top of page

Ուզում էր դատավոր դառնալ, բայց մարմնամարզության իր դպրոցը հիմնեց. Սուսաննա Ներսիսյանի պատմությունը

11 минут назад
10 мин. чтения

Աշխարհի առաջնությունում հաղթեց, հետո դատավորի օգնական դարձավ։ Ամերիկայում ստիպված եղավ ամեն ինչ զրոյից սկսել։ Yerevan Online Mag.-ը պատմում է Սուսաննա Ներսիսյանի մասին։


 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 2026, ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ, ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, YEREVAN ONLINE Mag.-ի ԱՄՆ ԹՂԹԱԿԻՑ    



Առաջին պարապմունքին մոտ քսան երեխա էր գրանցվել։ Եկան հինգը։


2024 թվականի փետրվարի 13-ին Սուսաննա Ներսիսյանը Նորթ Հոլիվուդի պարային մի ստուդիայում մեկ ժամով դահլիճ վարձեց։ Վարձը մոտ հիսուն դոլար էր։ Մի քանի ամիս առաջ ամուսնու և երկու երեխաների հետ Ամերիկա էր եկել։ Փողը քիչ էր։ Սեփական դպրոց բացելու մտադրություն չուներ։


Սկսեցին նախավարժանքից ու ձգումներից, անցան առաջին վարժություններին։ Սուսաննան բացատրում էր շարժումները, հետևում, թե աղջիկներն ինչպես են դրանք կատարում։ Մեկ ժամը լրացավ։ Ծրագիրն ավարտել չէր հասցրել։


Ուզում էր շարունակել, բայց ավելի երկար մնալու համար վճարել չէր կարող։ Մտածում էր սեփական դահլիճի մասին. «Նրանց մի քիչ էլ կպահեի ու ծրագիրը կավարտեի»։


Ամերիկայում մտադիր էր իրավաբան աշխատել։ Քոլեջ էր գնում, անգլերեն սովորում։ Ուֆայում դատավորի օգնական էր եղել, պատրաստվում էր մի օր ինքն էլ դատավոր դառնալ։ Ծնողները շատ էին աշխատել՝ նրա ուսման վարձը վճարելու համար։ Ինքը դատարանում մնում էր մինչև ուշ երեկո։ Ռուսաստանից մեկնելիս նրան դուր էին գալիս իր աշխատանքն ու այն կյանքը, որ հասցրել էր դասավորել։


Սուսաննան ծնվել է 1996 թվականի հուլիսի 11-ին՝ Ուֆայում։ Ընտանիքը վարձով մեկսենյականոց բնակարանում էր ապրում։ Հայրը շինարար էր, աշխատում էր առավոտից մինչև գիշեր։ Մայրը հացի փռում գիշերային հերթափոխով էր աշխատում, ցերեկը քնում էր։


Սուսաննան հիշում է՝ շատ հարմարավետ բնակարան էր։ Խաղալիքներ քիչ ուներ. տոներին էին նվիրում։ Մեծանում էր ավագ քրոջ ու եղբոր հետ։ Եղբայրը մեկ տարով ու երեք ամսով մեծ է նրանից, բայց նրանց հաճախ երկվորյակների տեղ էին դնում։ Մայրը երկուսին էլ նույն դասարան էր ուղարկել, որ իրար օգնեն։ Մինչև իններորդ դասարան միասին սովորեցին։


Դպրոցից հետո ճաշում էին, դասերը պատրաստում, հետո ամեն մեկն իր մարզմանն էր գնում։ Երկրորդ կամ երրորդ դասարանից Սուսաննան արդեն ինքն էր հավաքում իրերն ու ոտքով գնում պարապմունքի։ Մեքենա չունեին, տանել-բերող չկար։ Մրցումների մեկնելիս երեխաների հետևից ավտոբուս էր գալիս։ Նրանց հետ մարզիչն էր գնում։


