top of page

«Վախենում ենք և՛ տանը մնալուց, և՛ դուրս գալուց». Գլենդելում տագնապալի տրամադրություններ են ICE-ի գործողությունների պատճառով

39 минут назад
5 мин. чтения

26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2026, ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ, ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, YEREVAN ONLINE Mag.-ի ԱՄՆ ԹՂԹԱԿԻՑ    



Գլենդելի հայ բնակիչները՝ ներգաղթային ձերբակալությունների և ընտանիքից բաժանվելու վախի մասին


«Ամեն առավոտ ես վախով եմ բացում մեր տան դուռը»։


Մեր զրուցակիցն ավելի քան տասը տարի ապրում է ԱՄՆ-ում։ Երեխաներն այստեղ դպրոց են գնում։ Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին Գլենդելի իրենց թաղամասում նորից հայտնվել են ԱՄՆ ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության՝ ICE-ի մեքենաները։ Մարդիկ խուսափում են փողոց դուրս գալուց։


«Սա այն Գլենդեյլը չէ, որ ես ճանաչում էի»,- ասում է նա։


Դաշնային ներգաղթային մարմինների գործողությունների ու ձերբակալությունների մասին հաղորդումները մտահոգել են քաղաքի հայ բնակիչներին։ Սոցիալական ցանցերում հայերեն զգուշացումներով տեսանյութեր են տարածվում։ Մարդիկ փոխանցում են իրենց տեսածը, ծանոթներից լսածը, միմյանց հորդորում զգույշ լինել։ Որոշ հաղորդումներից դժվար է հասկանալ՝ ինչն է ստուգված, ինչը՝ դեռ չճշտված պատմություն։


Yerevan Online Mag.-ը զրուցել է Գլենդելի մի քանի բնակիչների հետ։ Նրանց անունները չենք հրապարակում։ Մի քանիսն ասում են, որ շարունակում են աշխատանքի գնալ, հոգալ ընտանիքի կարիքները։ Տնից դուրս գալիս մտածում են հնարավոր ձերբակալության մասին։ Նրանց վախերից մեկն էլ հարազատի գտնվելու վայրը չիմանալն է։


Քաղաքապետարանը հայտնել է, որ տեղեկացված է Գլենդելում դաշնային ներգաղթային գործողությունների մասին հաղորդումներից։ Ձերբակալվածների թիվ ու առանձին դեպքերի մանրամասներ չի նշել։


Ինչ է հայտնի գործողության մասին


Հոկտեմբերի 7-ին Washington Examiner-ը գրել էր Կալիֆոռնիայում սկսված ներգաղթային գործողության մասին՝ հղում անելով ծրագրին ծանոթ աղբյուրների։ Լրատվամիջոցներում այն շրջանառվում է «Operation Safe California» անվամբ։ Ըստ հրապարակման՝ գործողությունը սկսվել էր Սան Դիեգոյի շրջանում և պետք է տևեր առնվազն 45 օր։ Գործակալներին հանձնարարվել էր ձերբակալել նաև քրեական անցյալ չունեցող մարդկանց, եթե նրանք չունեն երկրում գտնվելու օրինական կարգավիճակ։


Հոկտեմբերի 16-ին KQED հանրային լրատվամիջոցը նշել էր, որ սկզբնական հրապարակումը հիմնված է երկու անանուն աղբյուրի վրա։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը KQED-ին պատասխանել էր, որ գործակալների անվտանգության և գործողությունների գաղտնիության նկատառումներով մանրամասներ չի քննարկում։ Գործողության անվանման ու ծավալի մասին տեղեկությունները մնում են լրատվամիջոցների աղբյուրներին վերագրված հաղորդումներ։


Կալիֆոռնիայի ներգաղթային քաղաքականության կենտրոնը՝ CIPC-ն, հոկտեմբերի 14-ին հայտնել էր, որ իր գործընկերները ձերբակալությունների աճ են արձանագրում Կենտրոնական հովտում, Կենտրոնական ափին և Սան Դիեգոյում։


