Բարև, Դավի՛թ։ Ո՞րն է կյանքի իմաստը
Երկու ամիս Դավիթ Մկրտչյանը տեսանյութեր էր նկարում։ Ոչ մեկը չէր հրապարակում։ Եթե դներ համացանցում, ի՞նչ էին ասելու ծանոթները։ Նրանցից շատերի ներկայությամբ տարիներ շարունակ ինչ ասես ասել էր բլոգերների մասին։ Հիմա ինքն էլ էր ուզում իր առաջին տեսանյութը դնել համացանցում և միանգամայն որոշակի պահանջ ուներ այդ տեսանյութից։ Այնքան լավը պիտի լիներ, որ ոչ մեկը կպնելու տեղ չգտներ։
23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2026, ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ, YEREVAN ONLINE Mag.

Այսօր Դավթին հայերեն գրում են մարդիկ, որոնք բարևից անմիջապես հետո կարող են հարցնել՝ ձեր կարծիքով ո՞րն է կյանքի իմաստը։ Իր ինստագրամյան էջում նա խոսում է վախի, սիրո, ամոթի մասին։ Երբ հարցրի՝ ինքն ինչպե՞ս դարձավ բլոգեր, պատմեց այն ժամանակների մասին, երբ բլոգերների մասին ասում էր՝ «Էդ ի՞նչ աշխատանք է, էդ ի՞նչ են անում»։ Իր էջը վարում է @davit_mkr անունով:
Հարցրի՝ գուցե նախանձո՞ւմ էր այն մարդկանց, որոնց գործն այդքան խստորեն դատում էր։
- Չէի ասի, թե նախանձում էի։ Այն ժամանակ իսկապես չէի զբաղվի դրանով։ Լրիվ անիմաստ բան էի համարում։
Այսօրվա բլոգերը դեռ հիշում էր, թե որքան անիմաստ էր գտնում այդ զբաղմունքը։ Միայն հետո էր իր վերաբերմունքի մեջ մի ուրիշ բան նկատել։ Ինքը վախենում էր հենց այն գործից, որի մասին այդքան թեթև էր խոսում։ Ու դժվարը դա հանդուրժելն էր։ Իր կյանքում օրինաչափություն է տեսնում, որի պատճառը, ասում է, մինչև հիմա չի հասկանում։ Եթե մի բան շատ խիստ է դատում, վերջը ինքն էլ է անում։
Դավիթն արդեն որոշ ժամանակ նկարում էր ու զգում էր, որ առաջ է գնացել, երբ ընկերներից մեկն ասաց՝ «Ո՞ւմ ես սպասում։ Դի՛ր, սկսի՛ր արդեն, ժամանակն է»։ Ընկերը մի բան էլ նկատեց։ Այդպես փորձեր անելով՝ կարող էր տարիներ անցկացնել։ Դավիթը հրապարակեց։
Երբ ես տեսա նրա հաղորդումները, ինձ թվաց՝ այդ մարդուն խորապես միևնույն է, թե ով ինչ կմտածի իր մասին։ Ճշտի ու սխալի իր պատկերացումն ունի, դրանով էլ ապրում է։ Երբ խոսք բացեցի այդ տպավորությանս մասին, ասաց՝ ճիշտ ես հասկացել։ Զրույցի սկզբում, սակայն, ասաց՝ իզուր զգուշացրիր ինձ։ Հիմա գիտեր՝ ինչ ասի, կարող եմ օգտագործել, ու հետո ջնջելու հնարավորություն չի լինի։ Ընկերների մոտ, հարազատ մարդկանց հետ, այդպես չի ընտրում բառերը։ Նրանք գիտեն՝ ինքն ինչ նկատի ունի։ Շատ զգույշ խոսքից էլ ահագին բան է մաքրվում, ասաց, ու խոսքը «մի տեսակ համով չի»։
- Իսկ ինչո՞ւ է ձեզ պետք, որ ձեզ հասկանան։
- Չէ՛, ինձ ուղղակի պետք է, որ ինձ սխալ չհասկանան։
Կոպիտ ասված խոսքը կարող է մեկին վիրավորել։ Դրա համար իր էջում մտածում է՝ ինչպես ասի։ Մարդիկ հիմա ամեն բառից կարող են վիրավորվել, կարծում է նա, ու դրա պատճառներից մեկը տեսնում է ազատ արտահայտվելու սահմանափակումների մեջ։ Ես գրեթե հակառակ համոզմունքն ունեի։ Պատմության ո՞ր շրջանում է մարդն այսքան ազատ խոսել։ Դավիթն առարկեց։ Օրինակ բերեց մարդու արտաքինը ծաղրելը, որի համար այսօր անգլերեն հատուկ անվանում կա՝ body shaming։ Ինքը սահմանափակումներ է տեսնում թե՛ մշակույթում, թե՛ օրենքներում։ Օրենքներից չխոսեցինք։ Մի պահ առաջարկեց ընդհանրապես անցնել առաջ։
