top of page

Ռուսաստանն արթնացա՞վ

10.10.2020

Հոկտեմբերի 3-ին համացանցում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ Իրանի ՀՕՊ ուժերը խոցել են ադրբեջանական Սու 25, որն անցել է Իրանի օդային տարածք: Դրան նախորդել էր Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդականի նախազգուշացումը, որ Իրանը իր հյուսիսային սահմանի առումով ակնկալում է կատարյալ անվտանգություն, եւ բացառություն չի լինի որեւէ երկրի համար:

Ըստ ամենայնի, Բաքվում որոշել էին հերթական անգամ անտեսել Իրանի զգուշացումը: Հարվածի վերաբերյալ պաշտոնական հաստատում անշուշտ չկա, թեեւ դա պետք չէ որեւէ մեկին: Տվյալ պարագայում Թեհրանին պետք էր գործով ցույց տալ Բաքվին, որ իրանական տարածքը ռազմական մանեւրի եւ պլացդարմի վերածելու փորձը կպատժվի խստորեն:


Հատկանշական է, որ դրան էլ նախորդել էր Արցախի ՊԲ հայտարարությունը, որ հայկական ուժերը հարավում խոցել են ադրբեջանական ռազմական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածքում: Հայկական ուժերը Թեհրանից ներողամտություն էին հայցել:

Այդ իրողությունների ֆոնին հետաքրքիր հայտարարություն է արել Թեհրանում ՌԴ դեսպան Լեւան Ճաղարյանը, ասելով, որ Մոսկվան կաշկանդվածություն չունի Իրանին C 400 ՀՕՊ համակարգեր մատակարարելու հարցում: Դեսպանը հայտնել է, որ ԱՄՆ արգելքները չեն կանգնեցնի Մոսկվա-Իրան ռազմատեխնիկական գործակցությունը: Իրանի եւ վեցնյակի միջեւ 2015-ի հայտնի համաձայնագրի համաձայն, 2020-ի հոկտեմբերի 18-ին լրանում է Իրանին սովորական սպառազինության վաճառքի արգելքը: Ռուս-իրանական գործակցության հարցում խնդիրն անշուշտ ԱՄՆ-ն չէ, այլ Իսրայելն ու Թուրքիան: Իսրայել եւ Թուրքիա, որոնք այժմ ահաբեկիչների եւ Ադրբեջանի միջոցով պատերազմ սանձազերծելով Արցախի դեմ, փորձում են ամրանալ ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի:

Մոսկվան արթնանո՞ւմ է, խոսելով Թեհրանին C 400 ՀՕՊ համալիր մատակարարելու պատրաստակամության մասին: Թե՞ ընդամենը կփորձի այդ պատրաստակամությունը համալիրից ավելի թանկ վաճառել Իսրայելին ու Թուրքիային, վերջինիս արդեն իսկ C 400 վաճառած լինելու պայմաններում: Մյուս կողմից, Անկարայի ու Թել Ավիվի սանձազերծած ահաբեկչական պատերազմն այլ բան չէ, քան Ռուսաստանին Կովկասից դուրս մղելու ռազմավարություն: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

ԼՐԱԳԻՐ

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page