Աշնանից մինչև գարուն նրանց տանն ապրում էր հոր մայրը։ Տաք ամիսներին գնում էր Հայաստան՝ իր տուն։ Վաղ էր այրիացել՝ դեռ կրտսեր երեխայի ծնվելուց առաջ։ Շատ երեխաներ ուներ։ Սուսաննան հիշում է, թե ինչպես էր հայրը տատին գրկած տանում, օգնում լողանալ։ Ինքն էլ եղբոր ու քրոջ հետ օգնում էր հորը։


Երբ մայրը հերթափոխից հետո քնում էր, տատն էր Սուսաննայի ծամը հյուսում։ Դպրոցից հետո սեղան էր գցում։ Շատ մտերիմ էին։


Ներսիկ քեռու տանն էլ Սուսաննայի համար սենյակ կար։ Գիշերում էր այնտեղ, քեռու երեխաներն էլ իրենց տուն էին գալիս։ Կարող էին մնալ երկու տանն էլ՝ որտեղ հարմար էր։ Միասին էին մեծանում, միասին նշում տոները։


Ծննդյան օրը հրավիրելու կարիք չկար։ Հարազատներն իրենք էին գալիս՝ երեսուն-քառասուն հոգով։ Տանտերերը սեղան էին գցում կամ սուրճ հյուրասիրում՝ ինչպես ստացվեր։ Սուսաննան հիշում է՝ իր դստեր ծննդյան օրն ընկերներն ու հարազատները նույնիսկ գիշերով էին գալիս։


Տանը հայերեն էին խոսում։ Հայրը Թալինից էր, մայրը՝ Հոկտեմբերյանից։ Մոր նախնիների մեջ սասունցիներ կային։ Սուսաննան ու եղբայրը մանկապարտեզ չէին գնացել։ Խաղում էին զարմիկների, զարմուհիների ու բակի հայ երեխաների հետ։ Առաջին դասարան գնալիս ռուսերենը դեռ լավ չգիտեին։


Դպրոցն ավարտեց երկու չորսով, մնացած բոլոր գնահատականները հինգ էին։ Տնօրեն Զեմֆիրա Գարիպովան աջակցում էր նրան, ուսուցիչներն օգնում էին համատեղել ուսումն ու մարզումները։ Դպրոցական տոներին պարում էր, տարբեր համարներով ելույթ ունենում։ Իններորդ դասարանում քննություններին պատրաստվելիս տնային առաջադրանքները հաճախ հենց դպրոցում էր անում։ Տուն մտնել չէր հասցնում. չորսժամյա մարզում ուներ։ Եվ այդպես՝ շաբաթը հինգ օր։


Երկուսուկես տարեկան էր, երբ մայրը նրան տարավ «Գարմոնիա» գեղարվեստական մարմնամարզության դպրոց։ Ավագ քույրը հրաժարվել էր պարապելուց։ Սուսաննային սկզբում դուր եկավ։ Հետո լաց էր լինում, չէր ուզում գնալ, բայց մայրը պնդում էր։ Առաջին տարիներից հիշում է սև գորգը, բարձր առաստաղները, իրենից մեծ աղջիկներին՝ մեծ օղակներով։


Մրցումներից մեկում նրան փափուկ խաղալիք ու քաղցրավենիք նվիրեցին։ Տանը հայտարարեց, որ պրոֆեսիոնալ մարմնամարզուհի է դառնալու, «որ բոլորը սկսեն ինձ փափուկ խաղալիքներ բերել»։


Վերջերս մոր հետ հիշում էին այդ խոսքերը։ Սուսաննան արդեն իր դպրոցն էր բացել։ Դեռ չի մոռացել, թե որքան քիչ խաղալիք ուներ։


