top of page

Հայր Աշոտը. քառասուն օր՝ մարդկանցից չհեռանալու համար

8 часов назад
9 мин. чтения

Աշոտ վարդապետ Խաչատուրյանը 2019 թվականից Ֆրեզնոյում է։ Սուրբ Երրորդություն մայր եկեղեցու հոգևոր հովիվն է՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևմտյան թեմում։ Այստեղ նրան սիրում են։ Մարդկանց ձգում է նրա պարզությունը։ Հետը կարելի է խոսել, հարցնել, չհամաձայնել՝ առանց յուրաքանչյուր բառը նախապես չափելու։ Չկա այն ծանրությունը, որ երբեմն հոգևորականը ներս է բերում զրույցի մեջ։


14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2026, ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ, ՖՐԵԶՆՈ, YEREVAN ONLINE Mag.-ի ԱՄՆ ԹՂԹԱԿԻՑ    


Լուսանկարը՝ Yerevan Online Mag.-ի
Լուսանկարը՝ Yerevan Online Mag.-ի

Ասում եմ՝ իմ հանդիպած շատ հոգևորականներից տարբերվում է։


- Ի՞նչ իմաստով։


- Ավելի անմիջական եք, պարզ, ժպտերես։


Շնորհակալություն է հայտնում։ Հետո պատմում է քառասուն օրվա մասին։


Ձեռնադրությունից հետո նոր հոգևորականը քառասուն օր մեկուսանում է։ Մասնակցում է արարողություններին, ապա վերադառնում իր սենյակ։ Մարդկանց հետ սովորական շփումը սահմանափակվում է։ Իր հոգևոր հայրը Շահան սրբազանն էր՝ Հալեպի առաջնորդը։ Պատերազմը դեռ չէր ավարտվել, և սրբազանը չէր կարող հաճախ գալ։


Այդ օրերին Հայր Աշոտը մտածում էր այն մարդկանց մասին, որոնք հոգևորականի առջև կաշկանդվում են։ Լուրջ մարդ է։ Երբեմն՝ անհրաժեշտից ավելի լուրջ։ Գուցե մի հարց ունեն, բայց չեն տալիս։ Գուցե վախենում են։


- Ես ուզեցի տարբեր հոգևորական ըլլալ։


Մարդկանցից հեռու անցկացրած օրերին որոշել էր նրանց մոտ լինել։ Պատմելիս մի քանի անգամ վերադառնում է այդ ցանկությանը։ Ուզում էր, սիրում էր, պետք է նրանց կողքին լիներ։ Բայց ավելացնում է՝ հոգևորականի հանգամանքը պիտի պահի։


Ասում է՝ Քրիստոսը չէր սպասում, որ ժողովուրդն իր մոտ գա։ Ինքն էր գնում մարդկանց մոտ։


Մինչև ձեռնադրությունը նրա անունը Մովսես էր։ Հորական պապի անունն էին տվել։ Պապին երբեք չէր տեսել։



Փոքրիկ Մովսեսը


- Ինչո՞ւ Աշոտ։


- Պետք է հոգևոր հորս հարցնես՝ Շահան սրբազանին։


Մանկության տարիներին եկեղեցուց խուսափում էր։ Մայրն ուղարկում էր, ինքը հնար էր գտնում չգնալու։ Եկեղեցին լուրջ տեղ էր։ Այնտեղ չէր կարող աղմկել։


- Չարաճճի՞ երեխա էիք։


- Այո, բավականին։


Մանկության մասին նրա պատմությունը լսելիս հիշում եմ քառասուն օրերի որոշումը։ Տղան մի ժամանակ խուսափում էր եկեղեցու լրջությունից։ Մեծանալով՝ ուզում էր, որ մարդիկ իր առջև չկաշկանդվեն։


Ծնվել է 1995-ին, Հալեպում։ Ապրել են Նոր Գյուղում՝ հայկական դպրոցների, ակումբների, եկեղեցիների հարևանությամբ։ Երբ հարցնում եմ՝ ինչպիսին էր Սիրիան պատերազմից առաջ, ասում է.


