Նանե Սարգսյանը երբեք չի սիրել ուշադրության կենտրոնում լինել, բայց այսօր ինքն է այնտեղ հրավիրում ուրիշներին՝ «Հայաստան-Սփյուռք» մեդիահոլդինգի ամերիկյան մասնաճյուղը դարձնելով նրանց ճանաչման հարթակ
Երևանում Նանե Սարգսյանի մրցանակը ստացավ նրա կրտսեր քույրը։ Նանեն նոր էր տեղափոխվել Ամերիկա։ Երբ Երևանից զանգել էին հայտնելու, որ իր թեկնածությունն առաջադրել են, բացատրել էր՝ քաղաքում չէ, շուտով գալ էլ չի կարող։ Ասել էին՝ ոչինչ, մրցանակդ կստանաս։ Մարինեն գնացել էր քրոջ փոխարեն։ Նանեն ասում է՝ եթե իրենց ընտանիքում մեկը կա, որ իրենից էլ քիչ է սիրում մարդկանց աչքի առաջ լինել, Մարինեն է։ Բայց բեմ էր բարձրացել, վերցրել արձանիկը, հետո զանգել Նանեին։
21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2026, ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ, ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, YEREVAN ONLINE Mag.-ի ԱՄՆ ԹՂԹԱԿԻՑ

«Իսկ քեզ ուրիշ մրցանակ չե՞ն տալու»։
Նորից էր ուզում բեմ բարձրանալ։
Այդ արձանիկը ես էլ պիտի տեսնեի։ Լոս Անջելեսում նստած էինք սրճարանում, հարցնում էի՝ ե՞րբ է եկել Միացյալ Նահանգներ։ Նանեն սկսել էր պատասխանել, երբ մեկ էլ հիշեց՝ մոռացել է արձանիկը։ Ուզում էր արձանիկը ձեռքին լուսանկարվել։ Նորից հարցրի։ Ամիսն այս անգամ առանց տատանվելու ասաց՝ 2022 թվականի հոկտեմբերի վերջն էր։ Երևանից, իր հիշելով, նույն տարում էին զանգել։ Այն ժամանակ «Հայաստան-Սփյուռք» մեդիահոլդինգի հետ նրա կապն այդքանն էր։ Հետագայում հիմնադրեց հոլդինգի ամերիկյան մասնաճյուղը։ Հիմա ղեկավարում է այն ու ինքն է մարդկանց հրավիրում բեմ։
Երբ նրան առաջարկեցին ամերիկյան մասնաճյուղ ստեղծել, միանգամից չհամաձայնեց։ Մոտ վեց ամիս բանակցեցին, մինչև տվեց համաձայնությունը։ Զրույցի պահին դեռ տարին չէր լրացել, ինչ աշխատում էր նրանց հետ։ Ես ուզում էի, որ պատմեր և՛ իր գործի, և՛ ամբողջ հոլդինգի մասին։ Նանեն ինձ խորհուրդ տվեց այդ մասին խոսել մի մարդու հետ, որին մեր ընթերցողը գուցե դեռ չի ճանաչում։
- Մեր մեդիահոլդինգի մասին, կարծում եմ, Լուսինե Նազարյանն ավելի լավ կպատմի։ Հենց Լուսինեն է հիմնադիրը։
Սկսվել էր որպես նախագիծ, հետո դարձել մեդիահոլդինգ։ Լուսինեն տասը տարի է՝ այս գործի մեջ է։ Նանեն ասաց՝ իր իմացածն այսբերգի երևացող մասն է միայն։ Մի քիչ պատմեց մրցանակաբաշխություններից ու նորից ասաց. «Մնացածը՝ Լուսինեի հետ»։ Սրճարանում ես առաջարկել էի բացահայտել նրա «խորհրդավոր անձնավորությունը»։ Քիչ անց արդեն բացատրում էր, որ հրապարակային մարդ չէ, ճանաչված լինել առանձնապես չի սիրում։ Բեմ է բարձրացել, երգել է, ներկայացումներ է պատրաստել, լրագրողները նրան հարցազրույցի են կանչել։ Հիմա էլ մարդկանց է համախմբում ամսագրի ու մրցանակաբաշխության շուրջ։ Հարցրի՝ այդ ամենն ինչպե՞ս է անում։
- Ես մարդկանց հետ շփվել եմ սիրում։ Երևի դա է ինձ փրկում։ Մարդիկ ինձ հետաքրքրում են։
Ռուսերեն էինք սկսել։ Որ հասկացնի, թե որքան անկեղծ է իր այդ հետաքրքրությունը, Նանեն տեղնուտեղը մի բառ հորինեց՝ «на самом делишный»։ Հետո ուզեց համոզվել, որ մեր զրույցը տպագրվելու է։ Գրավոր հարցազրույցի առավելություններից մեկն էլ սա էր՝ կարող էր հանգիստ գործածել դեռ գոյություն չունեցող բառերը։ Ես խոստացա տպել։
