top of page

Իրերը մարդկանցից երկար են ապրում. Աբրահամ Տերյանի «Արվեստները՝ բառերով» (Phrasing the Arts) ժողովածուի մասին

2 часа назад
8 мин. чтения

14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 2026, ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ, ՖՐԵԶՆՈ, YEREVAN ONLINE Mag.-ի ԱՄՆ ԹՂԹԱԿԻՑ 



Ահս հոդվածը հասանելի է նաև անգլերեն:


Գրախոսության հեղինակն իրեն թույլ է տվել հայերեն թարգմանել նաև Աբրահամ Տերյանի՝ այստեղ մեջբերված բանաստեղծություններն ու բանաստեղծական հատվածները։


Ծերունին վրան է քաշում մահացած կանանց հագուստի կտորներից կարված վերմակը։ Կանանց անունները չգիտենք։ Նրանց հագուստը դեռ մեկին տաքացնում է։


Վերմակին հանդիպում ենք Աբրահամ Տերյանի «Արվեստները՝ բառերով» ժողովածուի վերջին էջերում։ Մինչ այդ նա երկար կանգնել է Պոմպեյի մի հայելու և ջարդված մարմարե զարդագոտու առաջ՝ փնտրելով դրանց դիպած մարդկանց հետքերը։ Նրանց մասին շատ բան, որ կուզեր իմանալ, կորել է։ Պահպանված մակերեսը նրա բոլոր հարցերին չի պատասխանի։ Տերյանը շարունակում է նայել։


Տերյանն ուսումնասիրել է հնագիտություն, աստվածաշնչյան աստվածաբանություն, դասական փիլիսոփայություն, հայ գրականություն։ Նախաբանում ժողովածուն անվանում է «քարտեզների գիրք»․ այստեղ գերզգայական իրականությունները հասկանալու իր անցած ուղիներն են։ Իրեն անվանում է «կասկածող հավատացյալ»։ Լավ իմացած ավանդույթները միշտ չէ, որ օգնում են հասկանալ տեսածը։ Ոգևորությամբ սկսված բանաստեղծությունը կարող է ավարտվել կասկածով՝ լուռ երկնքի տակ։ (Նախաբան, էջ xiii–xiv)


«Պոմպեյի հայելի — մեր թվարկության 79 թվական» բանաստեղծությունը սկսվում է թանգարանային մի քարտից․


Քարտին այդպես էր գրված՝ խոշոր շեղատառերով,

բայց ոչ մի խոսք այն աղջիկների մասին,

որ զննում էին իրենց աչքերի խորքը

— արցունքներից հետո իրենց դեմքը —

ու թեթև շոյում հյուսած մազերը։


Սիրուն դեմքերից ու նրանց դրոշմներից

— կորած քնքշանքի կարճ պահերից —

հետքեր են մնացել այստեղ-այնտեղ՝

ջնջված մանրուքներ փիրուզագույն բծերում,

Վեզուվի ճերմակավուն վրձնահարվածներում։


(էջ 52)


Քարտն իր գործն արել է։ Տերյանի փնտրածի մասին այնտեղ ոչինչ չկա։ Նա պատկերացնում է լացից հետո իրենց դեմքերը զննող աղջիկներին, մազերին դիպչող ձեռքերը։ Լացի պատճառը չի հորինում։ Այդ գաղտնիքը թողնում է նրանց։


Նրա հորինածը երկու շարժում է՝ հայացք հայելուն, ձեռք՝ մազերին։ Դրանց շուրջ կենսագրություններ չի հյուսում։ «Կորած» ու «ջնջված» բառերը տողերում պահում են կորուստը։ Բծեր են այնտեղ, որտեղ բանաստեղծը դեմքեր կուզեր գտնել։