Դահլիճում ընկերուհիներ ուներ՝ Էլինան ու Քսյուշան։ Միասին մարզվում էին, հետո գնում զբոսնելու։ Երբ մոտ տասնչորս-տասնհինգ տարեկան էին, սկսեցին իրենք էլ շարժումներ առաջարկել ելույթների համար։ Մարզիչը նայում էր, մի մասը թողնում, մի մասը ստիպում էր փոխել։


Ամենից շատ Սուսաննան սիրում էր սև վեցմետրանոց ժապավենը։ Առաջին չեմպիոնական տիտղոսը նվաճեց ժապավենով։ Գուրզերն էլ էին դուր գալիս, թեև դժվար էր դրանցով աշխատել։ Ժապավենի մասին հիմա էլ քնքշանքով է խոսում։


Գնդակով մի տարր երկար ժամանակ չէր ստացվում։ Պետք էր ոտքով պահել գնդակը, կողաշրջում անել, հետո նետել ու ցատկից հետո բռնել։ Հիմա դա սովորեցնում է իր աղջիկներին։ Մեկն արդեն կարողացել է։ Կատարումը դեռ հղկված չէ, ճշտում է մարզիչը, աշխատել է պետք։ Հիշում է, թե ինքն ինչքան երկար չէր կարողանում կատարել այդ տարրը։


Իր գլխավոր հաղթանակների թվում Սուսաննան նշում է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը՝ 2011 թվականին Մոսկվայում, և աշխարհի չեմպիոնի երկու տիտղոսները՝ 2012-ին Մադրիդում ու 2014-ին Իզմիրում։ 2014 թվականին ստացել է սպորտի վարպետի կոչում։ Մրցումներում ներկայացնում էր «Գարմոնիան»։


Ասում է՝ այդ բոլոր տարիներին ընդամենը երկու անգամ է մարզում բաց թողել, երբ ծանր հիվանդ է եղել։ Կարևոր ելույթներից առաջ շուտ էր արթնանում։ Մտքում հնչում էր երաժշտությունը, կրկնվում էին ծրագրի տարրերը։ Նախավարժանքից հետո սպասում էր իր հերթին։ Գորգի վրա անում էր այն, ինչ հարյուրավոր անգամ կրկնել էր։


Դեռահաս տարիքում, քաղաքային մրցումներում հաղթելուց հետո, Սուսաննան մարզչին խնդրեց նաև հայկական դրոշը բարձրացնել։ Նրան բացատրեցին՝ ինքը ելույթ է ունենում այստեղ՝ Ռուսաստանում։


«Ո՛չ, իմ արմատները հայկական են, ես ուզում եմ հայկական դրոշն էլ բարձրացնել»։


Դրանից հետո այն բարձրացնում էին մյուս դրոշների հետ։


Տարրական դասարաններում վիրավորական խոսքեր լսելիս դեռ ինքն իրեն հարցնում էր՝ ինչո՞ւ ռուս չի ծնվել։ Եղբայրը նրան էր պաշտպանում, ինքը՝ եղբորը։ Ավելի ուշ ինքնուրույն սովորեց հայոց տառերը, հայերեն կարդալ ու գրել։ Հարազատներին հարցուփորձ էր անում Հայաստանի, եկեղեցիների մասին, պատմություն կարդում։


Համալսարանում աշխատանք գրեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության ապացույցների մասին։ Զեկուցելիս մի քանի անգամ չկարողացավ զսպել արցունքները։ Լսողներն էլ էին լաց լինում։ Խստապահանջ դասախոս Տիմոնինը, որի դասերին Սուսաննան մինչ այդ հիմնականում լուռ լսում էր, ասաց.


