top of page

Փաստաբան Քրիստինե Պարիկյանի հետ պատմում ենք ԱՄՆ-ում օրինական կարգավիճակի տարբեր ուղիների մասին

12 минут назад
8 мин. чтения

«Բա որ մենք իմանայինք»։ Այս խոսքերը Գլենդելում գործող Parikyan Law Firm-ի հիմնադիր Քրիստինե Պարիկյանը հաճախ է լսում իր հաճախորդներից։ Պարզվում է՝ մարդիկ երբեմն տարիներով անհանգստանում են իրենց ապագայի համար՝ նույնիսկ չկասկածելով, որ իրենց կրթությունը, աշխատանքը կամ անցած ճանապարհը կարող են օրինական կարգավիճակ ստանալու հիմք դառնալ։ Բայց ինչպե՞ս պարզել դա, քանի դեռ ուշ չէ։


27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2026, ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ, ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, YEREVAN ONLINE Mag.-ի ԱՄՆ ԹՂԹԱԿԻՑ; ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱԲՐԱՀԱՄ ԹՈՐՈՍՅԱՆԻ



Օգնականն արդեն վերցրել էր փաստաթղթերի փաթեթը։ Քրիստինե Պարիկյանը ևս մեկ անգամ վերանայել էր գործը և ասել՝ պատրաստ է, կարելի է ուղարկել։


Մեր հանդիպումից երկու րոպե առաջ կանչեց օգնականին։ - Չուղարկե՛ք։


Մի միտք դեռ հանգիստ չէր տալիս։ Ուզում էր ևս մեկ անգամ ստուգել իրավական հիմնավորումը և միայն դրանից հետո վերջնական որոշում կայացնել։


Մեկ ուրիշ իրավական փաստարկ էր գտել։ Հարցազրույցը սկսվեց, իսկ փաստաթղթերի փաթեթը մնաց կողքի սենյակում։ Այդ օրը այն դեռ պատրաստ չէր ուղարկվելու։


Քրիստինե Պարիկյանը ծնվել է Երևանում, որտեղ ստացել է իր առաջին բարձրագույն կրթությունը։ Համալսարանն ավարտելուց հետո նա տեղափոխվեց Բարսելոնա՝ այնտեղ շարունակելով իր կրթությունն ու մասնագիտական ճանապարհը։ Տարիների ընթացքում նրա կրթությունն ընդգրկել է երեք ոլորտ՝ բանասիրություն, իրավունք և բիզնես։ Այսօր նա երեք բարձրագույն կրթություն ունի և տիրապետում է հինգ լեզվի։


Բարսելոնայում ապրելու և աշխատելու փորձը, ինչպես նաև լեզուների իմացությունը հետագայում դարձան նրա փաստաբանական աշխատանքի կարևոր առանձնահատկություններից մեկը։ Ներգաղթի իրավունքում, որտեղ յուրաքանչյուր գործի հետևում մարդու անձնական պատմությունն է, այդ փորձը հաճախ օգնում է հասկանալ ոչ միայն փաստաթղթերը, այլև դրանց հետևում կանգնած մարդուն։


Իսպանիայում ձեռք բերած իրավական փորձը, կրթությունն ու լեզուների իմացությունը ներկայացնելով՝ Պարիկյանը դիմեց մի շարք իրավաբանական գրասենյակներ։ Աշխատանքի առաջարկներ ստացավ մի քանի տեղից և ընտրեց Լոս Անջելեսում ներգաղթի իրավունքի ոլորտում ճանաչված գրասենյակներից մեկը։ Հենց այնտեղ էլ սկսվեց նրա մասնագիտական ճանապարհի ամերիկյան փուլը։


Հաջորդ տարիները դարձան աշխատանքի, շարունակական կրթության և մասնագիտական կայացման շրջան։ Ներգաղթային գործերի հետ ամենօրյա աշխատանքին զուգահեռ Պարիկյանը շարունակեց անհրաժեշտ մասնագիտական կրթությունը, հանձնեց համապատասխան քննությունները և ստացավ Կալիֆոռնիայում փաստաբանական գործունեություն իրականացնելու իրավունք։


