Արա Մկրտչյանի տասը հազար քայլը դեպի երազանք
Այսօր Արա Մկրտչյանի ստեղծած ռեստորանը կրում է նրա դուստրերի անունները։ Մինչ այդ եղել են երկար ճանապարհներ, ծանր աշխատանք, հիասթափություններ ու մարդիկ, որոնց հավատը նա մինչ օրս հիշում է։ Yerevan Online Mag.-ը ներկայացնում է Աղավնաձորից Լոս Անջելես հասած մարդու դիմանկարը՝ իր սկզբունքների, հայրենիքի հետ բարդ հարաբերության և պատանեկան մի երազանքի մասին, որը նա դեռ կարող է իրականություն դարձնել:
17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2026, ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ, ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, YEREVAN ONLINE Mag.-ի ԱՄՆ ԹՂԹԱԿԻՑ

Գերմանիայում ռեստորանի տերը կանչել էր Արային՝ ծանոթանալու։ Մինչ այդ նրան չէր տեսել։ Գովազդային թերթիկները ճամբար էր բերում մի ռուս աղջիկ, իսկ Արան գիշերները տանում ու բաժանում էր։ Լեզուն նոր էր սովորում, ծանոթներ չուներ։ Աշխատանքի իրավունք, իր ասելով, դեռ չուներ։ Աղջիկն էր առաջարկել այդ գործը։
Առավոտյան ռեստորանի դիմաց հերթ էր տեսել։ Տերն ասել էր՝ սա քո աշխատանքի շնորհիվ է։ Տասը հազար թերթիկը հատ-հատ ես բաժանել։
- Հա, բա ո՞նց պտի ցրեի։ Բա քանի՞ հատով պտի ցրեի։
Պատմելիս Արան նորից տալիս է այդ հարցը։ Թերթիկները տվել էին, որ բաժանի։ Բաժանել էր։ Տերը զարմացել էր։ Ասել էր՝ քսանհինգ տարի այս գործի մեջ եմ, այդպիսի աշխատող չեմ ունեցել։ Հետո առաջարկել էր ամեն օր իրենց մոտ ճաշել։
Այդ պահին Արան դեռ գովազդ բաժանողն էր։ Ռեստորանում նրան սեղան էին առաջարկել։
Մենք խոսում ենք Լոս Անջելեսի «Մոնա Միլա» ռեստորանում։ Արա Մկրտչյանը դրա հիմնադիրն ու գլխավոր խոհարարն է։ Աշխատասենյակի պատերին մանկության լուսանկարներն են։ Ասում եմ՝ տեսնում եմ, որ հպարտանում է իր մանկությամբ։ Հարցնում եմ՝ որտեղ է անցել, ինչ պայմաններում։
- Բանվորի ընտանիքից։
Վայոց ձորի Աղավնաձորից է։ Հետո հատուկ ճշտում է՝ Հրազդանի կողմի Աղավնաձորի հետ չշփոթեմ։ Հայրը զոդող էր, մայրը զբաղվում էր տնով։ Խաղողի այգիներ ունեին։ Գյուղատնտեսությունը ընտանիքի կյանքի սովորական մասն էր։

Աղավնաձորում արվեստի դպրոց էր հաճախել, թատերական բաժինն ավարտել։ Նմանակում էր մարդկանց, երգում։ Մեծ դերասան դառնալ էր ուզում։
Հետո բանակ գնաց։
Հոկտեմբերյանի սերժանտական ուսումնական զորամասի մասին խոսելիս հիշատակում եմ ջրի պակասը։ Արան չի հաստատում։
- Մենք ջրի խնդիր չենք ունեցել։
Ճշտում եմ՝ նույն ուսումնական զորամասի՞ մասին ենք խոսում։ Նույնի։ Նա հիշում է 1999–2000 թվականները, հատկապես՝ խոհանոցը։ Հարցնում եմ՝ այնտեղ խոհարա՞ր է ծառայել։ Ոչ։ Սկզբում սերժանտականում էր, վեց ամիս անց տեղափոխվել էր Շամշադին՝ Բերդ։ Խոհանոցն ավելի ուշ էր։
Բանակում մի տարի ղեկավարել է ուրախների ու հնարամիտների թիմը։ Սպաներին էր նմանակում՝ ձայնը, շարժումները։ Իր պատմելով՝ այնքան նման էր ստացվում, որ հեռախոսով նրանց ձայնով հրամաններ էին տալիս, ու դիմացինը կատարում էր՝ կարծելով, թե սպաներից մեկն է խոսում։