«Վրձնահարվածները» Վեզուվինն են։ Գեղանկարչության սիրահարը հիանում է ավերածությունից մնացած մակերեսով։ Գեղեցիկ տող է, որից քեզ անհարմար ես զգում․ աղջիկներն անհետացել են հենց այն գույների մեջ, որոնք գրավում են նրա հայացքը։


«Ներբող մարմարե զարդագոտու մի բեկորին» բանաստեղծության մեջ նա ուզում է ձեռքը դնել քանդակի վրա․


Ջարդված բեկորների բեկոր,

սիրում եմ քո կոտրված սմբակները, որ դեռ քացի են տալիս,

թեև մնացածդ ընդմիշտ կորել է,

հեծյալդ վաղուց մեռել։ Այս թանգարանը

քո գերեզմանոցն է, ես էլ սգավոր եմ՝

խոնարհ հարգանքս մատուցելու եկած։ Պահակը

չի թողնում դիպչեմ այնտեղ, ուր քանդակագործդ

դիպել էր․ միայն կարող եմ նայել

նրա երբեք չտեսածին՝ քո մահացու վերքերին,

թե ինչպես ես պառկած՝ վերջին հրաժեշտի համար։


(«Ներբող մարմարե զարդագոտու մի բեկորին», էջ 51)


Քանդակագործի տված շարժումը չի կորել կոտրված սմբակներում։ Նախադասությունը մի պահ հետևում է դրանց, ապա հասնում բացակա մարմնին ու մեռած հեծյալին։ Տերյանն եկել էր քանդակով հիանալու։ Հիմա սգավոր է։


Պահակն արգելում է դիպչել քանդակագործի դիպած տեղին։ Մնում է նայել նրա երբեք չտեսած վերքերին։ Ուշ եկած դիտողը սարսափելի մի առավելություն ունի․ գիտի, թե հետո ինչ է պատահել գործին։ Թանգարանը քանդակի հետ պահպանում է նաև վերքերը։


Ժողովածուն բացվում է Նյու Յորքի մի փողոցի անկյունում։ «Պողպատե թմբուկը» բանաստեղծության երաժիշտը փայտիկները պահում է ծիսական խաչերի պես։ Գործիքը դառնում է շրջված զանգ, ապա՝ փոքրիկ տաճարի գլխիվայր գմբեթ։ Համեմատությունները ծնվում են թմբուկի ձևից ու ձեռքերի աշխատանքից․


Պատարագիչի պես ղողանջեցնում էր

այդ շրջված զանգը, խնկարկում

փոքրիկ տաճարի

գլխիվայր գմբեթի շուրջը,

ուր հրեշտակներ են իջնում՝ հմայված,

մարդու ձեռքով մկրտվելու

այսպիսի անժանգ մի թասի մեջ։


(էջ 1)


Հրեշտակներն իջնում են թմբկահարից օրհնություն ստանալու։ Տերյանը չի խնայում կրոնական համեմատությունները, բայց «մարդու ձեռքով» մկրտվող հրեշտակներն արդեն փոխում են ծանոթ արարողությունը։ Երաժիշտը երկնքին է պետք։


Սինա լեռան վրա այդ բառերն այլևս այդքան չեն օգնում։ Լեռան գրանիտե սիրտն անտարբեր է վեր բարձրացող մարդկանց հանդեպ։ Մովսեսն ու միստիկներն անցնում են, բնաշխարհը նրանց չի նկատում։ Լուսինն ասես պատրաստ է շշնջալու, որ ճամփան նույնիսկ այստեղ փակուղի է տանում։ Ահա «Լուսնային Սինա» բանաստեղծության վերջին երկու տները․


Չկան պահապան հրեշտակներ,

չկան շշնջացող ծառեր —

միայն աստղերի լռությունն է

ու հևքը նրանց, ովքեր կարող են շնչել։


Լուսինն ինձ է նայում անթարթ

— ինձ՝ կասկածողիս —

ու ուզում է գոչել․

«Ես այստեղ շատ Մովսեսներ եմ տեսել»։


(էջ 83–84)