Տարիների ընթացքում ձևավորվեց նաև նրա մասնագիտական մոտեցումը՝ յուրաքանչյուր գործին նայել անհատապես, հասկանալ մարդու ամբողջական պատմությունը և միայն դրանից հետո գնահատել հնարավոր իրավական ճանապարհները։ Այդ փորձի բնական շարունակությունը դարձավ սեփական իրավաբանական գրասենյակի հիմնումը Գլենդելում։


Այսօր Պարիկյանի հաճախորդները տարբեր երկրներից և տարբեր մշակութային ու մասնագիտական միջավայրերից են։ Նրանց զգալի մասը հայերեն, ռուսերեն և իսպաներեն խոսող հաճախորդներ են, որոնց հետ նա հաղորդակցվում է անմիջականորեն՝ առանց լեզվական միջնորդության։


Քրիստինե Պարիկյանի՝ Parikyan Law Firm-ի թմի մի մասը
Քրիստինե Պարիկյանի՝ Parikyan Law Firm-ի թմի մի մասը

Նրա աշխատանքի մասին զրույցը արագ հասնում է հայերին։ Ավելի ճիշտ՝ այն պահին, երբ նոր եկած մարդուն շրջապատը բացատրում է, թե ինչ պիտի անի։


Նրա գրասենյակ դիմողներից շատերը գալիս են արդեն որոշակի պատկերացմամբ։ Մեկը որևէ տարբերակի մասին լսել է ընկերոջից, մյուսը՝ ծանոթի փորձից, երրորդը՝ համացանցից և կարծում է, որ նույն ճանապարհը կարող է համապատասխանել նաև իրեն։ Բայց ներգաղթի իրավունքում ուրիշի հաջողված պատմությունը դեռ չի նշանակում, որ նույն ճանապարհը ճիշտ է մեկ այլ մարդու համար։


Հետո փաստաբանը սկսում է հարցնել։ Որտե՞ղ է սովորել։ Ի՞նչ աշխատանք է արել։ ԱՄՆ-ում գործատու ունի՞։ Հայաստանում ընկերություն ունի՞։ Ո՞ր կարգավիճակով է մտել երկիր։ Ի՞նչ է ուզում՝ մի քանի տարի աշխատե՞լ, սովորե՞լ, բիզնե՞ս վարել, թե՞ վերջնականապես տեղափոխվել։


Պատասխաններից հետո երբեմն պարզվում է, որ քննարկելու բան կար։ Մարդը պարզապես դրա մասին չէր լսել։


- Բա որ մենք իմանայինք,- ասում են նրան։


Այս նախադասությունը Պարիկյանը հաճախ է լսում։ Այն չի նշանակում, որ յուրաքանչյուր մարդ անպայման ուներ գրին քարտ ստանալու պատրաստ ճանապարհ։ Այդպիսի խոստում ոչ ոք չի կարող ազնվորեն տալ։ Այն նշանակում է, որ որոշումը կայացվել էր մինչև տարբերակները ստուգելը։


Պարիկյանի համար հենց այստեղից էլ սկսվում է փաստաբանի աշխատանքը՝ տեսնել ոչ միայն այն տարբերակը, որի մասին մարդն արդեն լսել է, այլ ուսումնասիրել ամբողջ պատկերը և հասկանալ՝ օրենքն իրականում ինչ հնարավորություններ է տալիս տվյալ մարդու կոնկրետ հանգամանքներում։



Ապաստանի մասին շատերը լսել են, բայց ոչ միշտ են հստակ պատկերացնում, թե ում համար է նախատեսված այդ պաշտպանությունը։ Երբեմն, հիմնվելով ծանոթների փորձի կամ ոչ ամբողջական տեղեկատվության վրա, մարդիկ գալիս են արդեն համոզված, որ ապաստանն իրենց համապատասխան կամ նույնիսկ միակ ճանապարհն է։


Ապաստանը ԱՄՆ ներգաղթային օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոց է նրանց համար, որոնց անհատական հանգամանքները համապատասխանում են օրենքի պահանջներին։ Պարիկյանի մոտեցումն այստեղ ևս նույնն է՝ նախ հասկանալ մարդու պատմությունը, հետո գնահատել իրավական հիմքը։


