top of page

Նրա կյանքում հայության համար միշտ մի անավարտ գործ կա. Վիգեն Եփրեմյանի ճանապարհը

1 час назад
7 мин. чтения

Обновлено: 11 минут назад

Այս հոդվածը հասանելի է նաև անգլերեն


13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2026, ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ, ՖՐԵԶՆՈ, YEREVAN ONLINE Mag.-ի ԱՄՆ ԹՂԹԱԿԻՑ    


Վիգեն Եփրեմյանը, լուսանկարը՝ Yerevan Online Mag.-ի
Վիգեն Եփրեմյանը, լուսանկարը՝ Yerevan Online Mag.-ի

Հարցազրույցն ավարտվել էր, երբ Վիգեն Եփրեմյանը մի քանի տող ուղարկեց։


«Կարծեմ մոռցա աւելցնելու, թէ երրորդ դասարանէս մինչեւ Ամերիկա գաղթելս ծառայած եմ Հայ առաքելական եկեղեցիին՝ նախ որպէս դպիր, ապա՝ ուրարակիր սարկաւագ, Ամմանի Սուրբ Թադէոս եկեղեցւոյ մէջ։ Ձեռնադրուած եմ Շահէ արքեպիսկոպոս Աճէմեանի ձեռամբ»։


Նա դա մոռացել էր ասել։ Երրորդ դասարանից մինչև 1983 թվականի գաղթը ծառայել էր նույն եկեղեցում։ Սկզբում՝ դպիր, հետո՝ ուրարակիր սարկավագ։ Այդ տարիները նա պարզապես գործ էր համարել։ Կենսագրական փաստը հիշեց միայն վերջում։


Ֆրեզնոյի իր գրասենյակում թվերն ամենուր են՝ հարկ, աշխատավարձ, վարկ, տոկոս, տան արժեք, ապահովագրություն։ Վիգենը թվերից չի խուսափում։ 2020 թվականի զոհերի թվի մոտ կանգ է առնում։


— Չորս հազա՞ր էր։ Երե՞ք։ Հի՞նգ։ Ո՞վ ըսավ։ Այդ թիվը ուրկե՞ բերեցին։


Հարցը միշտ նույնն է։ Եթե գիտեին, որ պիտի պարտվեն, ինչո՞ւ այդ մարդկանց տարան պատերազմ։


Վիգեն Եփրեմյանը ծնվել է 1962 թվականին՝ Ամմանում։ Ծնողները՝ Լևոնն ու Եղսաբեթը, Հալեպից էին եկել։


— Չոլերու մեջ,— ասում է նա։— Ո՛չ հայություն կար, ո՛չ բան։



Վիգենը ծնողների՝ Լևոն և Եղսաբեթ Եփրեմյանների, եղբոր՝ Մարտիկի և քրոջ՝ Հուրիի հետ


Հետո հայերը հավաքվել էին։ Իր հիշողությամբ՝ մոտ երկու հազար հոգի։ Ունեին երկու ակումբ, մեկ հայ առաքելական եկեղեցի, հայկական կաթոլիկ եկեղեցի և ազգային դպրոց։ Սուրբ Թադեոս եկեղեցին կապված էր Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հետ։ Դպրոցը կոչվում էր Յուզբաշյան-Գյուլբենկյան։


Վիգենն այնտեղ ավարտեց վեցերորդ դասարանը։ Դա մնաց նրա ամբողջ հայկական դպրոցական կրթությունը։


1970 թվականի պատերազմից հետո համայնքը փոքրացավ։ Հայ կաթոլիկներից շատերը գնացին Լիբանան և չվերադարձան։ Հայ կաթոլիկ եկեղեցին փակվեց։ Դպրոցը ավելի երկար դիմացավ, բայց տարիների հետ այն էլ փոքրացավ։ Փակվելու շեմին այնտեղ 64 երեխա էր սովորում, նրանցից 30-ը՝ հայ։ Հաջորդ տարվա համար սպասվում էր ընդամենը 17 հայ աշակերտ։ Դպրոցը փակվեց։


Վիգենի հայերենը մնաց։ Նրա խոսքի մեջ մինչև հիմա Ամման կա, Հալեպ կա, Ֆրեզնո կա։ Նա ասում է «սո», «ինշուրանս», «աֆորդ ընել»։ Նախադասությունը կարող է սկսվել արևմտահայերենով և ավարտվել ամերիկյան բառով։ Դա ընտանիքի լեզուն է։ Այդ լեզվով են տանը խոսել, վիճել, երգել, ժողով վարել։