Աստղերի լռության մեջ լսվում է վեր բարձրացող մարդկանց հևքը։ Ոչ մի ձայն չի պատասխանում։


Լուսնի վերջին խոսքերը ջախջախիչ են թվում, մինչև հիշում ենք, որ նրան խոսեցնում է հենց կասկածողը։ Ինքն է հորինել այդ պատասխանը, ինքն էլ ստիպված է լսել։ Նույնիսկ լուսնի անտարբերությունը չի կարող իրենից անկախ վճիռ համարել։ Վերելքը նրան պատասխանին չի մոտեցրել։


«Վերածնունդ» բանաստեղծության մեջ Տերյանը սրբավայր է վերադառնում՝ հիշելով ծնողներին․


Տարիներ առաջ հայրս ծառայում էր Սուրբ Մարիամի շիրիմում․

բուրվառը ճոճում, բարձրաձայն երգում

ու հաճախ ձայնը ճիշտ չէր բռնում։


Հաճախ էր մայրս աղոթում Սուրբ Մարիամի շիրիմում․

սաղմոսներ էր մրմնջում, ապա համբուրում բոլոր շրջանակները

ու նորից ու նորից խաչակնքվում։


Ես այսօր երկար մնացի Սուրբ Մարիամի շիրիմի մոտ,

ներքևում՝ Կեդրոնի ձորում — ուր ժամանակը կանգ էր առել —

ու նայում էի գլխավերևով թռչող մի արագիլի։


(էջ 78)


Հորը լսում ենք հենց սխալ հնչյունների շնորհիվ։ Տերյանը սիրով հիշում է այդ ձայնը, չի փորձում շտկել այն։ Մոր հավատքն էլ շարժումների մեջ է․ համբուրում է շրջանակները, նորից ու նորից խաչակնքվում։


Որդին թռչնի է նայում։ Ծնողներից յուրաքանչյուրի պես նա էլ երեք տող ունի։ Շիրիմի անունը կապում է տները։ Որդին ընտանիքում իր տեղն ունի՝ առանց ծնողների շարժումները կրկնելու։


Վերնագիրը հուշում է վերածնունդ փնտրել։ Վերջին տողում արագիլը դեռ թռչում է։ Տերյանը ժառանգել է այդ վայրն ու ծնողների՝ այնտեղ արածի հիշողությունը։ Իր ներկայությունը բացատրելու համար պարտադիր չէ նաև թռչնին մեկնաբանել։


«Իրականություն» բանաստեղծության մեջ սերը խախտում է փիլիսոփայությունից ծանոթ պատկերը։ Սիրելի կինը մտնում է Պլատոնի քարայրը․


Երկար մնացի Պլատոնի քարայրում,

միայն ստվերներ էի տեսնում,

մինչ նրա ստվերը վրաս ընկավ։


Շշուկներ էի լսում միայն,

մինչ նա սիրո մասին մի բան ասաց,

ու իրական աշխարհն իմ առջև բացվեց։


(էջ 60)


«Ստվերներ»-ին հաջորդում է «նրա ստվերը»։ Շշուկների փոխարեն արդեն կնոջ խոսքերն են։ Բառերը քիչ են փոխվել, դրանց մեջ մարդ է հայտնվել։ Կինը նախ իր ստվերով է հասնում նրան։ Այդ ստվերը չի խանգարում ճանաչել իրական աշխարհը։


Պահարանը բացելիս Տերյանն ավելի ուրախ է ու քիչ է փիլիսոփայում։ «Հունական կղզիներ» բանաստեղծությունն այսքանն է․


Երբ բացեցի սպիտակեղենի պահարանը,

ուր գույներից շատերն աչք էին շոյում,

ծալված սավաններն ու բարձի երեսները

հունական կղզիների տանիքներ թվացին,

իսկ սրբիչներից արևի հոտ էր գալիս։


(էջ 42)