Ինձ հետաքրքրում էր, թե նրա համար որտեղ է վերջանում քաղաքավարությունը։ Հանրային խոսքի մարդը, ասում էր Դավիթը, պարտավոր է զգույշ լինել։ Իրեն անհանգստացնում է այն պահը, երբ մարդը մի բան է մտածում ու հրապարակավ բոլորովին ուրիշ կարծիք հայտնում, որովհետև գիտի՝ մարդկանց մեծ մասն այդ երկրորդին է սպասում։ Ընդ որում՝ իր մասին էլ խոսում էր բավական գործնական։ Նշանակություն ունի, թե քանի հոգի է հետևում էջիդ, քանիսն են նայում արածդ։ Ի վերջո նրանց համար ես անում։ Եթե աջ ու ձախ կտրուկ դատողություններ անես, մի օր կարող ես մնալ առանց այն մարդկանց, որոնց ուզում էիր ինչ-որ բան ասել։
Ես նրա զբաղմունքն անվանեցի հայերին հոգեբանորեն կրթելու գործ։ Ասացի՝ ինձ հետաքրքիր է, որ այսքան տարածված «ի՞նչ անել, եթե ամուսինդ դավաճանել է» հարցից այն կողմ է անցնում ու փորձում հասկանալ՝ ի՞նչ է մարդու ներսում կատարվում։ Դավիթը մի ուղղում ուներ։ Միայն հոգեբանությունից չի խոսում։ Փիլիսոփայությունից է վերցնում, նյարդագիտությունից։ Ընտրության մեջ բավական անձնական չափանիշ ունի։ Իրեն պե՞տք է եկել իմացածը։ Փորձե՞լ է։ Թե՞ այնպես է պատահել, որ մինչև դրա բացատրությունը կարդալն արդեն իր մաշկի վրա գիտեր՝ խոսքն ինչի մասին է։ Հետո միայն գալիս է կարճ տեսանյութը, որտեղ միտքը մշակված է, և իր փորձած-իմացածից մնացել է այնքան, որքան պետք է ասելիքը տեղ հասցնելու համար։
- Ինչպե՞ս եք դրան եկել։
- Ապրած կյանքով։

Դավիթը Երևանից է։ Թե որտեղ է սովորել՝ հարցիս պատասխանեց, որ հարյուր դպրոց է փոխել։ Սկսեց թվել՝ Շիրակացու ճեմարանը, թիվ 78 դպրոցը, Ֆիզմաթը, «Մակսեդանը»։ Մի տեղից հետո ինքն էլ դադարեց հաշվել։ Առաջին տեղափոխության պատճառը շատ լավ էր հիշում։ Կենտրոնում էին ապրում։ Առավոտյան վեց անց կեսին, երբեմն յոթին պիտի արթնանար, որ Մասիվ հասներ՝ ճեմարան։ Հետո միջին ու ավագ դպրոցների բաժանումը եղավ, դրա հետ կապված դպրոց փոխեց, հետո մի ավագ դպրոցից մյուսը տեղափոխվեց։ Պատմելիս հայերեն բառը փնտրեց ու ասաց՝ high school։ Հարցրի՝ ինչո՞ւ է ամերիկյան ձևով ասում, եթե Երևանում է սովորել։
- Որովհետև Ամերիկայում էլ եմ սովորել։ Երևի դրա համար։
Ֆլորիդայում՝ Հարավային Ֆլորիդայի համալսարանում, հեռուստառադիոլրագրություն և զանգվածային հաղորդակցություն է ուսումնասիրել։ Ասացի՝ ահա թե որտեղից է գալիս այդ անկաշկանդ…

- Բլոգերական ջի՞ղը։
Ինձ համար հեշտ էր երկու փաստն իրար կապել։ Լրագրություն է սովորել, խոսքը լավ է տնօրինում, հիմա տեսախցիկի առաջ է։ Ինքը, երբ հարցրի՝ ինչպե՞ս որոշեցիր բլոգեր դառնալ, պատմեց այն երկու ամսվա մասին, երբ արդեն կարող էր տեսախցիկի առաջ խոսել։ Ու դեռ չէր կարող անել հաջորդ բանը։
Երբ հարցրի, թե երբ է առաջին անգամ գիտակցել իր եսը, ասաց՝ երևի չորս-հինգ տարեկանում։ Դեռ դպրոց չէր գնում, բայց արդեն ինքն իրեն հարցեր էր տալիս։ Խնդրեցի մի հարց հիշել այդ տարիքից։ Չկարողացավ։ Հիշում էր, որ շատ էին։ Վաղուց իրեն զբաղեցնող հարցերից ավելի ուշ այս երկուսը թվեց՝ մենք ընդհանրապես ի՞նչ գործ ունենք այս երկրի վրա, և ինչպե՞ս է պատահել, որ մարդ ենք։ Փոքրուց տարբեր ուսմունքներ է ուսումնասիրել, փորձել է ուրիշների առաջարկած ձևերով ապրել ու տեսնել՝ ինչ է ստացվում։ Մեծ բախտ է համարում, երբ մարդը շուտ գտնում է մի պատասխան, ու այդ պատասխանն օգնում է նրան ապրել։ Մեկ ուրիշը կարող է նույնքան շուտ գտնել իրեն համոզող մի բան ու այդ մի պատասխանով սահմանափակել իր ամբողջ հետագա կյանքը։
Այստեղ ես վաղուց նրան ճանաչելու մեկ առավելություն ունեի և մի դժվարություն։ Երբ ինձ անծանոթ մարդն ասում է՝ կյանքով եմ անցել ու հասկացել եմ, կարող եմ հարցնել՝ հատկապես ինչի՞ միջով եք անցել։ Դավթի դեպքում գիտեի, որ կան նուրբ լարեր, որոնց գուցե ձեռք տայի, եթե նա իմ ընկերը չլիներ։ Այդ մասին իրեն էլ ասացի։ Ընկերոջից հարցազրույց վերցնելու դժվարությունը նա մի փոքր այլ կերպ էր հասկանում։