- Ծնողքս հոն էր, ընտանիքս հոն էր։


Հետո հիշում է ազգականներին, ընկերներին։ Նրա պատասխանի մեջ երկիրը մարդկանցով է բնակեցվում։ Նոր Գյուղը դեռ պատերազմ չէր տեսել։ Կարելի էր տնից դուրս գալ, գտնել ընկերոջը, խաղալ։ Մովսեսի համար դա բավական է, որ իր ապրած տեղը լավը լինի։


Հայրը ատաղձագործ էր։ Հայր Աշոտը շեշտում է՝ տաղանդավոր ատաղձագործ։ Կարող էր ամբողջ գրասենյակի կահույքը պատրաստել։ Ամբողջ խոհանոցը։ Ննջարանը։ Փոքր ժամանակ ինքն էլ էր երբեմն օգնում հորը։


Հարցնում եմ՝ շնորհքից իրեն բաժին հասե՞լ է։


- Դժբախտաբար՝ ոչ։


2000 թվականին հայրը սրտի վիրահատություն էր տարել։ Բժիշկները խորհուրդ էին տվել հեռանալ աշխատանքի ընթացքում օգտագործվող վնասակար նյութերից։ Որդին հիշում է բացատրությունը՝ գործածվող փայտանյութի մեջ քիմիական նյութեր կային։ Հոր աշխատանքը գնալով պակասել էր։


Մայրը երկու տեղ էր աշխատում։ Տարեցների էր խնամում։ Մի ընտանիքում մնում էր մինչև երեկո, ապա գնում մյուսի տուն՝ մինչև լույս։ Նրա օրվա ավարտը հաջորդ աշխատանքի սկիզբն էր։


Հետո տեղ էր բացվել Գյուլբենկյան վարժարանում։ Աշխատանքի անվանումը «հոգատար մայրիկ» էր։


Հարցնում եմ՝ քրիստոնեությունն ընտանիքում ինչ արմատներ ուներ։


- Հայ առաքելական։


Չեմ կարողացել ճիշտ ձևակերպել հարցս։ Ճշտում եմ՝ ո՞վ էր եկեղեցի գնում, ո՞վ էր իրեն տանում։


Մայրը։


Հավատի մասին հարցից հասանք այն կնոջը, որը երեկոյան մի ծեր մարդու տնից գնում էր մյուսի տուն։ Հետագայում որդու աշխատանքը «հոգևոր հովիվ» պիտի կոչվեր։ Մայրը դպրոցի երեխաների համար արդեն «հոգատար մայրիկ» էր։


Հայրը ուզում էր, որ որդին լավ հայկական կրթություն ստանա։ Լեզուն սովորի, պատմությունը, մշակույթը։ Բայց Հալեպի Քարեն Եփփե ազգային ճեմարանի ուսման համար վճարելու հնարավորություն չունեին։ Մայրը արաբական դպրոցների մասին էր հարցուփորձ անում։ Գոնե մի տեղ գտներ, որտեղ հայ երեխաներն ավելի շատ էին։


Հայր Աշոտը՝ ծնողների հետ
Հայր Աշոտը՝ ծնողների հետ

Մի երեկո առաջնորդարանից զանգեցին։ Նոր ձեռնադրված մի քահանա սկսեց Մովսեսին բացատրել՝ ինչ է Դպրեվանքը։ Տղան չհասկացավ։ Խնդրեց հոր հետ խոսել։


Հետո քահանան եկավ իրենց տուն։ Պարզվեց՝ հոր ազգականն է։ Լիբանան ուղարկելու առաջարկը դարձավ ընտանեկան հարց։ Տղան տասներկու տարեկան էր։ Մոր համար դժվար էր նրան բաց թողնել։ Հոր համար էլ էր դժվար, ասում է, բայց ոչ այդքան։


Հաջորդ օրը գնաց ընկերոջը տեսնելու։ Պատմեց քահանայի այցելության մասին։ Նույն քահանան նրանց տուն էլ էր գնացել։ Ընկերը որոշել էր մեկնել։