Երբ Նանեն երեխա էր, նրան էլ էին տալիս այն հայտնի հարցը, թե մորն է ավելի շատ սիրում, թե հորը։ Պատասխանում էր՝ պապիկիս։ Պապը երես էր տալիս նրան։ Հիվանդոտ երեխա էր, պաղպաղակ ուտել չէր կարելի, լիմոնադ խմել՝ նույնպես։ Երևանում այն ժամանակ մի լիմոնադ կար, անունն այնպես հիշեց, ինչպես երեխա ժամանակ էին տալիս՝ «Շունն ու կատուն»։ Պապը թոռանը տանում էր, թաքուն և՛ լիմոնադ էր խմեցնում, և՛ պաղպաղակ առնում։ Մի օր հորաքույր Ժանետան երկուսին միասին բռնացրել էր։ Պապի վրա լավ բարկացել էին։ Նանեին հանգիստ էին թողել։
Ապրում էին Երևանի կենտրոնում։ Կարուսել նստելու էին տանում մոտակա այգին։ Կարծեմ Կոմայգին էին ասում, ավելացրեց։ Հենց ձեռքը բաց էին թողնում, վազում էր ու կորչում։ Թաղում բոլորը ճանաչում էին հորը։ Երեխային էլ էին ճանաչում։ Մեծից փոքր գիտեին՝ ում աղջիկն է, ուր պիտի վերադառնա։ Ի վերջո միշտ իրեն գտնում էին։ Այդ հարցում հիմա էլ իր վրա վստահ է։ «Ես որտեղ էլ լինեմ, չեմ կորում»։
Հայրիկի անունը Արտյուշա էր։ Ճարտարագետ էր։ Կոնկրետ ինչի վրա էր աշխատում՝ Նանեն դժվարացավ ասել։ Բնավորությունն ավելի լավ է հիշում։ Խիստ էր, խանդոտ, շատ արդար։ Աղջկան դուր էին գալիս հենց այն բաները, որոնց համար հայրը նրան հանդիմանում էր։ Սիրում էր մեքենա վարել, տղաների հետ ֆուտբոլ խաղալ։ Հայրն ասում էր՝ աղջիկը պիտի աղջկա պես մեծանա։ Իսկ Նանեն իսկական չարաճճի էր, այն երեխան, որի ձեռքը կարուսելի մոտ պետք չէր բաց թողնել։
Տղաների հետ ֆուտբոլ խաղալն ամենևին չէր խանգարում, որ տիկնիկ էլ սիրեր։ Ու հենց այդ խիստ հայրն էր աղջկա համար քայլող տիկնիկ բերել։ Նանեն վստահ է՝ Երևանում քայլող տիկնիկ առաջինն ի՛նքն է ունեցել։ Թե ինչու պիտի Երևանի առաջին քայլող տիկնիկը հենց իր տանը լիներ, Նանեի համար միանգամայն պարզ է։
- Որովհետև ես նրա աղջիկն էի։
Ասում է՝ արտաքնապես հորն է քաշել։ Հիմա տարիքի հետ մարդիկ սկսել են մոր հետ նմանությունն էլ նկատել։ Իր համար երկուսն էլ գեղեցիկ էին՝ կինոյի մարդկանց պես։ «Հիմա այդպիսի մարդիկ չկան», ասում է։ Հոր խստությունն այսօր ուրիշ աչքով է տեսնում։ Գիտի՝ ինչ անում էր, ուզում էր, որ իրեն լավ լինի։ Խոսքը բերեց այսօրվա իր գործերին։ Դրանց մասին էլ կուզենար իմանալ հոր կարծիքը։
- Հուսով եմ՝ այն, ինչ հիմա անում եմ, նրան չի հիասթափեցնում։ Շատ եմ ուզում, որ հայրիկս միշտ հպարտանա ինձնով։
Մոր անունը Մեդորա էր։ Հունական անուն է, բացատրեց Նանեն, տատն էր ընտրել իր աղջկա համար։ Իրեն էլ քիչ էր մնում Սաթենիկ անվանեին՝ հորական նախատատի անունով։ Հենց այն կինը, որի հարազատ տատն էր Սաթենիկը, դեմ էր դուրս եկել։ Նանեի հորաքույրն էր։ «Մի դա էր պակաս», ասել էր ու որոշել՝ աղջկա անունը Նանե պիտի լինի։ Երևանում առաջինն ինքն է կրել այդ անունը։ Կարծում է՝ Հայաստանում էլ գուցե իրենից առաջ Նանե չի եղել։ Երբ հերթը հասավ իր հին անվանակցին, աստվածուհու զբաղմունքները թվեց զգուշությամբ՝ իմաստության աստվածուհին էր, նաև պատերազմի։ Թե ինչպես էր կարողանում երկուսը համատեղել՝ չգիտի։ «Երևի՝ ինձ պես»։
Մեդորան տարիներ շարունակ աշխատել է Հայաստանի պետական ռադիոյի մանկապատանեկան հաղորդումների խմբագրությունում։ Մոր մասին մենք Նանեի հետ նախկինում էլ էինք խոսել։ Այս անգամ ես միանգամից հիշեցրի խմբագրությունը, այն մարդկանց, որոնց մեջ մեծացել է։ Նանեն սկզբում ինձ ավելի սովորական մի բան ասաց։
