչանը եւ դերասան, արվեստաբան Սերգեյ Առաքելյանը։

Պատմում էր Ե. Ղազանչյանը.

—Հրաշք։ Անբացատրելի, անզուգական մարդ էր։ Խեղճ ու կրակ։ Համեստ։ Կյանքում լուռ, ոչ մի բանի չխառնվող։ Գալիս էր թատրոն, ժամերով անձայն նստում այդտեղ (ցույց է տալիս իր աշխատասենյակի անկյունում դրված բազմոցը)։ Այդ օրերին Ավստրալիայից ընկերս էր եկել։ Հաճախ էր գալիս այստեղ՝ թատրոն։ Խաչվանքյանին դեմքով գիտեր, ծանոթացրել էի։ Երբ արդեն մեկնելու ժամը եկավ, ասաց. «Եղբայր, քեզի խորհուրդ մը պիտի տամ. ան քո առաջին դերասանից զգույշ եղիր, ինծի կթվա ան ԿԳԲ—ի աշխատող է»։ Ծիծաղս եկավ, ասում եմ՝ այ մարդ, ինչի ես այդպիսի տպավորություն ստացել, պատասխանում է, թե՝ «Բոլորը կխոսան, անիգա կլռե»։ Այո, գրեթե միշտ լուռ էր, անտանելի տխուր, հաճախ նաեւ անհետաքրքիր, ինքնամփոփ։ ՈÕչ կխոսեր, ո՛չ կխառնվեր։ Սակայն բեմում իսկական «հրավառություն» էր։ Ինչպիսի՜ նվիրումով էր մոտենում թատրոնին, զարմանալ կարելի էր։ Հանգստյան օրերին անգամ գալիս էր այստեղ, իր երեք ժամը լրացնում հերթապահի կողքին նստելով, ապա իրեն բնորոշ լռությամբ վեր էր կենում ու գնում։

Ուրի՜շ տեսակ դերասան էր։ Բեմի վրա անբացատրելի էր։ Այն օրերին, երբ նոր էին սկսվել զարհուրելի պատմությունները մեր դարավոր հարեւանների հետ, այստեղ խաղում էինք։ Լույս էլ չկար՝ լամպերի ներքո։ Օր չկար, որ Ղարաբաղից տխուր լուր չգար, բայց անգամ այդ տխուր օրերին, երբ Կարպը մտնում էր բեմ, դահլիճը ծիծաղից «ալեկոծվում էր»։ Այդ պահերին ես միշտ մտածում էի՝ մի քանի մարդու հրավիրել կողքի արնախումներից, թող տեսնեն՝ այս ժողովրդին հնարավո՞ր է հաղթել արդյոք։ Խաչվանքյանը շատ մեծ կենտրոնական դերեր խաղաց թատրոնում, բոլորն էլ սիրում էր։ Բոլոր դերերին էլ նվիրվում էր մինչեւ վերջ, այն դեպքում, երբ սիրտը վիրահատված էր, հիվանդություններ ուներ, բայց թաքցնում էր։ Չէր տրտնջում, իր գործի գիտակն էր, պրոֆեսիոնալ դերասան էր։

Հիշում է Ս. Առաքելյանը.

—Բազմաժանր էր, բազմատաղանդ, սակայն բեմից դուրս կտեսնեիք ստվերի տակ մնացած մի մարդու։ Ինքն էր իրեն ստվերի տակ պահում։ Առանձնանում էր, կծկվում մի անկյունի վրա, սուս նստում։ Մինչեւ չխոսեր, չէին իմանա, որ նստած է դարի մեծ դերասաններից մեկը։ Նրա հետ ծանոթությունս եղավ 1944 թ. օգոստոսյան այն օրը, երբ մտավ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն։ Հրավիրվել էր Արտեմի Այվազյանի կողմից, ով այդ ժամանակ թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Մենք գիտեինք, որ Վրաստանից Երեւան պիտի գա ընդամենը 21 տարեկան մի տղա՝ Կարպ Խաչվանքյան անունով, որն ավարտել էր Թբիլիսիի կինոստուդիայի դերասանական ֆակուլտետը։ Լուրեր էին պտտվում, որ գալիս է չքնաղ արտաքինով դերասան, երգում է, պարում է, ունի հստակ խոսք։ Միակ թերությունը, որ չի տիրապետում հայերենին։ Ես այդ տարիներին այն բախտավոր երեխաներից մեկն էի, որ ընտրվեց թատրոնում փոքրիկ դեր խաղալու համար՝ «Ուշ լինի, նուշ լինի» ներկայացման մեջ։ Միջանցքում վազվզում էինք, մտավ մեկը եւ ընդգծված հայերենով, շեշտված «ռ»—ով ասաց. «Տղաներ, չե՞ք ասի՝ որտեղ է դիրեկտրի կաբինետը»։ Ես անմիջապես հասկացա, որ նա է՝ Խաչվանքյանը։

Բնակարան չուներ, հյուրանոցներ չկային, պատերազմական ծանր տարի էր, թատրոնում էլ չկար հատուկ սենյակ։ Առաջարկեցի գալ մեր տուն։ Եկավ։ 15 օր ապրեց մեր տանը։ Հետո բնակարան վարձեցինք Պուշկինի փողոցի վրա։ Առաջ անցնելով ասեմ, որ ներկա էի անգամ նրա մահվան օրը, աչքերը փակեցի։ Բաժանված էր կնոջից, մենակ էր։ Ամեն օր, ժամը երեկոյան 17։00—ից մինչեւ 24։00—ն պարտադիր գնում էի նրա մոտ։ Իր նշանակած ժամն էր։ Բացի աշխատանքային ընկեր լինելուց, մենք նաեւ հարեւաններ էինք, ապրում էինք նույն շենքում, նա երրորդ մուտքում էր, ես՝ չորրորդ։ Խաչվանքյանը պարգեւ էր հայ ազգին։ Ես հիշում եմ նրա առաջին դերակատարությունը Երեւանում։ 1944 թիվ, նոյեմբերի 4, Կալման «Սիլվա»։ Հետաքրքրությամբ խոսում էր ամբողջ քաղաքը. եկել է նոր դերասան, չքնաղ արտաքինով, պարում, երգում, հետո ինչ—որ խաղում է ռուսերեն։