- Եթե դուն կերթաս, ես ալ կերթամ։


Այսպես 2007 թվականի աշնանը երկուսն էլ գնացին Լիբանան՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանք։ Հոր ցանկությունը լուրջ էր, մոր մտահոգությունը՝ հասկանալի։ Տղայի համար կարևոր էր, որ ընկերը կողքին լինի։ Այդ տարիքում հեռու գնալը գուցե այդպես է հնարավոր դառնում։


Հինգ տարի անց ընկերը հեռացավ։ Չհամակերպվեց։ Հիմա Հայաստանում է, ամուսնացած։


- Միշտ կապի մեջ կմնանք, անշուշտ, իրար հետ։


Մովսեսը շարունակեց։ Ասում է՝ աստիճանաբար հասկացավ, թե հայրն ինչու էր ուզում, որ ինքն այդ ամենը սովորի։ Մի ժամանակ հորն էր պետք, որ տղան լեզուն իմանար։ Հիմա իրեն էր պետք։ Սովորում էր հայոց պատմությունը, եկեղեցու պատմությունը։ Ընկերն արդեն գնացել էր, իսկ ինքը մնալու իր պատճառն ուներ։


Դպրեվանքում անցկացրեց ինը տարի։ 2016-ին ավարտելիս հինգ շրջանավարտ էին։


2016 թ. ավարտական արարողության օրը
2016 թ. ավարտական արարողության օրը

Ավարտական օրից հիշում է լացող փոքրերին։ Նորեկներն ու ցածր դասարանների տղաները լացում էին, երբ մեծերը ստանում էին վկայականները։ Ինքն այդ օրը հիշում է որպես իր պատկերացրած լավագույն ավարտը։


Ուսուցիչներից խոսելիս նախ Քրիստոսին է հիշում։ Հետո՝ Արամ Առաջինին, Մեղրիկ եպիսկոպոս Բարիքյանին։ Մեղրիկ սրբազանի հետ ծանոթացել էր ավարտելուց հետո՝ քսանմեկ տարեկանում։ Խոսում էին Աստվածաշնչից, աստվածաբանական հարցերից։


Հարցնում եմ՝ ինչով է այդ մարդն ազդել իր վրա։ Սրբազանը սիրում էր իր գործը։ Հայր Աշոտի ասելով՝ ամեն ասպարեզում կան մարդիկ, որոնք այնտեղ են, որովհետև կարծում են՝ ուրիշ բան անել չեն կարող։ Կան նաև նրանք, որոնք սիրում են իրենց արածը։ Մեղրիկ սրբազանի կողքին ինքն էլ էր սկսել սիրել հոգևորականի ծառայությունը։


Եկեղեցի գնալ սկսելուց հետո էլ մի շրջան չէր ուզում խորանի վրա ծառայել։ Նախընտրում էր ժողովրդի մեջ մնալ ու նայել։ Այս անգամ աղմկելու ցանկության հետ կապ չուներ։ Ուզում էր սովորել։


Պատմում է մոմակիրների շարժումների մասին։ Հալեպում, երբ քահանան սկիհը վերցնում էր ու դառնում ժողովրդին օրհնելու, մոմակիրները մոտենում էին նրան ու ծնկի գալիս։ Անթիլիասում իր տեսածը նույնը չէր։ Հետագայում Ամերիկայում էլ ուրիշ ձև էր տեսել։ Նույն արարողությունն էր, շարժումները տարբերվում էին։


Տարիներ են անցել, և նա դեռ հիշում է՝ ով որ պահին ուր էր կանգնում։ Երկար բացատրում է այդ փոքր տարբերությունները։ Ես հարցնում էի՝ ինչու չէր ուզում ծառայել։ Ինքը պատմում է՝ ինչպես էր նայում։