- Մաման ինձ համար միշտ մամա է եղել։ Ինչով էլ զբաղվեր, որտեղ էլ լիներ։
Հետո հերթով տվեց անունները։ Նորա մորաքույր, Գոհարիկ մորաքույր։ Մարինա։ Այստեղ մի պահ ետ դարձավ՝ Մարինա մորաքույր։ «Հիմա արդեն ուղղակի Մարինա եմ ասում։ Ես էլ եմ մեծացել»։ Մարինան էլ է հիմա Ամերիկայում։ Նանեն կարծում է՝ եթե իր մեջ ստեղծագործելու սեր է նկատել, պետք է հիշի այս մարդկանց մոտ անցկացրած տարիները։ Ռադիոտանը Նանեն ու քույրը ճանաչում էին բոլորին, բոլորն էլ նրանց էին ճանաչում։ Նրանց անուններին կպած այդ «մորաքույրն» աղջիկների այն տարիներից է, երբ խմբագրություն էին մտնում իրենց մամայի մոտ։
Մեդորան լրագրող էր։ «Արեգ» անունով առավոտյան հեղինակային հաղորդում ուներ։ Սցենարներն ինքն էր գրում։ Հետագայում հայտնի դարձած դերասաններից ու հաղորդավարներից ոմանք, Նանեի պատմելով, առաջին անգամ խոսափողի առաջ են կանգնել հենց մոր հաղորդումը վարելիս։ Բայց աղջիկը խոսափողից ավելի երկար մեկ ուրիշ բանի մասին է պատմում։ Մոր հորինած տղայի անունն Արտակ էր։ Մի հաղորդումն ավարտվում էր, հաջորդ անգամ էլի Արտակն էր։ Նրան ուրիշ բան էր պատահել, մի նոր բան էր հետաքրքրել, ավելի էր մեծացել։ Ամեն անգամ մայրը նստել ու այդ երեխայի կյանքից էլի մի հատված էր գրել։
Ձեռագրերը մնացել են։ Բոլորը Նանեի մոտ են։ Ինքն ու Մարինեն երազում են մոր գրածը գիրք դարձնել։ Մեդորան, երբ գրում էր մի հաղորդման համար, պիտի հասցներ պատմել, թե այս անգամ ինչ էր պատահել Արտակին։ Հիմա արդեն դուստրերն են նրա գրածի մեջ կարդում նաև այն, ինչ մեկ հաղորդման մեջ չէր երևա՝ երկու պատմությունների միջև անցած ժամանակը։ Եթե սցենարները կողք կողքի դնեն, ասում է, կստացվի մի մարդու պատմություն՝ սկզբում փոքր է, հետո մեծանում է, տեսնում ես՝ ժամանակի հետ ինչերն են սկսում հետաքրքրել նրան։ Ասաց՝ փոքրիկ մի պատմություն կդառնա, ապա փոխեց միտքը՝ գուցեև մեծ։ Այդ գիրքը դեռ չկա։ Երկու քույրերի ձեռքին առայժմ այն է, ինչ մնացել է եթերից հետո՝ մի տղայի մեծանալու պատմությունը՝ իրենց մոր ձեռագրով։
Արտյուշայի աղջիկը երգեր էր գրում, սիրում էր բեմ բարձրանալ։ Հայրը դերասանուհու ապագա չէր պատկերացնում նրա համար։ Այդ ուղղությամբ դեռ մտածել էլ չէր ուզում։ Դստեր համար մի շատ հարմար տեղ էր գտել՝ Ժողովրդական տնտեսության ինստիտուտը, երևանցիների ասած՝ Նարխոզը։ Այնտեղ ընկերներ ուներ։ Նանեի ասելով՝ եթե այնտեղ ընդունվեր, կարող էր դասի էլ չգնալ։ Այսքան տարի անց դրա մասին պատմելն արդեն կարելի է համարում։ Ինքը գնաց Երևանի պետական համալսարան։
Փորձեցի վերհիշել՝ ինչպե՞ս էր այն ժամանակ կոչվում իր ֆակուլտետը։ Սկսեցի «մաթեմատիկայի և կիրառական...» ու խճճվեցի։ Նանեն օգնեց՝ հենց այդպես էլ կոչվում էր՝ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ Կարծում է՝ մաթեմատիկայի ընդունակությունը հորից է ժառանգել։ Դպրոցում երկու բան էր սիրում՝ մաթեմատիկան ու բեմը։ Երբ պատմում է, որ հայրը չէր ուզում իրեն դերասանուհի տեսնել, հեշտ է կարծել, թե համալսարանում պիտի ափսոսար մյուս ճանապարհի համար։ Բայց մաթեմատիկայի մասին խոսելիս նրա աչքերը փայլեցին։ Ես դա իրեն էլ ասացի։ Կյանքիս թերևս ամենաանհոգ ու թեթև ժամանակն էր, պատասխանեց։ Համակարգիչները դեռ նոր էին մտնում գործածության մեջ։ Ծրագրավորումը նորաձև ընտրություն չէր։ Թե դա որքան վաղուց էր, Նանեն մի կարճ խոսքով հասկացրեց. «Հա՛, ծեր եմ։ Անցնենք առաջ»։
