«Մեր ոսկին քայլում է փողոցներով». Արշակ Ղասաբյանը՝ այն հարստության մասին, որը Հայաստանն ունի, բայց չի կարողանում օգտագործել
19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2026, ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ, YEREVAN ONLINE Mag.-ի ԱՄՆ ԹՂԹԱԿԻՑ, ԼՈւՍԱՆԿԱՐԸ՝ ՎԻԳԵՆ ՄՆՈՅԱՆԻ (ԵՐԵՎԱՆ)

2021 թվականի գարնանը Արշակ Ղասաբյանը գրեթե երեսուն տարվա ընդմիջումից հետո նորից Հայաստանում էր։
Նրան մի հարց էր զբաղեցնում․ ինչո՞ւ է հայ մարդը կարողանում Մոսկվայում, Նյու Յորքում կամ աշխարհի մեկ այլ քաղաքում սովորել, ստեղծել, ղեկավարել, դիմանալ ամենախիստ մրցակցությանը, իսկ Հայաստանում այդ նույն կարողությունը հաճախ չի դառնում երկրի ուժը։
Մինչև 2020 թվականի պատերազմը Ղասաբյանը Հայաստանում կատարվողը համեմատում էր դրսում տեսածի ու սովորածի հետ։ Տարբեր երկրներ էր տեսել, հասարակություններ, կառավարման ձևեր։ Նկատել էր, թե ինչպես է որոշումը դառնում արդյունք, ինչպես են վատ կազմակերպված աշխատանքի մեջ կորչում մարդկանց կարողություններն ու տարիները։
Պատերազմից հետո հեռավորությունն այլևս հանգիստ չէր տալիս։ Հարազատների հետ խոսակցությունները, լսած պատմությունները, կորուստը, ապա Հայաստան կատարած ուղևորությունը նրան բերել էին այն մտքին, որ պարզապես հետևելն այլևս բավարար չէ։ Ուզում էր մի գործ անել, որի օգուտը հնարավոր կլիներ տեսնել նաև առաջին ոգևորությունն անցնելուց հետո։
Ղասաբյանն իր մասին երկար չի պատմում։ Ընտանիք, երեխաներ, երկու արտագաղթ, դժվար տարիներ, հանդիպումներ, որոնք փոխել են նրա մտածողությունը։ Զրույցում վերադառնում է նույն հարցերին․ ինչո՞ւ են որոշ հասարակություններ ավելի արագ զարգանում, ինչպե՞ս կարող է լավ ուսուցիչը փոխել երեխայի կյանքը, ինչո՞ւ է պաշարներով հարուստ երկիրը երբեմն աղքատ մնում։
Իրեն բնորոշում է որպես դիտողական, փիլիսոփայական և վերլուծական մտածողության մարդ։ Կենսագրության մեջ պաշտոններից ավելի կարևոր է համարում այն հարցերը, որոնք մարդը համարձակվել է տալ իրեն, և այն պատասխանները, որոնց հասնելու համար ստիպված է եղել փոխվել։
Նյու Յորքում նա աշխատել է ներդրումային-բանկային ոլորտում, ղեկավարել նախագծեր, զբաղվել բիզնեսի ու տվյալների վերլուծությամբ, կազմակերպությունների ներսում մեծ փոփոխություններ իրականացրել։ Այդ գործում սխալ հաշվարկի հետևանքը վաղ թե ուշ երևում է։ Նա նաև «Ցանցային պետություն» համահայկական շարժման ֆինանսական խորհրդատուն է։ Այստեղ նրան զբաղեցնում է հայկական աշխարհի մասնագիտական գիտելիքը, կապերն ու ֆինանսական փորձը համատեղ աշխատանքի վերածելու խնդիրը։