- Հա, որովհետև դու ինձ ավելի շատ ես ճանաչում, քան ես ինձ ցույց եմ տալիս քո հարցազրույցում։
Բացատրեցի՝ ինչու եմ զգուշանում։ Ասաց՝ կարող ես կպնել այդ լարերին, թույլ եմ տալիս, թող գրածդ անկեղծ պատմություն դառնա։ Եվ ես ասացի այն, ինչ մտածում էի։ Ինձ թվում էր՝ հոգեբանություն ուսումնասիրելու ու մարդկանց համար այն հասկանալի դարձնելու մղումը ծնվել է սեփական մոլորություններից։ «Միանշանակ», ասաց Դավիթը։ Խնդրեցի պատմել դրանցից։ Նրան առաջին հերթին հետաքրքրեց իմ ընտրած բառը՝ «մոլորություն»։ Երբ ասում ես, թե մեկը մոլորվել է, ուրեմն ենթադրում ես, որ գոնե ինչ-որ չափով գիտես՝ որն էր ճիշտ ճանապարհը։
Տարբեր բաներ փորձել է իր վրա։ Որևէ ուսմունք անունով չհիշատակեց։ Իր խոսքից այդքանն էր պարզ․ երբ վաղ տարիքից գլուխդ այդ հարցերով է զբաղված, շատ բան ուսումնասիրելուց բացի ի՞նչ ընտրություն ունես։ Հենց որ հնարավորությունը եղավ, հարցրի՝ ի վերջո ինչո՞ւ ենք այստեղ, Դավի՛թ։
- Այս պահին չեմ կարող այդ հարցին միանշանակ պատասխան տալ։
Իսկ թե իր ուսումնասիրած թեմաներից որն է իրեն ցնցել, կարողացավ ասել միանգամից։ Նյարդապլաստիկությունը՝ փորձի հետ փոխվելու ուղեղի կարողությունը։ Դավթին հուզել էր դրա մեջ իր տեսած հնարավորությունը։ Պարտադիր չէ ամբողջ կյանքում մնաս այնպիսին, ինչպիսին այսօր ես։ Ուզես-չուզես, մեկ է, փոխվում ես։ Տարիքը հարցը չի փակում։ Իսկ թե փոփոխությունը որքան կտրուկ կարող է լինել, կախված է նաև մարդուց, նրա ուղեղի վիճակից։
Ինքը շա՞տ է փոխվել։ Կարծում է՝ շատ անգամ է փոխվել, մի քանի տարին մեկ։ Երբ զարմացա՝ մի՞թե «շատ անգամ» ասելով չի արժեզրկում այդպիսի փոփոխությունը, չհամաձայնեց։ Առաջարկեցի հերթով պատմել այդ փուլերի մասին։ Ասաց՝ առանձին-առանձին պատմելն իր կարծիքով իմաստ չունի։ Փոխարենը բավական մանրամասն նկարագրեց մի պահ, որը ճանաչում է սեփական փորձից։ Մի օր նայում ես շուրջդ ու տեսնում, որ քո իսկ ապրած կյանքն այլևս քեզ չի համապատասխանում։ Կարող ես թվարկել այն ամենը, ինչ քեզ դուր չի գալիս։ Դժվարությունը սկսվում է այն մտքից հետո, որ այս վիճակին հասնելու գործում ինքդ էլ ձեռք ունես։
- Ո՞վ է ստեղծել։ Դո՛ւ ես ստեղծել։ Ո՞վ փոխվելու կարիք ունի՝ արտաքի՞ն կյանքդ, թե՞ դու։
Ինքն ասում է՝ երբ իրեն մի բան դուր չի գալիս իր կյանքում, ընտրում է փոխվելը։ Այդ որոշումը կայացնելիս մի առավելություն ունի եղածը։ Գիտես՝ ինչ ես պահելու։ Իսկ այն նոր բանը, հանուն որի պատրաստ ես կորցնել ունեցածիցդ մի մաս, դեռ պիտի կարողանաս ստեղծել։ Փոխվելիս երբեմն մարդիկ են հեռանում քո կյանքից։ Կարող ես կորցնել նաև մինչև այդ աշխարհին նայելու մի ձև, որը տարիներ շարունակ ծառայել է քեզ։ Մարդը պիտի «քայքայվի»՝ ուզում էր ասել Դավիթն ու չուզեց այդ բառն օգտագործել։ Չափազանց ծանր էր։ Ընտրեց «վերակառուցվելը»։ Բայց ինքն էլ ավելացրեց, որ վերակառուցելիս եղածից մի բան, այնուամենայնիվ, քանդում են։
Ես այդ ամբողջ քանդելու կարիքը չէի տեսնում։ Հարցրի՝ իսկ մարդը չի՞ կարող ուղղակի մի փոքր հղկվել։ Իրո՞ք ժամանակ առ ժամանակ պիտի հասնի մի վիճակի, որ նախկինից բան չմնա։ Դավիթը ոչ միայն հնարավոր էր համարում աստիճանաբար փոխվելը, այլև իր համար դա ավելի լավ ճանապարհ էր համարում։ Այստեղ ռուսերեն ասաց «кризис среднего возраста» ու հայերենը հարցրեց։ «Ճգնաժամ», օգնեցի ես։ Նրա կարծիքով՝ նման ճգնաժամի պատճառը հաճախ այն փոփոխություններն են, որ մարդը երկար ժամանակ հետաձգել է։ Այսօր մի բան թողեցիր վաղվան, վաղը՝ մյուսը։ Ամեն անգամ դեռ կարելի էր ապրել հին ձևով։ Ու մի առավոտ հայտնվում ես մի կացության մեջ, որին հասնելու օրը դու չես ընտրել։ Եթե ճանապարհին քիչ-քիչ ինչ-որ բան անեիր, գուցե այդ օրը քեզ համար այդպես էլ չբացվեր։