Սա պատմում է որպես բանակային կյանքի զվարճալի դրվագ։ Գյուղի արվեստի դպրոցում սովորածը պետք էր եկել։ Երգում էլ էր, մենակատար էր։ Ասում է՝ ձայնը մշակելու խորհուրդ էին տալիս, օպերայի մասին էին խոսում։ Չզբաղվեց։
Ծառայության ընթացքում վեց ամիս էլ ճաշ է պատրաստել փոքրաթիվ զինվորների համար։ Խոհարարությունն արդեն հետաքրքրում էր, բայց լուրջ չէր վերաբերվում դրան։ Իր ապագա մասնագիտությունը դեռ չէր համարում։
Բանակից հետո գնացել է Ուկրաինա։ Եղբոր հետ ոսկերչությամբ էին զբաղվում։ Արհեստը լավ սովորելու համար վերադարձել է Հայաստան, սովորել Երևանի ոսկերչական գործարանում։ Վեց տարի աշխատել է այդ ոլորտում։
Այդ տարիների մասին խոսելիս նախ ներողություն է խնդրում ոսկերիչ ընկերներից։ Հետո ասում է՝ իր հանդիպած խաբեությունների հետ չէր հաշտվում։
Խնդրում եմ օրինակ բերել։
Հիշում է մի խոսակցություն։ Երբ նոր էր մտնում գործի մեջ, մտերիմներից մեկն ասել էր.
- Արա, դու կդառնաս ոսկերիչ, բայց չես կարա աշխատես։
Հարցրել էր՝ ինչո՞ւ։ Ի՞նչ են ուրիշներն անում, որ ինքը չի կարող։
- Դու չես կարում խաբես մարդկանց։
Խաբեության կոնկրետ դեպքը չի պատմում։ Փոխարենը փորձում է բացատրել, թե աշխատանքի որ մասն էր սիրում, որից էր խուսափում։ Որպես վարպետ կարող էր աշխատել։ Առուծախի որոշ ձևերին չէր ուզում տիրապետել։
- Կարայի, բայց չուզեցի տիրապետեմ։
Հետո Գերմանիայում էր՝ ճամբարում, առանց լեզուն իմանալու, գիշերները գովազդ էր բաժանում։
Ռեստորանի տիրոջ ճաշելու հրավերից հետո մի քանի անգամ գնացել էր այնտեղ։ Մի օր գործը շատ էր։ Տերը խնդրել էր օգնել ամանների հետ՝ մաքրել ուտելիքի մնացորդները, ամանները դնել լվացող մեքենայի մեջ, հետո հանել։ Խոստացել էր հավելյալ վճարել։
Արան ասել էր՝ միևնույն է, այստեղ կանգնած եմ, կօգնեմ։
Մի քանի օր այդպես օգնել է ու ճաշել։ Հետո խոհարարներից մեկը խնդրել է բանջարեղենը լվանալ։ Չէին հասցնում միաժամանակ լվանալ ու կտրատել։ Արան լվացել է, դրել կողքները, նայել նրանց աշխատանքին ու առաջարկել՝ ինքն էլ կտրատի։
Զգուշացրել են՝ դանակները շատ սուր են, զգույշ լինի։ Վերցրել է դանակն ու սկսել կտրատել վարունգը։
Խոհարարը կանչել է տիրոջը, խնդրել, որ Արան նորից անի։ Նայել են նրա ձեռքերին։ Այդտեղից էլ սկսվել է աշխատանքը խոհանոցում։
Առաջին վեց ամիսը ծանր է հիշում։ Վեց ամիս անց դարձել է խոհարարի օգնական, մեկ տարի անց՝ խոհարար, մեկուկես տարի անց՝ ավագ խոհարար, երկու տարի անց՝ ռեստորանի կառավարիչ։
Հարցնում եմ՝ ինչո՞վ է բացատրում խոհարարության հանդեպ այդ սերը։
Ասում է՝ ունեցած մասնագիտություններից սա ամենաշատն է սիրել։ Չի հոգնել ու չի կարծում, թե կհոգնի։ Մարդկանց հաց տալը նաև Աստծուց տրված շնորհ է համարում։ Խոսում է պատրաստած ուտելիքի, սեղան գցելու, մարդկանց շնորհակալ լինելու մասին։
Գերմանիայի իր գործատուից մեկ ուրիշ խոսք էլ է հիշում։ Ասել էր՝ մի օր սեփական բիզնեսն ես ունենալու։