Մեր զրուցակիցները պատմում են Գլենդելի փողոցներում, մեքենաները կանգնեցնելու ընթացքում և բազմաբնակարան շենքերում կատարված ձերբակալությունների մասին։ Հաղորդում են նաև հայ ընտանիքի ձերբակալության մասին։ Ընտանիքի անդամները, նրանց տեղեկություններով, քրեական անցյալ չեն ունեցել։ Նրանց պատմածից չեն պարզվում ձերբակալվածների ներգաղթային կարգավիճակը, պահման իրավական հիմքերն ու գործերի հետագա ընթացքը։ Հաստատված ընդհանուր թիվ էլ հնարավոր չէ ներկայացնել։


Բնակիչներից մեկի փոխանցմամբ՝ հարևանն աշխատանքից տուն չի վերադարձել։


«Նրա կինը մեզ ասաց, որ նրան տարել են, և ինքը չգիտի՝ որտեղ է նա հիմա։ Երեխաները մնացել են տանը՝ առանց հոր, իսկ մենք՝ հարևաններս, չգիտենք՝ ինչպես օգնենք»։


«Ամեն ինչ շատ արագ է կատարվում, և ոչ ոք բացատրություն չի տալիս։ Մենք վախենում ենք, որ հաջորդը կարող է լինել մեզանից մեկը»,- ավելացնում է նա։


Քրեական անցյալն ու ներգաղթային կարգավիճակը


«Ես այստեղ ապրում եմ տասնհինգ տարի, աշխատում եմ, հարկերս վճարում եմ, երեխաներիս մեծացնում եմ այս քաղաքում։ Բայց հիմա ինձ օտար եմ զգում իմ իսկ փողոցում»,- ասում է մեկ այլ բնակիչ։


Զրուցակիցները հաճախ են հիշատակում այստեղ ապրած տարիները, աշխատանքը, վճարած հարկերը։ Իրենց տունը համարած քաղաքում այլևս հանգիստ չեն։


Քրեական անցյալ չունեցող մարդն էլ կարող է հայտնվել ներգաղթային վարույթում։ ԱՄՆ օրենսդրությամբ արտաքսման հիմք կարող է լինել ներգաղթային կարգավիճակի կամ դրա պայմանների խախտումը՝ անկախ քրեական դատապարտման առկայությունից։ Մարդու իրավական վիճակը միայն քրեական անցյալի բացակայությամբ գնահատել հնարավոր չէ։


Ձերբակալությունն ինքնին էլ քրեական հանցանքի ապացույց չէ։ Դրա օրինականությունը ստուգելու համար պետք է իմանալ պահման հիմքը, ուսումնասիրել գործի փաստաթղթերը։


ԱՄՆ-ում վիզայի վավերականության ժամկետն ու երկրում թույլատրված կեցության տևողությունը տարբեր են։ Կեցության տևողությունը սովորաբար սահմանվում է I-94 մուտքի գրանցման մեջ նշված ամսաթվով կամ կարգավիճակի պահպանման պայմաններով։ Հաշվի են առնվում նաև հետագա իրավական փոփոխություններն ու երկարաձգումները։ Միայն վիզայի վրա նշված ամսաթվից հնարավոր չէ որոշել՝ մարդն իրավունք ունի՞ մնալու երկրում։


Նույն շենքում ապրող կամ նույն վայրում աշխատող մարդիկ կարող են տարբեր կարգավիճակներ ունենալ։ Սեփական գործը հասկանալու համար պետք են սեփական փաստաթղթերը։ Հարևանի պատմությունը դրանց չի փոխարինի։


Աշխատանքի գնալու և տանը մնալու վախը


«Հայկական հեռուստացույցով ասում են՝ մնացեք տանը, մի՛ բացեք դուռը, զգույշ եղեք։ Բայց ինչպե՞ս ապրենք, եթե չաշխատենք»,- հարցնում է մեր զրուցակիցներից մեկը։


«Մենք վարձ ենք վճարում, երեխաներին կերակրում ենք, և եթե չգնանք աշխատանքի, մեր ընտանիքները կտուժեն։ Մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ վախենում ենք և՛ տանը մնալուց, և՛ դուրս գալուց»,- շարունակում է նա։