- Շա՞տ եք ցավել կյանքում, Դավի՛թ։
- Կարծում եմ՝ մյուսներից ավելի շատ չէ։
Դա ինձ հետաքրքրում էր հենց այն պատճառով, որ ցավի մասին շատ էր խոսում։ Նրա բերած օրինակներում փոփոխությունն ինչ-որ բան արժեր, սիրող մարդը պատրաստ էր մի բան կրելու, խորը գիտակցումն էլ դժվար էր պատկերացնում առանց ցավի։ Ցավն ու հաճույքը բացատրելիս հիշեց իր սիրած պատկերներից մեկը՝ սևի ու սպիտակի հավասարակշռությունը։ Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ցավը, ասաց։ Ես ուզում էի իմանալ՝ ի՛նչն է իրեն մղել այս ամենն ուսումնասիրելու։ Դավիթը չհիշեց մի որոշակի դեպք, որից ամեն ինչ սկսված լիներ։ Առաջին բանը, որ այդ պահին մտքովն անցավ, վախն էր։ Վախենում էր անգիտակից ապրել։ Ես էլ առարկեցի՝ ախր ինչ լավ կողմեր ունի այդպիսի կյանքը․ կարող ես անջատել ուղեղդ…
- Մեկ-մեկ նախանձում եմ։ Մեկ-մեկ նախանձում եմ։
- Անգիտակի՞ց մարդկանց եք նախանձում։
- Շատ հաճախ եմ նախանձում։
Միևնույն է, եթե ընտրել կարողանար, կնախընտրեր իմանալ՝ ինչ է իր հետ կատարվում։ Շատ բան իմանալն ու գիտակցված ապրելը նրա համար տարբեր բաներ են։ Երբեմն թվում է՝ եթե մի բան չիմանայիր, ավելի հեշտ կլիներ։ Դավիթը հակված է կարծելու, որ գիտելիքի պակասը նույնիսկ բազմապատկում է մարդու տառապանքը։ Երջանիկ անգիտությունն էլ նրան կասկածելի երջանկություն էր թվում։ Այդ մարդը կարող է հրաշալի ապրել, բայց ինչ-որ բան, միևնույն է, զգացնում է, որ մի բան պակաս է։ Զգում է մի տեսակ «ոչ ֆիզիկական օրգանով»։
- Դա ի՞նչ օրգան է։
- Այ որ իմանայի։
Առաջարկեցի՝ գուցե դա այն է, ինչ ինտուիցիա են ասում։ Տարբեր մարդիկ կարող են տարբեր անուններ տալ, պատասխանեց։ «Ես երևի հոգի եմ ասում դրան»։ Իսկ երբ հարցրի՝ հավատո՞ւմ է հոգու գոյությանը, այլևս «երևի» չասաց։ «Միանշանակ»։ Թե ինչ գործ է անում հոգին՝ կարծում է, որ մարդուն ողջ է պահում։ Վաղուց ճանաչում եմ Դավթին ու գիտեմ, որ նրա հոգին էլ երկար ժամանակ է՝ մի բան է փնտրում։ Խնդրեցի մի նախադասությամբ ասել՝ ի՞նչ։
- Կարծում եմ՝ տուն։
«Տուն՝ չակերտներով», ճշտեց։ Մարդն ուզում է իր շուրջը մի տեղ ստեղծել, որտեղ կգտնի այն, ինչ ինքը երջանկություն է անվանում։ Դավթին թվում է՝ բոլորիս հոգին է կորուսյալ դրախտը փնտրում, իրենն էլ՝ մյուսների հետ։ Ջոն Միլթոնին հիշեցի։ Դրախտը կորցնողներն ու փնտրողները շատ են։ Բայց մեզանից որևէ մեկը հանդիպե՞լ է մեկին, որն ասի՝ ես գտել եմ։ Ես, համենայն դեպս, չէի հանդիպել։ Դավիթը կարծում է, որ գտած մարդիկ կան։ Անձամբ ինքն էլ չի հանդիպել։ Հետո մի փոքր փոխեց պատասխանը։ Մարդիկ կան, որոնց մեջ դրանից ինչ-որ բան տեսել է։ Դա, ասում է, երևում է հայացքից, լսվում խոսքում։ Խաղաղություն կա այդ մարդու մեջ, բավարարվածություն, ու քեզ համար էլ է տեսանելի։
Ինձ հետաքրքիր էր այդ դրախտում մի փոքր ավելի երկար մնալը։ Եթե մարդը մի օր իսկապես հասավ նրան, ինչ տարիներով փնտրում էր, եթե այլևս ոչ մի հրաշքի չի սպասում, այդ ներդաշնակությունից չի՞ ձանձրանա։ Նոր ճգնաժամ չե՞նք ունենալու։ Դավիթն այս հարցով զբաղվելու պատճառ դեռ չուներ։ Ասաց՝ ես դեռ իմ դրախտը չեմ գտել։ Հետո սկսեց ավելացնել՝ «Կամ եթե գտել եմ…», իսկ ես արդեն Միլթոնի գրքից էի հարցնում։ «Կորուսյալ դրախտը» կարդացել էր։ Հարցրի՝ ի՞նչ կարծիքի է։