Լևոն Եփրեմյանը Հալեպում դաշնակցական էր։ 1958 թվականին Սիրիան ու Եգիպտոսը միավորվեցին։ Քաղաքական կուսակցություններն արգելվեցին կամ անցան ընդհատակ։ Ընտանիքի պատմությամբ՝ Լևոնը ստիպված եղավ թողնել Հալեպը։


Ամմանում նա ծանր դիզելային մեքենաների մեխանիկ դարձավ։ Մեծ բեռնատարներ էր նորոգում։ Քաղաքում նրան ճանաչում էին։


Երեկոյան նրանց փոքր տունը լցվում էր մարդկանցով։ Մի օր՝ ակումբի վարչականներ։ Մյուս օրը՝ կուսակցական պատասխանատուներ։ Երբեմն գալիս էր հայ կաթոլիկ վարդապետը և պատմում, որ եկեղեցի մարդ չի գալիս։ Խոսքը միշտ նույն շրջանի մեջ էր՝ դպրոց, եկեղեցի, երիտասարդներ, համայնք։


Լևոն չէին ասում։ Ամմո Լևոն էին ասում։


Գալիս էին խորհուրդ հարցնելու։ Նա լսում էր։ Հետո խոսում։


Լևոնը նաև Հայ մարմնակրթական ընդհանուր միության վարչական էր։ 1974 թվականին Լիբանանում և 1978-ին Կիպրոսում մասնակցել էր կազմակերպության պատգամավորական ժողովներին։ Տանը այդ մասին էլ էին խոսում։ Վիգենը նստում էր կողքին, լսում, հետո սկսում վիճել։


Եղսաբեթը տնից դուրս չէր աշխատում։ Տունն էր պահում։ Խիստ էր։ Երեխաները մեծացան, ամուսնացան, թոռներ ունեցան, բայց մնացին իրար մոտ։ Վիգենը այդ կապը մոր գործն է համարում։ Համավարակի շեմին Եղսաբեթը մահացավ։ Ընտանիքի կարգը չփոխվեց։


1970 թվականի սեպտեմբերին Հորդանանի բանակն ու պաղեստինյան զինված կազմակերպությունները մարտի մեջ մտան։ Կռիվը հասավ Ամման։ Վիգենը ութ տարեկան էր։ Պատերազմից հետո հայկական ակումբների կյանքը թուլացավ։ ՀՄԸՄ-ի սկաուտական շարժումը գրեթե կանգնել էր։


1977 թվականին Վիգենը տասնհինգ տարեկան էր։ Նա հավաքեց ակումբի երեխաներին և նորից կազմավորեց սկաուտական խումբը։ Լիբանանի շրջանային վարչությունից մարդիկ եկան Ամման՝ բացմանը։ Երեխաները նորից հավաքվեցին։



Վիգենը հորեղբոր՝ Տեր Ադոմ Քեհյայանի հետ, Սեթա Կաբրանյանի հետ՝ ուսանողական տարիներին, 1981 թվականին, Հովակիմ Հովակիմյանի և Գարո Քահքեջյանի հետ


Ծնողները երբեմն գալիս էին Եփրեմյանների տուն։


Տղաս դաս չի սովորում։ Ամբողջ օրն ակումբում է։ Վիգենի խոսքն է լսում։


Վիգենը հիմա ասում է.


— Կրնամ ըսել՝ մանկություն շատ չեմ ունեցած։


Այդ տարիներին արդեն ժողով էր վարում, երեխաների պատասխանատվություն էր վերցնում, մեծերի հետ վիճում։ Մի անգամ ՀՄԸՄ-ի ընդհանուր ժողովին մասնակցեց որպես սկաուտական խմբապետ։ Լիիրավ անդամ չէր։ Տասնհինգ տարեկան էր։ Ժողովը վարում էր հոր մտերիմ ընկերը։ Վիգենը խոսեց երկար ու կտրուկ։


Տուն վերադառնալուց հետո հայրը հարցրեց.


— Դուն ո՞վ ես, որ այդպես խոսիս։


Վիգենը պատասխանեց.


