top of page

Սևրի դասերը

11.08.2020

Սևրի պայմանագրի  ստորագրման 100 ամյակն է։ Հայկական քաղաքական-հասարակական շրջանակներում մեծ ոգևորություն է։ Ոմանք, կարծես համոզված են, որ պայմանագրով նախատեսված Հայաստանը կյանքի կոչելու համար, ընդամենը հարկավոր է դիմել միջազգային ատյաններին և․․․Եվ Վուդրո Վիլսոնի հաջորդներն, այսօր իրենց դաշնակից Թուրքիայից կպահանջեն հայկական հողերի վերադարձը։


Հիշում եմ, ուղիղ 30 տարի առաջ, երբ առաջին անգամ ինձ թույլ տվեցին այցելել արտասահման (մինչ այդ ես, այսպես կոչված «невыездной» էի), հյուրընկալվել էի մորս քեռու՝ Վազգեն Անդրեասյանի մոտ, Փարիզի Վիրոֆլեյ արվարձանում։  Վազգեն Անդրեասյանը ծնվել էր Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Հազարի գյուղում, ցեղասպանությունից հետո եկել էր Երևան, հետո Թբիլիսի, հետո հաստատվել էր Փարիզում և հասել մեծ հաջողությունների ավիակոնստրուկցիայի բնագավառում։ Իր երկարամյա կյանքի ընթացքում Վազգեն Անդրեասյանը շփվել էր բազմաթիվ հայ քաղաքական-հասարակական գործիչների հետ։ Հատկապես մտերիմ էր եղել զորավար Անդրանիկի հետ։ 2015թ․ Երևանում  հրապարակվեց նրա «Անդրանիկ» մենագրությունը։ Չնայած առաջին անգամ էի լինում արտասահմանում, այն էլ Փարիզում, բայց համարյա ամեն երեկո շտապում էի տուն, Վազգեն Անդրեասյանի հետ զրուցելու։ Նա պատմում էր իր հարազատ Հազարի գյուղից, ցեղասպանությունից, իր տպավորությունները հայ նշանավոր գործիչների հետ շփումներից և այլն։ Վիրոֆլեյից Փարիզ ճանապարհն անցնում էր Սևրով։ Մի անգամ Փարիզ գնալիս, երբ անցնում էինք Սևրի միջով, Վազգեն Անդրեասյանը  ցույց տվեց Սևրի նշանավոր պալատը (կարծեմ այժմ հախճապակու թանգարան է) և ասաց․

-Նայիր, ահա այտեղ 70 տարի առաջ ստորագրվեց Հայաստանի կործանման փաստաթուղթը։


Շշմել էի, այդ ժամանակ, ինքս էլ մտածում էի, թե 1920թ․ Սևրում վերջապես հաղթեց արդարությունը, բայց ինչպես միշտ բախտներս չբերեց։


Այժմ ավելի լուրջ։ Հիշենք, թե ինչպիսի քաղաքական իրավիճակ էր մեր տարածաշրջանում՝ մի կողմից թուրք-ադրբեջանական նկրտումները հայկական տարածքների նկատմամբ, մյուս կողմից, հեղափոխությունից ուշքի եկող Ռուսաստանն, արդեն իր կայսերական նկրտումներով։


Հայրս՝ Ռաֆայել Իշխանյանը պատմում էր (ցավոք աղբյուրը չեմ հիշում), որ Սևրի պայմանագիրը ստորագրելուց հետո, մասնակից պետություններից Ռումինիայի ներկայացուցիչը մոտեցել է հայկական պատվիրակությանը և հարցրել․


-Իսկ դուք ունե՞ք այդքան ռազմական ուժ, որ պահեք այդ սահմանները։


Իսկ Սևրի դաշնագրով, հաղթանակած Անտանտը, այստեղ բացի փոքրաթիվ զինվորական մասնագետներից, ռազմական ուժով ներկա չէր։ Եվ մի կողմից քեմալական Թուրքիայի, որն արևմուտքում պատերազմում էր Հունաստանի հետ, մյուս կողմից բոլշևիկյան Ռուսաստանի առաջարկությունները բանակցությունների վերաբերյալ, մերժվում էին, փաստարկ բերելով Սևրի պայմանագիրը։


Սևրի դաշնագրով նախատեսված Հայաստանին չէր պատկանում Սյունիքը։ Եվ մեր սևրական գործիչները Գարեգին Նժդեհին հորդորում էին հանձնել Սյունիքը, հանուն Մեծ Հայաստանի։ Բարեբախտաբար մեծ զորավարը նրանց չլսեց։  Իհարկե, կարելի էր հասկանալ այն ժամանակվա գորժիչներին։ Պատկերացնում եմ, եթե նրանցից ինչ-որ մեկն առաջարկեր մոռանալ Սևրի պայմանագիրը և բանակցություններ սկսել Թուրքիայի և Ռուսաստանի հետ, պահելով եղած,  շուրջ 60 հազ․ քառ․ կմ Հայասատանը , նաև օգտագործել Սևրի պայմանագիրը, մի բան էլ ավել պոկելու, կորակվեր որպես դավաճան։


Լավ, բա հիմա՞։ Այսօր ունենք ազատագրված Արցախ։ Եվ հայության ողջ ուժերը պետք է համախմբել այն պահելու, պահպանելու համար, իհարկե նաև հաշվի առնելով տարածաշրջանի հիմնական դերակատարներին,  նրանց և մեր շահերի համընկնումը։ Այս անգամ սխալվելու իրավունք, ուղղակի չունենք։


Ինչպես Սևրի պայմանագիրը կյանքի չկոչվեց, այնպես էլ երբեք կյանքի չպետք է կոչվեն տարբեր միջազգային կազմակերպությունների բանաձևերը , այսպես կոչված, Ադրբեջանի տարածքային ամբողջության վերաբերյալ։ Սա է Սևրի դասը։ Այսպես կոչված, միջազգային հանրությունը, իր մեջ եղած հակասություններով հանդերձ, իբր «չտեսնելով»,  բայց  ընդունում է ուժի իրավունքը և ցանկացած փաստաթղթի ետևում պետք է ուժ լինի, հակառակ դեպքում այն անիմաստ թղթի կտոր է։


Հ․Գ․ Արցախի հարցով, իբր զիջումների պատրաստ, իսկ իրականում Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու կողմանակիցների գաղափարախոս, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնական փաստարկը, նույն միջազգային հանրությունն է, որն էլ , իր իսկ գծագրած և հաստատած Սևրի պայմանագիրը բանի տեղ չդրեց։


Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

«ԱՌԱՎՈՏ» օրաթերթ

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page