Նրա փորձից՝ ապաստանի հնարավորությամբ հետաքրքրվող մարդկանցից համեմատաբար քչերի հանգամանքներն են ամբողջական գնահատումից հետո հիմք տալիս հենց այդ ճանապարհով շարունակելու։ Հաճախ բացվում է այլ իրավական ուղղություն, իսկ երբեմն պարզվում է, որ տվյալ պահին համապատասխան ներգաղթային հիմք չկա։


- Պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել կոնկրետ մարդու հետ։ Նույն երկրից լինելը կամ նման իրավիճակում գտնվելը դեռ չի նշանակում, որ իրավական հիմքերն ու հնարավորությունները նույնն են։


- Փաստաբանի աշխատանքը մարդուն ամեն գնով որևէ կատեգորիայի մեջ տեղավորելը չէ։ Ինձ համար կարևոր է հասկանալ ամբողջ պատկերը և ազնվորեն ասել՝ ինչն է հնարավոր, ինչը՝ ոչ, և ինչ ռիսկեր ու հետևանքներ կարող է ունենալ յուրաքանչյուր որոշում։


ԱՄՆ ներգաղթային համակարգում հնարավոր ճանապարհները բազմաթիվ են։ Մեկի դեպքում որոշիչ են կրթությունն ու մասնագիտական փորձը, մյուսի դեպքում՝ գործատուն, բիզնեսը, ներդրումը կամ մասնագիտական ձեռքբերումները։ Տարբեր են նաև կարգավիճակներն ու դրանց նպատակները։ Որոշ ոչ ներգաղթային կարգավիճակներ հնարավորություն են տալիս որոշակի ժամանակով սովորել, աշխատել, բիզնես վարել կամ բնակվել Միացյալ Նահանգներում։ Մյուս ճանապարհները նախատեսված են ներգաղթային նպատակով և կարող են տանել մշտական բնակության՝ գրին քարտի։


Այդ պատճառով, Պարիկյանի խոսքով, կարևոր է սկզբից հասկանալ ոչ միայն, թե մարդն ինչ հնարավորության է համապատասխանում, այլև՝ ինչ նպատակ ունի՝ ժամանակավորապես սովորել, աշխատել կամ բիզնես վարել ԱՄՆ-ում, թե կառուցել մշտական բնակության ճանապարհ։


Բարձրագույն կրթություն և մասնագիտությանը համապատասխան աշխատանք ունեցող մարդկանց համար կարող է քննարկվել H-1B աշխատանքային կարգավիճակը։ Այն պահանջում է գործատու և մասնագիտացված աշխատանք։ Գործերի մեծ մասը ենթակա է տարեկան քվոտայի ու նախնական ընտրության, ուստի այս տարբերակը կանխատեսելի չէ։


Հայաստանում գործող ընկերություն ունեցող գործարարի կամ ղեկավարի համար կարող է հետաքրքիր լինել L-1-ը։ Այն նախատեսված է փոխկապակցված արտասահմանյան և ամերիկյան կազմակերպությունների միջև որոշ ղեկավարների, մենեջերների կամ հատուկ գիտելիք ունեցող աշխատողների տեղափոխման համար։ Միայն ԱՄՆ-ում նոր ընկերություն գրանցելը բավարար չէ։ Պետք է լինի իրական կապ երկու կազմակերպությունների միջև, աշխատանքային պատմություն և գործող բիզնես ծրագիր։


O-1-ը նախատեսված է գիտության, կրթության, բիզնեսի, սպորտի, արվեստի կամ որոշ այլ ոլորտներում արտասովոր կարողություն կամ նշանակալի ձեռքբերում ցույց տվող մարդկանց համար։ Այն ժամանակավոր կարգավիճակ է։ «Տաղանդի վիզա» անունը երբեմն սխալ տպավորություն է ստեղծում, թե բավական է պարզապես լավ մասնագետ լինել։ Բավական չէ։ Պետք է ցույց տալ ճանաչումը և այն հաստատող անկախ ապացույցները։