- Համեստ կարծիք ունեմ, շատ համեստ։ Դու ավելի լավ կգրեիր, Աշ, դու ավելի լավ կգրեիր։
- Օ՜, Դավի՛թ, վերջացրեք։
Հիշեցի «Ծննդոց» գիրքը։ Խոսք բացվեց մարդու գործած մեղքի ու անկյալ հրեշտակի մասին։ Հավատո՞ւմ էր այդ ամենին։ Մի փոքր առաջ հոգու մասին առանց վարանելու պատասխանած մարդն այստեղ կանգ առավ հենց «հավատալ» բառի վրա։ Առօրյայում այն չափազանց հեշտ ենք արտասանում, կարծում է նա։ Մինչդեռ «ես հավատում եմ» ասելն այնքան մեծ պատասխանատվություն է, որ ինքը չգիտի՝ ով կարող է կանգնել ու ամենայն վստահությամբ ասել այդ երկու բառը։
Իր էջում ամենից հաճախ ստացած հարցերից մեկին էլ պատասխանելիս Դավիթն այդպիսի վստահություն ցույց տալու ցանկություն չունի։ Նրան գրում են՝ բարև, ու արդեն հաջորդ հարցն է՝ ձեր կարծիքով ո՞րն է կյանքի իմաստը։ Ողջույնի ու հարցի արանքում երբեմն ուրիշ ոչինչ չկա։ Մարդը դեռ իր մասին չի պատմել։ Դավիթը ո՞նց պիտի իմանա՝ ինչու է նա այդ օրն իրեն գրել ու այդքան դժվար հարցից սկսել։
Դավիթը պատասխանում է, որ կյանքի իմաստը կարելի է ստեղծել։ Դու ես ստեղծում քո կյանքի իմաստը կամ բացահայտում ես այն քո մեջ։ Այդ հարցին արժե նորից վերադառնալ։ Այսօրվա պատասխանը տարիներ անց կարող է քեզ համար նեղ դառնալ։ Ինձ, անկեղծ ասած, դժվար էր պատկերացնել մի մարդու, որին առաջին իսկ հաղորդագրությունից դա կբավարարեր։
- Ինձ ինչո՞ւ է թվում, որ այդ պատասխանը նրանց չի բավարարում, Դավի՛թ։
- Բնավ չի բավարարում։ Բայց նպատակս հարցը փակելը չէ։
- Փաստորեն փակում ես։
- Չէ՛, չեմ փակում։ Ասում եմ՝ ստեղծի՛ր։ Ի՞նչ իմաստ կարող ես ստեղծել քեզ համար քո կյանքում։
Ես ուրիշ բան էլ նկատի ունեի։ Գուցե իրեն գրողը մարդկության գոյության իմա՞ստն է հարցնում։ Հնարավոր է, ասաց։ Բոլորի փոխարեն չի կարող ասել՝ ով ինչ նկատի ունի։ Կարծում է՝ մեծ մասին իր իսկ կյանքն է հետաքրքրում։ Իսկ դրանք իրոք տարբեր հարցեր են։ Եթե մի մարդ գիտի՝ ինչի համար է այսօր ապրում, դրանից մարդկության գոյության գաղտնիքը մեզ համար դեռ չի բացվում։ Եվ եթե մարդկության մասին հարցին Դավիթը պատասխանը չունի, այդ հանգամանքը դեռ չի խանգարում, որ իրեն գրող մարդն իր կյանքում անելու մի բան գտնի։
Իմ առարկությունը մնաց։ Մարդիկ գիտեն, որ մի օր մեռնելու են։ Շատ ժամանակ չի անցնի, և քչերը կհիշեն իրենց։ Հարյուր կամ երկու հարյուր տարի հետո գուցե ընդհանրապես ոչ ոք չհիշի։ Այդ դեպքում ո՞րն է իմաստը։ Դավիթն առարկեց հենց առաջին նախադասությանս։ Մարդու իմանալը, որ բոլորը մահկանացու են, ու այն օրը, երբ իսկապես հասկանում է, որ ինքն էլ է մեռնելու, իրարից կարող են շատ հեռու լինել։
Մի սար բարձրացող մարդու օրինակ բերեց։ Ասենք՝ հիսուն տարեկանում հասել է գագաթին։ Մինչև այդ ուր էլ կանգներ, առջևում դեռ բարձրանալու տեղ կար։ Հիմա առաջին անգամ նայում է մյուս կողմն ու տեսնում է վայրէջքը։ Նույն սարն է, որի վրա այսքան տարի ճանապարհ է անցել, իսկ այնտեղից բացված տեսարանը միանգամից փոխում է նրա անելիքը։ Դավիթն այսպես է հասկանում միջին տարիքի ճգնաժամը։ Կյանքիդ այն կառուցվածքը, որով մինչև այդ ապրել ես, այլևս չի պահում քեզ։ Ու նորից պիտի մի կարգ մտցնես քո կյանքի մեջ, որ հնարավոր լինի ապրել նաև տեսածիցդ հետո։ Այդ գիտակցումը, իհարկե, ուրիշ տարիքում էլ կարող է գալ։
- Հիմա մոռացա հարցդ։ Մի հատ էլ ասա՝ ի՞նչ էիր հարցնում։