— Ես մեկ հոգի եմ։ Բայց ընդհանուր ժողովը կրնամ համոզել, որ ես ճիշտ եմ, դուն՝ սխալ։


Հայրը նրան հաճախ էր զսպում։ Վիգենը արագ էր բռնկվում։ Ազգային հարցի շուրջ չափ չէր պահում։ Ինքն էլ դա գիտի։ Ասում է՝ մինչև հիմա նույնն է։


1979 թվականն էր։ ՀՄԸՄ-ի բանակումի վերջին օրերից մեկը։ Մայիսի 28-ի առթիվ ձեռնարկ ունեին։ Վիգենի ընկերներից մեկը լուսանկարիչ էր։ Իր լուսանկարները բերել էր ցույց տալու։


Լևոն Եփրեմյանը նայեց աշխատանքներին։


— Բրավո, տղա։ Շատ լավ լուսանկարիչ պիտի ըլլաս։


Հինգշաբթի էր։


Հետո Լևոնը գնաց հիվանդանոց։ Սրտի տագնապ ունեցավ և այնտեղ մահացավ։ Վիգենը տասնյոթ տարեկան էր։


Հայրը հասցրել էր մեկ անգամ Ամերիկա գալ։ Տեսել էր Ֆրեզնոյում ապրող իր աղջկան՝ Վիգենի քրոջը, հետո վերադարձել Ամման։ Ուզում էր բոլոր երեխաները մի երկրում հավաքվեին։ Այդ օրը չտեսավ։


Հոր մահից հետո Վիգենը լուսանկարչի մոտ աշխատեց։ Սովորածը տարիներ անց պետք եկավ․ Ֆրեզնոյում նա և հոր կողմից գովեստի արժանացած նույն ընկերը ֆոտոլաբ բացեցին։ Մինչ այդ Վիգենը փորձել էր ուսանել Հայաստանում։ Չստացվեց։ Ինքը Հայաստանում էր, մայրը և փոքր եղբայրը՝ Ամմանում, մեծ եղբայրը՝ Ֆրանսիայում, քույրը՝ Ֆրեզնոյում։


Ընտանիքը ցրված էր տարբեր երկրներում։ Որոշեցին հավաքվել։ Հորդանանում չէին ուզում մնալ։ Հայաստանում չէին կարող հաստատվել։ Փարիզում ապրելն իրենց թույլ տալ չէին կարող։


1983 թվականին եկան Ամերիկա։ Վիգենը քսանմեկ տարեկան էր։


Առաջին տարիներին օրինական մշտական բնակության փաստաթուղթ չուներ։ Ինքն ու եղբայրը հինգ տարի լանչ-տրաքում աշխատեցին՝ մինչև թղթերը կարգավորվեցին։


Հետո Վիգենը սկսեց փոքր բիզնեսներ գնել։ Կարգի էր բերում և վաճառում։ Իր հաշվարկով՝ մեկ տարվա ընթացքում ինը տարբեր բիզնես անցավ ձեռքով։


Թվաբանություն սիրում էր։ Դիպլոմ չուներ։ Մարդիկ իրենց թղթերը բերում էին իրեն։ Մեկը մեքենա էր գնում, մյուսը՝ վաճառում։ Մեկը վթարի էր ենթարկվել և չէր հասկանում ապահովագրական ընկերության պատասխանը։ Վիգենը գնում էր հետները, խոսում գործակալի հետ, բացատրում պայմանագիրը։


Մի օր որոշեց ուրիշների գործակալների գործն այլևս չանել։ Ինքը դարձավ ապահովագրական գործակալ։ Այդ ոլորտում մնաց քսանհինգ տարի։ Հետո ստացավ անշարժ գույքի առքուվաճառքի մասնագետի արտոնագիր, անցավ հաշվապահության ու ֆինանսավորման գործին։


Մարդը տուն էր ուզում՝ Վիգենը տուն էր գտնում։ Վարկ էր պետք՝ վարկ էր բերում։ Ապահովագրում էր գույքը, վարում հաշիվները։ Երբ Կալիֆորնիայի ապահովագրական շուկան բարդացավ, գործակալությունը վաճառեց։


Այսօր Yepremyan ընկերությունը զբաղվում է հաշվապահական ծառայություններով, գույքի կառավարմամբ և մասնավոր ֆինանսավորմամբ։ Իր հրապարակային մասնագիտական էջում Վիգենը նշում է, որ Ֆրեզնոյի և Քլովիսի տարածքում կառավարում է ավելի քան 47 գույք։


Վիգենն ասում է՝ ուսում չի ստացել։ Հետո պատմում է այն ամենը, ինչ սովորել է մարդկանց գործերը կարգավորելիս։


Ամերիկա հասնելուց հետո Վիգենը վերադարձավ նույն աշխատանքին, որը սկսել էր Ամմանում։ Սկզբում ՀՄԸՄ-ի տեղական խմբապետ դարձավ։ Հետո մտավ Հայ երիտասարդաց դաշնակցության շարքերը, տարիներ անց ղեկավարեց տեղական շրջանը, անցավ շրջանային ու կենտրոնական մարմիններ։ Երկու անգամ ընտրվեց ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ կենտրոնական կոմիտե։ Ֆրեզնոյի և Ֆինիքսի աշխատանքների պատասխանատուն էր։ Երկու շրջանային ժողովի ատենապետ եղավ։