Փող ունենալն ու բարեկեցություն ստեղծելը նրա համար տարբեր խնդիրներ են։ Բարեկեցության համար աշխատող համակարգ է պետք։ Դրա ներսում մարդիկ պիտի կարողանան մտածել, վստահել միմյանց, գործակցել և պատասխան տալ սեփական որոշումների համար։
Երկրի բյուջեն, պարտքը, հարկերը, ներդրումները, ճանապարհները, գործարաններն ու արտահանումը տեսանելի հաշվեկշիռն են։ Ղասաբյանին հետաքրքրում է նաև այն, ինչը դժվար է այդ հաշվեկշռում գրանցել՝ երեխայի չբացահայտված տաղանդը, ուսուցչի ազդեցությունը, հեռացած մասնագետի գիտելիքը, սխալ որոշման պատճառով կորցրած տարիները։ Նա ուզում է հասկանալ, թե արդեն եղած կարողությունն ինչու ամբողջությամբ չի աշխատում երկրի համար։
Մարդկային կապիտալ ասելով՝ նկատի ունի գիտելիքն ու այն գործածող մարդու բնավորությունը։ Դիպլոմը դեռ չի պատմում, թե մարդն ինչպես է աշխատում, սովորում, պատասխանատվություն վերցնում։ Կարո՞ղ է վստահել գործընկերոջը, ռիսկի դիմել, փակ ճանապարհի առաջ նոր լուծում գտնել։
Պաշարն ինքնին դեռ հարստություն չէ, կարծում է Ղասաբյանը։ Պետք է կարողանալ դրանով կրթել մարդկանց ու ստեղծել հուսալի հաստատություններ։ Այդ հաստատություններն էլ պիտի օգնեն գործի դնել եղած գիտելիքն ու կարողությունը։ Տաղանդավոր մարդիկ կարող են ապրել նույն երկրում և այդպես էլ չաշխատել միասին։ Նրանց աշխատանքը, գիտելիքն ու կապերը պետք է տնտեսական արդյունք տան՝ մեծացնեն նաև երկրի համախառն ներքին արդյունքը։
Մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքից բացի՝ նրան հետաքրքրում է մասնագիտական կարողությունների, կրթության, պատասխանատվության ու կապերի խտությունը․ որքան լավ է պատրաստված յուրաքանչյուր մարդը, որքանով են մարդիկ կարողանում միասին աշխատել։ Փոքր երկրի առավելությունը նա այստեղ է փնտրում։
Հայաստանը բնակչությամբ չի անցնելու Չինաստանին, կապիտալով՝ Միացյալ Նահանգներին, տարածքով՝ Ռուսաստանին։ Փոքր երկիրը, Ղասաբյանի համոզմամբ, պարտադիր չէ, որ փոքր տնտեսություն ունենա։ Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան և Դանիան նրան հետաքրքրում են հենց այս առումով։ Նրանց փորձը մեխանիկորեն կրկնել չի առաջարկում։ Ուզում է հասկանալ, թե լավ որոշումները, հուսալի հաստատություններն ու կրթված մարդիկ որքան կարող են փոխել փոքր երկրի հնարավորությունները։
Որոշումների որակը նա կապում է նաև մարդու պարկեշտության, արժեքների ու ներքին ազատության հետ։ Ղասաբյանի համար 21-րդ դարի գլխավոր պայքարը կրթված, ստեղծող, պատասխանատու մարդու համար է։ Նույն մարդուն մի երկիր կարող է կորցնել, մյուսը՝ ընդունել ու աշխատելու հնարավորություն տալ։
Հայաստանի դեպքում ամեն լավ ինժեներ, ուսուցիչ, բժիշկ, գիտնական, ազնիվ պետական ծառայող ու պատասխանատու գործարար մեծ կշիռ ունի։
Այդ շարքում նա տեսնում է նաև երեխային, որին սովորեցնում են հարցնել ու ինքնուրույն մտածել։