Կյանքի իմաստի մասին էինք խոսում, հիշեցրի։ Գուցե չի էլ լինում բացատրել, որովհետև չկա։ Ես դրա մեջ անգամ կատակ տեսնելու հակում ունեմ։ «Հնարավոր է, հնարավոր է», ասաց Դավիթը։ Բոլորին հարմար միակ պատասխանը դժվար է գտնել։ Այլ բան է, եթե հարցին կրոնի տեսանկյունից ես նայում։ Այդտեղ մարդն անմահության խոստում ունի։
- Դուք դրան հավատո՞ւմ եք։
- Վախենում եմ, որ այդպիսի բան կարող է լինել։
Հարցրի՝ ինչո՞ւ։ Մարդը սովոր է ամեն ինչ մտածել մի ծայրից մյուսը։ Ամեն բան մի սկիզբ ունի ու մի վերջ։ Հիմա փորձիր մի պահ դուրս գալ քեզ ծանոթ մտածողությունից ու պատկերացնել, թե ինչ բան կլինի երբեք չվերջանալը։ Դավիթն ասում է՝ դրա համար մենք մտքում պատկեր չունենք։ Մարդուն կարող է հիացնել անմահության խոստումը, քանի դեռ չի փորձել իրապես մտածել՝ ի՞նչ է իրեն խոստացվում։
Ասացի՝ ինչ մեծ կարծիք ունենք մեր մասին։ Աստղերն են մեռնում, գալակտիկաներն են մեռնում, իսկ մե՞նք։
- Ո՞վ ասաց, որ աստղը մարդուց ավելին է։ Եթե ֆիզիկապես ավելի բարձր է, դա դեռ չի նշանակում, որ մարդուց ավելի մեծ նշանակություն ունի։
Այդ ամենն ինձ դեռ մարդկային մեծամտության պես էր հնչում։ Մեր ամբողջ կյանքը կախված է մի փոքրիկ աստղից՝ Արեգակից, նրա քմահաճույքից, ասացի ես։ Դավիթը հենց այդ «քմահաճույքը» չընդունեց։ Աստղը կամք չունի, որ քմահաճույք ունենա։ Ինքը տիեզերքի օրենքների մեջ համաչափություն է տեսնում։ Ես որպես օրինակ բերեցի Բետելգեյզեն, որը մի օր պայթելու է։ Դավիթն առաջարկեց մի քիչ ավելի ուշադիր նայել իմ օգտագործած «մեռնել» բառին։ Աստղը մահանում է, բայց չի անհետանում։ Փոխվում է։
- Դուք կարծում եք՝ մա՞րդն էլ չի մեռնում։
- Հոգեպես՝ վախենում եմ, որ ոչ։
Ես դեռ փորձում էի հասկանալ՝ իրեն քրիստոնեական դրախտի ու դժոխքի գաղափա՞րն էր վախեցնում։ Դավիթը երկրորդ անգամ բացատրեց, որ իրեն վախեցնողը հենց հավերժության հնարավորությունն է։ Այդտեղից էլ եկավ իր զբաղմունքին շատ ավելի մոտ մի օրինակ։ Հոգեբանության մասին խոսող մարդկանցից հաճախ կարելի է լսել, թե մարդն անսահման հնարավորություններ ունի։ Առաջին արձագանքը հիացմունքն է։ Ապա առաջարկում է լրջորեն պատկերացնել մեկին, որին իսկապես հասցրել են այդ անսահմանության եզրին ու ասել՝ նայի՛ր։ Այնտեղ նրա հետ կարող է պատահել ճիշտ այն, ինչ սպասում է իրեն անմահության միտքը մինչև վերջ տանելու դեպքում։ Կանգ կառնի վախից։ Իր իմացածը չի բավականացնի նույնիսկ հասկանալու համար, թե ինչ է իր առջև։
Մեր զրույցում Դավիթը մարդու մեծ վախերի շարքում նախ անորոշությունը դրեց, ապա մահը և անիմաստ ապրած կյանքը։ Վերջինիս չափը ես դարձյալ չափազանց մեծ էի վերցրել։ Հարցրի՝ նկատի ունի՞, որ մարդը ոչինչ ստեղծած չլինի։ Նա նկատի ուներ, որ կյանքի վերջում հետ նայի ու չկարողանա պատասխանել՝ ինչի համար ապրեց։ Ինքը հավատում է, որ կան մարդիկ, որոնք գիտեն՝ ինչ են արել ու ում համար, և դա իրենց բավական է։ Արածը կարող է շատ փոքր բան լինել։ «Պարտադիր չէ մարդկության խնդիրներից մեկը լուծած լինես, որ բավարարված զգաս»։

- Երջանի՞կ եք, Դավի՛թ։
- Լավ օրերին։
- Իսկ վատ օրերին դժբա՞խտ եք։
Դավիթը չէր ընդունում, որ իմ առաջարկած երկու բառերը հակառակ բևեռներ են։ Երջանկության հակառակը տառապանքն էր համարում։ Իսկ «դժբախտի» մեջ, ասում էր, բախտ կա։ Բախտի մի մասն էլ, ասում է, մարդու ձեռքին է։ Ընտանիքը, որի մեջ ծնվել ես, երկիրը, ազգությունը, մշակույթը, հասարակական այն խավը, որին ծնողներդ պատկանել են, դու չես ընտրել։ Իսկ որոշակի տարիքից հետո արդեն ձեռք ես բերում մի բան անելու հնարավորություն, ու դրանից հետո քո բախտի մեջ քո ձեռքի գործն էլ կա։ Ես հիշեցի Թումանյանի Անուշին՝ «Ա՜խ, իմ բախտը կանչում է ինձ, չեմ հասկանում՝ դեպի ուր…»։ Հետո հիշեցրի մի բան, որ վաղուց հենց Դավթից էի լսել ու մտապահել։ Մի օր ինձ ասել էր՝ երջանկությունն ինձ քիչ է։