Ծալքերի մեջ տանիքների եզրագծեր են երևում։ Վերջին տողում արդեն հոտն ենք զգում։ Պահարանում եղածը հերիք է այս փոքրիկ շռայլության համար։ Սրբիչները սրբիչ են մնում, պահարանը բացելն ավելի հաճելի է դառնում։


Նախաբանում Տերյանը գրում է, որ Ֆինլանդիան իր սիրած կնոջ երկիրն է։ Այդ բնապատկերները հիշեցնում են նրանց համատեղ կյանքը։ (Նախաբան, էջ xiv) «Մի ամառային գիշեր Յուլյա-Կինտաուսի (Ylä-Kintaus) ափին» բանաստեղծության մեջ նա լճափի ժայռաբեկորին է հենվել ու մտածում կնոջ մասին․


Դեռ այստեղ եմ՝ լճափի ժայռաբեկորին հենված,

մտորում եմ բնության օրենքների, հեռու անցյալի,

նրա անվան, երկարամյա սիրո մասին…


Նորից եմ երգում անցած տարիների ուրախությունները՝

մտքումս կռահած նոր մտքերով,

ոչ լիովին վստահ՝ մի երկարաձիգ պար։


Լիճը շարունակ ցոլացնում է լռած մտքերս,

դրանք ինձ է հետ տալիս, որ բարձր երգեմ,

լուռ մտքերս լողում են երկարօրյա բույսերի պես։


Անցյալն ու ներկան կորցնում են իրենց ժամանակաձևերը…

Արևը հազիվ էր մայր մտել՝ լույսը գույներ դարձավ,

լիճը՝ կտավ, ափը՝ երկար ձգվող շրջանակ։


Հիմա կերգեմ, մինչև էլ չկարողանամ։


(էջ 24)


«Դեռ այստեղ եմ»-ով կարծես շարունակում է ընդհատված խոսակցությունը։ «Նորից»-ը հին երջանկությունը բերում է այս երեկո։ Չորրորդ տանը հիշողությունը հասնում է նաև քերականությանը․ անցյալն ու ներկան կորցնում են իրենց ժամանակաձևերը։


Վերջին տողն առանձին է։ Լիճը կտավ է դարձել, մտքերը լողացել են ջրի վրա, և այս ամենից հետո Տերյանն ավարտում է սովորական խոսքով։ «Հիմա»-ն նրան վերադարձնում է լճափի երեկոյին։ «Մինչև էլ չկարողանամ»-ով ընդունում է, որ մի օր ձայնն այլևս չի հերիքի։ Դեռ երգում է։


Տերյանը երբեմն չափազանց հեշտ է դիմում աստվածուհու պատկերին։ «Մի տեսակ աստվածուհի» բանաստեղծության մեջ Աֆրոդիտեի անունն ու ուխտագնացության բառերը խոսում են հերոսի պաշտելու ցանկությունից։ Կնոջը դրանց միջից դժվար է տեսնել։ «Վերածնունդ» բանաստեղծության հորը նրա մի քանի սխալ հնչյուններից ավելի լավ ենք ճանաչում, քան այս սիրեցյալին՝ աստվածային համեմատություններից։ Ժողովածուի հանդիսավոր հատվածներից մի քանիսն այստեղ են թուլանում․ հիացմունքը կա, մարդուն դեռ չենք տեսել։ (էջ 54)


«Սեղան երկուսի համար» բանաստեղծության վերջում մոխրամանը ճիշտ պահին է հայտնվում։ Բանաստեղծը պատահմամբ լսել է ընթրողների զրույցը՝ խոր հարցերի, հույսի, առասպելի, տիեզերական պարի մասին։ Հետո մեկը մոխրամանն է առաջարկում։ Տիեզերքի մասին խոսողները դեռ սեղանի շուրջ են ու ծխում են։ Տերյանը հաճույքով լսում է ու զգում՝ երբ ընդհատել։ (էջ 18)