Դպրեվանքում սովորելու տարիներին Սիրիայում պատերազմ սկսվեց։


2011-ին Հալեպ գնալ-գալ դեռ հնարավոր էր։ 2012-ի ամռանը Մովսեսը Լիբանանից արձակուրդ էր գնացել տուն։ Մոտ երկու շաբաթով։ Դպրեվանքից ասացին՝ շուտ վերադարձեք, վիճակը վատանում է։ Վերադարձան։ Իր հիշելով՝ երեք օր կամ մեկ շաբաթ անց մարտերն արդեն Հալեպում էին։


Ասում է՝ կյանքում մի քանի անգամ պատերազմից օրեր առաջ է հեռացել այն տեղից, որտեղ պատերազմ պիտի սկսվեր։ Կարող եմ դա բախտ համարել, կարող եմ աստվածային նախախնամություն անվանել։ Երկու բառն էլ ինքն է առաջարկում։


Բայց այս անգամ փրկված լինելն այնքան էլ պարզ բան չէր։ Ինքը վերադարձել էր Դպրեվանք։ Հայրն ու մայրը մնացել էին Հալեպում։


- Ի՞նչ էին պատմում։


- Աղետալի բաներ։ Գոյատևելու դժվարություն։


Իմ հաջորդ հարցի կարիքն այլևս չի լինում։ Սկսում է պատմել տան մասին։


Երրորդ հարկում էին ապրում։ Դիմացը բաց էր։ Տան մի կողմից վառված լույսը կարող էր դիպուկահարին ցույց տալ՝ որտեղ են մարդիկ։ Զգուշացնում էին՝ այս կողմում լույսը զգույշ վառեք, այն կողմում՝ հանգցրեք։ Պատուհանները ծածկում էին անկողնու ծածկոցներով կամ ապակին սև ներկում։


Ատաղձագործի տանը հիմա այսպիսի գործ կար։ Անկողնու ծածկոցով պիտի փակեին պատուհանը։ Տանը մնալու համար պետք էր այնպես անել, որ դրսից տունը չերևար բնակեցված։



Հալեպ, 2013 թվականի փետրվար, լուսանկարները՝ Ֆրանկո Պաջետտիի (Franco Pagetti), «Հալեպի վարագույրները» («The Veils of Aleppo») շարքից


Հոր ու մոր առջևում ռումբ էր ընկել։ Հետևում էլ էր ընկել։ Եղել էր նաև չպայթած ռումբ։ Հայր Աշոտը պատմում է ծնողներից լսածը։ Այդ դեպքերին ինքն ականատես չի եղել։ Իր վախի մասին, սակայն, գիտի։


- Վստահ, որ վախ կար, որովհետև ծնողքս տակավին Հալեպ էր։


Այդ սև ներկված պատուհանը նրա մանկության նույն քաղաքում էր, որտեղ գիշերվա իննին, տասին կարելի էր դուրս գալ, ու փողոցում մարդիկ կային։


Դպրեվանքն ավարտելուց առաջ Կալիֆորնիա գալու ծրագիր էր կազմել։ Կապվել էր այն ժամանակվա առաջնորդ Մուշեղ սրբազանի հետ, դիմել այստեղ ծառայելու համար։ Ընդունել էին։ Կգար, կհաստատվեր, հետո ծնողներին կբերեր իր մոտ։


Ավարտելուց հետո գնաց Սիրիա։ Լաթաքիայում հանդիպեց նրանց։ Պատմեց իր ծրագրի մասին։


- Մենք Սուրիայեն պիտի չշարժինք։


Առիթներ ունեցել էին գնալու։ Չէին գնացել։ Հիմա էլ չէին գնալու։


- Ինչո՞ւ։


Հոր երկու եղբայրներն ու երկու քույրերը Սիրիայից հեռանալուց որոշ ժամանակ անց մահացել էին։ Որդին ճշտում է՝ առողջական պատճառներով։ Բայց հոր մտքում հեռանալն ու մահը կողք կողքի էին մնացել։