«Ներսիսյա՛ն, պարզվում է՝ դու այսքան գեղեցիկ խոսել գիտես»։


Նրան տպավորելը հեշտ չէր։ Սուսաննան այդ խոսքերը չի մոռացել։


Բաշկիրիայի պետական համալսարանի իրավունքի ինստիտուտ ընդունվեց 2014 թվականին։ Հոր եղբայրների թվում կային դատավոր, փաստաբան, դատախազ ու ոստիկան։ Մանկուց նրանց մասնագիտությունները դուր էին գալիս. ինքն էլ էր ուզում իրավաբանությամբ զբաղվել։ Հայրն ասում էր՝ դժվար է լինելու, բայց հետ չէր պահում։ Մայրը սատարում էր։ Երկուսն էլ աշխատում էին դստեր ուսման վարձը վճարելու համար։


Ընդունվելիս Սուսաննան դեռ մրցումների էր մասնակցում։ Մարզական կարիերան ավարտեց 2015-ին՝ ամուսնանալուց հետո, երբ երեխայի էր սպասում։ Հետագայում օգնում էր իր մարզչին, պարապում երեխաների հետ։ Սովորում էր երեկոյան, երբեմն՝ գիշերը, մարզումների ու մյուս գործերի արանքում։


2019-ին ստացավ իրավագիտության բակալավրի դիպլոմ։ Ամենից շատ նրան հետաքրքրում էր քաղաքացիական իրավունքը։ Մինչև համալսարանն ավարտելը պրակտիկա անցավ Ուֆայի Դյոմսկի շրջանային դատարանում ու մնաց այնտեղ՝ որպես դատական նիստերի քարտուղար։ Մոտ մեկ տարի անց դարձավ դատավորի օգնական։


Քարտուղար աշխատելիս արձանագրում էր նիստերի ընթացքը, զբաղվում ծանուցագրերով ու արձանագրություններով։ Օգնական դառնալուց հետո ուսումնասիրում էր գործերի նյութերը, ապացույցներն ու օրենսդրությունը, վճիռների նախագծեր գրում։ Վճիռը կայացնում էր դատավորը։ Սուսաննան պատրաստում էր հիմնավորումն ու նախագծի տեքստը։


Մի գործի քննությունը գրեթե մեկ տարի ձգվեց։ Դատավորը նրան հանձնարարել էր հատկապես ուշադիր հետևել դատավարությանը. վճռի նախագիծը Սուսաննան ինքնուրույն պիտի պատրաստեր։ Պետք էր համադրել բազմաթիվ ցուցմունքներ ու հանգամանքներ։ Անհանգստանում էր, բայց նախագիծը պատրաստեց։ Այդ ժամանակ զգաց՝ իրեն արդեն լուրջ գործեր են վստահում։


Աշխատանքային օրը պետք է ավարտվեր հինգի կողմերը։ Սուսաննան հաճախ դուրս էր գալիս երեկոյան տասնմեկին։ Գործընկերները կատակում էին, թե Ներսիսյանը դատարանում է ապրում։ Համերաշխ աշխատակազմ էր։ Այդ տարիները ջերմությամբ է հիշում, թեև իր համար գրեթե ժամանակ չէր մնում։


Մի անգամ վարկերի ու միկրովարկերի գործերով տասնյակ միանման հեռակա վճիռների նախագծեր էին կուտակվել։ Ամեն մեկի համար պետք էր ստուգել գործի նյութերը, լրացնել տվյալները, ձևակերպել տեքստը։ Կիրակի օրը ընտանիքը պատրաստվում էր հանգստանալ։ Սուսաննան գնաց դատարան։ Գրեթե ամբողջ օրն այնտեղ անցկացրեց ու բոլոր փաստաթղթերը պատրաստեց։ Երկուշաբթի կիսատ գործ չէր մնացել։


Դատավորը զարմացավ։ Սուսաննան չէր սիրում գործերը հետաձգել ու թողնել, որ կուտակվեն։ 2023 թվականի հունիսին, երբ հեռանում էր աշխատանքից, դատավորն ասաց.