Արան այն ժամանակ չէր հասկանում՝ մարդն իրեն պարզապես քաջալերո՞ւմ է, թե՞ իսկապես իր մեջ այդ կարողությունն է տեսնում։
Խորհուրդն էլ էր հիշել։ Սեփական գործ սկսելիս նախ մտածի համակարգի, հետո միայն՝ ներդրվող գումարի մասին։ Գործատուն բացատրել էր՝ առանց կազմակերպված աշխատանքի կարող է կորցնել ամբողջ ներդրածը, իսկ լավ համակարգը հաճախորդ կբերի։
Արան այդ ժամանակ արդեն խոհանոց ղեկավարել գիտեր։ Բայց սեփական գործ ունենալուն դեռ տարիներ էին մնացել։
2013 թվականին Գերմանիայից տեղափոխվեց Լոս Անջելես։
Ամերիկայում աշխատել է ռեստորաններում, հանդիսությունների սրահներում, արտագնա սննդի սպասարկման ծառայություններում, արագ սննդի կետերում։ Իր հաշվարկով՝ սեփական գործն սկսելուց առաջ ավելի քան տասը տարի աշխատել էր ուրիշների համար։
Այս շրջանի մանրամասները նա լրացրեց նաև մեր զրույցից հետո։ Մինչ այդ խոսել էր կայացած մասնագիտությունից, հետո՝ արդեն սեփական ռեստորանից։ Միջև այդ երկուսը ռեստորանների հատակներին անցկացրած գիշերներ կային։
Քնել է նաև աթոռների վրա։ Մնացել է աշխատանքի վայրում։ Մեքենա չի ունեցել, հաճախ ոտքով է գնացել ու վերադարձել։ Հագուստի համար օգտվել է օգտագործված իրերի խանութներից։
Այդ տարիների մասին պատմելիս չի փորձում պահպանել հաջողակ գործարարի պատշաճ կենսագրությունը։ Ասում է այն, ինչ այսօր իրեն ճանաչողներից շատերը չեն իմացել։
Հատկապես ծանր է հիշում բաժանումից հետո հայտնված վիճակը։ Չգիտեր՝ փաստաբանի՞ն վճարի, թե՞ մնալու տեղ ապահովի։ Ուտելիքի հարցը լուծվում էր աշխատանքի վայրում։ Դրա համար իրեն բախտավոր է համարում՝ սննդի գործի մեջ էր, տեղում ուտում էր։
Աշխատել էր շատ, բայց վարձատրությունից դժգոհ էր։ Իր խոսքով՝ խոհանոցներում ուժ չէր խնայել, գործատուների բիզնեսներն իր մասնակցությամբ աճել էին, իսկ իր աշխատանքի գնահատականը չէր փոխվել։
Մի պահ բարկացել էր ու դուրս եկել։ Սկսել էր Uber-ի ու Lyft-ի վարորդ աշխատել։
Այդ շրջանում նրան առաջարկել էին վերադարձի տոմս գնել։ Անվճար։ Մի քիչ գումար էլ կտային, որ գնա Գերմանիա։ Ասել էին՝ եթե այսպես շարունակի, անօթևան է դառնալու։
Նա մնացել էր։
Գիշերները մեքենա էր վարում, ցերեկները՝ ուտելիք պատրաստում։ Պատրաստածը անվճար բաժանում էր Լոս Անջելեսի տարբեր տեղերում։ Ասում էր՝ մի օր քեյթերինգի՝ արտագնա սննդի սպասարկման իր գործն է ունենալու։
Լսողները հիշեցնում էին տան վարձը։
- Դու էսօր ստեղ տանդ վարձը չես կարում տաս։
Հիշեցնում էին նաև տասնհինգ, քսան, երեսուն տարի աշխատող կազմակերպություններին։ Ասում էին՝ դրանց կողքին անելիք չունի։ Փող չունի, հնարավորություն չունի։
Իսկ ինքը գիշերները մեքենա էր վարում ու ցերեկները շարունակում պատրաստել։
Այս հատվածում նրա պատմությունը բաղկացած է գործերից, որոնք միաժամանակ պիտի հասցներ։ Մեքենա վարելուց եկամուտ էր ստանում։ Ուտելիքը տալիս էր անվճար՝ դեռ չստացած պատվերների ակնկալիքով։ Պատրաստ էր աշխատել, բայց ուրիշների գնահատականից կախված մնալն արդեն չէր ընդունում։
