top of page

Մայր աթոռի մուտքի կարիճը, Շահ Աբասի քանդակն ու Նոյյան տապանի մասունքը. Էջմիածնի գաղտնիքները

8 минут назад
4 мин. чтения

23.11.2026


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայերի հոգևոր կենտրոնն է: Այդուհանդերձ քչերը գիտեն եկեղեցու մի քանի հետաքրքրական փաստերի մասին: Երևույթներ, որոնք Աստվածային, պատմական ու նույնիսկ պատահական ծագում ունեն:


Կարիճը չար ուժի խորհրդանիշ


Մայր տաճարի զանգակատան կամարում կարելի է տեսնել քարացած կարիճ` շրջապատված հրեշտակների որմնանկարներով: Այս փաստը բազմաթիվ ենթադրությունների առիթ է դարձել: Ոմանք հրեշտակների պատկերների շուրջ թունավոր արարածի առկայությունը միտում են համարում` փաստին վերագրելով բազմաբնույթ առեղծվածային պատմություններ: Սակայն դա ոչ այլ ինչ է, քան պատմություն դարձած պատահականություն:


Դեռևս խորհրդային ժամանակներում վերականգնողական աշխատանքներ են սկսվում Մայր տաճարում: Նկարիչը, ով վերականգնում էր տաճարի կենտրոնական մուտքի հրեշտակների պատկերները, սարսափում է, երբ իր կողքին կարիճ է տեսնում: Նա ձեռքի տակ ունենում է միայն նկարչական լաքապատ վրձին և պաշտպանվելու համար վրձնով հարվածում է կարիճին: Այդ պահից ի վեր, շուրջ հիսուն տարի, լաքով պատված կարիճը քարանում է` դառնալով որմնանկարի անբաժան մասնիկը: Կարիճի առկայությունը գուցե ուշադրության չարժանանար, եթե առաքելական եկեղեցին այն չհամարեր չար ուժի խորհրդանիշ: Եվ չնայած պատահականությանը, ժողովուրդը շարունակում է կարիճի առկայության փաստին վերագրել առեղծվածային ծագում` խառնելով թացը չորի հետ:


Կարիճը տեսնելու համար հարկավոր է նայել Մայր տաճարի կենտրոնական մուտքի կամարում պատկերված ձախ հրեշտակին, որի ձախ անկյունում էլ կտեսնեք պատահականության արդյունքում պատմական դարձած կարիճը:


Պատահականության արդյունքում պատմական դարձած կարիճը
Պատահականության արդյունքում պատմական դարձած կարիճը

Ինչ են խորհրդանշում կարիճն ու օձը


Կարիճի պատկերը կարելի է հանդիպել քահանաների հողաթափերի մեջ, ասեղնագործված կրունկի մասում, քանի որ համաձայն սաղմոսի, կարիճը և իժը մարմին ստացած չարիք են: Երբ քահանան եկեղեցական արարողակարգ կատարելիս, խորհրդանշելով Քրիստոսին, տրորում է կարիճը ու օձը, ոտատակ է տալիս ամեն բացասականն ու չարը: Սակայն, ի տարբերություն կարիճի, օձը առաքելական եկեղեցում երկու իմաստ ունի, որոնք ինչ-որ չափով հակասական են:


Օձի պատկերը մեր եկեղեցում կարելի է հանդիպել նաև գավազանի վրա, ինչպես նաև օձագլուխ գավազան հաճախ կարելի է տեսնել հոգևոր առաջնորդների ձեռքին: Փաթաթված օձը խորհրդանշում է իմաստնություն և խորագիտություն, որը տալիս են վարդապետերին:


Շահ Աբասի պատկերը մեկ գիշերում հայտնվեց Մայր տաճարի պատին


Ինչու՞ և ինչպե՞ս Շահ Աբասի պատկերը հայտնվեց Մայր տաճարի հյուսիսային գմբեթի կամարի վրա: Այդ մասին շրջանառվող լուրերն, ըստ Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի, կառուցված են հորինված պատմության հիման վրա:


Ըստ հորինվածքի, Շահ Աբասի դիմանկարը տաճարի պատին որոշվել է քանդակել շատ արագ, իսկ պատկերը քանդակվել է ընդամենը մեկ գիշերվա ընթացքում:


Ո՞րն էր երկրի, մահմեդական թագավորի պատկերի հապճեպ դաջման անհրաժեշտությունը Մայր տաճարի գմբեթի տակ: 1604թ.-ին Շահ Աբասը, խախտելով խաղաղության պայմանագիրը, արշավի է դուրս գալիս դեպի Հայաստան: Գրավում է Հին Ջուղան և իր հետ տանում է մեծ թվով հայերի: Շահ Աբասը մտադիր էր տեղահանված հայերի ձեռքերով շենացնել իր երկիրը:


Տեղահանված հայերին տեղավորեցին Սպահանում, սակայն շատ-շատերը նույնիսկ տարիներ անց երազում էին Հայաստան վերադառնալու մասին: Շահ Աբասը հասկանում է, որ մարդկանց ձգում է հավատն ու Էջմիածինը: Նա որոշում է հայերի համար նոր հոգևոր կենտրոն կառուցել՝ մտածելով, թե հավաքատեղի ունենալը կլռեցնի հայերի՝ հայրենիք վերադառնալու պոռթկումը: Շահ Աբասը իր զինվորներին հրամայում է գնալ Էջմիածին, քանդել Մայր տաճարը և համարակալած քարերը տեղափոխելով Պարսկաստան, Սպահանում կառուցել նոր տաճար: նա հրամայում է Սպահան բերել նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, որը նույնպես Էջմիածնում էր, իսկ սա կնշանակեր, որ առաքելական եկեղեցին ինչ-որ չափով կդադարեցներ իր գործունեությունը: Բանն այն է, որ հենց Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջով է կատարվում առաքելական եկեղեցու ամենակարևոր իրադարձություններից մեկը` սուրբ մեռոնի օրհնությունը, որը և ամբողջացնում է ողջ հայ ժողովուրդը և եկեղեցին:



Շահ Աբասի սարսափելի մտադրության մասին լուրը հասնում է Հայաստան: Հայ վանականները գիտեին պարսկական սովորույթներից մեկի մասին`երբեք չքանդել այն շինությունը, որի վրա կլինի պարսից Շահի պատկերը: Իսկապես, այդպես էլ լինում է: Որոշում է կայացվում հնարավորինս արագ քանդակել Շահի պատկերը տաճարի պատին, ինչը և փրկում է Մայր տաճարը ավերումից: Իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը կաթողիկոս Փիլիպոս Աղբակեցու անասելի ջանքերի շնորհիվ, հնարավոր է լինում մի վաճառականի օգնությամբ գաղտնի վերադարձնել Էջմիածին: Այսպիսով՝ Շահ Աբասի քանդակի պատմության մեջ ևս խառնված են թացն ու չորը: Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը Շահ Աբասի հատվածը համարում է շինծու:


Ուսումնասիրություններով պարզվել է, որ հավանաբար պատկերված դիմանկարը պատկանում է այն նվիրատուին, ում միջոցներով Եղիազար Այնթափցի կաթողիկոսը 1680-ական թվականներին կառուցել է երեք զանգակատները` Հարավայինը, Հյուսիսայինը և Արևելյանը: Արևելյան զանգակատան ճակատին փորագրված է Եղիազար Այնթափցի Հայոց կաթողիկոսի պատկերը, և մենք ենթադրում ենք, որ Հյուսիսային զանգակատան ճակատին էլ նույնպես քանդակված է բարերարի պատկերը:


Մայր տաճարը կառուցված է հոսող ջրերի վրա


Շատ կաղապարված գաղափարներ պնդում էին, թե անհնար է, որ Մայր տաճարը կառուցված լինի հոսող ջրերի վրա, քանի որ կառույցը ամուր չի լինի, ջրերը կվնասեն հիմքը: Բայց հին ու փորձառու վարպետները գիտեին իրենց անելիքը: Մայր աթոռ սուրբ Էջմիածինը հենված է հոսող ջրերի վրա, որոնց քարերի դասավորվածությունը թույլ է տալիս երկրաշարժի դեպքում ճոճել կառույցը և խուսափել փլուզումից: Հենց այդ ջրերից է օգտվում տաճարի ներսի՝ հրաշագործ համարվող ջրհորը: Այն ունի յոթ մետր խորություն և հայտնի է իր համային և որակական առանձնահատկություններով: Շատ հավատացյալներ գալիս են տաճար հատուկ ջրհորից ջուր խմելու՝ խորապես հավատալով ջրի բուժիչ ու հրաշագործ հատկություններին: Հետաքրքրական է նաև, որ տարիներ շարունակ, անկախ եղանակից, ջրի օգտագործման չափից կամ ցանկացած այլ հանգամանքից տաճարի ջրհորի ջուրը մնում է նույն մակարդակի վրա:


Մայր տաճարի թանգարանի գանձերը


Մայր տաճարը ունի նաև անհավանական թանգարան՝ հարուստ գանձերով թե՛ փոխաբերական և թե՛ ուղիղ իմաստով: Այս թանգարանում է պահվում հրաշագործ գեղարդը` հենց այն գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է խաչված Քրիստոսին՝ պարզելու համար ողջ է նա, թե մեռած: Դեռ միջնադարում գեղարդի հրաշագործության մասին գիտեին նաև Վրաստանում: Երբ Վրաստանը կոտորվում էր մահացու վարակից, վրաց պատրիարքը խնդրեց հրաշագործ գեղարդն իր ժողովրդին փրկելու համար: Եվ, իսկապես, գեղարդը տեղափոխելուն պես հազարավոր կյանքեր խլած համաճարակը սկսեց աստիճանաբար նահանջել:


Հրաշագործ գեղարդը
Հրաշագործ գեղարդը

Նույնքան հրաշագործությամբ է հայտնի Նոյյան տապանի մասունքը: Աստվածային ուժ ունեցող քարացած փայտը, դեռևս 18-րդ դարում է տեղադրվել թանկարժեք քարերով զարդարված ոսկե պատյանի մեջ: Ս. Էջմիածնի Մայր տաճարում գտնվող Նոյյան տապանից մնացած մասունքը թեև միակն է աշխարհում, բայց ունի հատված, որն իր ձեռքով կոտրել է Սիմեոն Երևանցի կաթողիկոսը և նվիրել Եկատերինա II-ին:


Նոյյան տապանի մասունքը
Նոյյան տապանի մասունքը

Մայր տաճարը պատահական տեղում չկառուցվեց


Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետը տեսիլք ունեցավ, որի համաձայն՝ Միածին որդին, իջնելով Արարատյան դաշտավայր, Վաղարշապատ մայրաքաղաքում ցույց տվեց այն վայրը, որտեղ պիտի կառուցվի աղոթքի տունը և հաստատվի Հայոց քահանայապետական աթոռը:


Եվ հենց տաճարի անունն իր մեջ կրում է ողջ պատմությունը` «Էջք-Միածինը», «Իջավ միածինը», «Էջմիածին»: Այո՛, Մայր տաճարը պատահական տեղ չկառուցվեց և նույնիսկ մարդկային ընտրությամբ էլ չկառուցվեց», — ասաց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:


ԱՄԱԼՅԱ ՊԱՊՅԱՆ

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page