Գրեթե երեսուն տարի Ղասաբյանը զբաղվել է ֆինանսական կապիտալով։ Նրա ուշադրությունն աստիճանաբար կենտրոնացել է մարդկային կապիտալի վրա։
«Ես փողի միջոցով եմ հասել մարդուն»,- ասում է նա։
Այժմ ուզում է ֆինանսական գրագիտության սեփական ծրագիր ստեղծել։ Անվտանգության, ժողովրդագրության, կրթության ու պետական կառավարման խնդիրներով ծանրաբեռնված Հայաստանի համար ընտանեկան բյուջեի, խնայողության կամ վարկի մասին խոսելը կարող է փոքր գործ թվալ։ Ղասաբյանն այդ փոքր որոշումներից է ուզում սկսել։
Ամսվա եկամուտն ու ծախսը հաշվելիս մարդը որոշում է նաև, թե ինչ կարող է իրեն թույլ տալ, ինչից պետք է հրաժարվի, ինչը հետաձգի։ Ղասաբյանը փողն անվանում է մարդկային վարքի համընդհանուր լեզու՝ մի տեսակ էսպերանտո, որը հազվադեպ է ստում։ Փողի հետ վարվելիս արագ երևում է՝ մարդը կարո՞ղ է սպասել, զսպել ցանկությունը, հասկանալ այսօրվա որոշման վաղվա գինը։
Այդ ընտրությունների առջև մարդը կանգնում է գրեթե ամեն օր։ Գնահատում է ռիսկը, հետաձգում հաճույքը, երբեմն սխալվում ու տեսնում սխալի գինը։ Ղասաբյանի պատկերացմամբ՝ ֆինանսական գրագիտությունը կարող է դառնալ բնավորության լաբորատորիա։
Բանկային հաշիվ բացելն ու ներդրումային գործիքների անուններն իմանալն այդ կրթության մի մասն են։ Նրա ծրագիրը պետք է օգնի մարդուն ապրել իր հնարավորությունների սահմաններում, պահուստ ստեղծել, հասկանալ պարտքի արժեքը, տարբերել անհրաժեշտությունը պահի ցանկությունից։ Չվաճառել ապագան այսօրվա հարմարության դիմաց։
Բանկային ոլորտում աշխատելիս նա տեսել է, որ բարձր եկամուտը դեռ կայունություն չի ապահովում։ Լավ կրթություն և աշխատանք ունեցող մարդը կարող է ապրել պարտքի ու վախի մեջ։ Ավելի համեստ եկամուտ ունեցողը՝ պատրաստ լինել դժվարությանը։ Որոշումների ու սովորությունների տարբերությունը երբեմն ավելի ծանր է կշռում, քան եկամտի տարբերությունը։
Ղասաբյանն ուզում է վարկերի, հարկերի կամ բանկային ծառայությունների մասին տեղեկություն տալուց բացի օգնել մարդուն ճանաչել սեփական թուլություններն ու ուժերը։ Ճիշտ որոշում ընդունելը պիտի սովորություն դառնա։ Այդ մարդը հետագայում կարող է ընկերություն, բանկ, դպրոց կամ պետական հաստատություն ղեկավարել։
Ապագա ղեկավարի որոշումների որակը ձևավորվում է նաև առաջին փոքր հանձնարարությունը կատարելիս։ Այն պահին, երբ կարող էր թաքցնել սխալը, բայց որոշեց խոստովանել։ Երբ հեշտ լուծումը շահավետ էր, բայց սխալ։
Նախարարի ձևավորումը նախարարությունում չի սկսվում։
Նախարար նշանակվելն ինքնին մարդուն պատասխանատու չի դարձնում։ Բանկի ղեկավարի բնավորությունն էլ չի ձևավորվում աշխատասենյակ ստանալու պահին։ Նա գալիս է ընտանիքում, դպրոցում, առաջին աշխատանքում սովորած վարքով։ Պետական կառավարումը Ղասաբյանը դիտում է նաև որպես քսան կամ երեսուն տարի առաջ մարդու ստացած դաստիարակության հետևանք։
