Էլվիս Մադաթյանը, ում նկարը Աբովյանի դպրոցի պատին էին կախել երկու անգամ. սկզբում՝ որպես վատ սովորող, հետո՝ որպես բարերար
13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2026, ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ, ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, YEREVAN ONLINE Mag.-ի ԱՄՆ ԹՂԹԱԿԻՑ

Էլվիս Մադաթյանը
Էլվիս Մադաթյանին Աբովյանի երկրորդ դպրոցում ավարտական վկայական չտվեցին։ Տասներորդ դասարանում ինքն ու մի ընկերը մնացել էին առանց այդ թղթի։
Հետո նրա լուսանկարը հայտնվեց դպրոցի պատին։ Ուսուցիչներն այն ցույց էին տալիս երեխաներին՝ զգուշացնելով, որ նրա նման չմնան առանց վկայականի։
Հարցնում եմ՝ դա ցավո՞տ էր իր համար։
- Նեղվում ես, բայց տենց չէ։
Առաջին լուսանկարում՝ Էլվիսն ուսուցչուհու հետ Աբովյանի 2-րդ դպրոցում; երկրորդ լուսանկարում՝ Էլվիսը (ձախից երկրորդը) եղբոր՝ Էդմոնդի, և ծնողների հետ; երրորդ լուսանկարում՝ Էլվիսը և եղբայրները՝ Էդմոնդը և Էդվարդը:
Սովորող չէր, ասում է։ Արհեստն էր սիրում։
Տարիներ անց նույն դպրոցում նորից կախել էին նրա լուսանկարը։ Այս անգամ՝ որպես բարերարի։ Հայաստանի տարբեր բնակավայրերից արդեն հասնում էին նրա օգնության լուրերը։ Ուսուցիչները երեխաներին պատմում էին, թե ինչ է անում իրենց նախկին աշակերտը։
Էլվիսն ավտոմեքենաներ էր նորոգում։ Ծռված մետաղը պիտի ուղղեր, վնասված թափքը վերականգներ, մեքենան սարքված դուրս տար։
«Սովորել չէի սիրում, բայց այս գործը սիրում էի»։
Գլենդելում նրա GAD Auto Body արհեստանոցը Սան Ֆերնանդո ճանապարհին է։ Այնտեղ նորոգում են նաև բարձրակարգ մեքենաներ՝ արտադրողի տեխնիկական պահանջներով։ Հայաստանում սովորած գործն Ամերիկա է բերել ու դրանով պահել ընտանիքը։
Ֆրանսիայից եկած մի մարդ փնտրել էր Էլվիսին, գտել մեքենայի վրա աշխատելիս ու չէր հավատացել, որ հենց ինքն է։ Բարերարի մասին լսել էր։
- Այդ համեստությունը որտեղի՞ց է քո մեջ։
- Համեստությունը գալիս է ծնողներից։
Հայրը կոշկակար էր, մայրը չէր աշխատում։ Երեք որդի ունեին․ Էլվիսը մեծն էր։
«Մի գնա»՝ ասում էին հորը Իրանում։ Եղբայրն ու քույրերն այնտեղ էին։ Ինքը որոշել էր ընտանիքը հայրենիք բերել։ Հետո մյուս հարազատներն էլ էին տեղափոխվել։
Հետաքրքրվում եմ՝ ինչու էին ծնողները որոշել գալ։ Փոքր էր, ասում է, որոշումն իրենցն էր։
- Չե՞ս հարցրել հետո։
Հարցրել է։ Հայրը շատ հայրենասեր մարդ էր։
Էլվիսը ծնվել է Իրանում, բայց առաջին հիշողությունները Հայաստանից են։ Առաջին դասարանից Աբովյանում էր սովորում։ Հիշում է ընկերներին, դպրոցը, իր չարությունները, հոր արհեստը։ Մանկության մասին խոսելիս մի քանի անգամ կրկնում է՝ լավ է եղել։
Առաջին լուսանկարում՝ Էլվիսն ու դպրոցական ընկերները; երկրորդ լուսանկարում՝ եղբայրների և բարեկամների հետ Սարդարապատում:
Սպորտով էր զբաղվում, ասում է։ Ճշտում եմ մարզաձևը՝ մարմնամարզություն։
Վանաձորի մասին եմ հարցնում։ Ինձ թվում էր՝ այդ քաղաքի հետ կապված անձնական հիշողություններ ունի։ Պարզվում է՝ այնտեղ չի ապրել։ Օգնել է։
- Բայց չե՞ս ապրել երբեք։
- Չէ, Վանաձոր երբեք չեմ ապրել։
Գյումրիում էլ չի մեծացել։ Քաղաքի մասին խոսելիս հաճախ հին անունն է գործածում՝ Լենինական։
Դպրոցից հետո ծառայել է խորհրդային բանակում։ Ավտոնորոգում սովորում էր դեռ ծառայությունից առաջ և վերադառնալուց հետո շարունակել էր։ Աշխատել է նաև Մոսկվայում ու Քանաքեռում։
Հարցնում եմ Ամերիկայում հանդիպած մեքենաների մասին։ «Ժիգուլիներից» ու «Վոլգաներից» հետո այստեղ ուրիշ գործ պիտի լիներ։ Էլվիսն ուղղում է ինձ․ Հայաստանում էլ էր արտասահմանյան մեքենաներ նորոգել։ Պատմում է դրանցից մեկի մասին։
Շուռ եկած մեքենան բերել էին նորոգման։ Պահեստամասերը պատրաստ էին։ Նա նայել էր ու ասել՝ միայն մեկ դուռ պիտի փոխի, մնացածը կսարքի։ Այնտեղ էր նաև Շավարշ Կարապետյանը։ Երիտասարդ վարպետի վստահությունը զարմացրել էր ներկաներին։
Երբ եկել էին մեքենան տանելու, մյուս պահեստամասերը մնացել էին չօգտագործված։ Շավարշը ցանկացել էր իր մեքենան էլ բերել։ Էլվիսը չէր հասցնելու։ Պատրաստվում էր Ամերիկա մեկնել։
Եկել է 1986 թվականին, քսանչորս տարեկանում։ Այս տեղափոխությունն էլ, ասում է, ծնողներն էին ուզում։
Հարցնում եմ՝ Հայաստանից գնալիս մտածե՞լ էր, որ գուցե այլևս չկարողանա վերադառնալ։
Այդպիսի միտք չէր ունեցել։

