top of page

Ռուսաստանի խորհրդավոր ու ստոր լռությունը

15.12.2022

Հայաստանի ռուսանպաստ քաղաքական շրջանակներն ու զլմ-ներն իրենց ապաշնորհությամբ ու պրիմիտիվությամբ հանդերձ մի «դրական» առանձնահատկություն ունեն՝ նրանց գործածած քարոզչական թեզերին ու ակցիաների բովանդակությանը հետեւելով կարելի է բավական պարզ պատկերացում ստանալ Ռուսաստանի մտադրությունների մասին։ Ավելի պարզ՝ նրանք վերը բերված հատկանիշների «շնորհիվ» իրականում բացահայտում են ռուսների մտադրությունները։


Ընդ որում, որքան ավարտին են մոտենում Հայաստանի դեմ Մոսկվայի ծրագրերը, այնքան այս իրավիճակը ցցուն է դառնում։ Եվ դա բնական է՝ ՌԴ-ն ներկայում Հայաստանի առաջ կանգնած է ուղիղ, իր դեմքով, եւ ցապառական ոչ մի «բնապահպանով» հնարավոր չէ քողարկվել։


Իհարկե, հույսն այս շրջանակները չեն ռուսների մտադրությունները պարզելու հարցում՝ ոչ պակաս ապաշնորհ ու կացնային են գործում Ռուսաստանի պաշտոնական շրջանակներն ու քարոզիչները։ Հատկապես նրանք, որոնց հանձնարարված է դրական սպասումներ ձեւավորել հայերի մոտ։

Ռուսական կայսերական գաղափարախոսներից Սերգեյ Կուրղինյանն էր ժամանակին դժգոհում հատկապես նախկին միութենական հանրապետություններում ռուսական ագենտուրայի ու կրեատուրայի բարոյական ու քաղաքական որակներից եւ հռետորական հարց տալիս, թե ինչու են Ռուսաստանի հետ համաձայնում աշխատել, եւ Ռուսաստանն էլ ընտրում է անարժանապատիվ մարդկանց, ապուշներին ու հացկատակներին, որոնք պետք եղած ժամանակ «թռնում» են։ Կուրղինյանն, իհարկե, շատ լավ գիտեր, թե ինչու։


Հայկական ռուսանպաստ կոհորտը դեռ չի «թռնում» ոչ թե գաղափարական-քաղաքական արժեհամակարգի, այլ դրանց իսպառ բացակայության եւ Կուրղինյանի թվարկած հատկանիշների գերխտացվածության պատճառով։


Հենց այս որակների «շնորհիվ» արձանագրվեցին մի շարք իրողություններ, որոնք սովորական իրավիճակում դժվար կլիներ ընկալել հանրության լայն շերտերին։ Դրանցից ամենակարեւորները՝ հայկական շահերի եւ իրավունքների բարձրացումը հակասում է Ռուսաստանի շահերին եւ հակառուսականություն է, Ռուսաստանը պատանդի վիճակում է պահում հայերին՝ հայերի հաշվին լուծելով իր խնդիրները, թուրքական շանտաժով ու սպառնալիքներով, Ռուսաստանը թույլ է ու անկարող։

Փակելով Բերձորի միջանցքը, Ռուսաստանը ասպարեզ նետեց իր բոլոր ռեզերվները, որոնց առաջ խնդիր էր դրված ամեն կերպ ՌԴ-ի վրայից հանել պատասխանատվությունը եւ հայերի մեջ ամուր պահել սթոկհոլմյան սինդրոմը։ Մոսկվան շտապում է, եւ դա նկատելի է Բաքվի պաշտոնական եւ երեւանյան ռուսանպաստ մամուլում հապճեպ ու չմշակված տեքստերից։ Հապճեպությունն այնքան ցցուն է, որ վերջերս նույնիսկ շփոթվել ու Բաքվի մամուլին փոխանցելու փոխարեն մի տեքստ փոխանցել էին հայկական մի զլմ-ի։


Կոնկրետ Բերձորի ճանապարհի վերաբերյալ հաստատվում է հետեւյալ իրողությունը․ ՌԴ-ն մտադիր է ճանապարհի վերահսկողությունը հանձնել Բաքվին։ Մուտքի մոտ արդեն ինչ որ սարքավորումներ են տեղադրել, որոնց մուտք է ունենալու Բաքուն, իսկ «բնապահպանների ակցիայի» հատվածում տեղադրվում են մոդուլային անցակետեր։ Արցախի տոտալ շրջափակմամբ ՌԴ-ն մտադիր է իրականացնել «խաղաղ համակեցությունը»՝ ըստ Լավրովի՝ Բաքուն խոստացել է հոգալ Արցախի հայ բնակչության կարիքները եւ պահպանել իրավունքներն ըստ իր Սահմանադրության։ Այսինքն՝ Արցախի ինտեգրումը Մերձկասպյան արեւմուտքի կազմավորմանը։


Ռուսաստանը դեռ լուռ է Բերձորի հարցում, եւ դա խորհրդավոր լռություն չէ․ դեռ չեն հստակեցրել, թե ինչ «երեսով են բացելու» ճանապարհը։ Մեծ նահանջից առաջ իսկապես բարդ խնդիր է, եւ Փաշինյանը, Քոչարյանը, խեղկատակ խորհրդարանն էլ չեն օգնի։


Լրագիր

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page