Դիսկրետ մաթեմատիկայի խնդիր լուծելիս նրան ձգում էր հենց լուծումը գտնելու ազատությունը։ Նույն բանը զգացել էր, երբ նստել էր համակարգչի առաջ՝ իր ծրագրերը գրելու։ Համակարգային ծրագրավորողի համար այն, ինչ կատարվում է էկրանին, գործողության միայն վերջին պահն է։ Մինչ այդ ազդանշանը մի տեղից մյուսն է անցել։ Նանեն սովորել է հետևել նրա ճանապարհին։ Գիտի, թե մշակիչում ինչ է կատարվում, որտեղից ուր է գնում ազդանշանը, մինչև որ իր աշխատանքի արդյունքը մարդ տեսնի էկրանին։ Ծրագիր գրելիս նա կարող էր հենց այդ ընթացքը մտքում անցկացնել։ Բայց երբ խնդրեցի պատմել սովորելու տարիներից, իր առաջին համեմատությունը եկավ այն մյուս զբաղմունքից, որ սիրել էր դեռ դպրոցում։
- Ես ծրագիրն այնպես էի գրում, ինչպես երաժշտություն են գրում։ Մաթեմատիկական ալգորիթմներն ինձ համար երաժշտություն էին։ Հիմա էլ եմ այդպես զգում։ Երբ աշխատող համակարգիչ եմ տեսնում, գլխումս մի երաժշտություն է հնչում, որ հենց այդ համակարգչին է համապատասխանում։
Հարցրի՝ այսօրվա համակարգիչների մեջ էլ նույն սկզբո՞ւնքն է։ Կարծում է՝ սարքերը շատ են փոքրացել, դրանց մեջ շատ ավելի բան է տեղավորվում, քան այն տարիներին։ Բայց ժամանակակից համակարգիչները չի ուսումնասիրել և այդպես էլ ասում է։ Իր սովորածի մասին՝ վստահ, դրանից հետո եղածի մասին՝ «ինձ այդպես է թվում»։ Իսկ արհեստական բանականությունը նրան չի անհանգստացնում։ Ես պատմեցի, թե ինչ էի կարդացել նախորդ օրը հազարամյակի խնդիրներից մեկի ու արհեստական բանականության մասին։ Ի՞նչ կմնա մաթեմատիկոսներին, հարցրի, եթե ստեղծվի այն գերբանականությունը, որի մասին խոսում են։
- Նույնիսկ չգիտեմ՝ ինչ պատասխանեմ։ Բայց միշտ կգտնվի մեկը, որ արհեստական բանականության աշխատանքի մեջ մի բաց կհայտնաբերի։ Կատարյալ լինել չի կարող. մարդն է ստեղծել։
Հնարավոր է համարում, որ այն զարգանա այն աստիճան, որ ինքնուրույն գործի, իր կյանքն ունենա։ Մարդիկ գուցե մի փոքր ավելի խելացի գտնվեն, քան այն, ինչ իրենք են ստեղծել։ Երբ փորձեց ասել, թե մարդկային հարաբերություններն ու կենդանի շփումը կգերակշռեն, «կարծում եմ»-ից անցավ «հուսով եմ»-ին։ Աշխարհի վերջն էլ, հուսով է, չի գա։ Արհեստական բանականության մասին այդքանով վերջացրինք։ Ավելի ուշ, երբ տպագիր մամուլից էինք խոսում, Նանեն ինքն ինձ հիշեցրեց իմ հարցը։
Մինչ այդ ես ուրիշ մի սխալ էի արել։ Ուզում էի հասկանալ՝ ինչպես են նրա մեջ համատեղվում իրար բացառող երկու սկիզբ։
- Որո՞նք։
Հիշեցրի ֆիզիկոսների ու քնարերգուների հին բաժանումը։
- Ֆիզիկան իմը չէ։ Իմը մաթեմատիկան է։ Չնայած քվանտային ֆիզիկան ինքնին շատ հետաքրքիր է։
- Իսկ ճշգրտությունն ու ստեղծագործելու ազատությունն ինչպե՞ս են համատեղվում։
- Կարծում եմ՝ հաճույքով։