«Չգիտեմ՝ էլ կգտնե՞մ քեզ պես պատասխանատու մարդ»։


Մինչև հիմա շփվում են։ Սուսաննան կապ է պահում նաև մյուս նախկին գործընկերների հետ։


Դատարանում սովորեց նախ լսել։ Նոր փաստաթուղթ էր հայտնվում, մյուս կողմն էր սկսում խոսել, ու գործը, որ պարզ էր թվում, այլ կերպ էր երևում։ Առօրյայում էլ մարդկանց մասին ավելի զգույշ էր դատում։


Տարեց այցելուներին բացատրում էր՝ ուր գնալ, հետո ինչ անել։ Գործի էությունը չէր քննարկում, օգնում էր հասկանալ քայլերի հերթականությունը։ Ուզում էր, որ մարդն իրեն անօգնական չզգա։ Մանկուց տանը տեսել էր, թե ինչպես էր հայրը խնամում տատին։


Ուզում էր շարունակել ուսումը, քննություններին պատրաստվել, դատավոր դառնալ։ Ուֆայում կողքին ծնողներն էին, եղբայրը, քույրը, ընկերները։ Երկու երեխաներն էլ այնտեղ էին ծնվել։ Հեռանալ չէր ուզում։


Մեկնելու մասին առաջինն ամուսինը խոսեց։ Պատերազմական ծանր լուրերից հետո վախենում էր ընտանիքի համար ու կարծում՝ սպասել չի կարելի։ 2023 թվականի աշնանը եկան Լոս Անջելես։ Առաջին շաբաթն ապրեցին սկեսրոջ զարմուհու տանը։ Հետո իրենց կյանքն ինքնուրույն էին դասավորում։


Սուսաննային Լոս Անջելեսը դուր չեկավ։ Տուն էր ուզում վերադառնալ։ Մեքենա չունեին, փողը չէր հերիքում այն բաներին, որոնց սովոր էին։ Պետք էր լեզուն սովորել ու հասկանալ՝ ինչպես ապրել այստեղ։ Դեռ մտադիր էր վերադառնալ իրավաբանությանը։


Քոլեջում մի կին ասաց, որ Սուսաննայի դեմքը ծանոթ է թվում։ Ազգանունը լսեց ու ճանաչեց նրան։ Սկսեցին մարմնամարզությունից խոսել։


«Ուզում եմ աղջկաս քեզ մոտ բերել»։


Սուսաննան պատասխանեց, որ ոչ մի տեղ չի դասավանդում, դահլիճ էլ չունի։


«Ափսոս։ Այստեղ լավ մարզիչների մեծ պակաս կա։ Դու կարող էիր հաջողել»։


Տանը երկար մտածում էր այդ խոսակցության մասին։ Հետո կապվեց պարային ստուդիայի հետ, պայմանավորվեց դահլիճը վարձելու մասին, հայտարարություններ տեղադրեց ռուսալեզու ու հայալեզու խմբերում։


Առաջին սանուհու մայրը փորձնական պարապմունքից հետո ասաց՝ գտել է այն, ինչ փնտրում էր։ Նրան դուր էին եկել կարգապահությունն ու տեխնիկային ներկայացվող պահանջները։ Ծնողները սկսեցին Սուսաննայի մասին պատմել ծանոթներին, ուրիշ երեխաների բերել։


Մոտավորապես 2024 թվականի հուլիսից մարզումներն արդեն անցկացնում էր մի տարածքում, որը կիսում էր բռնցքամարտի խմբակի հետ։ Բռնցքամարտիկներն իրենց ժամերն ունեին։ Մարմնամարզուհիներն ավելանում էին, ժամանակացույցում ազատ ժամ չէր մնում։ Մյուս մարզչի ժամերը Սուսաննան զբաղեցնել չէր կարող։


Պարապմունքներից ստացած գումարի մի մասը մի կողմ էր դնում։ Գնում էր մանկապարտեզներ, պարային, դերասանական ու թատերական ստուդիաներ, մարմնամարզության ու ձգումների դասեր տալիս, համարներ բեմադրում։ Դահլիճ բացելու գումարն ինքն էր կուտակել։ Ոչ ոք նրան դրա համար փող չէր տվել։