Երկուսի համար էլ դժվար էր անծանոթ կյանքին հարմարվելը։ Սիրիայում իրենց հարազատներն էին, բարեկամները, ընկերները։ Գիտեին՝ ինչպես է օրն անցնում։ Ամերիկայում պիտի ամեն ինչ նորից սովորեին։


Տասներկու տարեկանում ծնողները նրան ուղարկել էին ուրիշ երկիր՝ լավ կրթություն ստանալու։ Հիմա տղան էր ուզում նրանց տանել ուրիշ երկիր՝ վտանգից հեռու։ Այս անգամ ճանապարհը չկայացավ։


Լսում եմ ու հասկանում՝ որքան հեշտ է հեռվից խորհուրդ տալ՝ թողեք ամեն ինչ ու դուրս եկեք։ Այդ «ամեն ինչի» մեջ մարդն իր կյանքի տարիներն էլ է դնում։ Որդին կարող էր տեղ գտնել նրանց համար, բայց չէր կարող նրանց փոխարեն որոշել, թե որ տեղն է տուն։


Նրանց մերժման մասին պատմելիս չի ասում, թե իր ամբողջ ծրագիրն իզուր էր։ Չի ասում նաև, թե ինքն էր ճիշտ, իրենք՝ սխալ։ Բացատրում է հոր վախը, մոր դժվարությունը։ Ամերիկա բերելու պատճառները ուժեղ էին։ Մնալու պատճառները ծնողներինն էին։


2017-ին ձեռնադրվեց։ Իր հետ ձեռնադրված մյուս հոգևորականը հետագայում հեռացավ կարգից։ Առողջական ու անձնական դժվարություններ ուներ։ Հայր Աշոտն այդ մասին խոսում է, ինչպես Դպրեվանքից հեռացած ընկերոջ մասին՝ մարդը չկարողացավ շարունակել։



Դպրեվանքում՝ ձեռնադրության պահին, որպես սարկավագ՝ Առաքելական թուղթն ընթերցելիս, ինչպես նաև 2017 թվականի ամռանը՝ Լիբանանի Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում եկեղեցական արարողություն կատարելիս


Ինքը շարունակեց։ 2019-ին եկավ Ֆրեզնո։


Այստեղ պիտի անգլերենով աշխատեր, ժողովներ վարեր։ Պիտի հասկանար մարդկանց, որոնց ընտանիքների համար Ամերիկան արդեն երրորդ կամ չորրորդ սերնդի տունն էր։ Նրանց կողքին Հայաստանից, Պարսկաստանից, Իրաքից, Լիբանանից ու Սիրիայից եկած հայերն էին։ Միևնույն եկեղեցու ներսում տարբեր տեղերից բերված կյանքեր էին հանդիպում։


Նա էլ իր Հալեպն էր բերել։ Պատմում է, թե երբեմն ինչ հարցեր են տալիս Մերձավոր Արևելքից եկած մարդուն։ Այնտե՞ղ էլ ծառեր կային։ Մեքենանե՞ր։


- Այո՛, ամեն ինչ կար, նույն աշխարհի մեջ կապրինք։


Նոր ծանոթին նախ պիտի բացատրես, որ քո քաղաքում ծառեր ու մեքենաներ կային։ Պատերազմից առաջ ունեցած կյանքդ նրա պատկերացման մեջ պիտի զրոյից կառուցես։ Հետո գուցե կարողանաս պատմել այնտեղ մնացած հորդ մասին։


Ամերիկյան առօրյայի մեջ նրան պակասում է Հալեպի երեկոյան կյանքը։ Ժամը իննն է կամ տասը, դուրս ես գալիս, փողոցում դեռ մարդիկ կան։ Նրա հիշած քաղաքի մեջ մարդիկ իրար հասանելի էին։ Ֆրեզնոյում պիտի սովորեր մի առօրյայի, որտեղ այդպիսի երեկոները սովորական չէին։


Լուսանկարը՝ Yerevan Online Mag.-ի
Լուսանկարը՝ Yerevan Online Mag.-ի

Ամերիկահայերի լեզվական հեռավորությունն ավելի հեշտ է հասկացել։ Մոր ընտանիքի պատմությունն օգնել է։


