31.08.2024
Քոչարյանին որ բերում էին, հայ մտավորականության շատ ներկայացուցիչներ զգուշացնում էին, որ նրա կոշտ բնավորությունը և բարդ կենսագրությունը կարող են հանգեցնել բազմաթիվ բարոյական և իրավական գծերի հատման։ Այս զգուշացումները, ցավոք, մարգարեական եղան։ Նրա գահակալության շրջանը նշանավորվեց մի շարք ողբերգական իրադարձություններով, քաղաքական բռնաճնշումներով և աղմկահարույց սպանություններով, որոնք անջնջելի հետք թողեցին ժամանակակից Հայաստանի պատմության մեջ։ Այս հոդվածում մենք ներկայացնում ենք ավարտված դեպքեր և հետաքննություններ, որոնք տարիներ անց լույս են սփռում այդ ժամանակի իրական էության վրա և հաստատում նրա իշխանության սկիզբը ուղեկցող մութ կանխատեսումները:
1998-2008 թվականներին տեղի են ունեցել առեղծվածային մահեր, քաղաքական հետապնդումներ, միջադեպեր, մահափորձեր, պաշտոնյաների սպանություններ, հետապնդումներ տպագիր մամուլի ու ԶԼՄ-ների հանդեպ, քրեական և կիսաքրեական աղմկահարույց սպանություններ։
2008 թվականին ամբողջացվել են բոլոր նման դեպքերը, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Դրանք կարևոր լույս են սփռում Քոչարյանի ժամանակաշրջանի իրական պատկերի վրա:
1998-2008 քաղաքական սպանություններ.
Հենրիկ Խաչատրյան. ՀՀ գլխ. դատախազ: Սպանվել է հրազենից՝ իր աշխատասենյակում, 1998թ. օգոստոսի 6-ին: Պաշտոնական վարկածով` նրան սպանել է ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանը և ինքնասպան եղել:
Արամ Կարապետյան. ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ: Դեպքից մեկ ժամ անց Ռ. Քոչարյանը «բացահայտեց» հանցագործությունը, որի համաձայն՝ Արամ Կարապետյանը անձնական հրաձիգով սպանել է Գլխ. դատախազ Հենրիկ Խաչատրյանին և ինքնասպան եղել: Հենց այս «բացահայտումն» էլ հետագայում դարձավ քննչական խմբի հիմնական վարկածը, և հանցագործությունը համարվեց բացահայտված:
Վահրամ Խոռխոռունի. ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ: Սպանվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից: Սպանությունը բացահայտված չէ:
Արծրուն Մարգարյան. ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր: Սպանվել է 1999թ. փետրվարի 9-ին: Պաշտոնական վարկածով` երկու կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում:
Վազգեն Սարգսյան. ՀՀ վարչապետ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Աժ դահլիճում՝ Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կազմակերպիչների մասով բացահայտված չէ:
Կարեն Դեմիրճյան. ԱԺ նախագահ, Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ: Սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:
Յուրի Բախշյան. ԱԺ փոխնախագահ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:
Ռուբեն Միրոյան. ԱԺ փոխնախագահ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:
Լեոնարդ Պետրոսյան. ՀՀ օպերատիվ հարցերով նախարար: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Հունանյանի խմբի կողմից:
Արմենակ Արմենակյան. ՀՀ ԱԺ պատգամավոր: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին: Սպանությունը բացահայտված չէ:
Հենրիկ Աբրահամյան. ԱԺ պատգամավոր: Սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից: Միքայել Քոթանյան. ԱԺ պատգամավոր, ակադեմիկոս: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Հունանյանի խմբի կողմից:
ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի թիկնապահ Արբակ Բաբասյանը 2000թ.-ի ապրիլի 4-ին, գիշերվա 02:40-ի սահմաններում, Բաղրամյան և Կիևյան փողոցների խաչմերուկում ատրճանակով սպանեց 30-35 տարեկան մի քաղաքացու:
Գագիկ Պողոսյան. ՀՀ վարչապետի խորհրդական, վարչապետի վերահսկողական ծառայության պետ: Սպանվել է 2001թ. սեպտեմբերի 11-ին, իր բնակարանի դռանը հարմարեցված նռնակի պայթյունի հետևանքով: Սպանությունը բացահայտված չէ:
Պողոս Պողոսյան. Վրաստանի քաղաքացի: Սպանվել է 2001թ. սեպտեմբերի 25-ին, «Առագաստ» սրճարանում՝ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվելու հետևանքով՝ նախագահին «պրիվետ Ռոբ» արտահայտությամբ ողջունելու համար:
Սպանությունից մի քանի օր հետո Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Թիկնապահներից մեկը՝ Ա. Հարությունյանը՝ Կուկու մականվամբ, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման:
Տիգրան Նաղդալյան. լրագրող, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ: Սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին, ծնողների տան շքամուտքում՝ հրազենից:
1998-2008 պաշտոնյաների սպանություններ