- Եթե մարդիկ ինձ չեն գնահատում, գոնե ես կունենամ իմը։
Սեփական գործի մասին որոշումը այսպես է բացատրում։ Նախ սկսեց քեյթերինգի ծառայությունը։ Ռեստորանը հաջորդ փուլն էր։
Անուն ընտրելիս առաջարկել էին իր անունը դնել՝ «Արա շեֆ» կամ նման մի բան։ Ընտրել էր երեխաների անունները։ Մոնիկան ու Մալենան երկրորդ անուններ էլ ունեն՝ Մոնա և Միլա։
- Իմ երեխեքից թանկ բան չկա։
«Մոնա Միլան» այդպես էր կոչվել։

Անունը նրա համար նաև աշխատանքի նկատմամբ պահանջ է։ Երեխայի հետ կապվող մաքրությունն ու պարզությունը ուզում է պահել իր գործի մեջ։ Բացատրելիս գործածում է նաև «համովություն» բառը։ Այդպես երեխաների մասին էլ են խոսում։ Իր ասածի մեջ երկու իմաստներն էլ կան։
Նրա պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունեն բարևները։
Ասում է՝ այսօր գործնական հանդիպումների ժամանակ մարդիկ ոտքի են կանգնում, երկու ձեռքով են բարևում։ Ոմանց հիշում է այն տարիներից, երբ աշխատանք էր փնտրում։ Այն ժամանակ նստած տեղից էլ չէին շարժվել։
- Դուռը հետևից փակի, դու ստեղ անելիք չունես։
Այդպիսի պատասխան էլ էր լսել։
Հիմա երբեմն նայում է այդ մարդկանց ու ուզում է հիշեցնել՝ նույն Արան է, որին ժամանակին տեղ չէին տվել, մարդկային վերաբերմունք չէին ցույց տվել։ Չի ասում, թե այդ խոսքն ասել է նրանց։ Ասում է՝ ուզում է ասել։
Հին օրերը հիշելիս բարկանում է։ Հուզվում էլ է՝ ինքն է խոստովանում։ Հետո ավելացնում է՝ եղել են նաև մարդիկ, որոնք լավ են վերաբերվել, գնահատել են։ Իր ամբողջ ամերիկյան փորձը չի համարում մերժումների պատմություն։
Սակայն աշխատանքի փնտրտուքի տարիներին լսած խոսքերը չի մոռացել։ Եվ երբ արդեն սեփական ռեստորան ունեցող մարդուն խորհուրդ են տալիս՝ սա այսպես արա, այն՝ այնպես, ուզում է, որ նախ իմանան անցած ճանապարհը։
Նա հեշտությամբ չի ընդունում նաև այն միտքը, թե դժվարությունները սեփական գործ բացելով ավարտվել են։ Ասում է՝ այսօր էլ հանդիպում է չկամեցողության։ Համոզված է, որ որոշ մարդիկ փորձում են պատվիրատուներին ու գործընկերներին հեռացնել իրենից։ Այդ մասին խոսելիս նորից վերադառնում է մի սպասման՝ օտար երկրում հայերը պիտի իրար օգնեն։
- Օտարության մեջ մենք պիտի իրար ձեռք բռնենք, իրար թև ու թիկունք լինենք։
Իր գործի մասին խոսակցությունն այս կետում դուրս է գալիս ռեստորանի սահմաններից։ Արան ուրիշներից համագործակցություն է սպասում։ Այդ սպասումը վաղուց ունի։ Մեր զրույցի ընթացքում այն մի քանի անգամ ուրիշ անուններով է վերադառնում։
Հարցնում եմ հասարակական գործունեությունից։
Ասում է՝ պատանեկության ու երիտասարդության տարիներին շատ է զբաղվել դրանով։ Հետո հասկացել է՝ ամեն մարդ պիտի մի գործ անի, իր սիրած գործը։
Քիչ անց արդեն մանրամասն բացատրում է տարիներ առաջ առաջարկած ծրագրերը։ Դրանցից չի հրաժարվել։ Պատրաստ է տրամադրել ցանկացած մարդու, որը կփորձի իրականացնել։