Մորական պապին տեսել էր։ Անունը Յախուբ էր՝ Հակոբ։ Ընտանիքն ապրում էր Լաթաքիայի շրջանի Ղնեմիե գյուղում։ Սերունդների ընթացքում հայերենը գրեթե մոռացել էին։ Հայկական սովորույթները պահում էին։


Հարցնում եմ՝ ե՞րբ էին այնտեղ հաստատվել։ Չգիտի։ Մայրն էլ չգիտի։ Պապը գիտեր, բայց չէր ուզում պատմել։


Ես հարցս տանում եմ դեպի Ցեղասպանությունը։ Հայր Աշոտը ճշտում է՝ պապը չէր տեսել այն։ Գիտի, որ պապի հայրը երկար ճանապարհ էր անցել, հասել Արգենտինա, ապա վերադարձել Սիրիա ու ընտանիք կազմել Ղնեմիեում։ Դրանից ավելին չի պատմում։ Տարեթիվը չունեն։


Այս մասին իմ հաջորդ հարցին պատասխանողը պապը պիտի լիներ։


Հիմա, երբ հանդիպում է հայերեն չխոսող ամերիկահայի, նրա առջև միայն նոր ծանոթը չէ։ Կա նաև մոր ընտանիքի փորձը։ Մի լեզու կարելի է կորցնել ու դեռ պահել որոշ սովորություններ, որոշ անուններ։ Դրա մասին այս երիտասարդ հոգևորականը միայն գրքից չի սովորել։


Հայաստանի մասին խոսելիս ասում է՝ այնտեղ երբեք չի եղել։


Դպրեվանքից հեռացած ընկերը Հայաստանում է։ Եղբայրներից մեկն էլ այնտեղ է ապրում։ Ինքը տարիներով սովորել է երկրի պատմությունը, բայց երկիրը չի տեսել։ Հայաստանից եկած մարդկանց հետ լայն շփումը նույնպես Ամերիկայում է սկսվել։


Լուսանկարը՝ Yerevan Online Mag.-ի
Լուսանկարը՝ Yerevan Online Mag.-ի

Մեր զրույցը հայերեն է։ Նրա հայերենը մի ուրիշ հայկական մանկությունից է եկել։ Նույն լեզվի մեջ մենք տարբեր ճանապարհներով ենք հասել այս հանդիպմանը։ Ես հարցս կրկնում եմ, որովհետև զարմացել եմ։ Նա իր պատասխանի վերջում «դժբախտաբար» է ասում։


Հարցնում եմ Հայաստանի վերջին տարիների վիճակի, Արցախի կորստի մասին։


- Ո՞րն էր մեր սխալը՝ որպես հայի։


- Դժվար հարցումներ են ասոնք։


Հարցը տվել եմ այնպես, կարծես մի ամբողջ ժողովրդի կորստի պատճառը կարելի է մի պատասխանի մեջ տեղավորել։ Նա ասում է՝ չենք կարողացել մի նպատակի շուրջ համախմբվել։ Մինչև հիմա էլ չենք կարողանում։


Հիշում եմ Արամ Առաջինի հետ տասը տարի առաջ տեղի ունեցած լրագրողական հանդիպումները, Հայաստանի խնդիրների մասին նրա սուր և օրհասական խոսքերը։ Հայր Աշոտից հարցնում եմ՝ իրենց զրույցներում կաթողիկոսն ինչի՞ վրա էր դնում շեշտը։ Խոսում է համայնքները կազմակերպելու մասին։ Սփյուռքում պիտի կարողանան միասին աշխատել։ Որոշել՝ ինչ են ուզում անել, և անել։