Աշոտ Մխիթարյան. ՀՀ էլեկտրական ցանցերի «Արզնի» մասնաճյուղի տնօրեն: 2005թ. սեպտեմբերի 24-ին Նոր Հաճնի քաղաքապետ և հոկտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածու Արմեն Քեշիշյանը երկու ոստիկանների ներկայությամբ վեց կրակոց է արձակել և սպանել նրան: Քեշիշյանը դատապարտվեց ընդամենը 3.5 տարվա ազատազրկման և պայմանական ազատ արձակվեց:
Տիգրան Պետրոսյան. Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետ: Սպանվել է 2006թ. օգոստոսի 30-ին, նախկին գյուղապետ Գեղամ Բաբայանի կողմից, որսորդական հրացանով:
Ռոլանդ Մկրտչյան. Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ: 2006թ. դեկտեմբերի 20-ի գիշերը անհայտ անձանց կողմից իր տանից դուրս է կանչվել և սպանվել:
Շահեն Հովասափյան. ՀՀ Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ: Սպանվել է 2006 թ. սեպտեմբերի 6-ի առավոտյան` ծառայողական ավտոմեքենայով աշխատանքի ուղևորվելիս: Անհայտ հանցագործը գործի էր դրել նրա նստատեղի տակ դրված ռումբը:
Ալբերտ Ղազարյան. 2007թ. օգոստոսի 25-ի գիշերը աշխատանքից տուն վերադառնալիս իր տան մոտ անհայտ անձի կողմից սպանվեց Լոռու մարզի դատախազը։
2007թ. նոյեմբերի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում Արաբկիրի շուկայի մոտակայքում հրազենային կրակոցից անհայտ անձանց կողմից սպանվել է Սայադ Դավթյանը. Հայաստանի որսորդների միության նախագահ, ԲՀԿ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Քանաքեռի տարածքի համակարգող, 1960թ. ծնված։
1998-2008 քրեական և կիսաքրեական աղմկահարույց սպանություններ
Վանուշ Թորոսյան. «Դվին» հյուրանոցի տնօրեն: Սպանվել է 2003թ. օգոստոսի 31-ին Մոսկվայում հրազենային կրակոցից: Նրա հետ միասին սպանվել էին նաև ԱՎՄ (Ազատամարտի վետերանների միություն) նախկին համանախագահ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Դիոնիս Մարգարյանը և ՀՀ ՆԳ նախկին աշխատակից, Մոսկվայի ՆԳ քաղաքային վարչության աշխատակից Վալերի Ավանեսյանը:
2005թ. փետրվարի 4-ին «ՏԷՑ-ի կռուգի» փոխհրաձգության ժամանակ զոհվել է Մհեր Տեր-Հովհաննիսյանը:
Ռաֆայել Շահմուրադյան. Հայաստանում «Ավտովազի» ներկայացուցիչ, «Արմենիա-Լադա» ընկերության ղեկավար: Սպանվել է 2005 թ. փետրվարի 6-ին ՌԴ Սամարայի մարզում՝ Տոլյատի քաղաքի ճանապարհին: Դրանից մեկ տարի առաջ՝ մայիսի 24-ին, Շահմուրադյանի դեմ մահափորձ էր տեղի ունեցել Երևանի Բաղրամյան պողոտայում՝ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մերձակայքում: Անհայտ անձը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայից կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ, ինչից հետո Շահմուրադյանը հրաշքով կենդանի էր մնացել. փամփուշտը, անցնելով մարմնի լայնքով, ոչ մի օրգան չէր վնասել: Այն ժամանակ Շահմուրադյանը հայտարարել էր, որ իր դեմ տեղի ունեցած մահափորձի մեջ կասկածում է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին:
Լևոն Գուլյան. «Պանդոկ» ռեստորանի նախկին սեփականատեր: 2007թ. մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 3:00-ին բերման է ենթարկվել Շենգավիթի ոստիկանություն` 2006-2007 թվականների ընթացքում սպանված, ազգակցական կապեր ունեցող Աշոտ, Ստեփան, հետագայում նաև Արտավազդ Վարդանյանների սպանությունների հանգամանքների հետ կապված: Գուլյանին 2 օր պահել են ոստիկանության բաժանմունքում, ինչը ավարտվել է նրանով, որ Գուլյանը կասկածելի հանգամանքներում ոստիկանության պատուհանից վայր ընկավ և մահացավ: Պաշտոնական վարկածի համաձայն՝ իբր նա ցանկացել է փախուստի դիմել և 2-րդ հարկից վայր է ընկել ու մահացել:
Սեդրակ Զատիկյան. Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդին: Սպանվել է 2006 թ. հունիսի 22-ին, օրը ցերեկով, տասնյակ մարդկանց աչքի առաջ, Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում: Մարդասպանի արձակած գնդակներից զոհվեց նաև անցորդ՝ 1969թ. ծնված Կարինե Սարգսյանը:
Ալեքսանդր Գիվոև. Սպանվել է 2006 թ. օգոստոսի 8-ին Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա` գնումներ կատարելիս: Մարդասպանների արձակած գնդակներից զոհվել էր նաև վաճառողուհի Գյուլնարա Կարապետյանը:
2007թ. օգոստոսի 6-ի գիշերը Կոտայքի մարզի Առինջ գյուղում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի պահակային ծառայության աշխատակիցներ Գ. Բալյանը և Ա. Անդրիասյանը սկզբում ծեծել, իսկ այնուհետև հրազենից կրակել և սպանել են Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի սպա Դենիս Երմոլովին:
2007թ. օգոստոսի 12-ի գիշերը «Ռելաքս» դիսկոտեկ-ակումբի մոտ անհայտ անձը դանակահարել էր Արտակ Ալեքսանյանին և Արթուր Սիմոնյանին: Հետագայում նա հիվանդանոցում մահացել է: Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ այդ վիճաբանությանը մասնակից է եղել նաև ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Սաշիկ Սարգսյանի որդին:
Առեղծվածային մահեր
Տիգրան Հայրապետյան. քաղաքագետ-հրապարակախոս: Զոհվել է 1999թ. մարտի 9-ին, վրաերթի հետևանքով: Հայրապետյանին սպանած վարորդը կարճ ազատազրկումից հետո վերստին հայտնվել է ազատության մեջ:
Սերգեյ Բադալյան. ՀԿԿ 1-ին քարտուղար, ԱԺ ՀԿԿ խմբակցության նախագահ: Մահացել է 1999 թ. նոյեմբերի 25-ին, Մոսկվայում: Էդուարդ Եգորյան. ԺՀԿ հիմնադիր-նախագահ: Մահացել է 1999 թ. օգոստոսի 10-ին: Պաշտոնական ախտորոշումը՝ սրտի կաթված:
Վահան Զատիկյան. ԱԺ պատգամավոր: Մահացել է 1999 թ. հոկտեմբերի 7-ին: Մահվան պաշտոնական վարկածը՝ սրտի կաթված:
Մավրիկ Ավետիսյան. պաշտպանության նախարարության ֆինանսական վարչության պետ, գնդապետ. ինքնասպան է եղել կաբինետում:
Սուրեն Ավետիսյան. ԱԺ պատգամավոր, «Կայունություն» խմբի անդամ: Զոհվել է ավտովթարից 1999 թվականի հոկտեմբերի 26-ին: Մեքենան բարձր արագությամբ ընդհարվել է բեռնատարին:
Նորայր Եղիազարյան. հոկտեմբերի 27-ի աջակիցներից էր, 2000թ. օգոստոսի 29-ին բանտախցում էլեկտրահարվել է, մասնագիտությամբ էլեկտրիկ:
Մովսես Գեղանգուլյան. Վազգեն Սարգսյանի թիկնազորի պետ, մահացել է 2000թ. դեկտեմբերին, ավտովթարի տետևանքով: Վլադիմիր Նազարյան. իրավաբանության դոկտոր, պրոֆեսոր, նախկին գլխավոր դատախազ: Իր բնակարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 2002 թվականի հուլիսի 22-ին: Հայաստանի ընդդիմության հիմնական իրավախորհրդատուն էր:
Վռամ Գալստյան. Հոկտեմբերի 27-ի ահաբեկիչներից էր, Նաիրի և Կարեն Հունանյանների քեռին, 2004թ. ապրիլի 27-ին Նուբարաշենի մեկուսարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
2004թ. մայիսի 28-ին Ապարան-Երևան ավտոմայրուղու վրա ավտովթարի ենթարկվեց Հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, որը մի քանի վիրահատություններից հետո այդպես էլ ուշքի չգալով՝ նույն թվականի սեպտեմբերի 18-ին մահացավ:
2004թ. սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով անցնող վկաներից ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը:
Անդրանիկ Մարգարյան. ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ: Մահացել է 2007 թ. մարտի 25-ին: Մահվան պաշտոնական վարկածը սրտի անբավարարությունն էր:
1998-2008 թթ. քաղաքական հետապնդումներ, միջադեպեր, մահափորձեր
1999 մայիս-2001 օգոստոս ամիսներին բանտարկության մեջ է եղել «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանը: Ֆրանսիայի հայ իրավաբանների և փաստաբանների ասոցիացիան, «Մարդու իրավունքներ՝ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը, Հելսինկյան ֆեդերացիան Ա. Բլեյանին ճանաչել են քաղաքական բանտարկյալ:
2000թ. մարտին պայթեցվեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի մեքենան: Պայթյունի կազմակերպման մեղադրանքով ձերբակալվեցին ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն ու նրա մի շարք կողմնակիցներ: Բաբայանն ազատ արձակվեց 2004 թվականին:
Անօրինական հետապնդումների են ենթարկվել 2000թ. հոկտեմբերի 30-ի հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ: Նրանցից 17-ը ենթարկվել է 7-ից 30 օր ժամկետով վարչական կալանքի, 4-ը տուգանվել է, իսկ հանրահավաքի կազմակերպիչ Արկադի Վարդանյանը 4 ամսվա բանտարկությունից հետո արտաքսվել է Հանրապետությունից: Հայաստանից տարագրվել են նաև Ա. Վարդանյանի բազմաթիվ համախոհներ, այդ թվում` նրա փաստաբան Կարո Կարապետյանը («Ռ. Քոչարյանի պաշտոնանկման հիմքերը» գրքի հեղինակը), երիտասարդական կազմակերպության ղեկավար Արսեն Արզումանյանը:
2001թ. հունիսին մահափորձ է կատարվել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դեմ, 2001թ. սեպտեմբերի 7-ի խաղաղ հանրահավաքից հետո նա ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվել իր տանը:
2001թ. սեպտեմբերի 13-ին ձերբակալվել և երկու ամիս բանտում պահվելուց հետո ազատազրկման է դատապարտվել (պատժի կատարումը պայմանականորեն հետաձգվել է) խորհրդային տարիների հայտնի այլախոհ, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հիմնադիր, ընդդիմադիր գործիչ Ազատ Արշակյանը: Ա. Արշակյանի հետ ձերբակալվել են նաև նրա մոտ տասը համախոհներ:
2001թ. հոկտեմբերի 12-ից ակնհայտ քաղաքական դրդապատճառներով բանտարկության մեջ է գտնվել ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության նախկին պետ, գնդապետ Մուշեղ Սաղաթելյանը: Նա ազատազրկվեց մինչև 2003 -ի սեպտեմբեր ամիսը:
2002թ. հունվարի 26-ից ԱԱԾ մեկուսարանում է գտնվում թուրքագետ Մուրադ Բոջոլյանը` հայրենիքի դավաճանության և հօգուտ Թուրքիայի լրտեսության կեղծ մեղադրանքով:
2002թ. հունիսի 15-ին Արարատ քաղաքում զրպարտության մեղադրանքով ձերբակալվել է բանաստեղծ Ջանիկ Ադամյանը՝ մի բանաստեղծության համար, որտեղ կան «անաղուհաց քրդի շուն» բառերը, և որը, որպես թռուցիկ, փակցվել է պատերին: Նա ազատ է արձակվել օգոստոսի 26-ին:
2002-2003թթ. պետական կազմակերպված հետապնդումների ու հետևողական ճնշումների արդյունքում սնանկացվեց մոսկվայաբնակ հայազգի գործարար Լևոն Մարկոսին պատկանող Կրեդիտ-Երևան բանկը, իսկ Մարկոսի հանդեպ հարուցվեց շինծու քրեական գործ:
2003թ. փետրվարի 4-ին Արտաշատում նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի հանրահավաքի ժամանակ դանակահարվեց վերջինիս նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
2003թ. մարտի 15-ին Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի, ինչպես նաև ընդդիմության առաջնորդներից մեկի՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը: Չնայած նրա մեղքը ապացուցող փաստերը բացակայում էին, բայց դատարանը նրան դատապարտեց 15 տարվա ազատազրկման:
2003թ. մարտի 15-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է այդ կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը: Կարճատև դատավարությունից հետո նա ենթարկվել է 10-օրյա վարչական կալանքի: Մինչ այդ նա անհայտ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել, իսկ լույս 15-ի գիշերը անհայտ անձինք հրկիզել էին նրա գրասենյակը:
2003թ. հունիսի 25-ին, ժամը 12-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղու վրա անհայտ անձինք կրակահերթ էին արձակել «ԳԱԶ-3129» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վրա և սպանել մեքենայի վարորդ Սաշիկ Հակոբյանին, ուղևորներ՝ ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարիկ Հարությունյանին, Արկադի Գևորգյանին: Ուղևորներից Արտյոմ Գևորգյանը ստացել էր ծանր մարմնական վնասվածք: Արտյոմ և Արկադի Գևորգյաններն ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի եղբորորդիներն էին:
2003թ. հուլիսի 22-ին մահափորձ է կատարվել Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանի դեմ (պայթեցվել է նրա ավտոմեքենան):
2004թ. մարտի 22-ի գիշերը իր տան մուտքի մոտ անհայտ անձինք հարձակվել են ԱԺ պատգամավոր, «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի վրա: Տարել են բաճկոնը, որի գրպանում են եղել ԱԺ պատգամավորի վկայականը, աշխատասենյակի և չհրկիզվող պահարանի բանալին և հեռախոսահամարների բլոկնոտը:
2004թ. մարտի 30-ին իրենց շենքի գավթում անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
2004թ. ապրիլին ձերբակալվեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա ազատ արձակվեց հունիսի 2-ին:
2004թ. ապրիլի 11-ին Ազատության հրապարակում ձերբակալվեց նախկին պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամազդ Զաքարյանը, որը քաղաքական ապաստան է ստացել և այժմ բնակվում է Մեծ Բրիտանիայում:
2004 թ. ապրիլի 12-ին հրավիրված հանրահավաքի օրը նախագահական նստավայրի մոտ բերվել էին ջրցան 4 և փշալարեր փռող 5 հատուկ մեքենաներ, 1000-ից ավելի ոստիկան ու զինվոր: Բուն նախագահականի տարածքում տեղաբաշխված է եղել հատուկ նշանակության ջոկատը՝ մահակներով, վահաններով, ռետինե փամփուշտներ կրակող ինքնաձիգներով:
Ճիշտ կեսգիշերին անջատվում է Բաղրամյան պողոտայի արտաքին լուսավորությունը: 2004թ. ապրիլի լույս 13-ի գիշերը՝ ժամը 2-ին, Բաղրամյան պողոտայում մահակներով զինված ոստիկաններն ու զինվորները, պայթուցիկների, արցունքաբեր գազի, էլեկտրաշոկի, ջրցան մեքենաների գործադրմամբ, ռետինե փամփուշտներ արձակելով, նախագահականի կողմից հարձակվեցին ցուցարարների վրա: Ոստիկանները պայթուցիկ փաթեթներ նետեցին ցուցարարների վրա, կարմիր բերետավորները երկաթե մահակներով դաժան ծեծի ենթարկեցին ցուցարարներին:
Ոստիկանները ու զինվորականները հարձակումների են ենթարկել և գրավել «Հանրապետության», ԱՄ-ի և ՀԺԿ-ի գրասենյակները՝ ծեծի ենթարկելով գրասենյակներում գտնվող բոլոր անձանց: Ջարդվել են գրասենյակների դռները, պատուհանները, փչացվել և գողացվել է գույքը: Գրասենյակներում կազմակերպված ջարդերի ժամանակ չեն խնայել անգամ կանանց: Միայն «Հանրապետության» գրասենյակից Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկվել 13 կին, որոնցից Անի Խաչատրյանը ծեծի է ենթարկվել բարձրախոսով հայտարարություն անելու համար: Դաժան ծեծի են ենթարկվել ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը՝ 72-ամյա Գրիզելդա Ավետիսյանը և նրանց որդին:
2004 թվականի ապրիլին ձերբակալվեց ՀԺԿ Արտաշատի կառույցի ներկայացուցիչ Գրիշա Վիրաբյանը: Ձերբակալման ընթացքում Արտաշատի ոստիկանության աշխատակիցները այնպես էին խոշտանգել նրան, որ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկները ստիպված էին եղել կյանքը փրկելու համար շտապ վիրահատել և հեռացնել ամորձին:
2004թ. ապրիլի 20-ին շինծու մեղադրանքով ձերբակալվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Վաղարշակ Հարությունյանը: Նույն թվականի հունիսի 12-ին Հարությունյանն ազատ է արձակվել:
2004թ. ապրիլի 22-ին, ժամը 13-ի սահմաններում, Թումանյան և Մոսկովյան փողոցները միացնող նրբանցքում երեք անհայտ անձինք դաժան ծեծի են ենթարկել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ ՆԳ նախկին նախարար Աշոտ Մանուչարյանին: Հարձակման հետևանքով Մանուչարյանը ստացել էր ծանր վնասվածքներ և ստիպված էր եղել մի քանի անգամ բարդ վիրահատությունների ենթարկվել:
2004թ. մայիսի 26-ին 24-ամյա Էդգար Առաքելյանը դատապարտվել է 1․6 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր ապրիլի 13-ին ոստիկանին պլաստիկե դատարկ շշով հարվածելու մեջ:
2005թ. հոկտեմբերի 7-ին ձերբակալվեց փաստաբան Վահե Գրիգորյանը, որը «համարձակություն էր» ունեցել դատարաններում պաշտպանել Կենտրոնի «էլիտար» կառուցապատման արդյունքում տնանկ դարձած քաղաքացիների շահերը: Նա անազատության մեջ մնաց 4 ամիս:
2005թ. նոյեմբերի 15-ին Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանի աշխատասենյակում դաժան ծեծի է ենթարկվել Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արայիկ Քոթանջյանը: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքապետի ներկայությամբ:
2006 թ. մարտին Հ. Պարոնյանի երաժշտության և կոմեդիայի թատրոնի տնօրինությունը իշխանությունների հրահանգով «Ժառանգություն» կուսակցությանն ապօրինի թույլ չտվեց մուտք գործել թատրոնի շենքի վարչական մասում վարձակալած իրենց գրասենյակ: Մոտ մեկ տարի տևած դատական քաշքշուկներից հետո «Ժառանգություն» կուսակցությանը այդպես էլ չհաջողվեց հետ վերցնել իր գրասենյակները: «Ժառանգության» գրասենյակի փակման ժամանակ ինչ-որ մարդիկ հափշտակել էին կուսակցության բազային համակարգչում կուսակցության անդամների մասին եղած տեղեկությունները:
2006թ. հոկտեմբերի 8-ին իր տան մոտակայքում հարձակման է ենթարկվել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ներքին գործերի նախկին նախարար, Երևան քաղաքի նախկին քաղաքապետ, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը:
2006թ. դեկտեմբերի 9-ի գիշերը երևանյան ռեստորաններից մեկում ԱԱԾ հատուկ ջոկատը կալանավորել է «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին: Նա դատապարտվեց 5 տարվա ազատազրկման:
2006թ. դեկտեմբերի 9-ի գիշերը ԱԱԾ հատուկ ջոկատն իր տանը կալանավորել է «Հայրենիք և պատիվ» կուսակցության վարչության անդամ Վարդան Մալխասյանին: Նա ստացավ 2 տարվա ազատազրկման պատժաչափ:
2007թ. ապրիլի 2-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Աշտարակ մայրուղու Աշտարակի կամրջի հատվածում հարձակում է իրականացվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոշարասյան վրա: Ղուկասյանը և ևս երկու անձինք ծանր վիրավորվել են, իսկ երեք հոգի տեղում մահացել է:
2007թ. ապրիլի 7-ի գիշերը անհայտ անձինք հրդեհել են Էջմիածին քաղաքը ներառող թիվ 19 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սուսաննա Հարությունյանի ձեռնարկությունը:
2007թ. ապրիլի 7-ի գիշերը ինքնաձիգներից գնդակոծվել է նույն ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու, էջմիածինցի Հակոբ Հակոբյանի մեքենան: Հետագայում Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանն անվավեր ճանաչեց Հակոբյանի գրանցումը որպես պատգամավորության թեկնածու:
2007թ. մայիսի 3-ին ուշ երեկոյան երկու «Ջիփերով» 5-6 անձինք առևանգել և դաժան ծեծի էին ենթարկել ՔԱԳՎ նախկին պետ Շահեն Պետրոսյանին այն բանի համար, որ վերջինս «Ստոպ» ռոք-ակումբում իրեն թույլ էր տվել ասել «Դոդի Գագո»:
Ըստ տուժածի՝ իրեն ծեծած անձանց կարելի է տեսնել Գագիկ Ծառուկյանին պատկերող լուսանկարների մեծ մասում` նրա թիկունքում կանգնած անձանց մեջ:
2007թ. մայիսի 7-ին ժամը 23-ին, իր բնակարան մտնելու պահին ձերբակալվել է ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Անհնազանդություն» շարժման ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը: Խափանման միջոցի փոփոխման արդյունքում նա 2007-ի սեպտեմբերին ազատ արձակվեց:
2007թ. մայիսի 20-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան ու Ղուկասյան փողոցների խաչմերուկում միմյանց վրա են կրակել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ, ԲՀԿ տարածքային գրասենյակի ղեկավար Արտաշես Սարգսյանի որդիները: Դեպքի վայրի զննությունից հայտնաբերվել են 28 պարկուճ, 2 գնդակ: Կան վիրավորներ: Միջադեպի մասնակիցների դատն անցկացվեց գաղտնի պայմաններում, և նշանակվեց 1.5 տարվա ազատազրկում:
2007-ի մայիսի 24-ին, ժամը 21-ի սահմաներում, Սիսիան քաղաքում, քաղաքապետի որդուն պատկանող «Ալվինա» օբյեկտում քաղաքապետ Լավրենտի որդին` Արթուր Սարգսյանը, որը Սյունիքի տարածաշրջանի մաքսատան զննման բաժնի պետն է, և նրա չորս վարձկանը մահակներով ծեծի են ենթարկել Սիսիանի տարածքի Վաղատինի գյուղապետ Շահեն Գրիգորյանին` նախընտրական և հետընտրական շրջանում իրեն «սխալ» պահելու համար:
2007թ. մայիսի 27-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, Ալավերդիում անհայտ անձինք ավտոմեքենայի անվադողի մեջ հեղուկ վառելիք են լցրել և փորձել հրդեհել ՀԺԿ Ալավերդու տարածքային կառույցի ղեկավար, թիվ 31 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Լարիսա Փարեմուզյանի բնակարանը:
2007թ.-ի հուլիսի 16-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգև Օհանյանը համարձակություն ունեցավ կայացնել ՀՀ արդարադատության համար աննախադեպ` արդարացման դատավճիռ, որով դատարանի դահլիճից ազատ արձակվեցին «Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատեր Գագիկ Հակոբյանն ու տնօրենը: Հակոբյանի «մեղքը» կայանում էր նրանում, որ համարձակություն էր ունեցել բացեիբաց հայտարարելու, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի ներկայացուցիչներն իրենից կաշառք են ուզել: Բուժման նպատակով արտերկիր մեկնած Գագիկ Հակոբյանը հոկտեմբերին վերադարձավ Հայաստան` մասնակցելու համար վերաքննիչ դատավարությանը, և ձերբակալվեց հենց օդանավակայանում: Հակոբյանի փաստաբան Աշոտ Սարգսյանի խոսքերով՝ Հակոբյանին ազատազրկելու իրական պատճառն այն է, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ցանկանում է տիրանալ Հակոբյանին պատկանող սուրճի վերամշակման գործարանին: Նոյեմբեր ամսին Հակոբյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, իսկ մինչ այդ` հոկտեմբերի 15-ին, արդարադատության խորհրդի առաջարկով Ռոբերտ Քոչարյանը դադարեցրեց Պարգև Օհանյանի լիազորությունները:
2007թ.-ի օգոստոսի 18-ին, Համահայկական խաղերի բացման արարողության ընթացքում, միջոցառման մասնակիցներին քաղբանտարկյալներ Արման Բաբաջանյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի և Ալեքսանդր Արզումանյանի մասին պատմող թռուցիկներ բաժանելիս ոստիկանների կողմից բռնությունների ենթարկվեցին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և նրա օգնական Սեդա Մելիքյանը: Ոստիկանները խլել էին Փոստանջյանի ձեռքի փաթեթը, որի մեջ էր մասնավորապես «ՉԻ»-ի թղթակից Գագիկ Շամշյանի դատավճիռը, որն այդպես էլ չվերադարձվեց, և այդ պատճառով լրագրողը չկարողացավ բողոքարկել այն:
Ոստիկաններն առգրավել էին նաև թռուցիկների ողջ խմբաքանակը: Նույն վայրում ապօրինի կերպով ձերբակալվեցին «Այլընտրանք» ՀՔՆ ներկայացուցիչներ Արթուր Մինասյանը և Մանուկ Սուքիասյանը, ինչպես նաև «Այլընտրանքի» համակիր Վարդգես Գասպարյանը: Վերջիններս բերման ենթարկվեցին ոստիկանություն, որտեղ պահվեցին շուրջ 2 ժամ, ազատ արձակվեցին միայն բացման արարողության ավարտից հետո: Ոստիկանությունը հետագայում հերքեց նրանց բերման ենթարկելու փաստը:
2007թ. հոկտեմբերի 23-ին, մոտավորապես ժամը 19-ին, Երևանի Կորյուն-Աբովյան խաչմերուկի մոտ բախում է տեղի ունեցել ոստիկանության և մի խումբ քաղաքացիների միջև, ինչի հետևանքով ոստիկանության Կենտրոնի բաժանմունք են բերման ենթարկվել «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագիր Շողեր Մաթևոսյանը, «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Մաթևոսյանը և նրա որդին` Թևոս Մաթևոսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը և նրա որդիները` Տիգրան և Կարեն Մակեյանները, Լևոն Բաբաջանյանը, Տիգրան Սալնազարյանը (երկուսն էլ անչափահաս), Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանը, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը և ևս մի քանի հոգի: Վերջիններս կազմակերպել էին խաղաղ երթ, որի ընթացքում կազմակերպիչները քաղաքացիներին տեղեկացնելիս են եղել հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքի մասին, որի իրազեկումը Երևանի քաղաքապետարանը ընդունել էր ի գիտություն:
Այն բանից հետո, երբ 2008 թվականի նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին հայտարարեց գործարար Խաչատուր Սուքիասյանը, Սուքիասյանների ղեկավարած կազմակերպություններում սկսվեցին տոտալ ստուգումներ, ճնշումներ, ձերբակալվեց նրանց պատկանող «Պիցցա Դի Ռոմա» ցանցի տնօրենը, կարճ ժամանակով դադարեցվեց «Բջնի» հանքային ջրերի արտադրությունը:
2007թ. նոյեմբերի 15-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ՎԱԶ 21» մակնիշի ավտոմեքենայով անհայտ անձինք կանգնեցրել են ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության ղեկավար Նարեկ Գալստյանին Նոր Նորքից Կենտրոն տանող տաքսի ավտոմեքենան, վերցրել են տաքսու բանալիները և դեն շպրտել, որից հետո հարձակվել են Նարեկ Գալստյանի վրա, դաժանաբար ծեծել՝ հարվածներ հասցնելով գլխի և որովայնի շրջանում և սպառնացել սպանել, եթե վերջինս թերթերին ինֆորմացիա տա: Նարեկ Գալստյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
2008թ. հունվարի 13-ի երեկոյան իր տան մոտ անհայտ անձինք հարձակվել ու ծեծի են ենթարկել գրող և հրապարակախոս, Մտավորականների ֆորումի ավագանու անդամ Ռոբերտ Կարայանին՝ նրան հասցնելով մարմնական վնասվածքներ։
Հետապնդումներ տպագիր մամուլի ու ԶԼՄ-ների հանդեպ
«Չորրորդ իշխանություն»
2003թ. ապրիլի 30. Այդ օրն իր աշխատասենյակում երկու տղամարդու կողմից դաժան ծեծի ենթարկվեց «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Մհեր Ղալեչյանը: Մեկ տարի անց նա բերման ենթարկվեց Երևանի ՆԳ վարչության ժամանակավոր պահման ընդունիչ մեկուսարան:
2004թ. ապրիլի 17. Այդ օրը` ժամը 12-ի սահմաններում, փորձեցին «Չորրորդ իշխանություն» խմբագրության տարածք ներխուժել «քաղաքացիական հագուստով անհայտ անձինք։
2006թ. հուլիսի 13. Այդ օրը սպառնալիքների ու ահաբեկման թիրախ դարձավ «Չորրորդ իշխանություն» և «Առավոտ» թերթերի թղթակից Գագիկ Շամշյանը: Հաջորդ օրը նա հարձակման ենթարկվեց:
2006թ. հուլիսի 21. Այդ օրը փորձ արվեց հրդեհել «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությունը:
2007թ. հունիսի 6. Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը 2 տարի պայմանական ազատազրկման դատապարտեց «Առավոտ», «Չորրորդ իշխանություն», «Ժամանակ Երևան» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին:
2007թ. հոկտեմբերի 23. Այդ օրը խաղաղ քայլերթի ժամանակ ոստիկանության բաժանմունք տարվեց «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանը, բռնությունների ենթարկվեց նույն թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը:
2007թ. դեկտեմբերի 13. Այդ օրն անհայտ անձինք պայթեցրին «Չորրորդ իշխանություն» խմբագրության մուտքի դուռը:
«Հայկական ժամանակ»
1999 թ. հունիսի 8-ի հարկադիր կատարողների գրոհից հետո դադարեցվեց «Օրագիր» օրաթերթի տպագրությունը: Իշխանությունների հրահանգով թերթի դեմ սկսված հետապնդումը ավարտվեց նրանով, որ 2000 թ. հունվարի 27-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը «Օրագրի» գլխավոր խմբագրին դատապարտեց մեկ տարվա ազատազրկման` պատժի կատարումը պայմանական չկատարելով: «Օրագիր» օրաթերթի հրատարակումն այդպես էլ չվերսկսվեց, իսկ 1999 թ. հուլիսի 13-ից օրաթերթի աշխատակազմը սկսեց հրապարակել «Հայկական ժամանակ» օրաթերթը:
2004 թ. նոյեմբերի 22-ին, ժամը 20-40-ին, պայթեցվել է ՀԺ-ին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը մշտապես վարել է ՀԺ-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա դեպքից հետո, լրագրողների հարցերին ի պատասխան, հայտարարել է, որ իրավապահներին առաջարկել է քննել այն վարկածը, ըստ որի՝ ավտոմեքենայի պայթեցման հետևում կանգնած է «Մուլտի Գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Պաշտոնապես պայթյունի հեղինակներին այդպես էլ չի հաջողվել բացահայտել:
«Ա1+» և «Նոյան Տապան»
2002թ. ապրիլի 2-ին լիցենզիայից զրկվել են «Ա1+» և «Նոյան Տապան» միակ անկախ հեռուստաալիքները, որոնք եթեր էին տրամադրում ընդդիմադիր քաղաքական գործիչներին, անկախ վերլուծաբաններին:
2002թ. օգոստոսի 24-ին հարձակում է կատարվել և ծեծի են ենթարկվել «Աբովյան» հեռուստաընկերության հիմնադիր Արտաշես Մեհրաբյանը և գործադիր տնօրեն Ազնիվ Չիզմեղյանը:
2002թ. հոկտեմբերի 22-ին, ժամը 20.20-ի սահմաններում, անհայտ անձը պայթուցիկ էր նետել հայտնի լրագրող, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Մարկ Գրիգորյանի ոտքերի տակ: Այդ ժամանակ Լոնդոնում գտնվող լրագրողական կազմակերպություններից մեկի խնդրանքով՝ նա հոկտեմբերի 27-ի ահաբեկչության երրորդ տարելիցի կապակցությամբ հոդված էր պատրաստում: Նա այդ թեմայով հարցազրույցներ էր ունեցել մի շարք քաղաքական գործիչների և իրազեկ մարդկանց հետ: Մ. Գրիգորյանն իր դեմ իրականացված մահափորձը կապում է հենց այդ հոդվածի տպագրությունը նախապատրաստելու փաստի հետ:
2003թ. սեպտեմբերի 26-ին ծեծի է ենթարկվել «Օր» թերթի գլխավոր խմբագիր Գայանե Մուքոյանը:
2003թ. հունվարի 10-ին ՀՀ դատախազությունը ներխուժել է ազատ լրագրող Վահագն Ղուկասյանի բնակարան, խուզարկել: Առևանգել են համակարգիչ, CD և ֆլոպի 37 դիսկետ, 20 տեսաերիզ, էլեկտրոնային ծոցատետր: Հետագայում հրկիզվեց նրան պատկանող կարի արհեստանոցը: Վահագն Ղուկասյանը լքել է Հայաստանը` հայտարարելով, որ կյանքի անվտանգությունը և գործունեությունը շարունակելու երաշխիքների հարցերը լուծելու հաջորդ օրն իսկ կվերադառնա Հայաստան:
2004թ. ապրիլի 5-ի «Ազգային միաբանություն» կուսակցության կազմակերպած միտինգից հետո ձերբակալվել է մոտ 127 մարդ, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցությունների խորհրդի անդամներ, ակտիվիստներ: Առգրավել են «Հայկական ժամանակ», «Առավոտ» օրաթերթերի լուսանկարչական ապարատները, ջարդել են «Հայ TV» հեռուստաընկերության, «Ազգային միաբանություն» կուսակցության տեսախցիկները:
2004 թ. ապրիլի 12-ին դաժան ծեծի են ենթարկվել «Հայկական ժամանակ» թերթի թղթակիցներ Հայկ Գևորգյանը և Ավետիս Բաբաջանյանը, «Չորրորդ իշխանության» թղթակից Մհեր Ղալեչյանը, ռուսական «ԿՀՁ» հեռուստաընկերության օպերատոր Լևոն Գրիգորյանը: Ավետիս Բաբաջանյանը և Մհեր Ղալեչյանը ձերբակալվեցին: Լրագրողների նկատմամբ առանձնակի վայրագությամբ աչքի է ընկել ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանը:
2004 թ. օգոստոսի 24-ին Ծաղկաձորում անտառների վիճակի մասին ռեպորտաժ պատրաստելիս, որի ժամանակ նկարահանվել էին ԱԺ պատգամավորներ Լևոն Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի, ՀՀ մաքսային վարչության պետ Արմեն Ավետիսյանի, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արմեն Երիցյանի առանձնատները, ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի թիկնապահը հարձակում է գործել «Ֆոտոլուրի» լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանի և «Առավոտ» օրաթերթի թղթակից Աննա Իսրայելյանի վրա, նրանց քաշքշելով` խլել ֆոտոապարատի չիպը:
«Ժամանակ Երևան» օրաթերթ
2006 թվականի հունիսի 26-ին ակնհայտ քաղաքական նկատառումներով ձերբակալվեց «Ժամանակ Երևան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, որին հարցաքննությունների ընթացքում փաստաբան ունենալու հնարավորություն չընձեռվեց: 2006թ. սեպտեմբերին առաջին ատյանի դատարանը նրան դատապարտեց 4 տարվա ազատազրկման, իսկ Վերաքննիչը` 2007-ի հունվարին պատժաչափը կրճատեց 6 ամսով` հրաժարվելով Բաբաջանյանի նկատմամբ կիրառել օրենքի` տուգանքի վճարումով քրեական հետապնդումից ազատվելու դրույթը: Քոչարյանի հրամանով ստեղծված, այսպես կոչված, պայմանական-վաղաժամկետ ազատման դիմումների միջգերատեսչական հանձնաժողովը հասցրել է արդեն 2 անգամ, առանց բացատրությունների ու պարզաբանման, մերժել Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու` քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը: Արման Բաբաջանյանը քաղբանտարկյալ է ճանաչվել մասնավորապես «Amnesty International», «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունների, ինչպես նաև ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից:
2006-2007 թվականների ընթացքում «Ժամանակ Երևան» օրաթերթին դատի տվեցին «Շանթ» հեռուստաընկերությունը, կառավարությանն առընթեր ազգային փոքրամասնությունների գործակալության տնօրեն Հրանուշ Խառատյանը, ինչպես նաև իրավագետ Պուշկին Սերոբյանը:
2006թ. սեպտեմբերի 6-ին իր տնից դուրս գալիս հարձակման է ենթարկվել «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը:
2007թ. սեպտեմբերի 15-ին «Իսկական իրավունք» թերթի խմբագրության մոտ երկու անհայտ անձանց կողմից մետաղաձողերով ծեծի է ենթարկվել թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը:
Այն բանից հետո, երբ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաալիքը հեռարձակեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 2007 թվականի սեպտեմբերի 21-ի ելույթը, այդ հեռուստաալիքի դեմ սկսվեցին զանգվածային հետապնդումներ` հարկային ստուգումների, Գյումրու քաղաքապետարանի դատական հայցի և գովազդատուներին ճնշելու միջոցներով:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանի մասով Մարտի 1-ի հիմքով հարուցված քրեական գործը պետք է լրացվի նոր հոդվածներով, և այդ հոդվածներից մեկը կարող է լինել պաշտոնեական դիրքի չարաշահումը կամ անգործությունը, ինչի պատճառով հենց վերը թվարկված բոլոր հանցագործությունները չեն բացահայտվել, կամ իրականացվել է ոչ օբյեկտիվ քննություն։ «Սա միանշանակ է։ Այս դեպքում մենք գործ ունենք արդարադատության չիրականացման հետ, արդարադատությունը խոչընդոտելու հետ, և պետք է պարզ դառնա, թե ով և ինչու է խոչընդոտել արդարադատության իրականացմանը։ Մինչդեռ նախագահը օրենքի, արդարադատության, Սահմանադրության երաշխավորն է՝ ի պաշտոնե»,-ընդգծեց իրավապաշտպանը։
Բացի վերը թվարկված հանցագործություններից, Ռոբերտ Քոչարյանի մասով պետք է ավելացվի նաև պետական կարիքների համար Հյուսիսային պողոտայի, Բյուզանդի փողոցների բնակիչներից պետական կարիքների անվան տակ խլված բնակարանները։