Նանեի համար այդ երկուսի միջև մի բարակ թել է անցնում, այդպես է պատկերացնում։ Բայց ես նորից հարցրի՝ լավ, իրար ինչպե՞ս են օգնում։ Երբ որևէ ստեղծագործական գործ հապաղել չի կարող, իսկ լուծում դեռ չկա, սկսեց բացատրել Նանեն, իր միտքն աշխատում է նույն ձևով, ինչ այն ժամանակ, երբ մաթեմատիկական խնդիր էր լուծում։ Մեկը դեռ խոսում է, իսկ բառերն իր գլխում արդեն ուրիշ տեսք են առել։ Թվեր են դարձել, կապվել իրար, մի բանաձև է ստացվել։ Ու հենց որ կարողանում է դա լուծել, հասկանում է՝ ինչ անել։ Սեփական արագ արձագանքն էլ սրան է վերագրում։ Վստահ է՝ երբեմն հենց դրա շնորհիվ է իրեն հաջողվում ավելի շուտ մի ելք տեսնել, որը միայն թատրոնի փորձով գուցե մտքովը չանցներ։
Հարցրի՝ իսկ ի՞նչ բանաձև կտար այդպիսի լուծում։ «Կյանքի բանաձևը»։ Խնդրեցի ասել։
- Բայց ես դա դեռ չեմ լուծել։
Իսկ չլուծված խնդիրը նրա համար նշանակում է, որ մի բան պակաս է։ Կյանքը հավաքովի նկարի պես է պատկերացնում։ Եթե մի կտորն իր տեղում չէ, պիտի գնաս գտնես։ Իսկ երբ հարցրի, թե ի՛նչ գույնի է ինքն իրեն տեսնում, նորից իմ հարցն ինձ վերադարձրեց՝ նայիր աչքերիս, կհասկանաս։ Ես հասցրել էի միայն նկատել, որ հիշելիս պայծառացան։ Ինքը կարող է թվարկել գույները։ Բարկացած ժամանակ, ասում է, սևանում են։ Երբ ամեն ինչ իր հունով է գնում՝ կանաչավուն են լինում, երբեմն էլ՝ վառ կանաչ։ Երբ շատ լավ է զգում իրեն՝ արևի գույն ունեն։ Միայն կապույտ չեն լինում։ «Ցավոք»։
Համալսարանից հետո իր ծրագրերից մեկը գրել է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում։ Շենքերի սեյսմակայունությանն էր վերաբերում։ Ասաց՝ աշխատում էի այդ ծրագրի վրա, հետո ճշտեց՝ մշակեցի։ Այնուհետև տասը տարի աշխատել է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունում։ Մի ամբողջ տասնամյակ մեր զրույցում այդ մեկ նախադասությամբ անցավ։ Մանրամասն պատասխանն սկսվեց, երբ հասավ այն գործին, որի համար երեկոյան բեմի վրա մարդ պիտի կանգներ ու երգեր։
Այդ գործի սկիզբը միանգամից մեծ դահլիճ չէր։ Դեռ 2017-ին «168 ժամ»-ին տված հարցազրույցում Նանեն պատմել էր որդու դպրոցի մասին։ Ծնողական կոմիտեի նախագահն էր, վերջին զանգի սցենարներն էր գրում ու բեմադրում։ Դպրոցում երգեր գրող աղջիկը հիմա ուրիշների երեխաների համար էր մտածում՝ ով ինչ պիտի անի բեմում։ Մյուզիքլի համար արդեն պետք էին մարդիկ, որոնք կարողանային դերակատարին սովորեցնել երգել այն պահին, երբ նա նաև պարում է, ու երկուսն էլ անել իր դերի մեջ։ Այդպիսի մարդ Նանեն ճանաչում էր։ Երաժշտական բեմադրիչ Զառա Վիրաբյանի հետ մոտ քառասուն տարվա ընկերուհիներ էին, երբ ձեռնարկեցին «Գեղեցկուհին և հրեշը»։
Հարցրի՝ ինչո՞ւ գեղեցկուհին սիրեց հրեշին։
- Իսկ ինչո՞ւ ջրահարսը փոթորիկ չբարձրացրեց, - հարցրեց Նանեն։
- Ինչո՞ւ։
- Չգիտեմ։ Ես կբարձրացնեի։
Այսպես մյուզիքլից հասանք Հանս Քրիստիան Անդերսենին։ Փոքրիկ ջրահարսի պատմության մեջ մի անարդարություն կա, որն անհանգստացնում է Նանեին։ Աղջիկը պոչի փոխարեն ոտքեր է ուզում։ Ցավին դիմանում է, հետևում արքայազնին։ Իսկ նա գնում ու սիրում է արքայադստերը։ Ինչո՞ւ։ Որովհետև ինքը արքայազն է, պիտի արքայադստեր հետ ամուսնանա՞։ Այստեղ Նանեն մի առարկություն էլ ունի՝ չէ՞ որ ջրահարսին սիրում էր։ Ուրեմն ի՞նչ անել արքայադստեր հետ։ Ջրահարսի համար ուրիշ վերջաբան գտնելու ամենադժվար տեղը, պարզվեց, այստեղ էր։