Տարածք գտնվեց գրեթե կողքին՝ նույն առևտրային համալիրում։ Ծնողները ստիպված չէին լինի փոխել իրենց սովորական ճանապարհը։ Առաստաղները բարձր էին. կարելի էր գնդակն ու օղակը վեր նետել։


Ամուսնու հետ վերանորոգեցին։ Հատակներն էին կարգի բերում, տարածքը վերափոխում, կահույք հավաքում։ Շատ բան ամուսինն իր ձեռքով արեց։ Սուսաննան օգնում էր, մտածում՝ ինչպես հարմարեցնել դահլիճը պարապմունքների համար։


2025 թվականի փետրվարին SuStudio-ն իր առանձին տարածքն ունեցավ։


Մտերիմները Սուսաննային մանկուց Սուս են ասում։ Այդ անունն էլ օգտագործեց դպրոցն անվանելիս։ Այստեղ կարող էր ժամանակացույցն ինքնուրույն կազմել։ Պարապմունքից հետո այլևս պետք չէր իրերը հավաքել ու ազատել դահլիճը։


Հիմա SuStudio-ում մոտ 100–120 երեխա է պարապում։ Հերթ կա։ Սուսաննայի հետ աշխատում են Քրիստինան ու Աբբին՝ ԱՄՆ-ում և Հայաստանում մարզական փորձ ունեցող մարզիչներ։ Շուրջ մեկ տարի մարզիչներ էր փնտրում։ Երբեմն օրական մի քանի թեկնածու էր գալիս։ Նայում էր՝ մարզիչը սխալը նկատո՞ւմ է, վարժությունն ինչպե՞ս է բացատրում, երեխայի հետ ինչպե՞ս է խոսում։ Չէր ուզում մարդ ընդունել միայն այն պատճառով, որ իրեն շտապ օգնող էր պետք։


Ինքն էլ լրացուցիչ վերապատրաստում է անցել USA Gymnastics-ի միջոցով։ Իրավաբանի փորձն այստեղ պետք եկավ։ Պայմանագրերը, ապահովագրության հարցերը, ծնողների համար նախատեսված փաստաթղթերն ուշադիր էր ուսումնասիրում, փորձում նախապես հասկանալ՝ ինչի շուրջ կարող է վեճ ծագել։


SuStudio-ում մարմնամարզությամբ զբաղվում են սիրողական մակարդակով։ Աղջիկները գալիս են շաբաթը երկու անգամ՝ մոտ մեկ ժամ քառասունհինգ րոպեով։ Դպրոց են գնում, ուրիշ պարապմունքներ էլ ունեն։ Սուսաննան չի պահանջում, որ ամեն մեկը չեմպիոն դառնա։ Պահանջում է ճիշտ տեխնիկա. երեխան պիտի կարողանա կառավարել իր մարմինը, մտապահել ու կատարել ծրագիրը։ Իր պարապմունքներին լուրջ է վերաբերվում՝ անկախ նրանից, թե սանուհին հետո ինչով կզբաղվի։ Դպրոցի մասին վստահ է խոսում, կեղծ համեստություն չի սիրում։


Փորձնական պարապմունքին հետևում է աղջկա շարժումներին, նայում՝ ինչպես է լսում բացատրությունը։ Հետո ծնողներին խնդրում է մոտ տասը րոպե մնալ։ Խոսում են ծանրաբեռնվածության ու կանոնների մասին։ Խիստ է. կարող է ձայնը բարձրացնել, ստիպել մի քանի անգամ նորից անել վարժությունը։ Լավ է, որ ծնողներն այդ մասին հենց սկզբից իմանան։


Եթե աղջիկը վախենում է դահլիճ մտնել, Սուսաննան կարող է նրան գիրկն առնել ու հետը մի քիչ շրջել։ Նայում են՝ ինչպես են մյուսները պարապում։ Փոքրիկից դեռ ոչինչ չեն պահանջում։ Մի քանի րոպե անց ինքն է ուզում միանալ երեխաներին։