Զգուշացում ստացող բնակչին պետք են նաև դեպքի վայրն ու ժամանակը։ Ո՞վ է ստուգել տեղեկությունը, որտե՞ղ կարող է ինքը մասնագիտական օգնություն ստանալ։ Առանց այդ պատասխանների՝ մնում է իր նույն հարցի հետ՝ գնա՞լ աշխատանքի։


Մեկ ուրիշ բնակիչ պատմում է խանութի մասին։ Տերը հայ է, աշխատողներից շատերը՝ լատինոամերիկացիներ։ Նրա խոսքով՝ փողոցում ներգաղթային գործակալների հայտնվելը վախեցրել է բոլորին։


«Երբ ICE-ը եկավ մեր փողոց, բոլորս լռեցինք, ոչ ոք չհամարձակվեց խոսել։ Տերը վախեցավ, որ կարող են խնդիրներ առաջանալ իր բիզնեսի հետ, իսկ աշխատողները՝ որ կարող են տարվել»։


«Մենք հասկանում ենք, որ օրենքը պետք է հարգել, բայց ինչո՞ւ է այս ամենը կատարվում այնպես, որ մարդիկ զգան, թե իրենք հանցագործ են»,- հարցնում է նա։


Մեկ այլ զրուցակից էլ ասում է՝ օրենքը պետք է գործի։ Դժգոհում է ամբողջ շրջապատի վրա տարածվող վախից։


«Մենք էլ մարդ ենք, մենք էլ ունենք ընտանիքներ, երեխաներ, աշխատանք։ Այս վախը չի տարբերում՝ ով է մեղավոր, ով՝ ոչ։ Ամբողջ համայնքը տուժում է, և մարդիկ սկսում են թաքնվել, չգնալ աշխատանքի, չուղարկել երեխաներին դպրոց»,- պատմում է նա։


Երեխային դպրոց տանելու վախը


Ծնողներին անհանգստացնում է ընտանիքից բաժանվելու հնարավորությունը։ Դժվարանում են նաև բացատրել երեխաներին՝ ինչ է կատարվում։


«Իմ որդին ծնվել է ԱՄՆ-ում, նա այս երկրի քաղաքացի է։ Բայց ես չեմ կարող նրան դպրոց տանել առանց վախենալու, որ ճանապարհին ինձ կկանգնեցնեն ու կհարցնեն փաստաթղթերս»,- ասում է բնակիչներից մեկը։


«Ես չեմ ուզում, որ նա մեծանա այն մտքով, թե իր հայրը կամ մայրը կարող են ցանկացած պահի անհետանալ։ Երեխան պետք է մեծանա առանց վախի, բայց հիմա մենք ապրում ենք մշտական լարվածության մեջ»։


Երեխայի ԱՄՆ քաղաքացիությունը ծնողի ներգաղթային կարգավիճակն ինքնաբերաբար չի կարգավորում։ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայության՝ USCIS-ի կանոններով՝ քաղաքացի զավակը ծնողի մշտական բնակության համար միջնորդություն կարող է ներկայացնել առնվազն 21 տարեկանում։ Դրանից հետո էլ պետք է անցնել համապատասխան ընթացակարգը։ Գործի պայմաններից է կախված՝ ինչ որոշում կկայացվի։


Մեկ այլ բնակչի փոխանցմամբ՝ ներգաղթային գործակալներին տեսել են նաև իրենց եկեղեցու առաջ։


«Մարդիկ եկեղեցի են գնում աղոթելու, հանգստանալու, բայց հիմա նույնիսկ այնտեղ չեն կարողանում իրենց ապահով զգալ»,- ասում է նա։


Երեխաների համար բացատրություն չունի։ «Ես չգիտեմ՝ ինչպես բացատրեմ երեխաներիս, թե ինչու են մարդիկ վախենում գնալ եկեղեցի կամ դպրոց»։


Ինչ է ասում քաղաքապետարանը


Գլենդելի քաղաքապետարանի վերջին հայտարարությամբ՝ քաղաքային ոստիկանությունը հետևում է Կալիֆոռնիայի SB 54 օրենքին և չի մասնակցում դաշնային քաղաքացիական ներգաղթային վերահսկողության գործողություններին։ Դաշնային մարմինները գործում են քաղաքից անկախ։ Քաղաքապետարանը հավաստիացնում է, որ ծառայելու է բոլոր բնակիչներին՝ անկախ նրանց ներգաղթային կարգավիճակից։


