top of page

Մերգելյանի աթոռին նստելու համար

2 минуты назад
2 мин. чтения

26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2026, ԱՆԻ ՍԱՀԱԿՅԱՆ, YEREVAN ONLINE Mag.-ի ԹՂԹԱԿԻՑ   



1961-ին Հրաչյա Հովսեփյանին հանձնարարեցին էլեկտրոնային հաշվեմեքենա սարքել։ Նա Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում փոքր մեքենաների լաբորատորիան էր ղեկավարում։ Հովսեփյանը կարդացել էր անգլիացի գիտնական Մորիս Ուիլքսի աշխատանքներն ու գիտեր, որ իր խումբը կարող է ավելին անել։ Նախարարությունը նրա մտահղացմանը հավանություն չտվեց։ Ինժեներները շարունակեցին աշխատել։ Պաշտոնյաներին մեքենան ցույց տվեցին, երբ այն գրեթե պատրաստ էր։ 1964-ին Երևանում արդեն կար «Նաիրի-1»-ը։


Վաթսուներկու տարի անց նույն ինստիտուտի նոր տնօրենին հարցրին՝ ի՞նչ է պատրաստվում անել։ «Առաջին օրն ա, կծանոթանամ, հետո կիմանաք»,– պատասխանեց Տիգրան Արզաքանցյանը։ Խոսեց նաև ուսանողների հետ հանդիպելու մասին։ Իրեն այդ պաշտոնում նշանակելու որոշումը, իր իսկ խոսքով, խորհուրդը կայացրել է Մոսկվայում։


Առաջին օրը մարդուն կարելի է ժամանակ տալ։ Իսկ նրան ընտրող խորհուրդը ժամանակ ուներ մինչև նշանակումը։ Հետաքրքիր է՝ ի՞նչ տեսան Արզաքանցյանի արածի մեջ, որ ասացին՝ Մերգելյանի ինստիտուտին հիմա հենց այս մարդն է պետք։ Ո՞ր գործն էր։ Որտե՞ղ կարելի է տեսնել արդյունքը։ Երբ Հովսեփյանին լաբորատորիա վստահեցին, նա արդեն մասնակցել էր «Հրազդան» համակարգչի ստեղծմանը։ Մարդիկ գիտեին՝ ում ինչ գործ են տալիս։


Արզաքանցյանի անասնաբուժական կրթության վրա ծիծաղելը հեշտ է։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է նրա կառավարչական փորձը։ Մարդը տարիներ շարունակ կոնյակի արտադրություն է ղեկավարել։ Գուցե գիտի՝ ինչպես պատվեր գտնել մի լաբորատորիայի համար, որն իր մշակումը փորձարկելու միջոց չունի։ Դա խոսակցության նյութ կլիներ։ Բայց երբ Արզաքանցյանին հարցրին իր փորձի մասին, ասաց՝ «Մասնագիտությունը մոտ չէ, բայց փորձը մեծ է»։ Հիշատակեց իր կազմակերպչական փորձն ու ավելացրեց՝ «ու ինձ թվում է՝ այսքանով հերիք է»։


Ո՞ւմ հերիք է։ Իրե՞ն։ Հավատում եմ։ Խորհրդի՞ն։ Ըստ երևույթին՝ այո։ Իսկ այդ ինստիտուտում աշխատող մարդուն ո՞վ է բացատրելու, թե վաղն ինչու պիտի իր հետազոտության ճակատագիրը վստահի հենց այս տնօրենին։


Սերգեյ Մերգելյանը քսանութ տարեկան էր, երբ 1956-ին դարձավ ինստիտուտի հիմնադիր տնօրենը։ Մինչև այդ արդեն ապացուցել էր այն թեորեմը, որն այսօր էլ մաթեմատիկոսները կոչում են նրա անունով։ Երևանցիներն էլ նրա անունով կոչեցին ինստիտուտը։ Երևանում բավական էր ասել «Մերգելյան», և բոլորը հասկանում էին՝ ուր ես գնում։ Այդքան վստահություն էր վաստակել մարդը։


Հետո այդ վստահության հետ մի տարօրինակ բան արեցինք։ Անունը պահեցինք, բաժնետոմսերը տվեցինք։ 2002 թվականի դեկտեմբերի 4-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց ինստիտուտի բաժնետոմսերը պետական պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցելու արձանագրությունը։ Ամբողջ հարյուր տոկոսը։ Գույքի համաձայնեցված արժեքը երկու միլիոն յոթ հարյուր հիսուն հազար դոլար էր։ Այն ժամանակվա ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը գործարքը համարեց հաջողված ու արդյունավետ։


Քսանչորս տարի անց Հայաստանի մեկ ուրիշ նախարարություն ստիպված եղավ բացատրել, թե ինչու Երևանի Հակոբյան 3 հասցեում տնօրեն նշանակելու լուրն իրեն չի վերաբերում։ Այդ հասցեում երկու ընկերություն կա։ Մաթեմատիկական մեքենաների գործարանը Հայաստանինն է։ Գիտահետազոտական ինստիտուտի բոլոր բաժնետոմսերը պատկանում են Ռուսաստանի պետական գույքի կառավարման գործակալությանը։ Պարզաբանումը կարդում ես ու վերջապես հասկանում, թե բաժնետոմսերի հետ էլ ինչ տվեցինք։ Այսօր Երևանում նախարարությունը հասցեն է ճշտում։ Մոսկվայում խորհուրդը տնօրեն է ընտրում։


Ահա թե ուր ենք հասել։ Մի ամբողջ օր կարող ենք ծիծաղել Արզաքանցյանի պատասխանի վրա ու քնել այն համոզմունքով, թե հայ գիտության պատիվը պաշտպանեցինք։ Վաղն ուրիշին կնշանակեն, գուցե շատ ավելի արժանավոր մեկին։ Նույնիսկ այդ դեպքում ընտրությունը մերը չի լինելու։


Ասում ենք՝ Սերգեյ Մերգելյանը գերեզմանում հոլի պես պտտվում է։ Մերգելյանին հանգիստ թողնենք։ Նա իր քսանութ տարեկանում արեց այն, ինչի համար մինչև հիմա մի ամբողջ ինստիտուտ իր անունով ենք կոչում։ Իսկ 2002 թվականի դեկտեմբերի 4-ի որոշման տակ նրա ստորագրությունը չկա։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page