«Հայտարարություն ծերանոցում» բանաստեղծության մեջ նա լռություն է խնդրում․


Խնդրում եմ՝ այս կողմերում լուռ եղեք,

այստեղից մինչև երկինք հրեշտակներ կան։

Այս սրբավայրում՝ միայն շշուկով։


Մարդու հոգուց սուրբ ոչինչ մի համարեք,

մարդկանց զգացումներում հնուց եղած ընդհանրից —

այն նախաստեղծ ժայռից ու դրախտից էլ սուրբ է։


Միայն նայեք սենյակներին, իրերին, ծերերին՝

թաքնված վավերագրերի մի գրադարան՝ փխրուն,

բովանդակությունը՝ կազմերի տակ թաքնված։


(էջ 65)


Սկզբում հանրային հայտարարության քաղաքավարի խնդրանքն է։ Երկրորդ տանն արդեն այս սենյակների մարդկանց հանդեպ ավելի մեծ ակնածանք է պահանջվում, քան դրախտի։ Պահանջողը սրբավայրերով հրապուրված նույն բանաստեղծն է։


Նրա գրադարանը դեռ կենդանի է։ Այցելուն կարող է տեսնել իրերն ու քիչ բան իմանալ տերերի մասին։ Տողի վերջին «փխրուն»-ը վերաբերում է վավերագրերին ու մարդկանց մարմիններին։ Բովանդակությունը կարող է փակ մնալ։ Խնամքի կարիքը դրանից չի վերանում։


Տարիներ շարունակ Տերյանն ուսումնասիրել է իրենց հեղինակներից հետո մնացած գրառումները։ Այդ փորձը կարող է պետք գալ նաև ծերանոցի սենյակում։ Մարդիկ դեռ այստեղ են, իրենց իրերի մեջ, և կարող են այդպես էլ չընթերցված մնալ։ Բանաստեղծությունը խնդրում է նրանց կողքին մնալ։


Կատայանոկկա (Katajanokka) զբոսայգում նա այդքան պատրաստ չէ լսելու։ Զբոսանքի սկզբում նկատում է երկու հարբածի, «որոնց համար ոչ ոք հոգ չի տանում»։ Հետո ինչ-որ մեկը կարծես փորձում է խոսել նրա հետ․


Կարմիր սյան մոտ

ուր շներն իրենց սովորական գործն են անում

հազիվ եմ լսում՝ երևի «բարև» է

մեկը մեկին է բարևում

մեկն ինձ ասում է ավելին, քան հասկանում եմ

ու ավելին, քան ինձ հետաքրքրում է

գուցե հարբած է


(«Զբոսանք Կատայանոկկա զբոսայգում», էջ 28–29)


«Ավելին, քան ինձ հետաքրքրում է»․ արդեն իրեն է մատնում։ Նկատել էր երկու հարբածների անտեսված լինելը, հիմա խոստովանում է սեփական անտարբերությունը։ «Գուցե հարբած է»-ն կարող է պատճառ դառնալ զրույցն այդտեղ թողնելու։ Նա միայն ենթադրում է․ այդ մարդու մասին նման բան չգիտի։


Կրկնվող «մեկը» զրույցն անորոշ է պահում։ Դիմացինին այդպես էլ չենք ճանաչում։ Խոսողը գրի է առնում նաև իր բաժինն այս ձախողման մեջ։ Ավելի ուշ իրեն էլ է տեսնում այն մարդկային շքերթում, որին հետևում էր։ Ինքն այդ մարդկանցից է։ (էջ 30)


Այս խոստովանության կողքին կարդացեք՝ «Մարդու հոգուց սուրբ ոչինչ մի համարեք»։ Տերյանը երկու խոսքն էլ թողել է գրքում։ Ուշադրություն պահանջելիս գիտի նաև, թե ինչպես է ինքն այն զլանում։ Պոմպեյի հայելու առաջ զգացած հեռավորությունն այստեղ էլ կա։ Այս անգամ դիմացինն այնքան մոտ է, որ նրա խոսքից կարծես «բարև» է լսվում։