Նախ զգուշացրեց՝ սիրած մարդու համար զոհողությունների գնալու մասին իր ասածը չվերագրեմ իր անձնական կյանքին։ Կոնկրետ հեքիաթի մասին է խոսում։ Հետո փոթորիկը բարձրացրեց։ Նավը պիտի խորտակվի։ Բայց ինչո՞ւ որևէ մեկը խեղդվի։ Ջրահարսը երկուսին էլ կփրկի՝ և՛ արքայազնին, և՛ արքայադստերը։ Հո այնքան չար կին չէ, որ նրանց թողնի ջրի տակ։ Իսկ արքայադստեր հիշողությո՞ւնը։ Ահա այստեղ Նանեն պատրաստ է միջամտել։ Աղջիկը կմոռանա, թե ով է։ Հրաշալի ծնողներ ունի, կտանեն իրենց տուն։ Իսկ արքայազնը կամուսնանա իր ջրահարսի հետ։
- Տեսա՞ք, արդեն սցենար եմ գրում։
Ասում էր՝ արդեն իր շարունակությունն ունի մուլտֆիլմը, ապա ուղղեց ինքն իրեն՝ ավելի ճիշտ՝ Անդերսենի հեքիաթը։ Հարցս գեղեցկուհու մասին այդպես էլ մնաց անպատասխան։ Ջրահարսն արդեն հասցրել էր երկու մարդու կյանք փրկել ու ամուսնանալ։
- Ես տխուր ավարտով պատմություններ չեմ սիրում։
- Դուք հակասում եք դրամատուրգիայի տեսությանը։
- Երևի կյանքում շատ տեսությունների եմ հակասում հենց միայն նրանով, որ կամ։
Մինչև այդ պահը Նանեն արդեն պատմել էր պապի, պաղպաղակի, այգում կորելու մասին ու իր մանկությունն անվանել էր հրաշալի, անհոգ։ Հիվանդոտ երեխա լինելու մասին խոսել էր լիմոնադի պատմության առիթով։ Միայն հիմա իմացա, թե նրա ծնվելուց հետո ինչ էին ասել մորը։
- Մամայիս ասել էին՝ թողեք այս երեխային, չի ապրի։ Բայց, ինչպես տեսնում եք, ինձ չթողեցին։ Հիմա էլ ձեր առաջ նստած եմ, բավական էլ թմբլիկ։
Մի ուրիշ հարցիս, թե ո՛ր երազանքը չի իրականացել, պատասխանեց՝ «Օսկար» ստանալը։ Ու անմիջապես ավելացրեց՝ դա դեռ առջևում է։
Հայրը մահացել է 2007 թվականին։ Մայրը՝ 2018-ին։ Արտյուշայի մասին այս անգամ ուրիշ բան պատմեց։ Ես արդեն գիտեի՝ ինչպիսին էր եղել աղջիկների հետ, ինչպես էր հանդիմանում ավագին ու ինչ մեծ հաճույքով կատարում նրա ցանկությունները։ Հիմա պիտի իմանայի, թե այդ խիստ մարդն ինչպես էր վերաբերվում իր կնոջը։ Շատ էր սիրում նրան։ Նանեն հատուկ հիշատակեց քնքշությունը։ Ամուսնու մահից հետո մայրն իր աչքին փոքրացած երեխա էր դարձել, անպաշտպան մնացել։ Նրանց տանը հիմա աղջիկներն էին մոր թիկունքին կանգնած։
- Հայրիկիցս հետո ես մամայիս համար ամեն ինչ էի։ Ես էի նրա պաշտպանն ու հենարանը՝ ես ու կրտսեր քույրս։
Քրոջ անունը հարցրի։ Ռուսերեն խոսքի մեջ սկզբում Մարինա հնչեց։ Ճշտեցինք՝ Մարինե։ Այն Մարինեն, որի հետ հիմա ուզում է գիրք դարձնել մոր ձեռագրերը։ Ու որը տարիներ անց պիտի քրոջը զանգեր՝ էլի մրցանակ չե՞ն տալու։
Որդիների մասին հարցիս պատասխանեց նույնքան ջերմ, բայց շատ ավելի զուսպ։ Տարբերություն կա, ասում է, իր աշխատանքի և անձնական կյանքի միջև, ու կուզեր, որ դա պահպանվեր նաև այն ժամանակ, երբ հարցազրույց է տալիս։ Ժամանակին որդու դպրոցում ավարտական ներկայացումներ էր պատրաստում։ Այսօր ինքն է երեկո կազմակերպում, իսկ որդիները չեն գալիս։ Այդպես է եղել իր բոլոր միջոցառումներին։ Նանեն գիտի, որ անհանգստանում են իր համար։ Տղաներն էլ, ինչպես մայրն ասաց, հրապարակայնություն չեն սիրում։
- Նրանք իմ հպարտությունն են։ Շատ բան կարող եմ ասել, երևի։ Բայց մի բան կասեմ՝ արժանավոր տղաներ են մեծացել։
Հետո բացատրեց, թե ինչու է իրեն իրավունք տալիս այդպես խոսելու։ Որդիների կողքին կան մարդիկ, որոնք նրանց հետ են աշխատում, ընկերություն են անում, ճանաչում են այնպիսի հանգամանքներում, որտեղ մայրը ներկա չէ։ Այդ մարդիկ են ասել նրան, որ լավ տղաներ են։ Նանեն հաճույքով է կրկնում նրանց խոսքը։ Այդքանն էր ուզում ասել նրանց մասին։