Նա չի նսեմացնում բարեփոխումների նշանակությունը։ Ուզում է տեսնել, թե ով է կազմելու տնտեսական ծրագիրը, կիրառելու օրենքը, սովորեցնելու երեխային, բուժելու հիվանդին, պաշտպանելու սահմանը։ Վատ որոշումների պատճառով լավ գրված օրենքն էլ կարող է չաշխատել։ Պատասխանատու, ինքնուրույն մտածող մարդը կարող է ուժ տալ թույլ համակարգին, հետո նաև փոխել այն։
Մասնագիտական աշխատանքում Ղասաբյանը տեսել է, թե ինչպես է մեկ մարդու մտածողությունը փոխում թիմի աշխատանքը, իսկ ճիշտ կառուցված գործընթացը՝ բազմապատկում մարդկանց կարողությունը։ Տեսել է նաև, թե ինչպես է թույլ բնավորությամբ ղեկավարը քայքայում լավ կազմակերպված կառույցը։
Վատ քաղաքականությունը վնասում է հասարակությանը։ Ղասաբյանը հակառակ կապն էլ է տեսնում․ հասարակությունը քաղաքականության մեջ վերարտադրում է իր երկար հանդուրժած անպատասխանատվությունը, ամեն ինչ մեկ անձի հետ կապելու սովորությունը, միայն մոտակա օգուտը հաշվելը, անվստահությունը։
Ղասաբյանը հարցնում է՝ որտեղի՞ց պիտի հայտնվի այն ճիշտ նախագահը կամ վարչապետը, որ վերևից ամեն ինչ կփոխի։ Նա մեծացել է նույն հասարակության մեջ, սովորել նույն դպրոցում, տեսել վարքի նույն օրինակները։ Իր փոքր ընտրություններն էլ է արել հարմար և ճիշտ լուծումների միջև։
Ղասաբյանի համոզմամբ՝ վատ քաղաքականությունն սկսվում է վատ քաղաքական գործչից շատ առաջ։
Տեխնոլոգիան կարելի է գնել։ Կարելի է գործարան կառուցել, միջազգային խորհրդատու հրավիրել, ուրիշ երկրից օրենքներ ու կառավարման մոդելներ վերցնել։ Դրանց հետ չեն ներմուծվում վստահությունը, պատասխանատվությունը, համագործակցելու մշակույթն ու կանոնները պահպանելու սովորությունը։
Հասուն հասարակությունը, ինչպես ասում է Ղասաբյանը, երեք վագոն ցորենի նման չես ներմուծի։ Այն տարիներով է ձևավորվում՝ ընտանիքում, դպրոցում, աշխատանքի մեջ, մարդու ինքնուրույն որոշումներից։
Հայաստանի ոսկու մասին խոսելիս Ղասաբյանը նկատի ունի Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Գորիսի ու մյուս քաղաքների և գյուղերի փողոցներով քայլող մարդկանց։ Երեխայի միտքը պետք է ազատել։ Երիտասարդին՝ գիտելիք տալ ու սովորեցնել պատասխանատվություն ստանձնել, մասնագետի կարողությանը՝ վստահել։
Հայաստանի պակասները գիտի՝ փոքր տարածք, փոքր ներքին շուկա, նավթի ու գազի բացակայություն, դժվար աշխարհագրություն, քիչ բնակչություն։ Այդ ցանկի կողքին դնում է մեկ այլ հարց․ ինչո՞ւ եղած մարդիկ, գիտելիքն ու կապերը պետության բավարար ուժ չեն դառնում։ Գուցե երկրի հարստության զգալի մասն արդեն կա, պարզապես դեռ չենք սովորել այն կազմակերպել։