Տեղական ոստիկանության չմասնակցելը չի բացառում դաշնային մարմինների գործողությունները Գլենդելում։ Բնակիչները ուզում են հասկանալ՝ քաղաքից ինչ օգնություն կարող են ստանալ։


«Քաղաքապետարանն ասում է, որ ոստիկանությունը չի մասնակցում ICE-ի գործողություններին, բայց ո՞վ է պաշտպանելու մեզ, երբ դիմակավորները մտնեն մեր բակ»,- հարցնում է զրուցակիցներից մեկը։


Օգնության հասցեներն ու հեռախոսահամարները պետք է հասանելի լինեն բնակիչներին։ Ո՞ւմ զանգահարել, ինչպե՞ս գտնել հարազատին, որտեղի՞ց ստանալ իրավական բացատրություն։ Հայախոս բնակչին այդ տեղեկությունը պետք է հասանելի լինի նաև հայերեն։


Քաղաքում տասնհինգ տարի ապրող մեր զրուցակիցը պատմում է, որ դիմակավոր մարդկանց տեսնելիս սիրտն արագ է բաբախում։ Չգիտի՝ ինչպես վարվել։


«Ինձ թվում է, որ մենք բոլորս դարձել ենք կասկածյալ՝ միայն այն պատճառով, որ խոսում ենք այլ լեզվով կամ այլ տեսք ունենք»։


Ձերբակալվածների հարազատներին հուզում է՝ հնարավո՞ր է նրանց ազատ արձակել։ Պատասխանը կախված է պահման իրավական հիմքից, վարույթի փուլից ու կիրառելի կանոններից։ ԱՄՆ արդարադատության նախարարության ներգաղթային դատարանների ձեռնարկով՝ որոշ հանգամանքներում հնարավոր է գրավով ազատ արձակում։ Գրավի հարցի քննությունը բոլոր գործերով հասանելի չէ և առանձին է արտաքսման հարցի քննությունից։


Գրավով ազատ արձակումը չի ավարտում արտաքսման գործը։ Մեկ ուրիշի արագ ազատ արձակվելը նույն ընթացքը չի երաշխավորում։ Փաստաբանին պետք են հենց այս գործի տեղեկություններն ու փաստաթղթերը։


Փաստաթղթեր և հեռախոսահամարներ


Ձերբակալության դեպքում ո՞վ է զանգահարելու փաստաբանին։ Ո՞վ է խնամելու երեխաներին։ Ո՞ւմ մոտ են լինելու անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները։


CAIR California իրավապաշտպան կազմակերպությունը հոկտեմբերի 21-ի ուղեցույցում խորհուրդ է տալիս նախապես կազմել ընտանիքի գործողությունների ծրագիր։ Պահել կարևոր փաստաթղթերի պատճենները, հիշել վստահելի մարդու ու փաստաբանի հեռախոսահամարները, որոշել՝ ով է հոգ տանելու երեխաների և խնամքի կարիք ունեցող հարազատների մասին։ Կազմակերպությունը հորդորում է չներկայացնել կեղծ փաստաթղթեր, ֆիզիկապես չդիմադրել, իրավական փաստաթուղթ ստորագրելուց առաջ խորհրդակցել փաստաբանի հետ։


Ընտանիքի իրավական վիճակը պետք է գնահատել առանձին։ Օգնություն առաջարկող կազմակերպությունների ու լրատվամիջոցների հաղորդումներից էլ պետք է պարզ լինի՝ որտեղից է լուրը, ինչն է հաստատված։ Տեսանյութի տարածման օրը չի հաստատում դրա նկարահանման օրը։ Անծանոթ վայրում նկարահանված կադրերը Գլենդելում կատարվածի ապացույց չեն։


«Ես չեմ ուզում, որ Գլենդեյլը վախի քաղաք դառնա»,- ասում է բնակիչներից մեկը։


«Մենք ուզում ենք, որ մեր քաղաքը մնա համայնք, որտեղ մարդիկ օգնում են իրար, ոչ թե թաքնվում են»։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page