Երևանի առաջնախաղի մասին խոսելիս Նանեն պատմեց այն հեռախոսազանգերի մասին, որ ստացել էր հաջորդ առավոտ։ Լոս Անջելեսում նրա կազմակերպած շնորհանդեսի հաջորդ օրը դարձյալ հեռախոսն էր զանգել։ Այս մեկը հատկապես թանկ է իրեն։ «Հայաստան-Սփյուռք» ամսագրի նոր շարքի առաջին համարը դուրս էր եկել 2026-ի հունիսին, երկրորդը ներկայացրել էին նոյեմբերի 18-ին։ Հաջորդ օրը զանգեց Վերոնիկա Գևորգյանը։ Նա մի նախագիծ ունի, որ ուզում է իրականացնել Հայաստանում։ Շնորհանդեսի ժամանակ հյուրեր էին մոտեցել, հարցրել՝ ինչով է զբաղվում, ինչպես է պատկերացնում գործը Հայաստանում։ Վերոնիկան զարմացած էր, Նանեին ասել էր՝ չէր սպասում, որ իր մտահղացումը հյուրերին այդքան կհետաքրքրի։
Վերոնիկայի պատմածից Նանեն հիշում էր հենց հարցերը։ Մարդիկ մոտեցել էին իմանալու՝ ինքն ինչպե՞ս է պատկերացնում իր մտահղացումը։ Այդ գործով զբաղվող մարդը կանգնած էր իրենց առաջ, կարելի էր հարցնել նրան ու լսել պատասխանը։ Նանեն մի քանի անգամ կրկնեց, թե իր համար ինչ է նշանակում ամսագրի հերոսից նման բան լսելը։ «Հասկանում ես, որ իզուր չես արել։ Մարդիկ տեսնում են, գնահատում են, ու դա քեզ կրկնակի, եռակի, տասնապատիկ հաճելի է»։
Ամսագրի մասին հաճախ միևնույն հարցն է լսում՝ տպագիր խոսքն ուժը կորցրել է, ո՞վ է կարդալու։ Դրան լիովին պատրաստ պատասխան ունի, որի համար, պարզվեց, իմ հիշատակած արհեստական բանականությունն էլ է պետք գալու։ Պատկերացրու, ասում է, քո այդ արհեստական բանականությունը գրավել է աշխարհը։ Եկել է նրան մի կերպ հանդարտեցնելու ժամանակը, համակարգիչների հույսին այլևս մնալ չի լինի։ Այ, այդ ժամանակ կհիշեն, որ ամսագիր էլ կար։ «Կհանեն հին համարներն ու կասեն՝ ինչ լավ էր, որ կային, որ ամսագրում մեր մասին գրեցին։ Մի բան ունենք, որ կարող ենք փոխանցել մեր երեխաներին, մեր թոռներին։ Մեզնից այդ հիշատակը կունենան»։ Երբ խոսում էր այն թոռան մասին, որ մի օր ձեռքը կառնի ամսագիրը, ես արդեն գիտեի, թե երկու քույրերի համար ինչ արժե իրենց մոր գրած ու պահպանված թուղթը։
Ամսագիրը լույս է տեսնում թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։ Այնտեղ տեղ ունեն արդեն կայացած գործարարներն ու նրանք, ովքեր դեռ նոր են փորձում ոտքի կանգնել։ Նանեին հետաքրքրում է նաև վերջիններիս մասին գրելը հենց հիմա, երբ վերջնական արդյունք ցույց տալ չեն կարող, բայց արդեն կարող են պատմել՝ որտեղից են եկել, ինչով են զբաղվում, ինչ բանի են ուզում հասնել։ Հայաստանում մեկը կկարդա մի հայի մասին, որ եկել է Ամերիկա ու կարողացել է այստեղ իր գործը հիմնել։ Լոս Անջելեսում մեկն էլ կծանոթանա Հայաստանում աշխատող իր գործընկերոջը։ Երբ հարցը հասնում է նրան, թե ինչ կտա այդ ծանոթությունը, Նանեն մասնագիտություն է ընտրում, որ աչքի առաջ երկու որոշակի մարդ ունենանք։ Ասենք՝ երկուսն էլ բժիշկ են։ Մինչև մեկը մյուսի մասին կարդար, նրա գոյության մասին գուցե չգիտեր։ Հիմա կարող են խոսել։ Գուցե մի գործ մտածեն, որ առանձին չէին ձեռնարկի։