Վերջինը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունի։


— Ինձի համար ամենամեծ պատիվն էր։


Այդ տարիներին Ֆրեզնոն Դաշնակցության համար կենդանի շրջան էր։ Մարդիկ գալիս էին Հայաստանից, Արցախից, Սփյուռքից։ Պաշտոնյաներ, կուսակցականներ, հասարակական գործիչներ։ Ֆրեզնո էր եկել նաև Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանը։


Հանդիպումները մարդաշատ էին։ Հաճախ՝ 500–600 հոգի։ Ֆրեզնոյի հայկական կյանքի համար դա մեծ թիվ էր։ Դահլիճները լցվում էին։ Մարդիկ գալիս էին լսելու, հարցնելու, վիճելու, հանդիպելու։


Այդ տարիներին այստեղ հայկական կյանքը հանգիստ չէր։ Այն շարժվում էր։ Եվ այդ շարժման կենտրոններից մեկը Վիգենի ղեկավարած Դաշնակցությունն էր։


Ժողովների կողքին կար նաև ամենօրյա գործը։ Ֆրեզնոյում երկու բինգո էին վարում։ Եկամուտով պահում էին շրջանի աշխատանքը։ Երբեմն Լոս Անջելեսի մարմիններն էլ էին օգնություն խնդրում։ Այդ ժամանակ Ֆրեզնոն գումար էր ուղարկում։


2005 թվականին Վիգենը Ֆրեզնոյում ողջունեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար «Մարդկության երթի» մասնակիցներին։ 2007-ին հայկական դպրոցի նոր տարածքի ձեռքբերման ժամանակ իր ամբողջ անշարժգույքային միջնորդավճարը նվիրեց դպրոցին։


Նա այդ դրվագները երկար չի պատմում։ Ավելի շատ հիշում է ճանապարհները, ժողովները, հերթապահությունը։ Երեսունհինգ տարի ազգային աշխատանքի մեջ անցավ առանց դադարի։


1993 թվականին Վիգենն ու իր ընկերը որոշեցին գումար հասցնել Արցախ։ Չուզեցին որևէ կառույցի միջոցով ուղարկել։ Տարան անձամբ։ Գումարը հանձնեցին տեղում և հասան մինչև Աղդամ։



Վիգենը հրամանատար Բեդո Գևոնդյանի հետ՝ Շուշիում, 1993 թվականի սեպտեմբերին, Համբիկ Սասունյանի հետ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ և Անդրանիկ Պողոսյանի հետ՝ Երևանում


2020 թվականի նոյեմբերի 9-ին Աղդամի անունը նորից մտավ Վիգենի կյանք։ Այս անգամ՝ հայտարարության տեքստով։ Եռակողմ փաստաթղթի երկրորդ կետում գրված էր, որ շրջանը մինչև նոյեմբերի 20-ը պետք է անցներ Ադրբեջանի վերահսկողության տակ։


Երեք տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերին, ավելի քան հարյուր հազար արցախահայ մեկ շաբաթվա ընթացքում հասավ Հայաստան։


Վիգենը այդ մասին խոսելիս երկար դադարներ է տալիս։ Ասում է՝ իրեն Մայք Թայսոնի հարված ստացած մարդու պես է զգացել։ Հարվածը կերել է և դեռ ուշքի չի եկել։


Նա քաղաքագետ չի ձևանում։ Ասում է՝ տարիներով բոլորը գիտեին, որ Ադրբեջանը զինվում է։


— Մենք ինչո՞ւ չպատրաստվեցանք։


Հայաստանի կառավարության, հատկապես Նիկոլ Փաշինյանի մասին խոսելիս նա բառերը չի մեղմացնում։ Վիգենը համոզված է, որ իշխանությունը գիտեր սպասվող պարտության մասին և ժամանակին քայլ չարեց։ Նա չի ընդունում բացատրությունը, թե առանց պատերազմի և զոհերի տարածքային զիջումը հասարակությունը չէր ընդունի։


— Եթե գիտեիր, որ պիտի պարտվիս, ինչո՞ւ գացիր։ Ինչո՞ւ չորս հազար հոգին տվեցիր։ Չորս հազար է, երեք հազար է, երկու հազար է, մեկ հոգի է՝ ի՞նչ տարբերություն։


Փաշինյանին նա քաղաքական փորձարկում է համարում։


Արցախից հետո Հայաստանի լուրերը սկսել է քիչ կարդալ։ Մի քանի լրատվական էջ արգելափակել է հեռախոսում։


— Չեմ ուզեր։ Չեմ դիմանար։


Հայաստան գնալիս Վիգենը սովորաբար երկու շաբաթից ավելի չի մնում։ Գործը թույլ չի տալիս։ Երևանում մեկ օր է անցկացնում, հետո փորձում է գյուղեր գնալ։


Քաղաքում նրան նեղացնում է մարդկանց խոսելու ձևը։ Իր բառով՝ «լոպազությունը»։ Ավելի շատ՝ անտարբերությունը։


Երևանում իրեն ասել են.


