top of page

Ֆրունզե Դովլաթյանի կինոաշխարհը

  • 12 мая 2020 г.
  • 3 мин. чтения

12.05.2020, ԵՐԵՎԱՆ

Մայիսի 27-ին, լրանում է հայ ականավոր կինոբեմադրիչ Ֆրունզե Դովլաթյանի (1927-1997) ծննդյան 92-ամյակը: Այդ առթիվ թարգմանաբար հրատարակում ենք Մոսկվայի «Սովետսկոե կինո» (Խորհրդային կինո) պարբերականում (1968, դեկտեմբերի 5) ռուս կինոգետ Վ. Նիկոլաեւի հոդվածը հայ արվեստագետի մասին:


Որքան էլ հզոր, որքան էլ ամենազոր է կինոն, նա էլ հաճախ դիմում է այլ մուսաների օգնությանը: Օրինակ` Կլիո անունով մուսային, որի «տնօրինության» տակ է պատմությունը: Եվ որեւէ կինոտեսաբան ցանկանում է հիշել այս կամ այն կինոնկարը, դրանց երեւան գալու տեղն ու ժամանակը, հեղինակներին եւ այլն, նա դիմում է պատմությանը, թերթերի կապոցներին, հին ամսագրերի պահոցներին:

Էկրան բարձրացած յուրաքանչյուր ֆիլմ իր մասին տպագիր հետք է թողնում: Մեկըՙ մեծ հոդվածներ, գրախոսականներ, զրույցներ բեմադրիչի, դերասանների հետ, մյուսըՙ փոքր. տեղեկատվական նյութեր, երրորդըՙ պարզապես գովազդային հայտարարություններ:


Վերջերս մի գրադարանում որոշեցինք ծանոթանալ տարբեր ֆիլմերի վերաբերող հատուկ թղթապանակների: Ամեն մի ֆիլմ ուներ իր թղթապանակը: Դրանց մեջ հավաքված է այն ամենը, ինչ տպված է այդ ֆիլմի մասին մեր բոլոր թերթերում եւ ամսագրերում: Մենք ծանօթացանք ամենահաստլիկ, ամենածավալուն թղթապանակների հետ: Եվ ի՜նչ ֆիլմեր էին դրանք: Առանձնապես անսպասելի բաներ չեղանՙ «Մարդու ճակատագիրը», «Բալլադ զինվորի մասին», «Նախագահը», «Զինվորի հայրը», «Համլետ»: Բոլորը ծանոթ, սովորական, քրեստոմատիական: Եւ հանկարծ... «Բարեւ, ես եմ»: Ո՛չ, այդ ֆիլմի մասին տպագրված ոչ բոլոր նյութերի մեջ ես հանդիպում «հրաշալի», «հիանալի», «տաղանդավոր» բառերին: Կան նաեւ այսպիսի արտահայտություններ. «ամեն ինչ չէ, որ հաջողվել է», «զգալի կորուստներ», «շինծուություն, հաճախ նաեւՙ կինեմատոգրաֆիական լեզվին անհասկանալի անպարզություն»:


Բայց կարծես թե մի բանում բոլոր քննադատները նոյն կարծիքի են: Այդ այն է, որ «Բարեւ, ես եմ» ֆիլմը հետաքրքրական է ստեղծագործական առումով, որ դա քայլ է դեպի անհայտը, չուսումնասիրվածը: Եվ դարձյալ. ֆիլմն ի հայտ եկավ ոչ թե մի հզոր կենտրոնական կինոստուդիայում, այլ ընդհակառակը` կենտրոնից հեռու, բավական համեստ, տարեկան միայն 2-3 ֆիլմ թողարկող մի ստուդիայում:


Հայկական կինեմատոգրաֆիան, որը, ճիշտն ասած, վերջին տարիներին առանձնապես չէր ուրախացնում հանդիսատեսին, «Բարեւ, ես եմ» ֆիլմով համամիութենական էկրանից բարձրաձայն ազդարարեց իր մասին:

Խորհրդային հանդիսատեսից հետո կինոնկարը դիտեցին այլ երկրներում, նրանով հետաքրքրվեցին միջազգային կինոփառատոները:


Եվ ահա լրագրային հոդվածների հաստլիկ թղթապանակը: Բազմաթիվ վիճաբանություններ, եզրահանգումներ, դատողություններ: Բարի խոսքեր երիտասարդ կինոդրամատուրգ Ա. Աղաբաբովի, օպերատոր Ա. Յավուրյանի մասին, հիացական կարծիքներ դերասաններիՙ Ռ. Բիկովի, Ն. Ֆատեեւայի, Մ. Տերեխովայի, Ա. Ջիգարխանյանի մասին: Բայց ավելի հաճախ հանդիպում ենք Դովլաթյան ազգանվանը: Ֆրունզե Դովլաթյանՙ բեմադրիչ:


Այսօր մտաբերելով երկու տարի առաջ նկարահանված այդ ֆիլմը, խորանալով գրաքննության արձագանքների մեջ, համեմատելով այդ կինոնկարը նույն ժամանակաշրջանում կամ մի քիչ ուշ ի հայտ եկած ֆիլմերի հետՙ մենք վերջիվերջո մոտենում ենք ոչ շատ պարզ ու հետաքրքրական մի հարցի պատասխանիՙ հատկապես ինչո՞վ Ֆ. Դովլաթյանի ֆիլմը գրավեց հանդիսատեսի եւ քննադատների ուշադրությունը: Պատասխանը, պարզվում է, այնքա՜ն հասարակ է, նոյնիսկՙ ծամծմված. իր մարդկայնությամբ: Իսկ այդտեղ ի՞նչ կա առանձնապես, կհարցնեն մեզ, մի՞թե մարդկայնությունը պարտադիր որակ չէ արվեստի որեւէ ստեղծագործության համար:


Պատերազմի պատճառով ընդմիշտ իրարից բաժանված երկու սիրող սրտերի սիրո պատմության թեման ինքնին նոր չէր կինոյի համար: Բայց հայ կինոգործիչները կարողացան պատմել այն իրենց խոսքերով: Հատկապես տպավորիչ է մեզանից հեռացածներին, անցյալին հավատարիմ մնալու թեմայի արտահայտման ոչ շաբլոն ձեւը: Էկրանից մեզ է ներկայանում կյանքի բարդ սիմֆոնիան, զարմանալիորեն պայծառ, հակասական, ոչ մի ակնթարթ կանգ չառնող կյանքի սիմֆոնիան: Կյանք, որտեղ երեկվա տղաներն ու աղջիկները հանկարծ հայրեր ու մայրեր են դառնում, որտեղ կողք-կողքի քայլում են երջանկությունն ու վիշտը, որտեղ սերը, նույնիսկ լավ մարդկանց սերը, ոչ միշտ է հավերժական, որտեղ մաքուր երկինքը հաճախ են ծածկում սեւ ամպերը: Հավատարմությունը մեզանից հեռացածներին որտե՞ղ է արտահայտվում: Երեւի թե, ամենից առաջ, մեր գործերում, մեր սխրանքներում, այնտեղ, որ առօրեականության աղմուկի եւ խառնաշփոթի մեջ չմոռացվեն վեհ ու հրաշալի գավափարները, որ հիշելով անցյալըՙ ընթանանք առաջ, առաջ:


«Բարեւ, ես եմ» ֆիլմով Ֆ. Դովլաթյանը հայտարարեց իր մասին որպես բեմադրիչի, որը կարողանում է ոչ միայն տեսնել կյանքն իր բարդություններով եւ հակասություններով, այլեւ կարողանում է խոսել դրանց մասին ժամանակակից կինեմատոգրաֆիայի լեզուով:


Մի կողմ թողնելով կինոլեզվի առանձին շինծուությունը եւ քմաճաշակությունը (որը հապճեպ տուրք է մոդային)ՙ մենք չենք կարող պատշաճը չմատուցել էկրանային գործողությունների ինչ-որ նրբանկատությանն ու նրբամտությանը, մտերմականությանը, ռեժիսուրայի եւ դերասանական խաղի խոր ճշմարտացիությանը:


Եվ, իհարկե, պատահական չէ, որ բեմադրիչն իր ֆիլմի շատ դրվագներ դուրս է հանում նկարահանման տաղավարներից դեպի իրական կյանք, քաղաքների փողոցներն ու հրապարակները, որ այդ ֆիլմում շատ դերասանների խաղը դարձավ ճշմարիտի ու բնականի չափօրինակ:


Վերջումՙ համառոտ Դովլաթյան դերասանի մասին: Նա խաղացել է մի շարք ֆիլմերում, ճիշտ է, ոչ կենտրոնական դերեր: Որպես բեմադրիչ (կամՙ համաբեմադրիչ) նկարահանել է «Բարեւ, ես եմ», «Դիմա Գորինի կարիերան», «Առավոտյան գնացքներ» ֆիլմերը: Իր լավագույն դերասանական աշխատանքը նա համարում է կրտսեր Սարոյան եղբոր դերը իր բեմադրած «Սարոյան եղբայրներ» ֆիլմում:

Դովլաթյանի համար դերասանական աշխատանքը լոկ հրապուրանք չէ: Նա իր ուղին արվեստում սկսեց որպես դերասան: Նա Կինոյի համամիութենական գեղարվեստական ինստիտուտի ռեժիսուրայի բաժին եկավ թատրոնի բեմից: Այդ պատճառով էլ, երբ դուք էկրանին «բեմադրող ռեժիսոր Ֆ. Դովլաթյան» մակագրության կողքին հանդիպեք «դերակատարՙ Ֆ. Դովլաթյան» մակագրությանըՙ չզարմանաք: Ձեր առջեւ մասնագետ դերասան է, դերասան, որը դարձավ նաեւ բեմադրիչ:


Վ. ՆԻԿՈԼԱԵՎ, Հրապարակումըՙ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page