Տաղանդն ինքն իրեն պետություն չի կառուցում։ Ղասաբյանի պատկերացրած դպրոցը պիտի երեխային սովորեցնի հարցնել, սխալվելուց հետո նորից փորձել, ընդունել սեփական որոշման հետևանքը։ Ավարտական վկայական ստանալուց հետո էլ մարդը պիտի շարունակի սովորել՝ ամբողջ կյանքում։
Նա ուզում է, որ հայկական կրթությունը ձևավորի մարդկանց, որոնք ունակ կլինեն ուժեղ հասարակություն ստեղծելու աշխարհի ցանկացած երկրում։ Հայաստանում ապրելով՝ նրանք կուժեղացնեն Հայաստանը։ Դրսում ապրելով էլ կարող են գործել նրա օգտին, եթե պահպանվի նրանց մասնագիտական ու մշակութային կապը երկրի հետ։
Արտագաղթը Ղասաբյանը չի դարձնում բարոյական դատավարություն։ Ինքն անցել է այդ ճանապարհով։ Գիտի՝ ինչ է մարդը կորցնում հեռանալիս, գիտի նաև դրսում ձեռք բերած փորձի արժեքը։ Մնացածներին ու հեռացածներին բաժանելու փոխարեն ուզում է հասկանալ՝ ինչպես կարելի է նրանց կարողությունները կապել։
Նրա համոզմամբ՝ պետությունը մարդուն կորցնում է, երբ խզվում է նրա կապը երկրի մասնագիտական ու մշակութային կյանքի հետ։ Սահմանն անցնելն ինքնին դեռ այդ կորուստը չէ։ Գիտելիքը կարող է վերադառնալ, նույնիսկ եթե մարդը չի վերադառնում մշտական բնակության։
Սփյուռքին գլխավորապես փողի աղբյուր համարելով՝ Հայաստանը, Ղասաբյանի կարծիքով, իր տեսադաշտից դուրս է թողնում մասնագիտական գիտելիքը, կառավարման փորձը, միջազգային կապերը։ Նա սփյուռքը դիտում է որպես ազգային մարդկային կապիտալի՝ տարբեր երկրներում ապրող մաս։ Այդ մարդկանց ուղարկած գումարի հետ կարող են Հայաստան հասնել նաև նրանց աշխատանքի ձևերը, գիտելիքն ու փորձը։
Ալբանիան նրան հետաքրքրում է այս պատճառով՝ փոքր երկիր, մեծ արտագաղթ ու սփյուռք։ Ղասաբյանի խոսքով՝ այդ երկիրն իր պետական ռազմավարությամբ փորձում է սփյուռքի հետ կապը զարգացնել նաև ներդրումների, մասնագիտական գիտելիքի փոխանակման, նորարարության և գործընկերության միջոցով։
Հայաստանում, Մոսկվայում, Նյու Յորքում ու մյուս հայկական կենտրոններում աշխատող մասնագետները կարող են համատեղ գործ անել։ Դրսում ապրող մասնագետի փորձը կարող է հասնել հայ ուսանողին, միջազգային կապը՝ հայկական ընկերությանը, կառավարման մշակույթը՝ նոր հաստատությանը։ Սփյուռքը կարող է դառնալ երկրի զարգացման ենթակառուցվածք՝ նրա սահմաններից դուրս։ Պետությունից էլ աշխատանք է պահանջվում․ պահպանել կապը, ճանաչել մարդու կարողությունը, գտնել այն գործը, որտեղ այդ կարողությունն անհրաժեշտ է։
Հայրենակիցներին Ղասաբյանը խորհուրդ է տալիս երեք գիրք՝ Ջորջ Քլեյսոնի «Բաբելոնի ամենահարուստ մարդը», Հերման Հեսսեի «Սիդհարթան» և Վիկտոր Ֆրանկլի «Մարդու իմաստի որոնումները»։