Գործարարների համար կա նաև E-2 ներդրումային կարգավիճակը։ Հայաստանի քաղաքացիները կարող են այն քննարկել, քանի որ Հայաստանը համապատասխան պայմանագիր ունեցող երկրների շարքում է։ Օրենքը բոլոր բիզնեսների համար մեկ պարտադիր նվազագույն գումար չի սահմանում։ Ներդրումը պետք է էական լինի հենց ընտրված ձեռնարկության համար, գումարը՝ իրական ռիսկի տակ, իսկ բիզնեսը՝ գործող կամ գործարկման պատրաստ։ E-2-ն ժամանակավոր կարգավիճակ է, որը կապված է բիզնեսի հետ։


E-2-ի մասին տարածված թյուր պատկերացումներից մեկն այն է, որ դրա համար պարտադիր են հարյուր հազարավոր կամ միլիոնավոր դոլարների ներդրումներ։ Մինչդեռ կոնկրետ նվազագույն գումար սահմանված չէ. ներդրումը գնահատվում է տվյալ բիզնեսի տեսակի, արժեքի և այն գործարկելու համար անհրաժեշտ կապիտալի համեմատությամբ։


Ներդրումային մեկ այլ ճանապարհ է EB-5-ը, որը, ի տարբերություն E-2-ի, կարող է տանել մշտական բնակության, սակայն նախատեսում է օրենքով սահմանված զգալիորեն ավելի մեծ ներդրում և աշխատատեղերի ստեղծման պահանջ։ Այսպիսով, ներդրումային տարբերակները կարող են էապես տարբերվել թե՛ պահանջվող կապիտալով, թե՛ ներգաղթային արդյունքով։


Այս տարբերակներից որևէ մեկը կարող է մարդուն որոշ ժամանակ օրինական պահել ԱՄՆ-ում։ Բայց ժամանակավոր կարգավիճակն ու մշտական բնակությունը տարբեր բաներ են։ Հենց այստեղ Պարիկյանը երկար է խոսում գործատուի միջոցով գրին քարտ ստանալու մասին։


Գործատուի միջոցով ներգաղթը միայն գիտնականների կամ խոշոր ընկերությունների ղեկավարների համար չէ։ Կան մասնագետների, հմուտ աշխատողների և ավելի քիչ նախապատրաստություն պահանջող մշտական աշխատանքների կատեգորիաներ։ Բարիկյանը թվարկում է հացթուխ, խոհարար, ատաղձագործ, տնային աշխատող։ Մասնագիտության անունը դեռ ոչինչ չի երաշխավորում։ Բայց համալսարանական դիպլոմի կամ մամուլում հայտնի անունի բացակայությունն էլ ինքնաբերաբար չի փակում ճանապարհը։



Այս գործերի մեծ մասում սկզբում աշխատում է ոչ թե դիմորդը, այլ գործատուն։ Նա պետք է առաջարկի իրական, մշտական և լրիվ դրույքով աշխատանք։ Գործատուն պետք է ստանա տվյալ աշխատանքի համար սահմանված աշխատավարձի չափի վերաբերյալ որոշումը և անցնի օրենքով նախատեսված հավաքագրման ու աշխատանքի հավաստագրման գործընթացը:


Այս ընթացակարգը հայտնի է որպես PERM աշխատանքային հավաստագրում։ Այն կարող է երկար տևել և պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։ Միայն PERM գործընթացը սկսելը դիմորդին աշխատանքի իրավունք կամ օրինական կարգավիճակ չի տալիս, ուստի այդ ընթացքում նա պետք է առանձին պահպանի ԱՄՆ-ում օրինական գտնվելու հիմքը կամ սպասի արտերկրում։


Տարածված թյուր պատկերացումն այն է, որ աշխատանքի միջոցով ներգաղթի համար մարդը պետք է բացառիկ մասնագետ լինի կամ այնպիսի աշխատանք կատարի, որը Միացյալ Նահանգներում ուրիշ ոչ ոք չի կարող կատարել։


- Մարդիկ ասում են՝ «Բայց ինձ նման մասնագետներ Ամերիկայում շատ կան»։ Դա ինքնին չի նշանակում, որ աշխատանքի միջոցով ներգաղթի հնարավորությունը բացառված է։ Պետք է հասկանալ կոնկրետ աշխատանքը, դրա պահանջները, գործատուի իրական կարիքը և օրենքով նախատեսված ընթացակարգը։