Երեք անգամ հայրենադարձվել է։ Ասում է՝ ունեցածը ներդրել է, վերադարձել ու փորձել իր տեղը գտնել։ Հիշատակում է երեք ոսկու խանութներն ու տարբեր բնագավառները, որոնցում աշխատել է։
- Չընդունվեցի ես այնպիսին, ինչպիսին որ ես կայի։
- Իսկ ինչպիսի՞ն կաս։
Ասում է՝ պարզ, մաքուր մարդուն դժվար են ընդունում։
Հարցնում եմ՝ ինչո՞ւ է այդպես կարծում։
Նրա բացատրությամբ՝ մտերիմները, հարազատները, համագյուղացիները դժվար էին ընդունում, որ ինքն իրենցից մի քանի քայլ առաջ էր, ավելի շատ բան գիտեր ու կարողանում էր անել։
Արան իր կարողությունները չի փոքրացնում։ Չի թաքցնում նաև վիրավորվածությունը։ Հաճախ «չհասկացան» ու «չգնահատեցին» բառերով է բացատրում չիրականացած գործերը։ Սեփական սկզբունքների մասին խոսելիս ընդունում է, որ դրանք երբեմն խանգարել են իրեն։ Դա էլ է բնական համարել։ Իր համար ընդունելի որոշ բաներ ուրիշներին տարօրինակ են թվացել։
Ոսկերչության մասին պատմելիս ասել էր՝ որոշ նրբություններ կարող էր սովորել, չէր ուզել։ Հասարակական գործունեության մասին խոսելիս ևս ակնկալում է, որ իրեն ընդունեն իր պայմաններով։ Նա պատրաստ է աշխատանք անել, բայց այն հարցերում, որոնք իր համար սկզբունքային են, զիջելու ցանկություն չի հայտնում։
Հայրենիք վերադառնալիս սպասել էր, որ իրեն շրջապատեն համախոհներ։ Ուզում էր, որ տեսնեն իր վերադարձի նպատակը՝ միայն սեփական բարեկեցությունը չէր պատկերացրել։ Իր ասելով՝ եկել էր ուրիշների հետ ընդհանուր գործ անելու։
Արտասահմանում ապրելու տարիներին ինքն էր հայ ծանոթներին ասում՝ գնանք մեր երկիրը։ Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, հետո նաև Ամերիկա․ ամեն տեղ նույն համոզումն ուներ։ Նրան վաղուց ճանաչողները, ասում է, լավ են հիշում այդ կոչերը։
Հիմա զարմանում են, որ հենց ինքն է մնացել հեռվում։
- Արո, մենակություն զգո՞ւմ ես։
Նախ պարզաբանում է՝ ընտանիքի մասին չի խոսում։
- Ծնողներս կողքս են, ընտանիք ունեմ, լավ երեխեք ունեմ, լավ ընտանիք։
Մենակությունը հայրենիքի հետ է կապում։ Այն մարդկանց բացակայության, որոնց հետ պատկերացրել էր իր անելիքը։
Մինչև մեր զրույցը՝ 2013 թվականի տեղափոխությունից ի վեր, Հայաստան չէր գնացել։ Շեշտում է՝ փաստաթղթերի խնդիր չի ունեցել։ Օրինական է տեղափոխվել ու աշխատել։ Իր մնալը չի համարում հանձնվել։ Մեծ ընտանիք ունի, ծնողներն էլ այստեղ են։ Իրեն այժմ ավելի շատ Ամերիկայում է պատկերացնում։
Բայց հենց խոսք է բացվում Հայաստանից, հիշում է՝ ում ինչ էր առաջարկել, ինչ էին պատասխանել, որն էր հնարավոր իրականացնել։
Աշխատասենյակի լուսանկարներից մեկը հիշեցնում է ավագանու թեկնածու լինելու շրջանը։

Հարցնում եմ՝ ընտրվե՞լ է։
- Չեմ ընտրվել։
Հիշում է իր ձեռքով գրած ծրագրի ութ A4 էջերը։ Շեշտում է թղթի չափը, էջերի թիվը, այն, որ ինքն էր գրել։
Պատմում է գյուղերի զարգացման առաջարկներից։ Հիշում է Ծաղկաձորում 2005 թվականի մի սեմինար, տարբեր մարզերից եկած մարդկանց։ Իր ներկայացրած ծրագրից հետո, ըստ նրա, մոտեցել էին ու ասել.