«Պապի քնելու ժամը» մեզ վերադարձնում է վերմակին։ Յուրաքանչյուր տան վերջում խոսքը մի քիչ կորցնում է հանդիսավորությունը, հանդարտվում քնին ընդառաջ․


Պապը խոսում էր

մի զորեղ ձեռքի մասին,

որ կարող էր բարձրացնել նրան

ամեն պահի՝

այնտեղ, ուր Եղիան է ապրում,

կամ Աբրահամի գիրկը —

ուր էլ լինի։


Ու այս մտքերով՝

իրերի բնական կարգի մասին,

գնաց քնելու՝

այն մարդու պես,

որ կյանքն ապրում է

առանց գլխավոր դեր ունենալու,

մի քիչ հիասթափված,

բայց հաշտված —

այդպես թե այնպես։


Վրան քաշեց վերմակը՝

իրար կարկատած

մահացած կանանց հագուստի

մաշված ծվեններից —

ում էլ պատկաներ։


Ու քուն մտնելիս՝

ձմեռվա կատվի պես,

կիսաձայն աղոթեց,

որ ժամանակը

մի բացառիկ առաջարկ անի

տարեցների համար —

ինչևէ։


(էջ 91–92)


Ծերունին ապրել է առանց գլխավոր դեր ունենալու։ Գանգատը մի քանի բառ է՝ «մի քիչ հիասթափված»։ «Մի քիչ»-ով հիասթափությանը տեղ է թողնում՝ առանց ամբողջ կյանքը ողբերգություն դարձնելու։ Ապրածի հետ այնքան է հաշտվել, որ կարող է գնալ քնելու։


Նա մտածում է իրեն վեր տանող զորեղ ձեռքի մասին՝ չորոշելով, թե որտեղ կհայտնվի։ «Ուր էլ լինի»-ն վայրը թողնում է անորոշ։ «Այդպես թե այնպես»-ով ապրածի գնահատականը մի կողմ է դնում։ Այս կարճ խոսքերով ասես ուս է թոթվում։ Կարող է պառկել՝ առանց ամեն ինչ վճռելու։


«Ում էլ պատկաներ»․ կանայք մնում են անանուն։ Հագուստը քանդել են, կտորներից ծածկոց կարել։ Տերյանը չի փորձում այդ ծվեններից նրանց կյանքերը վերականգնել։


Թանգարանում Տերյանն ուզում էր դիպչել քանդակագործի դիպած տեղին։ Այստեղ ուրիշների կյանքերից մնացած կտորներն արդեն կենդանի մարմնին են հպվում։ Ծերունին վերմակով ծածկվելու համար պարտավոր չէ նախ այն մեկնաբանել։


Վերջին տանը ծերունին փոքր-ինչ սակարկում է։ «Բացառիկ առաջարկը» տարեց հաճախորդի համար զիջման է նման։ Եղիայի ու Աբրահամի կողքին այդ բառերը զվարճալի են, գրեթե ամաչելու չափ առօրեական։ Տերյանը թողնում է այդպես։ Ծերունին հույս ունի, որ ժամանակն իր համար դեռ մի բան ունի, թեև արդեն կատվի պես քուն է մտնում։


Տերյանը նրան մենակ է թողնում այդ կիսատ մտքի հետ։ Ծերունին պարտավոր չէ իմաստուն բան ասել, որ ընթերցողը հանգստանա։ Ժամանակի հետ նրա փոքր սակարկությանը բանաստեղծը չի միջամտում։


Աղոթքը մարում է «ինչևէ»-ի մեջ։ Ծերունին քնում է մահացած կանանց հագուստի տակ։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page