Աշխատանքի միջոցով ներգաղթը նախատեսված է տարբեր կրթություն և մասնագիտական փորձ ունեցող մարդկանց համար։ Որոշ կատեգորիաներ նախատեսված են բարձրագույն կրթություն կամ մասնագիտական զգալի փորձ ունեցող անձանց համար, մյուսները՝ հմուտ աշխատողների, իսկ որոշ դեպքերում բարձրագույն կրթությունն ընդհանրապես պարտադիր չէ։


Պարիկյանի խոսքով՝ մարդիկ հաճախ կենտրոնանում են այն բանի վրա, թե ինչ չունեն՝ չնկատելով այն, ինչ արդեն կա իրենց մասնագիտական կենսագրության մեջ։


Կրթությունը, աշխատանքային փորձը, ձեռք բերած հմտությունները և իրական գործատուի առաջարկած մշտական աշխատանքը կարող են հենց այն հանգամանքները լինել, որոնցից սկսվում է իրավական գնահատումը։


Պարիկյանը նկատում է մի հետաքրքիր հակասություն. երբեմն տպավորիչ մասնագիտական ճանապարհ անցած մարդիկ իրենք չեն համարում իրենց ձեռքբերումները առանձնահատուկ։


Ավելի բարձր մասնագիտական շեմ ունեցող մարդկանց համար կան ուրիշ կատեգորիաներ։ EB-1A-ն նախատեսված է գիտության, արվեստի, կրթության, բիզնեսի կամ սպորտի ոլորտում արտասովոր կարողություն և շարունակական ազգային կամ միջազգային ճանաչում ապացուցող անձանց համար։ Այստեղ գործատու պարտադիր չէ։ Մարդը կարող է իր անունից դիմել։  Միաժամանակ միայն հաջողակ կամ ճանաչված մասնագետ լինելը բավարար չէ։ Կարևոր է, թե ձեռքբերումները որքանով են համապատասխանում օրենքով սահմանված չափանիշներին և ինչպես են դրանք հաստատվում անկախ ու համոզիչ ապացույցներով։


EB-2 National Interest Waiver-ը՝ NIW-ը, որոշ մասնագետների հնարավորություն է տալիս դիմել գրին քարտի համար առանց գործատուի և PERM գործընթացի։ Դրա համար մարդը նախ պետք է ունենա օրենքով պահանջվող կրթությունը կամ մասնագիտական մակարդակը։


Բայց միայն լավ կրթությունը կամ հաջող կարիերան բավարար չեն։ Պետք է ցույց տալ, որ Միացյալ Նահանգներում նրա նախատեսած աշխատանքը կարևոր և ավելի լայն նշանակություն ունի, որ այն բխում է ԱՄՆ-ի ազգային շահերից, և որ իր կրթությամբ, փորձով ու մինչ այդ կատարած աշխատանքով նա պատրաստ է այն առաջ տանել։ Պարիկյանը հիշում է տվյալների ոլորտի մասնագետի գործ, որի աշխատանքը կապված էր բանկային խարդախությունների հայտնաբերման ալգորիթմների հետ։


Ներգաղթային հնարավորությունները դրանով չեն ավարտվում։ Շատերի համար իրավական ճանապարհը կարող է կապված լինել ընտանիքի հետ։ Օրինակ՝ իրական ամուսնությունը կարող է ներգաղթային հիմք հանդիսանալ, եթե ամուսինը կամ կինը ԱՄՆ քաղաքացի կամ մշտական բնակիչ է։ Կոնկրետ ընթացակարգը կախված է հովանավորի կարգավիճակից և գործի մյուս հանգամանքներից։ Սակայն կեղծ ամուսնությունը «արագ տարբերակ» չէ․ դա ներգաղթային խարդախություն է։


Օրենքը նաև պաշտպանության հատուկ մեխանիզմներ է նախատեսում բռնության, շահագործման կամ որոշ հանցագործությունների հետևանքով ծանր իրավիճակներում հայտնված անձանց համար։ U կարգավիճակը և VAWA-ի պաշտպանությունը նախատեսված են որոշ հանցագործությունների իրական զոհերի և ընտանեկան բռնության կամ դաժան վերաբերմունքի ենթարկված մարդկանց համար։