Քլեյսոնը՝ փողը կառավարելու համար։ Հեսսեն՝ ինքդ քեզ հասկանալու։ Ֆրանկլը՝ ծանր պայմաններում արժանապատվությունն ու ապրելու իմաստը չկորցնելու։ Ղասաբյանն ասում է՝ եթե իր գործը միայն փողի մասին լիներ, Ֆրանկլի փոխարեն հաստատ Ուորեն Բաֆեթին խորհուրդ կտար։
Նրան հետաքրքրում է նաև, թե մարդն ինչի համար է աշխատում, ինչն է պատրաստ պաշտպանել, ինչից չի հրաժարվի ամենադժվար պահին։ Իր համար այսօրվա գլխավոր սկզբունքը ամեն օր պարկեշտ մարդ մնալն է։ Կարիերան, փողը, հաջողությունը գալիս են դրանից հետո։
Ղասաբյանը մարդկային կապիտալի, կրթության, ֆինանսական գրագիտության, սփյուռքի ու պետական հաստատությունների կարևորությունը նոր բացահայտում չի համարում։ Իրեն հետաքրքրում է դրանց կապը։
«Ինքնատիպությունը սկզբնական աղյուսների մեջ չէ, այլ ճարտարապետության մեջ»,- ասում է նա։
Նրա պատկերացմամբ՝ երեխայի վարքից ձևավորվում են սովորությունները, դրանցից՝ բնավորությունը։ Հետո այդ մարդը որոշումներ է ընդունում, որոնցից կախված է ուրիշների կյանքը, ընկերության կամ պետական հաստատության աշխատանքը։ Ղասաբյանն այս կապերի մեջ է փնտրում մարդուն երկրի գլխավոր հարստությունը դարձնելու ճանապարհը՝ նրան թվի չվերածելով։
Իր թողնելիքը պատկերացնելիս խոսում է մտքի, գրքի, կրթական ծրագրի մասին։ Ուզում է, որ իրենից հետո մնա մի մարդ, որն իր շնորհիվ ավելի վստահ է դարձել, սովորել է ճիշտ վարվել փողի հետ, մի փոքր ավելի լավ է հասկացել իրեն։ Չի ուզում իր անունն այդ փոփոխության կենտրոնում դնել։
Հայաստանի ապագայի մասին խոսելիս նա զգուշությամբ շոշափում է գոյատևման հարցը։ Հայոց պատմությունը մեզ սովորեցրել է գոյատևել․ Ղասաբյանը դա հսկայական ձեռքբերում է համարում։ Երկարատև սպառնալիքը կարող է հասարակության մեջ արմատավորել սովորություններ, որոնք հետո դժվարացնում են զարգացումը։ Պատմական վերքը շարունակում է ազդել որոշումների վրա նաև հանգամանքների փոփոխությունից հետո։
Նրա ասելով՝ գոյատևել սովորած ժողովուրդը մի օր պիտի սովորի նաև ապրել։ Գոյատևման հարցին ավելացնում է հաջորդը՝ ի՞նչ ենք պատրաստվում կառուցել, եթե գոյատևել ենք։
Ղասաբյանի առաջարկած աշխատանքը երկար ժամանակ է պահանջում։ Ֆինանսական ներդրման համար կարելի է գրել սկզբնական գումարը, ժամկետն ու սպասվող եկամուտը։ Ուսուցչի մի խոսքի ազդեցությունը կարող է երևալ տասը տարի անց։ Երեխային տրված վստահության արդյունքը՝ քսան տարի անց։ Ֆինանսական ճիշտ սովորությունը կարող է ընտանիքին օգնել մի ճգնաժամի ժամանակ, որի մասին այսօր դեռ ոչ ոք չգիտի։
Այսպիսի աշխատանքի արդյունքը առաջին տարվա հաշվետվության մեջ ամբողջությամբ չի տեղավորվի։ Այն արագ քաղաքական շահ չի խոստանում։
Նա ուզում է օգնել մարդուն, որ երեկոյան ընտանիքի ծախսերը հաշվելուց հետո վաղվա մասին մի փոքր ավելի հանգիստ մտածի։









