Ուզում էի հասկանալ՝ ինչ էր այդ եղածին ավելացնելու։ Նախ կուզեր, որ երջանկությունը հարատևեր։ Դժվարն էլ հենց դա է։ Զգացմունքը գալիս ու անցնում է, և ինքն էլ երջանկությունը ճանաչում է այդ լավ օրերից։ Բայց խոսքը միայն ավելի շատ լավ օրեր ունենալու մասին չէր։ Դավիթը վերադարձավ աստղի ու մարդու մասին մեր վեճին։ Եթե բարձրությամբ ենք չափելու, ասաց, ու ենթադրենք՝ երջանկությունը մարդու սրտում է բնակվում, հապա սրտից վերև ի՞նչ կա։ Գիտակցությունը, ասաց։ Եվ երբ մարդը մտածում է իր աչքին իսկապես արժեք ունեցող բաների մասին, կարող է իր երջանկությունից ավելի թանկ մի բան տեսնել։ Հարցրի՝ ի՞նչ, օրինակ։
- Առաջին բանը, որ մտքիս եկավ՝ գիտակցաբար տառապանքի գնալ հանուն մեկ ուրիշի։
Մի քիչ ավելի ուշ փորձեցի պարզել՝ այսքան բան կարդալուց հետո հենց ի՛ր կյանքում այսօր ո՞ր հարցն է դեռ լուծելու։ «Դու դու չէիր լինի, որ ինձ այսպիսի դժվար հարց չտայիր», ասաց։ Ոչ մի վեհ պատասխան չէր խոստանում։ Իրեն հիմա, երբ եկող տարի երեսուն տարեկան է դառնալու, մի շատ առօրյա բան է հետաքրքրում։ Մեծահասակ մարդն ինչպե՞ս դասավորի իր կյանքը, որ ինքն իրենից շատ բան չզոհի ու միաժամանակ կարողանա երջանկացնել իր կողքի մարդկանց։ Քիչ առաջ ասել էր, թե ինչն է անձնական երջանկությունից բարձր համարում։ Իսկ հիմա, երբ հարցը վերաբերում էր իրեն ու իր մտերիմներին, փորձում էր որոշել՝ մինչև ո՞ւր։
Ձևակերպեց այսպես․ ինչպե՞ս ապրել քեզ համար ու չխանգարել նրանց, ովքեր կողքիդ են։ Ապա հենց ինքը լսեց այդ բառը։ «Չխանգարելն» այստեղ երևի սխալ է, ասաց։ Խոսքն այն մարդկանց մասին է, հանուն որոնց նաև ուզում է ապրել։ Մի բառ էր փոխել, բայց հարցը դրանից արդեն զգալիորեն դժվարանում էր։ Մարդուն կարող ես չխանգարել ու նրա համար այդպես էլ ոչինչ չանել։ Իսկ Դավիթն ուզում էր հասկանալ՝ իր կյանքից ինչ կարող է տալ նրանց՝ շարունակելով ապրել նաև իր համար։ Հակասական մտքեր ունի այդ մասին։ Այդպես էլ ասաց։
Ես երեսունը շատ երիտասարդ տարիք էի համարում նման մտահոգությունների համար։ «Նայած», առարկեց։ Իրեն այդ տարիքը հարմար է թվում հասկանալու համար, թե ինչպես կարող է կառուցել կամ վերակառուցել իր համար մի կյանք, որտեղ իսկապես լավ կլինի։ Այս անգամ իմ վերապահումն ավելի գործնական էր։ Ամեն ինչ չէ, որ իր կառուցելով կլինի։ Համաձայնեց։ Արժե ջանք թափել այնտեղ, ուր իսկապես ինչ-որ բան քեզնից կախված է։ Խնդրեցի բազմաթիվ բաներից, որ մարդ չի կարող տնօրինել, ընդամենը մի օրինակ բերել։
- Դիմացինի ազատ կամքը։
Հարցրի՝ սերն ի՞նչ տեղ ունի այս ամենի մեջ։ Նորից ուզում էր բառից սկսել։ «Սերն» էլ է այնքան շատ գործածվել, որ հեշտ է կարծել, թե երկուսս նույն բանը նկատի ունենք։ Իր պատասխանը, գիտի, շատերին դուր չի գալիս։ Սիրո մեջ առաջինը տեսնում է զոհաբերությունը։ Կարող ես հանուն մի մարդու գիտակցաբար դժվարություն կրել։ Կարող ես նաև գաղափարի համար դա անել։ Դավթի պատկերացմամբ՝ երբ մարդը գիտի՝ հանուն ում կամ ինչի է ապրում, երջանիկ է, իսկ եթե շատերի համար է ապրում, ինքն էլ ավելի երջանիկ է։ Ես ուրիշ հնարավոր հետևանք տեսա։ Այդ մարդը մի օր չի՞ զգա, որ իրեն պարզապես օգտագործել են։ Դավիթն այստեղ շատ կտրուկ եղավ։ Իր կարծիքով՝ օգտագործված է զգում իրեն նա, ով միամտորեն է տվել, առանց ինքն իրեն հաշիվ տալու, թե ինչ է անում։