Առաջին երկու դերը խաղաց ռուսերեն, երրորդը նոր եղավ հայերենը։ Այդ օրը ոչ թե սովորական ներկայացում էր, այլ հրավառություն։ Առաջինը բարձրաձայնեց Ավետիք Իսահակյանը՝ ասելով. «Պատերազմ տեսած հայ ժողովրդին միայն ծիծաղն էր պակասում։ Խաչվանքյանը եկավ լրացնելու այդ բացը։ Նա լուսավոր կետ է եւ մեծ պարգեւ հայ ժողովրդին»։ Առաջին անգամ պատի վրա ամրացվեց՝ «Բոլոր տոմսերը վաճառված են»։ Այսպիսի հայտարարություն մենք չէինք տեսել երբեւէ։ Որքան էլ զարմանալի է՝ ունեինք երկու Խաչվանքյան՝ բեմի եւ կյանքի։ Տխուր էր կյանքում, անհետաքրքիր նույնիսկ, սակավախոս, անտարբեր։ Չէր սիրում խնջույքներ՝ հրաժարվում էր։ Եթե համերգի հայտարարության մեջ գրվեր Կարպ Խաչվանքյան, կողքին էլ Սվետլանա Գրիգորյան, դռները «ջարդում» էին։ Ո՛չ Խաչվանքյանը, ո՛չ էլ Սվետլանան չգնացին այդ «էժան» ճանապարհով։ Ասում էին՝ «Տեսնե՞լ եք ուզում, եկե՛ք թատրոն, խնդրեմ»։ Այո, նա որպես դերասան անզուգական էր։ Տաղանդը հմայքն է, եթե դերասանը չունի հմայք, ի՞նչ տաղանդի մասին է խոսքը։ Խաչվանքյանի վրայից տաղանդը ուղղակի «հորդում» էր։ Հանդիսություններին բեմում էին բոլոր մեծերը, բայց երբ մտնում էր Խաչվանքյանը, ստվերում էր ներկաներին՝ անմիջապես վերցնելով դահլիճն իր տիրույթի տակ։ Նրա ձայնը գիտեին։ Ամեն օր միասին գալիս էինք Պարոնյանի թատրոն, հետ էինք գնում կրկին միասին։ Երբեմն կռացած էր գալիս, հանգիստ քայլքով, չէին ճանաչում։ Բայց հենց լսում էին նրա ձայնը, անմիջապես հասկանում էին, որ այդ նա է։ Այսպիսի սեր, հավանաբար, վայելել են Գոհար Գասպարյանը եւ Վահրամ Փափազյանը։

Բառերը, թերեւս, տկար են նկարագրելու այն, ինչ Խաչվանքյանն անում էր բեմում։ Նա հասավ ամեն ինչի՝ մասսայականացման, ժողովրդականացման իմաստով։ Հասավ բարձրակետին։ Չկար մեկը, որը կհամեմատվեր նրա վայելած ժողովրդական սիրո հետ, չկար։ Կարպն ուներ երկու երազանք, եւ երբ հարցազրույցներից մեկի ժամանակ հարցրին, թե ի՞նչ երազանք ունի, ի՞նչը իր կյանքում կիսատ մնաց, ասաց. «Կիսատ չմնաց, ես ամեն ինչի հասա, ստացա ավելին, քան տվել եմ»։ Դա իր համեստությունն էր, մինչդեռ ճիշտ հակառակն էր։ Երազում էր բեմադրել մեր առաջին օպերետը՝ Արտեմի Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինին»՝ համարելով այն ազգային գանձ, հարստություն։ Երազել էր նաեւ Հորհոր աղա խաղալ «Կարինե» օպերետում։ Ասում էր՝ «Իմ տարիքը, մի փոքր էլ վարպետությունս, թող անհամեստ չհնչի, թույլ են տալիս, որ ես բնութագրական, խարակտերային դեր խաղամ»։ Այդ երկու երազանքն էլ մնաց անկատար։ Խաչվանքյանը երեւույթ էր հայ թատրոնի պատմության մեջ։ Օպերետային ժանրի շատ մեծ դերասանների հետ եմ աշխատել, բախտ ունեցա դերեր ունենալու նաեւ իր բեմադրությունների մեջ։ Նա մնաց անմրցելի։ Դժբախտաբար, մեր թատերագետները խոսում են միայն դերասան Խաչվանքյանի մասին՝ մոռանալով, որ դերասանի կողքին հավասար ուժով եւ տաղանդով քայլում էր նաեւ ռեժիսոր Խաչվանքյանը։ Երբ փլվեց մեր այս շենքը, թատրոնը 18 տարի «անիվների» վրա մնաց։ Թափառում էինք Հայաստանի ամենահեռավոր գյուղերում անգամ։ Այդ ծանր տարիներին նա 13 բեմադրություն ունեցավ, եւ բոլորն էլ երաժշտական՝ մյուզիքլներ եւ օպերետներ։ Մեր թատրոնում մյուզիքլներ չկային, հիմնադիրը եղավ Խաչվանքյանը։ Այս ժանրը թատրոնի խաղացանկ մտավ հենց նրա շնորհիվ...


Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page