Այս բոլոր կատեգորիաների անունները մեկ հոդվածում տեղավորելը հեշտ է։ Իրական գործը սկսվում է անուններից հետո։ Մարդու մուտքի ձևը, ներկայիս կարգավիճակը, նախկին դիմումները, թույլ տված խախտումները, կրթությունը, ընտանիքի անդամները և նույնիսկ սպասման հերթերը կարող են փոխել պատասխանը։ Նույն մասնագիտությունն ունեցող երկու մարդու գործերը կարող են տարբեր արդյունք ունենալ։


Առաջին հանդիպմանը Պարիկյանը երկար հարցեր է տալիս։ Կատեգորիայի անունը քիչ է։ Պետք է հասկանալ նաև դրա գինը, սպասումը, սահմանափակումները և ընտանիքի վրա ազդեցությունը։ Երբեմն հանդիպման վերջում հարցը փոխվում է՝ ոչ թե «ինչպե՞ս ստանալ գրին քարտ», այլ «արդյո՞ք ես իսկապես ուզում եմ ապրել ԱՄՆ-ում»։



Նա պատմում է Հայաստանում հաջող կյանք ունեցող մարդկանց մասին, որոնք գրին քարտ են ուզում, որովհետև ընկերն արդեն ստացել է։ Երկու կամ երեք տարի աշխատում են գործի վրա։ Փաստաթուղթը ստանալուց հետո առաջին հարցը սա է՝ ինչպե՞ս ավելի շատ մնալ Հայաստանում և չկորցնել այն։


Գրին քարտը պահուստային վիզա չէ։ Այն մշտական բնակության կարգավիճակ է։ Երկար բացակայությունները կարող են կասկած առաջացնել՝ մարդն իսկապե՞ս ԱՄՆ-ն է ընտրել որպես մշտական բնակության վայր։ Reentry permit-ը որոշ դեպքերում օգնում է ժամանակավորապես երկար բացակայել, բայց չի վերացնում բոլոր ռիսկերը և քաղաքացիության համար պահանջվող բնակության ժամանակը չի փոխարինում։


Քաղաքացիությունն էլ ճանապարհի առանձին փուլ է։ O-1-ը, H-1B-ը կամ E-2-ը ինքնին գրին քարտ կամ քաղաքացիություն չեն տալիս։ Եթե հետագայում մարդն ունի համապատասխան իրավական հիմք, նա կարող է անցնել մշտական բնակության՝ գրին քարտի, իսկ դրանից հետո՝ օրենքով սահմանված ժամկետներն ու մյուս պահանջները բավարարելու դեպքում, դիմել ԱՄՆ քաղաքացիության համար։


Այս համակարգում բոլորի համար մեկ արագ կամ երաշխավորված ճանապարհ չկա։ Կան տարբեր իրավական հիմքեր ու ընթացակարգեր, և երբեմն մասնագիտական գնահատման արդյունքը կարող է լինել նաև այն, որ տվյալ պահին համապատասխան ճանապարհ չկա։ Դա նույնպես կարևոր պատասխան է․ ավելի լավ է մարդն իր իրական հնարավորություններն ու ռիսկերը հասկանա նախքան որևէ գործընթաց սկսելը։


Պարիկյանը չի ասում, որ յուրաքանչյուր հայ իր կենսագրության մեջ թաքնված գրին քարտ ունի։ Ասում է՝ նախ կենսագրությունը պետք է կարդալ։ Դիպլոմը, աշխատանքը, գործատուն, ընկերությունը, ներդրումը, ընտանիքը։ Հետո միայն որոշել՝ հիմք կա՞, թե՞ չկա։


Մեր զրույցից հետո նա վերադարձավ առավոտյան թողած գործին։ Օգնականի մոտ եղած փաթեթը նորից բացվեց։ Դրա մեջ պիտի ավելացվեր ևս մեկ դատական հիմնավորում։


Փաթեթը այդ օրը դեռ չէր ուղարկվել։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page