Հիշեցրի մի ձևակերպում, որն իր բլոգից էր մնացել մտքումս։ Ինձ թվում էր՝ մի տեսանյութում ասել է, որ սերը մտադրություն է։
- Չեմ կարծում, թե ասել եմ՝ սերը մտադրություն է։ Սխալ ես հիշում։
Հետո փորձեց նաև իմ հիշածի իմաստը գտնել։ Սերը կարող է գործողությանդ հետևում լինել, լինել այն ուժը, որով մի քայլ ես անում։ Այդ իմաստով՝ այո։ Բայց արարքիդ հետևում կարող է նաև վախը լինել։ Հենց վախն է նա համարում սիրո հակառակը։ Հարցրի՝ սերը հանդուրժողականությո՞ւն է պահանջում։ Մի բառով պատասխանեց՝ «Քաջություն»։ Եթե մարդն ամեն ինչ անում է հնարավոր ցավից խուսափելու համար, ինչպե՞ս պիտի առանց իրեն խաբելու սիրի ուրիշին, երբ վաղը գուցե հարկ լինի ցավն իր վրա վերցնել։ Ես դեռ համոզված չէի, որ ամեն սեր անպայման պիտի տառապանքի հանգեցնի։ Կարող է, ի վերջո, երջանիկ սեր լինել։
- Երջանիկ սերն էլ տառապանքից զերծ չէ։
Իսկ ինքը հաճա՞խ է իրեն մղել տառապանքի։ «Ո՛չ»։ Եղել է ժամանակ, երբ ինքն էլ է վախեցել դրանից։ Հիմա ավելի շուտ կնախընտրի ժամանակին առերեսվել իրեն սպասող վատ բանի հետ։ Այդպես խոսելը հեշտ է, ու ես խնդրեցի ավելի պարզ ասել, որ մեր ընթերցողը հասկանա՝ ինչ նկատի ունի։ Երբ մի վատ բանի ես սպասում, ասաց, մինչև դրա պատահելը հասցնում ես հազար անգամ տառապել։ Իսկ եթե կարողանաս մի քիչ շուտ առերեսվել դրան, գոնե սպասելու տառապանքը կկրճատես։ Ես էլ փորձեցի երրորդ ելք գտնել՝ իսկ եթե ընդհանրապես չառերեսվե՞ս։ Դավիթը չէր հավատում այդ տարբերակին։ Կյանքը վաղ թե ուշ ստիպելու է առերեսվել։
Հարցրի՝ այսքան մեծ տեղ հատկացնել տառապանքին մի քիչ մազոխիստակա՞ն չէ։ Դավիթն առարկեց, ես էլ առաջ քաշեցի այն մարդկանց օրինակը, որոնք իրենց հաճույքով են ապրում։ Մի՞թե չկան մարդիկ, որ այդպես էլ ծերանում են՝ մինչև վերջ իրենց հաճույքին հետևելով։ Դավիթն այստեղ հիշեց ուղեղի պարգևատրման համակարգը, դոպամինը։ Իր միտքը պարզ էր։ Կարելի է ուզել, որ այսօրվա ուժեղ հաճույքը վաղն էլ նույն ուժով շարունակվի։ Բայց այդ նույն բարձր կետում մնալու ջանքը, իր համոզմամբ, ի վերջո մարդուն շատ թանկ է նստում։ Մարմինն էլ է մաշում, հոգեպես էլ հյուծում։
Այդ խոսակցության վերջում կրակայրիչի ձայն լսեցի։
- Ծխեցի՞ք, Դավի՛թ։
- Հա, ծխեցի։
- Ինչո՞ւ։
Սուրճի հետ ծխելու վատ սովորություն ունի։ Ու մի ծիծաղելի նկար հիշեց։ Առաջին մասում հոգևոր կյանքի սկիզբն է․ մարդը նստած է գրքերի ու բյուրեղների մեջ, խորասուզված է։ Երկրորդում հոգևոր ճանապարհի վերջն է․ մարդն առավոտյան նստած է իր սուրճով ու ծխախոտով։ Ինձ, իհարկե, հետաքրքրեց՝ ինքն արդեն հոգևոր այդ բարձրությա՞նն է հասել։ «Չէ՛, չէ՛, կատակ էի անում։ Չե՞ս տեսել»։ Ասացի՝ չէ։ Խոստացավ ուղարկել։
Երբ հասանք իր գործից սովորած ամենակարևոր բանին, Դավիթը նորից վերադարձավ չհրապարակած տեսանյութերին։ «Միակ», ասաց ու անմիջապես ուղղեց իրեն՝ միակը չէ, ամենակարևորը։ Երբ մի բան սկսում ես, պիտի կարողանաս տանել այն միտքը, որ ուրիշի աչքին հիմար կերևաս։ Մի սխալ բան կասես կամ կանես, գուցե իսկապես ծիծաղեն։ Ինքն էլ տարիներով բլոգերների անուններ էր կպցրել։ Հիմա նույն բանի առաջ ինքն էր կանգնած։ Սկսելու համար ստիպված եղավ հաշտվել այն բանի հետ, որ կարող են իր մասին էլ այն կարծիքը կազմել, որ ինքն ուներ ուրիշների մասին։
- Ձեր կյանքի ամենամեծ հաղթահարումը ո՞րն է եղել։
- Դա մյուս անգամ կասեմ, երբ նորից ինձնից հարցազրույց վերցնես։









































