top of page

Հայ երգի Հայրիկը


Հայրիկ Մուրադյանը 10 տարեկան է եղել, երբ գաղթի ճամփեքով հասել է Սիրիա, Իրաք, հետոՙ Հայաստան: Եվ այդ տարիքում իր ֆենոմանալ հիշողությամբ բերանացի երգել է Արեւմտյան Հայաստանի տարբեր գավառների 150 երգ: Դրանց մեծ մասը ռադիոյի «Ոսկե դարանում» է, մի մասն էլՙ ընտանեկան արխիվում: Այդ երգերը Հայրիկ Մուրադյանը կատարում է առանց նվագակցությանՙ բնական, կենդանի ձայնով:


Ազգագրագետ Ալինա Փահլեւանյան - «Արվեստի ինստիտուտի ասպիրանտ էի. Մաթեւոս Մուրադյանը, որ ձայնագրել էր Հայրիկ Մուրադյանին, մի օր ինձ ասաց, որ այդ բոլոր երգերը նոտագրեմ: Այդպես ես ծանոթացա Վարպետի հետ, պատիվ ունեցա մուտք գործելու նրա աշխարհ: Մինչեւ հիմա նրա ձայնն ականջներիս մեջ է: Նոտագրությունը դարձավ մի առանձին ժողովածու, որը լույս տեսավ 1980 թվականին, ունեցավ նաեւ երկրորդ հրատարակություն, դա էլ սպառվեց, ու հիմա վերհրատարակման կարիք կա: 1960-ականներին Հայրիկ Մուրադյանը մի այնպիսի ֆոլկլորային ալիք բարձրացրեց երկրում, որը նախադեպը չուներ: Այդ տարիներին հայերս առաջին անգամ զգացինք մեր ազգային երգի ուժն ու զորությունը, մեր ինքնության արմատների կանչը լսեցինք: Այդ երգը մագնիսական, դյութիչ ուժ էր, որ շատերին դեպի իրեն քաշեց ու կապեց անաղարտ հայ երգին»:


Երաժշտագետ, խմբավար Դանիել Երաժիշտ - Մարտիրոս Սարյանն ասում էր. «Ես 5000 տարեկան եմ, որովհետեւ յուրաքանչյուր արվեստագետ իր մեջ կրում է իր ժողովրդի կենսագրությունն ու պատմությունը»: Մենք նշում ենք Հայրիկ Մուրադյանի ոչ թե 111, այլ 5000 ամյակը: Կոմիտասն ասում էր. «Երաժշտությունն ամենեն մաքուր հայելին է ցեղի»: Մանուկ էր Հայրիկը, երբ անապատներով եկավ-հասավ Հայաստանՙ իր մեջ կրելով այդ ամենեն մաքուր հայելին: Մենք կորցրինք մեր Երկիր Դրախտավայրի զգալի մասը, բայց Հայրիկը կարողացավ պահել-պահպանել Էրգրի մասին հիշողությունը: Ինչպես Դանթեն էր ասում, հիշողությունը միակ վայրն է, որտեղից մեզ ոչ ոք չի կարող արտաքսել: Մեր մամիկներն իրենց գրպանում պահում էին իրենց տան ու մառանի բանալիներըՙ հոգու խորքում հավատալով ու հուսալով, թե մի օր վերադառնալու են Էրգիրՙ իրենց հարազատ օջախ: Հայիկ Մուրադյանը պահպանում էր մեր կորսված հայրենիքի երգ-բանալիները»:


Ազգագրագետ Արուսյակ Սահակյան - Իզուր չէ, որ Հայրիկ Մուրադյանը Խրիմյան Հայրիկի անվանակիցն էր. կոչված էր կատարելու նրա պատգամները: Հայրիկով ճանաչեցինք մեր ժողովրդական երգերը: Քանի՜ երգասաց ենք ունեցելՙ Հայրիկից ավելի հզոր ձայնով ու մեծ երգացանկով, բայց հենց նա՛ դարձավ ժողովրդական երգասացի հավաքական կերպարը: Մենք ոչ միայն Հայրիկի ձայնով, այլ նաեւ նրա տեսքով ու նկարագրով ճանաչեցինք հայ երգը: Բոլոր բարբառները գիտերՙ գավառ առ գավառ, հետեւաբար եւՙ բոլոր գավառների երգերը: Ինչպե՜ս էր լրացնում այն տողերը, որոնք մոռացվել էին, ջնջվել: Լրացնում էր այնքան բնականորենՙ տեքստին, ոգուն, էությանը հավատարիմ:


Հայրիկ Մուրադյանը հետամուտ եղավ, որ այդ երգերը նոր կատարողներ ունենան, ապրեն, հարատեւեն, փոխանցվեն հաջորդ սերունդներին: Նա ստեղծեց ազգագրական երգի խմբեր, որոնց ավանդեց իր հավաքած երգերի սրբազան մասունքները: Հայրիկը նաեւ բանահավաք էր, քայլում էր գյուղից գյուղ ու իր բախտակիցներից լսում նոր երգեր, նրանց նոր կյանք տալիս: Այդպիսին էր մեր Հայրիկը, հայ ժողովրդի Հայրիկը»:


«Կարին» ազգագրական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյան - «Հայրիկ Մուրադյանը լույս աշխարահ բերեց հայ ազգային երգը: Նա մեր ուշադրությունն ուղղեց հայի ներաշխարհը, կենսագրությունը, տեսակն արտացոլող երգերի վրա: Եվ դա պարտադրանքի վարչակարգի ժամանակներում:


Հայ ազգային անաղարտ երգը բարձրացավ ոչ միայն բեմ, այլեւ մտավ յուրաքանչյուր օջախ: Մինչեւ Հայրիկը, ոչ ոք չէր հանդգնում հրապարակավ երգել: Գեղջուկը թոնրան շուրթին էր մրմնջում այդ երգերը կամ որդու հարսանիքին, սակայն այդ գանձերը համաժողովրդական հնչեղություն չէին ստանում:


Հայրիկ Մուրադյանն իր ազգային հայացքների ու սկզբունքների համար անգամ հալածվել է, կալանավորվել: Բանտում է եղել, երբ իր 3 տարեկան որդին մահացել է: 1970-ականների «ձնհալը» մի քիչ մեղմեց իշխանությունների վերաբերմունքն ազագային մշակույթի նկատմամբ: Ռադիոպետկոմի ղեկավար Ստեփան Պողոսյանի օրոք Հայրիկ Մուրադյանը երեւաց էկրանին, նրա ձայնը հնչեց ռադիոյով: Դրանք ազգային զարթոնքի տարիներն էին: 1988-ի շարժումը չէր լինի, եթե դրան նախորդած չլիներ ազգային ինքնության գիտակցման այդ ժամանակաշրջանը: Դրանում իր ներդրումն ուներ նաեւ Հայրիկը:


Կոմիտասը փրկեց հայ երգը, Հայրիկը շարունակեց նրա գործը»:


Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյան - «Հայ երգի, հայ ոգու շուրջն ենք հավաքվել այսօր: Ես երջանիկ եմ, որ առիթ եմ ունեցել Հայրիկ Մուրադյանին տեսնելու, նրա հետ շփվելու: Մշտապես հիացած եմ եղել նրա ներհուն, խոր մարդկային նկարագրով: Հիմա, երբ նրա ձայնը նորից թեւածում է, հասկանում ես, որ այդ ամբարած հարստությունն իր մաքրության հայելին է:


Քչերը գիտեն, թե 1960-ականներին ինչ էր նշանակում ազգային երգեր հնչեցնելը: Հիշենք Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը». սասունցիները բարձրանում էին լեռներըՙ այնտեղից իրենց երկիրը տեսնելու, որովհետեւ կարոտը տանջում էր: Որպեսզի մարդկանց կտրեն իրենց տնից ու հողից, իրենց կարոտից, իշխանություններն արգելում էին նրանց իրենց երգերը երգել: Ես հանդիպել եմ Տիգրան հայրիկինՙ Վերին Սասնաշեն գյուղից, որին խնդրում էի երգել: Չէր երգում. վախենում էր. արգելված էր: Եղավ մի ժամանակ, երբ այդ արգելքը հանվեց, եւ եկավ Հայրիկ Մուրադյանը:


Մի դրվագ պատմեմ: Փարիզում էի: Գեղեցիկ գիշեր էր. 91-ամյա մի կին, որը երիտասարդ տարիներին իրենց տանը հյուրընկալել էր Կոմիտասին, պատմում էր, թե ինչպես Կոմիտասը մի օր երգեց: «Կոմիտասին խնդրեցինք, որ դասական երգի: Նա երգեց Շուբերտ: Այնպիսի մեծ, հզոր ձայնով երգեց, որ մեր տան բաց պատուհանի առջեւ ժողովուրդ հավաքվեց: Եվ երբ երգն ավարտվեց, բոլորը ծափ տվեցին: 91-ամյա Մարգոն հիացած պատմում էր Կոմիտասի ձայնի մասին: Բայց ինձ համար ամենաթանկն այն է, որ Կոմիտասն այդ նույն հզոր, բարձր ձայնի կարիքը չունեցավ, երբ երգում էր մեր ազգային երգերը: Մեր երգը դեպի ներս երգվող երգն է:Մերը մեծ ձայների, դղրդոցների երգ չէ: Մենք կիսով չափ դեպի ներս, հոգու ներսն ենք երգում: Ճիշտ այդպիսին էր Հայրիկ Մուրադյանի երգըՙ կիսով չափ աղոթք, կիսով չափ երգ:


Գիտե՞քՙ ինչ հետաքրքրական բան է երգ գրի առնելը: Երբ այդ երգը նոտայի թղթին է հանձնված եւ այն պիտի նորից շնչավորես, պիտի կարողանաս թիթեռի թռիչքը կանգնեցնել, հանձնել թղթին, հիանալ նրա գույներով ու այն թռիչքով, որ նա այդ պահին իրենով խորհրդանշում է: Բայց դա թռիչք չէ, դա թռիչքի սահմանումն ու գծագրությունն է: Ինչպե՞ս անել, որ նա նորից թռչի: Դրա համար պիտի այդ թիթեռին հաղորդես այն հարստությունը, որ կրում է բանավոր արվեստը: Իսկ բանավոր արվեստը գրավորից տարբերվում է, որովհետեւ իր մեջ ունի կենդանի շունչ, տան, ընտանեկան զգացողությունների անթարգմանելի ազդեցություն: Հայր, մայր, քույր, եղբայր, հարս, տուն, հաց. այս ամենը պիտի զգաս ու կարողանաս հաղորդել բանավոր երգում, այլապես դու կմնաս այն արտահայտության սահմաններում, որը ժողովուրդն է ասումՙ գիտությամբ կչալե:


Հայրիկ Մուրադյանը բերեց կենդանի երգՙ իր կենդանի, բնական ձայնով, եւ դա նրա մեծագույն առաքելությունն էր: Ազգագրական խմբերն իրենցով են անում այդ կենդանի շունչը. դրանք Հայրիկ Մուրադյանի շնչավորած, կենդանի պահած երգերն են: Մենք քաղաքակրթության տարուբերումների մեջ ենք: Մաքուր ջուր կաՙ լեռներից հոսող, պարզ աղբյուրի ջուրը: Մենք չգիտենք, որ այդ ջուրը մեր տակից գնում է, նրան գալիս է փոխարինելու կոկա-կոլան: Կա գլոբալիզացիա կոչվող վտանգը: Մեր երիտասարդությունն առանց ռեգուլյար ռիթմի, չի կարողանում երաժշտություն լսել: Բայց կա պարզագույն կենսաբանական մի երգ, որ ոչ մի ռիթմի պահանջ չունի: Հայրիկ Մուրադյանը հենց այդ երգը բերեցՙ կենդանի հնչողությամբ: Թող ոչ ոք կասկած չունենա, որ հենց այդ երգն է ամենապահանջվածը մեր սահմանի զինվորի համար: Այդ երգը հաղթել է: Դա Հայրիկ Մուրադյանիՙ տնից եկող, դեպի տուն գնացող ու տուն պահպանող երգն է»:


Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ուր տեղի էր ունենում Հայրիկ Մուրադյանի ծննդյան 111 ամյակին նվիրված «Մոկաց սարեր» հավաքածուի շնորհանդեսը, երեկոն վերածվեց ազգային երգ ու պարի շքահանդեսի: Հանդիսատեսի շարքում կար ե՛ւ ավագ ու միջին, ե՛ւ երիտասարդ սերունդ. բոլորին էր վարակել Հայրիկ Մուրադյանի պարզ ու անպաճույճ ձայնը: Անգամ երգել չիմացողներն էին երգելու փորձ անում: Բեմն ու դահլիճը միաձուլվել ու տրոփում էին նույն հույզով, որն անբացատրելի է, քանի որ դրա ակունքներն անհիշելի ժամանակներից թաքնված են հայի ծագումնաբանության, գենի ու ինքնության մեջ:


Նաիր Յան

Ազգ

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page