Լուսանկարը՝ Yerevan Online Mag.-ի
Լուսանկարը՝ Yerevan Online Mag.-ի

- Ինչի՞ մասին եք երազում։


Սկզբում կրոնի մասին է խոսում։ Ուզում է, որ մարդիկ հասկանան՝ այն օրենքներ ունի։


- Ամեն մարդ կրոնքը իր անձին չի կրնար հարմարեցնել։


Նրա համոզմամբ՝ չի կարելի նախ անել այն, ինչ ուզում ես, հետո հավատից պահանջել, որ քեզ արդարացնի։ Օրինակը վերցնում է համասեռական հարաբերություններից։ Դրանք համարում է Աստվածաշնչի պահանջներին հակառակ։


- Նրանց առջև պիտի փակվե՞ն Աստծուն հավատալու դռները։


- Աստծո հավատալու դռները՝ չէ՛։ Սակայն Աստվածաշնչի կամայական մեկնաբանություններն անընդունելի են իր համար:


Մյուս երազանքի մասին խոսելիս հասնում է հայկական դիցաբանությանը։


Ուզում է, որ մեր պատմություններով ֆիլմեր նկարեն։ Ուրիշ ժողովուրդների առասպելները մարդիկ ճանաչում են։ Հայկականի մասին էլ պիտի կարողանան իմանալ։


«Հայկական մշակույթի հանրահռչակում» արտահայտությունը գործածելիս այսպիսի գործ էլ ունի մտքում։ Մեր պատմությունները պիտի ուրիշներն էլ ճանաչեն։


Լուսանկարը՝ Yerevan Online Mag.-ի
Լուսանկարը՝ Yerevan Online Mag.-ի

Հիշում եմ մորական պապին, որը գիտեր ընտանիքի անցյալն ու չէր ուզում պատմել։ Թոռն ուզում է երկրի անցյալը պատմել աշխարհին։ Իրենց տան մի տարեթիվ այդպես էլ բաց է մնացել։


Նրա հայրն էլ ժամանակին մի ծրագիր ուներ՝ տղան պիտի հայկական կրթություն ստանա։ Դրա համար տասներկու տարեկան երեխային տնից հեռու ուղարկեցին։ Հիմա Հայր Աշոտը մտածում է, թե նույն պատմությունն ինչպես հասնի ուրիշներին։ Միայն հայերեն իմացողներին չէ։


Զրույցի վերջում հիշում եմ նրա ասածը. Ամերիկայում երկրորդ ընտանիք է գտել։


Երկրորդ։ Ոչ թե նոր։ Տարբերությունը փոքր է թվում, բայց չէ։


Հալեպում նրա մայրը Գյուլբենկյան վարժարանի «հոգատար մայրիկն» էր։ Հիմա Ֆրեզնոյում նրա որդուն Հայր Աշոտ են ասում։ Մայրը հոգ էր տանում ուրիշների երեխաների մասին։ Որդին էլ իր կյանքը կապել է մարդկանց հետ։ Իսկ իրենք ապրում են իրարից հազարավոր մղոններ հեռու։


Չգիտեմ՝ Հայր Աշոտը երբևէ մտածե՞լ է այս զուգադիպության մասին։ Ես մտածում եմ։ Հիշում եմ նաև Հալեպի նրանց բնակարանի երրորդ հարկը, պատերազմի ժամանակ ծածկոցներով փակված պատուհանները։ Այնտեղ մարդիկ ստիպված էին թաքցնել անգամ իրենց տան լույսը։


Լուսանկարը՝ Yerevan Online Mag.-ի
Լուսանկարը՝ Yerevan Online Mag.-ի

Ֆրեզնոյում նա ուզում է, որ մարդիկ իրենից չվախենան։ Հետը կարելի է խոսել ամեն ինչի մասին։ Կամ գրեթե ամեն ինչի։


- Ձեզ հատուկ տառապանքը ո՞րն է, - հարցնում եմ։


- Հատուկ է։


Նրա ամենակարճ պատասխանն էր։ Գուցե նաև ամենաանձնականը։


Այդքան բաց զրույցի մեջ մի բան նա իրեն պահեց։


Ես երկրորդ անգամ չհարցրի։


Լուսանկարը՝ Yerevan Online Mag.-ի
Լուսանկարը՝ Yerevan Online Mag.-ի

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page