Հիշեցնում եմ՝ դեռ խորհրդային տարիներն էին։ Եթե Խորհրդային Միությունը մնար, ինչպե՞ս էր Հայաստան գնալու։ Կարծում էր՝ որպես զբոսաշրջիկ կգար։
Ամուսնացած էր արդեն։ Երեք երեխաներից երկուսը ծնվել են մինչև տեղափոխվելը, երրորդը՝ այստեղ։
- Քանի՞ թոռ։
- Վեց։
Շուտ ամուսնանալու առավելությունն էլ այդպես է բացատրում՝ հասցնում ես շատ թոռներ ունենալ։
Ամերիկայի առաջին տարիներից հիշում է էժան բենզինն ու հայերի փոխադարձ օգնությունը։ Մարդիկ ավելի հանգիստ էին, ասում է, իրար հարգում էին, նորեկին ձեռք էին մեկնում։ Սկսել էր աշխատել։ Մեկ տարի անց իր գործն էր բացել։

- Ո՞ր պահին հասկացար, որ ուզում ես բարեգործություն անել։
Ասում է՝ Հայաստանում էլ էր օգնում։ Ամերիկայում արդեն ավելի լավ էր վաստակում։ Այստեղ հանդիպում էր նորեկ ընտանիքների, որոնք հարազատ չունեին, օգնող չունեին։ Իր վաստակից նրանց էլ էր բաժին հանում։
Հայաստանում արածի մասին մի քանի անգամ եմ հարցնում։ Խնդրում եմ գլխավոր գործերը հիշել։
«Բարեգործությանս մասին էնքան պատմել են, ամաչում եմ, գիտես, որ ասեմ»։
Մարդիկ կմտածեն՝ իրեն է գովում։ Շատ հարցազրույցների հրավերներ այդ պատճառով չի ընդունում։ Իմ հրավերը չի մերժել։
Նորից եմ խնդրում պատմել։ Ուզում եմ, որ իր արածն ուրիշների համար օրինակ լինի։
Տարիներով օգնել է Հայաստանում, Արցախում ու Ամերիկայում։ Պատմելիս մի քաղաքից անցնում է մյուսը, մի անունից՝ հաջորդին։ Երբեմն անունը չի հիշում։
Նույն մարդուն մի քանի անգամ օգնելուց հետո երբեմն այլևս չէր կարողանում շարունակել։ Այդ ժամանակ կարող էին գրել՝ քեզնից չէինք սպասում։
Ճշտում եմ՝ Facebook-ո՞վ էին գրում։ Անձնական նամակներով, բացատրում է։ Ուրիշ ընտանիք էլ կա վատ վիճակում, ուրիշ հիվանդ էլ օգնության է սպասում։ Ամբողջ Հայաստանին անձամբ օգնել չի կարող։
Հարցնում եմ հիասթափության մասին։
- Իհարկե, արդեն հիասթափվում ես։