Երեք-չորս տարեկանում դեռ պետք է սովորել մարզչին լսել ու հերթի սպասել։ Մի անգամ փոքրիկները պարապմունքին հերթով գլուխկոնծի էին տալիս։ Մյուսները ծափ էին տալիս ամեն փորձից հետո, նույնիսկ երբ չէր ստացվում։ Աղջիկը նորից էր փորձում։ Ծնողներից մեկը դուռը մի քիչ բացեց ու տեսավ դա։ Սուսաննան չգիտեր, որ պարապմունքին հետևում են։


Ուրիշի անհաջողության վրա ծիծաղել չի թույլ տալիս։ Պահանջում է, որ իրար օգնեն։ Երեխաներին տարբեր կերպ պետք է բացատրել. մեկի հետ հանգիստ խոսել, մյուսին վարժությունը մի քանի անգամ ցույց տալ։ Երբ սանուհին ասում է, որ չի կարողանա, Սուսաննան պատասխանում է.


«Իսկ ես հավատում եմ քեզ»։


Ու նորից են փորձում։


Եթե երեխան անկեղծ ասի, որ այլևս ուժ չունի, թույլ կտա հանգստանալ, ջուր խմել։ Սանուհիներից անկեղծություն է սպասում. պետք է իմանա՝ աղջիկը հոգնե՞լ է, թե՞ նեղվել ու պարզապես ուզում է թողնել վարժությունը։


Նույն հրահանգը կարող են կրկնել ռուսերեն, հայերեն, անգլերեն։ Երեխաներն աստիճանաբար սկսում են հասկանալ նաև այն բառերը, որոնք առաջ չգիտեին։ Սուսաննան ուրախ է, որ դահլիճում իրենց տան լեզուն են լսում։ Անգլերեն դպրոցում էլ են շատ լսում, դպրոցից դուրս էլ։


Խմբային համարների երաժշտությունն ինքն է ընտրում։ Լսում է մի ստեղծագործություն ու արդեն պատկերացնում՝ աղջիկներն ուր կկանգնեն, ինչպես կսկսեն շարժվել։ Փորձում է խմբի հետ, փոխում այն, ինչ այդ երեխաներին հարմար չէ։


Մի սանուհին մի քանի ամսում պատրաստ է ելույթի, մյուսին շատ ավելի ժամանակ է պետք։ Ծնողներին ստիպված է բացատրել՝ ինչու։ Աղջկան բեմ չի հանի միայն այն պատճառով, որ ծնողներն ուզում են շուտ տեսնել նրան գեղեցիկ բեմական զգեստով։ Երեխան պետք է պատրաստ լինի։


Բեմ դուրս գալուց անմիջապես առաջ Սուսաննան այլևս դիտողություն չի անում։ Ասում է. «Հիմա այս մի քանի րոպեն քոնն է»։ Եվ նաև. «Պարի՛ր այնպես, ինչպես զգում ես այս երաժշտությունը»։


Երբեմն տասներկու-տասներեք տարեկան աղջիկների ծնողները խնդրում են իրենց դստեր հետ խոսել այն հարցերի մասին, որոնք տանը քննարկել չեն կարողանում։ Սուսաննան հասկանում է՝ որքան են իրեն վստահում նման բան խնդրելիս։ Հոդվածի համար կոնկրետ դեպքեր պատմել չի համաձայնում։ Դա երեխաների ու նրանց ընտանիքների անձնական կյանքն է։


Պարապմունքներից դուրս շատ է ծիծաղում։ Նրան միայն դահլիճից ճանաչողները զարմանում են։ Նրա չորս մտերիմ ընկերուհիները ժամանակին իրենց դուստրերին էին նրա մոտ բերում։ Երեխաներն ուրիշ զբաղմունքներ ընտրեցին, կանայք շարունակեցին շփվել։ Հիմա միասին գնում են հանգստանալու, տոներին հավաքվում։