- Տղա ջան, գնա քո գործերով զբաղվի, որովհետև քո ասածի մեջ փող չկա։
Արան այդ պատասխանը հասկացել էր որպես անձնական շահի բացակայության մասին խոսք։ Իր համոզմամբ՝ ծրագիրը ընդհանուր օգուտ կարող էր տալ, բայց լսողներն իրենց օգուտն էին փնտրում։
Ասում է՝ իր կազմակերպած միջոցառումների լուսանկարներն ու տեսագրությունները պահել է։ Ուզում է ցույց տալ, որ քիչ միջոցներով էլ հնարավոր էր գործ անել։ Այդ հնարավորությունը շարունակում է պնդել։
Խոսում է նաև ընտանիքներին աջակցելու մեկ ուրիշ գաղափարից։ Առաջարկում էր, որ ամուսնացող հայ զույգերը փոքր գումարներ ներդնեն ընդհանուր գործի մեջ։ Հիսուն կամ հարյուր դոլար է ասում՝ որպես հնարավոր չափ։ Այդ միջոցներով ուզում էր օգնել ընտանիքներին, այդ թվում՝ երեխա ունենալու դժվարության հանդիպած զույգերին։ Ծրագիրն ամբողջ աշխարհի հայերի համար էր պատկերացնում։
Բացատրելիս հղում է անում իր աշխատանքին։ Տեսնում է, թե մարդիկ որքան գումար են ծախսում հարսանիքների վրա։ Ամուսնանալիս, ասում է, չգիտեն, թե հետո ինչ խնդիրների կհանդիպեն։ Այդ պատճառով էլ առաջարկում էր միջոցների մի փոքր մասը համատեղ օգնության համար առանձնացնել։
- Արո, ի՞նչ է խանգարում իրականացնել դա։
Ասում է՝ մարդկանց ուժ էր պետք։ Մարդիկ, որոնք կհասկանային իմաստը, կմիանային։ Փորձել էր տարբեր հարթակներում ներկայացնել, խոսել քաղաքական գործիչների հետ, հեռուստատեսությամբ պատմել։ Սպասած աջակցությունը չէր ստացել։
Հաշվարկների մանրամասները մեր զրույցում չենք քննում։ Արան շարունակում է պնդել, որ պատրաստ է գաղափարները տրամադրել, և դրանք պարտադիր չէ, որ հենց ինքը կյանքի կոչի։
Մարդը, որը քիչ առաջ ասել էր՝ պետք է մի գործ անել, իր սիրած գործը, դեռ շարունակում է բացատրել այս առաջարկները։ Նույն եռանդով, որով պատմում էր նոր խոհանոցում իր առաջին աշխատանքի մասին։ Ռեստորանն առօրյա զբաղվածություն է տվել նրան։ Մյուս անելիքները չի ջնջել։
Ծնողների մասին հարցիս պատասխանելիս էլ խոսքը զոդողի աշխատանքից ու տնային տնտեսությունից հասնում է Աղավնաձորի խաղողին։ Հիշում է հոր մշակած մի տեսակ, որը, իր պատմելով, ութսունականներին գյուղում փորձի համար էին տնկել, հետո բաժին էր ընկել հորը։
Ասում է՝ մինչև հիմա իրենց մոտ կա։
Իր հայրենիքի մասին պատմության մեջ տեղ ունեն և՛ չընդունված ծրագրերը, և՛ այդ խաղողը։ Գյուղից հեռացել է, բայց մանրամասները հիշում է։
Զրույցի ընթացքում ես վերադառնում եմ նրա դերասանական կարողություններին։
- Արո, քո մեջ լուրջ արտիստիզմ կա։ Ափսոսդ չի՞ գալիս, որ կորում է։
- Ես շատ եմ ափսոսում։
Ասում է՝ պատանեկության ամենամեծ երազանքը մեծ դերասան դառնալն էր։
Այստեղ մեր խոսակցությունն ընդհատվում է։ Արային կանչում են։ Առանձին տեղ են խնդրում՝ մի քանի րոպե խոսելու համար։ Ասում է՝ մյուս կողմում ազատ է, թող այնտեղ նստեն։