Հետաքրքրվում եմ՝ երբևէ մտածե՞լ է իր շուրջը մարդկանց հավաքելու, հիմնադրամ ստեղծելու մասին։ Մարդկանցից փող չի ուզել, ասում է։ Հիմնականում սեփական ուժերով է արել։
Հայաստանում իրեն հրավիրել էին արվեստանոցներ։ Դիմավորել էին մեծ խոսքերով, ցույց տվել նկարները, ասել՝ որն ինչքան արժե։ Ոչ ոք չէր առաջարկել թեկուզ մի փոքր նկար նվիրել։
Նկարի կարիքը չուներ, ասում է։ Հրավիրված մարդուն կարող էին մի անգամ էլ նվեր տալ։
«Հետադարձ չենք ուզում, հարգանք ենք ուզում, վերաբերմունք»։
Հարցնում եմ՝ իր գաղափարների մեջ մենակություն զգո՞ւմ է։
- Իհարկե։
Կուզեր՝ մարդիկ հավաքվեին ու միասին աշխատանքի հնարավորություն ստեղծեին Հայաստանում։
Մեծ ծրագրերը վերջին տարիներին կանգ են առել, ասում է։ Դժվարություններ կան։ Իր չիրականացած մտահղացումներից մեկն էլ Հայաստանում գործարան հիմնելն էր։ Մարդիկ աշխատեին, լավ վարձատրվեին, հարկերը վճարվեին։ Իր համար եկամուտ չէր ուզում։
«Մարդկանց լավ վարձատրեինք, հարկերը տայինք, թող ժողովուրդը աշխատեին։ Ես ոչ մի փող չէի ուզում»։
Ճշտում եմ՝ ի՞նչ արտադրություն։ Պատմում է ավտոմեքենաների մասին։ Խոսել էր ինժեների հետ։ Մտածում էին անհրաժեշտ հանգույցներն արտերկրից բերելու ու Հայաստանում մեքենա ստեղծելու մասին։ Ինժեները պիտի մեքենան նախագծեր։ Ծրագիրը չէր իրականացել։
Հարցնում եմ՝ այդ գործարանը Հայաստանի տնտեսության համար ինչ կնշանակեր։ Էլվիսը հիշեցնում է՝ միայն մեկ գործարանով տնտեսություն չես բարձրացնի։
Եկամտից բացի, ինձ հետաքրքրում է, թե մեքենա արտադրելը ինչպես կփոխեր մարդկանց պատկերացումն իրենց հնարավորությունների մասին։
Ավտոմեքենաներն իր իմացած գործն են։ Ուզում էր Հայաստանում մարդիկ մասնագիտություն ունենային, վաստակեին ու իրենց աշխատավարձով ընտանիք պահեին։
Արցախի մասին ենք խոսում։ Պատերազմի տարիներից օգնել է այնտեղ։ Հարցնում եմ՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ ինչ էր զգում։
Հաղթանակ էր զգում, ասում է։ Հակառակը ստացվեց։
- Հավատո՞ւմ էիր, հա, էդ հաղթանակին։
- Ես հավատում էի, այո՛։
Լացել է, ասում է։ Ծախսած փողի համար չէր ցավում։ Օգնել էր, որ մարդիկ ոտքի կանգնեին։ Տարիներով մասնակցել էր նրանց կյանքին։
«Հող ես կորցնում՝ սաղ ազգդ ա ցավում»։
Հետո ինքն էլ ինձ է հարց տալիս։
- Ինչի՞ տենց եղավ։
Ես հարցը վերադարձնում եմ նրան։
- Մեր սխալը որտե՞ղ է։
Պատասխանում է՝ մեկը մյուսին չի զիջում։ Ուզում է, որ մարդիկ կարողանան միասին աշխատել, ճանաչեն մեկի կարողությունը, մյուսին ճանապարհ տան։ Ամեն մեկն իր գործն անի։ Հայաստանի մասին խոսելիս հաճախ է դրան վերադառնում։
Ընտանիքն այստեղ է, հրաշալի զավակներ ունի: Ընտանիքի մասին խոսելիս էլ Հայաստանին է հասնում․ որդին իր ընկերների հետ օգնում է այնտեղ։

Անվան մասին եմ հարցնում։ Էլվիս Փրեսլիի պատվին ե՞ն անվանել։ Էլվիսը ծնվել է Իրանում, երբ Փրեսլին հայտնի էր։ Ընտանիքն այդ անունն էր ընտրել։ Հայաստանի դպրոցում Էլվիս անունը հազվադեպ էր։ Տարիներ անց Գյումրիի տարբեր ընտանիքներում այն ուրիշ պատճառով էին ճանաչում։ Այդ անունով մարդն օգնում էր։
Վերջում հարցնում եմ՝ հիմա ինչի մասին է երազում։
Ընտանիքի համար պահանջ չունի։ Երեխաները լավ են։ Ուզում է՝ Հայաստանում աղքատություն չլինի, մարդիկ աշխատանք ունենան։
«Հայրենիքին նայեմ, ամեն օր լուրը բացեմ, դրական լսեմ, դրական, դրական»։









