Իր համար Նանեն նույնիսկ մոտավոր թիվ ունի։ Եթե ամեն համարում ներկայացված մարդկանցից գոնե երկուսին կամ երեքին հաջողվի այդ ճանապարհով օգնել, որ իրենց երազած մի բան իրագործեն, համարում է՝ արժեր անել։ Վերոնիկայի զանգն այդ առումով նրան առաջ գնալու ցանկություն է տվել։ Տարեվերջյան մրցանակաբաշխության մասին խոսելիս հոլդինգի անունից աշխատող մարդկանց մասին Նանեն երրորդ դեմքով ասաց ու հենց նախադասության կեսին ուղղեց իրեն՝ «իրենք, արդեն՝ մենք»։
Տարվա ընթացքում հոլդինգը մի քանի մրցանակաբաշխություն է անցկացնում՝ ըստ ոլորտների։ Հոլդինգը բժիշկների հետ սերտ է աշխատում։ Նրանց նվիրված մրցանակաբաշխությունը, ասում է, գրեթե ամեն տարի է լինում։ Տարեվերջյան ամփոփմանը հանդիպում են և՛ մարդիկ, որոնց գործին հետևում են վաղուց, և՛ նրանք, որոնց նոր են ճանաչել։ Հենց այստեղ, երբ խոսքը պիտի գնար իրենց ունեցած հնարավորությունների մասին, Նանեն պատմեց մի հնարավորության մասին, որ կուզեր ունենալ։
- Կուզեի շատ հարուստ լինել, որ կարողանայի մրցանակ տալ այն մարդկանց, որոնք իրոք արժանի են, բայց շատ համեստ մարդիկ են։
Ամերիկայում իրենց առաջին մրցանակաբաշխությունը պատրաստվում է անցկացնել փետրվարի 18-ին։ Երբ հարցրի՝ որտեղ, դեռ մտածում էր՝ մանրամասները պատմի՞, թե՞ թողնի հետո։ Ապա որոշեց՝ ուզում է պատմել։ Մի հարցում առաջին իսկ օրվանից կողմնորոշված էր։ Իր տեսած մրցանակաբաշխությունները հաճախ ռեստորաններում են անցկացնում։ Ինքը դահլիճ էր ուզում, որտեղ մարդիկ բեմ կբարձրանան իրենց մրցանակը ստանալու։ Դահլիճն էլ ուզում էր հայկական անուն ունենա։ Նրա խոսքով՝ երեկոն նախատեսել են Փասադենայում՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության Վաչե և Թամար Մանուկյանների բեմարվեստի կենտրոնում։
Հայաստանից սպասում են տասից տասնհինգ մրցանակակրի։ Ավելի ստույգ թիվ մեր հանդիպման ժամանակ չէր կարող ասել. մարդիկ դեռ պետք է ստանային ամերիկյան մուտքի արտոնագրերը։ Մի պահ խոսեց «մեկնողների» թվի մասին, ապա հիշեց, թե ինքը հիմա որտեղ է. «Չէ՛, եկողների»։ Մրցանակակիրներ ունեն Բելգիայից, Կանադայից, Փարիզից, իհարկե, նաև Միացյալ Նահանգներից։ Եթե առաջինն իրենց ուզածով անցնի, կուզենար առնվազն տարին մեկ կրկնել։ Հետագայում այստեղ էլ առանձին մասնագիտությունների մարդկանց համար երեկոներ կաներ։ Միայն բժիշկների մեջ այնքան արժանի մարդիկ կան, որ բոլորին մի երեկոյի ընթացքում չես հասցնի ներկայացնել։ Այդ միտքը փորձում էր ավարտել հայերեն, ու մի բառ պակասեց։ Երբ երկուսով գտանք «շրջանակներում» բառը, ռուսերեն շնորհակալություն հայտնեց իր հուշարարին ու նույն տեղից շարունակեց միտքը։
Առայժմ առջևում փետրվարն է։ Նանեն մտածում է այն մարդկանց մասին, որոնք դահլիճում գուցե հանդիպեն միայն այն պատճառով, որ երկուսին էլ նույն երեկոյին է հրավիրել։ Այդ օրը բեմում պիտի կանգնեն այն մարդիկ, ասում է, որոնք իսկապես արժանի են իրենց մրցանակին։ Բայց մեկ ուրիշ ցանկություն էլ ունի նրանց համար։ «Ես եմ, որ շատ եմ ուզում՝ մարդիկ կարողանան իրար գտնել, միասին աշխատել, ինչ-որ բանով իրար օգտակար լինել»։ Չորս տարի առաջ իրեն այդ նույն կազմակերպությունից զանգել էին անձամբ մրցանակ ստանալու համար։ Այն ժամանակ ինքը կարողացավ քրոջն ուղարկել իր փոխարեն։ Հիմա ուզում է այնպես անել, որ Հայաստանից եկող մարդուն արժենա այդ ողջ ճանապարհը կտրել նաև այն մեկի համար, ում դեռ չի ճանաչում։









