Սուսաննան կարող է ամբողջ օրը պատասխանել ծնողներին, ժամանակացույց կազմել, ստուդիայի գործերը կարգավորել, հետո սենյակ մտնել ու մոռանալ՝ ինչու մտավ։ Ինքն իր վրա էլ է հաճույքով ծիծաղում։ Ռուսական ու հայկական երաժշտություն է լսում, Եսենին է կարդում։ Հանգստյան օրերին փորձում է երեխաների հետ լինել։ Հաճախ այդ օրերին էլ դպրոցի համար մի բան է գնում կամ աշխատում։


Երբ հոգնածությունն արդեն երևում է, մտերիմներն առաջարկում են մեկնել Փալմ Սփրինգս։ Սուսաննան դեռ վստահեցնում է՝ ամեն ինչ լավ է, միայն մի գործ պետք է ավարտի։ Երբեմն ընկերուհիների հետ հանդիպումն էլ է բավական։ Այդ զրույցներն անվանում է «ծիծաղ-խնդում»։ Կարելի է ուզածի չափ զրուցել, կուշտ ծիծաղել ու հանգստանալ։


Ընթրիքի համար տանը սպասում են ամուսնուն։ Ծնողների տանն էլ էր այդպես. Սուսաննան ու հայրը մյուսներից ուշ էին գալիս, բոլորը սպասում էին նրանց։ Նախաճաշել ու ճաշել կարելի է՝ ով երբ հասցնի։ Երեկոյան միասին են սեղան նստում։


Երեխաները զանգում են տատիկներին ու պապիկներին, տոներին շնորհավորում, հարցնում՝ ինչպես են։ Եթե ծանոթներից կամ հարազատներից մեկը կարող է հյուրասիրություն փոխանցել, ընտրում են՝ ինչ ուղարկել։ Հիշում են՝ ով սուրճ է սիրում, ով՝ շոկոլադ։ Սուսաննան ուրախ է, որ կարողացել է երեխաներին դա սովորեցնել։


Ուզում է նրանց Հայաստան տանել ու այնտեղ մկրտել։ Երեխաները ծնվել են Ուֆայում, մոր մանկության վայրերն արդեն տեսել են։ Այդ բոլոր վայրերից Սուսաննայի համար առաջվա պես ամենաթանկը ծնողների տունն է։


Երբ հարցնում են՝ ում է երախտապարտ, ասում է՝ այսօր ուզում է ինքն իրեն շնորհակալություն հայտնել։ Մոր, հոր ու ամուսնու մասին արդեն շատ է պատմել։ Նրանց օգնությունը հիշում է։ Հիշում է նաև, թե ինչպես էր դժվար օրերին աշխատում ու գումար կուտակում, ինչպես վճռեց դահլիճ բացել։


«Ապրե՛ս։ Դու դա արեցիր»։


Հիմա Գլենդելում պատրաստվում է բացել երկրորդ ստուդիան։ Կուզեր էլի դպրոցներ բացել, բայց պարապմունքների որակը պետք է պահել։ Անձնական կյանքում փոփոխություններ չի փնտրում։ Ասում է՝ ամեն ինչից գոհ է։ Սանուհիների, մարզիչների ու նոր ստուդիայի գործերն էլ բավական են։


Ամերիկա էր բերել մարմնամարզական իր հին տրիկոն, որով ժամանակին ինքն էր ելույթ ունենում։ Համերգներից մեկում նրա սանուհիներից մեկն այն հագել էր օղակով ելույթի համար։ Սուսաննան նայում էր աղջկան ու, իր խոսքով, մի պահ տեսավ շատ տարիներ առաջվա իրեն։


Նա կանգնած էր բեմի մյուս կողմում։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page