Հետո շարունակում է դերասանության մասին։
Տասներորդ դասարանն ավարտելիս իրենց ցանկությունները գրել էին թղթի վրա, գցել շամպայնի շշի մեջ ու պահել։ Պայմանավորվել էին տարիներ հետո դասարանով հանդիպել, բացել ու տեսնել՝ ով է դարձել այն, ինչ ուզում էր։ Քսան, երեսուն, գուցե քառասուն տարի հետո։
Արան հիշում է իր գրածը։
- Դեռ մինչև հիմա իմ ցանկությունս չկատարվեց, որովհետև ես գրել էի, որ ուզում եմ դառնամ մեծ դերասան։
Ինքն իրեն իննսունականների սերնդից է համարում։ Նրա հիշած միջավայրում դերասանությանը հաճախ «կապիկություն» էին ասում։ Բառն արտասանելուց առաջ ներողություն է խնդրում։ Բացատրում է՝ դրանով հաց չէին վաստակում։ Սերիալում թեկուզ փոքր դեր ստանալու հնարավորությունն էլ այն ժամանակ իր համար չէր երևում։
Ձայնը չի մշակել։ Դերասանական կրթությունը չի շարունակել։ Փոխել է երկրներն ու մասնագիտությունները։ Խոհարարությունն այնքան է սիրել, որ այն իր համար առաջ է անցել մյուս ցանկություններից։
Բայց երբ այդ երազանքի մասին ուղիղ հարցնում եմ, պատասխանը միանգամից չի տալիս։
- Դու լրիվ փակե՞լ ես այդ երազանքը քեզ համար, թե՞ դեռ կա։
- Չգիտեմ։ Մեկ-մեկ փորձում եմ այդ ամենը ներդնեմ խոհանոցում։
Նորից եմ հարցնում.
- Փակե՞լ ես, թե՞ դեռ կա։
- Կարելի է ասել՝ չեմ փակել։
Չի կարծում, թե սկսելու համար անպայման ուշանում են։ Տարիքի մասին խոսելիս հիշում է հաճախորդներին։ Ասում է՝ երբ հայտնում է, որ արդեն հիսունին է մոտենում, չեն հավատում։ Նրանց կարծիքով՝ երեսունհինգ էլ չկա։
Իր ապագայի մասին պատրաստի հայտարարություն չի անում։ Չի խոստանում բեմ բարձրանալ։ Պարզապես չի ուզում այդ հնարավորությունից վերջնականապես հրաժարվել։
Երբ հարցնում եմ՝ ինչի մասին է հիմա երազում, առաջինը երեխաներին է հիշատակում։ Ամեն օր ամենաշատը նրանց լավ ապագայի մասին է մտածում։
Իր համար մի կանոն էլ է ձևակերպել՝ կամ օրինակ ծառայել, կամ լավ մարդկանցից օրինակ վերցնել։ Հետո ավելացնում է.
- Չգիտեմ իմ մոտ ինչքանով ա հաջողվել։
Իր անցած ճանապարհը պատմում է նաև նրանց համար, ովքեր նոր են եկել Ամերիկա։ Չի ուզում, որ ներկա վիճակից դատեն անցած տարիների մասին։ Ասում է՝ չի ցանկանում, որ նրանք էլ նույն դժվարությունների միջով անցնեն, բայց պատրաստ պիտի լինեն աշխատելու, տարբեր գործեր անելու, ամեն ինչ միանգամից չստանալու։
Այդ տարիներին իրեն գնահատել են նաև մեքենայով, աշխատանքով, հագուկապով։ Նա դա հիշում է աշխատանքային հարաբերություններից դուրս էլ։ Ոմանց համար բավարար չէր այն, ինչ կարող էր անել․ կարևոր էր այն, ինչ արդեն ուներ։
Կնոջ մասին խոսելիս հատկապես նշում է, թե երբ է նա կանգնել իր կողքին։
- Իմ կինը հավատաց ինձ, մինուսից, զրոյից կանգնեց իմ կողքը։









