— Այ մարդ, էս ինչքա՞ն ժամանակ ունիս, լուրերն ես մտիկ անում։


Նա այդ խոսքը մինչև հիմա հիշում է։ Ֆրեզնոյում կարող է երկու ժամ հետևել Հայաստանի սահմանի լուրերին։ Երևանում մեկը ծիծաղում է, որ շատ է մտահոգվում։ Վիգենը դա չի հասկանում։


Գյուղերի մասին մի նախադասություն է կրկնում։


— Գյուղեր կանցնիս՝ գյուղացի չես տեսներ, շուն չես տեսներ։


Գործի բերումով Հայաստանից եկած հաճախորդներ շատ ունի։ Ասում է՝ նրանց մեջ կան երիտասարդ ընտանիքներ Սպիտակից, Գյումրիից, տարբեր գյուղերից։ Շահել են ներգաղթի վիճակախաղը և եկել Ամերիկա։ Վիգենը կասկածում է, որ գյուղերից երիտասարդների հեռանալը պատահական չէ։


Այստեղ փաստն ավարտվում է։ Հաջորդը նրա կասկածն է։ Ապացույց չի ներկայացնում։ Իր տեսած հաճախորդներին շարում է կողք կողքի և հարցնում՝ ինչո՞ւ են հատկապես գյուղերից գալիս, ինչո՞ւ՝ երեխաներով։


Նա այստեղ էլ է հաշվում։ Գյուղից տասը կամ տասնհինգ երիտասարդ ընտանիք գնաց։ Քսան տարի հետո ո՞վ է մնալու։


Տարիներ առաջ Հայաստանում հողեր էր գնել։ Երեխաների համար տներ էր ծրագրել։ Մտածում էր՝ վեց ամիս կապրի Հայաստանում, վեց ամիս՝ Ֆրեզնոյում։ Նրա շրջապատում բոլորը գիտեին այդ ծրագիրը։


— Այսօր հոս եմ, վաղը հոս չեմ։


Արցախից հետո հողերը վաճառեց։ Տների ծրագիրը փակեց։ Հայաստան դեռ գնում է։ Վերադառնալու մասին այլևս նույն ձայնով չի խոսում։


Վիգեն Եփրեմյանը հոբբի չունի։ Գոլֆ չի խաղում։ Ձկնորսության չի գնում։ Ասում է՝ կա գործը, ընտանիքը և մի քանի ընկեր։


Հայկական դպրոցի դրամահավաքի հանձնախմբի ժողովները հաճախ Վիգենի գրասենյակում են լինում։ Դպրոցի հաշվապահությունը, աշխատավարձերը և ֆինանսական հաշվետվությունները նույնպես այստեղ են արվում։


Ամմանի փոքր տանը մարդիկ գալիս էին Ամմո Լևոնի մոտ։ Ֆրեզնոյում ժողովների մի մասը հիմա Վիգենի մոտ է։


Պատի աջ կողմում մոր լուսանկարն է։ Վիգենը ցույց է տալիս։


— Այդ է մամաս։


Ինքն իրեն ասում է՝ մեծ երազանքները կարճացել են։ Ուզում է օգտակար լինել այնքան, որքան կարող է։ Ուզում է երեխաներն ու թոռները հայ մնան։



Եփրեմյանների ընտանիքը՝ խնամիների հետ, Վիգենը՝ կնոջ՝ Սոնյա Եփրեմյանի հետ, որի հետ ամուսնացած է 38 տարի, և թոռան՝ Ջորջ Վիգենի հետ


Տղան փաստաբան է։ Հայերեն երգեր է երգում՝ աշուղական, հայրենասիրական, հեղափոխական։ Տանը հայերեն է խոսում։ Աղջիկն էլ է կապված հայկական կյանքին։ Եղբոր երեխաները մաքուր հայերեն են խոսում։


Որդու հետ երգելիս Վիգենը երբեմն բառերից մեկը սխալ է ասում։ Տղան կանգնեցնում է նրան։


Ուղղում է հայերեն բառը։ Հետո շարունակում են երգել։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page