«Մեկ ամիս անց պատերազմ է լինելու». ի՞նչ գիտեր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը 2020 թ. պատերազմից առաջ՝ ըստ գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի
27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2026

eadaily. com կայքում օրերս հրապարակվել է Յակով Պավլովի հոդված-հարցազրույցը՝ «Օրջոնիկիձեից ռուս հայը. գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի բացահայտումները» վերտառությամբ։ Լեգենդար գեներալի կյանքի ու գործունեության բազմաթիվ հետաքրքրական դրվագների շարքում տեղ է գտել նաև Նորատ Տեր-Գրիգորյանցի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ 44-օրյայից առաջ կայացած հանդիպման մասին դրվագը, որտեղ գեներալը նաև ցնցող բացահայտում է անում առ այն, որ Արմեն Սարգսյանին դեռ պատերազմից առաջ քաջ հայտնի են եղել մոտալուտ պատերազմի ու պատերազմով Արցախը հանձնելու մասին դավաճանական ծրագրեր (նախագահի խոսքերն ուղղակի-անուղղակի դրա վառ վկայությունն են)։
Մեջբերենք գեներալի խոսքի այդ հատվածը․
«Իմ աղբյուրներից տեղեկանում եմ, որ շատ շուտով պատերազմ է լինելու։ Հայաստանի անվտանգությունը քայքայվում է, Ռուսաստանի դեմ զանգվածային տեղեկատվական հարձակում է իրականացվում։ Տոմս եմ վերցնում և մեկնում Երևան։ Ժամանելուց հետո գնում եմ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ։ Նա ինձ ընդունում է։ Նույն աշխատասենյակում են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և օգնականը։
Նախագահի աշխատասենյակ մտնելուն պես ասում եմ, որ մեկ ամիս անց ռազմական գործողություններ են սկսվելու։ Առաջարկում եմ զանգահարել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։
Օգնականը զանգահարում է նախարարություն և հեռախոսը վերցրած գնդապետին ասում.
— Նախագահի կողքին է գտնվում գեներալ-լեյտենանտ Տեր-Գրիգորյանցը։ Հեռախոսը փոխանցում եմ նրան։
Ողջունում եմ և խնդրում կապել Տոնոյանի հետ, քանի որ իրավիճակն է դա պահանջում․ մենք պատերազմի շեմին ենք։
Գնդապետն ասում է.
— Այդ ի՞նչ եք ասում։ Հիմա կկապեմ։
Եվ հեռախոսը դնում է։
Եվ այդ պահին նախագահն ինձ ասում է.
— Նորատ Գրիգորի՛չ, իմանալով Ձեր հնարավորություններն ու փորձը՝ նրանք Ձեզ չեն ընդունի, որովհետև Դուք կխափանեք նրանց ծրագրերը։
Այդ պահին զանգ է ստացվում գնդապետից։ Նա ասում է.
— Նախարարը հարցնում է՝ գեներալն ինձնից ի՞նչ է ուզում։
Պատասխանում եմ.
— Գրանցեք երկու հարց։
1. Որո՞նք են պաշտպանության նախարարության և անձամբ նախարարի հնարավորությունները՝ Հայաստանի զինված ուժերի ծավալման, զորահավաքի պլանի մշակման և Հայաստանի ԶՈՒ-ն հակառակորդի ագրեսիան հետ մղելու համար լիակատար մարտական պատրաստության բերելու ուղղությամբ։
2. Որո՞նք են Գերագույն գլխավոր հրամանատարի (վարչապետի, քանի որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է- խմբ.) հնարավորությունները՝ ագրեսիայի դեպքում երկիրը խաղաղ ժամանակից ռազմական դրության անցնելու համար։
Որոշ ժամանակ անց գնդապետը կրկին զանգահարում է և ասում.
— Նախարարը վաղը Ձեզ ընդունել չի կարող, նա խորհրդակցություն ունի։
Պատասխանում եմ.
— Այդ տիպին փոխանցեք, որ մենք գործընկերներիս հետ ստեղծել ենք զինված ուժերը, պաշտպանել Արցախը, պահպանել երկիրը, իսկ նա նույնիսկ չի ցանկանում լսել իմ խորհուրդները։
Եվ անջատում եմ հեռախոսը։
Գիշերում եմ ընկերներիս տանը, իսկ առավոտյան Երևանից մեկնում եմ Մոսկվա։ Մեկ օր անց գալիս եմ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն։ Ինձ հրավիրում են հյուպատոսի մոտ, և ես նրան եմ հանձնում անձնագիրս՝ ասելով.
— Ես մտադիր չեմ մասնակիցը լինել հայկական պետության դավաճանությանը։
Շրջվում եմ ու հեռանում։ Իսկ որոշ ժամանակ անց SMS եմ ստանում.
«Դուք զրկված եք Հայաստանի քաղաքացիությունից»»։









































