Իսկ Հայաստանի գյուղերում՝ աջակցում մանուկների երաժշտական կրթությանը
23.07.2023
Շուշաննա Հակոբյանը դասական երաժշտության ասպարեզում անգերազանցելի վարպետությամբ տաղանդավոր դաշնակահարուհի է։ Նա ներկայումս բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և միայն հայ երաժշտին բնորոշ իր կիրքով քարոզում է այնտեղ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նա ակտիվորեն աջակցում է հայ երաժիշտներին՝ կազմակերպելով մենահամերգներ, որտեղ նրանք կարող են ցուցադրել իրենց տաղանդը և, ցավոք, հաճախ բարձր արվեստից կտրված տեղի հայ համայնքի ուշադրությունը հրավիրել դասական երաժշտության գեղեցկության վրա։
Շնորհիվ իր տաղանդի և հայկական մշակույթին նվիրվածության՝ Շուշաննան իր ընկերոջ՝ ջութակահար Ռուբեն Աղիյանի հետ ստեղծեց «Ունիսոն դուետ» կազմակերպությունը՝ ուղղված հայրենի երկրում երաժշտական կրթության զարգացմանն ու աջակցությանը։ Համերգներից ստացված գումարն ուղղվում է Տավուշի մարզի Աչաջուր, Ազատամուտ և Լուսաշող գյուղերում երաժշտական դասարանների գործունեությանը։ Այս վայրերը դարձել են իսկական երաժշտական կենտրոններ, իսկ տեղի դպրոցներում սովորող երեխաներն արդեն մեծ հաջողությունների են հասել ներպետական մրցույթներում։
Շուշաննա Հակոբյանի անցած վառ ուղին էլ ավելի վառ կդառնա առաջիկա համերգին՝ Meet Summer Night Dream-ին, որը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին Լոս Անջելեսում։ Այս միջոցառմանը կներկայացվեն ոչ միայն հայ կոմպոզիտորների, այլև ամերիկացի հեղինակների ստեղծագործությունները՝ նշանավորելով նրանց ներդրումը երկու մշակույթների մերձեցման և երկու երկրների երաժշտական ժառանգության հարստացման գործում։
Շուշաննա Հակոբյանի համերգը Երևանում
Շուշաննա Հակոբյանը ոչ միայն արտասովոր դաշնակահարուհի է և դասական երաժշտությունը խթանող գործիչ, այլև հիանալի ուսուցիչ։ Նա ակտիվորեն ներգրավված է ԱՄՆ-ում ապրող հայ երեխաների կրթության մեջ, ունի իր երաժշտական դպրոցը: Նրա դասավանդման հմտությունները և գիտելիք կիսելու փորձը օգնում են աճեցնել հայ երաժիշտների նոր սերնդին: Նրա դասերը ոչ միայն զարգացնում են երեխաների երաժշտական ճաշակն ու հմտությունները, այլեւ նպաստում են հայ ժողովրդի մշակութային հարուստ ժառանգության սերմացմանը Միացյալ Նահանգների հայկական սփյուռքի մատաղ սերնդի շրջանում՝ դաստիարակելով նրան հայկական մշակութային արմատների ոգով։
Շուշաննա Հակոբյանը տպավորում է դասական երաժշտության իր վիրտուոզ կատարմամբ, իր հոգու պրիսմակով այն մենաբանելու ու այլոց հոգիները շարժելու առաքելությամբ։ Նվիրվածությունը հայրենի մշակույթին և երիտասարդ երաժիշտներին աճեցնելու մղումը նրան դարձնում են հիացմունքի և ոգեշնչման արժանի գործիչ:
Նման տաղանդավոր ու աշխատասեր մարդկանց շնորհիվ բոլոր իմաստներով այս մռայլ ու մոխրագույն շրջանում Հայաստանի երաժշտական և մշակութային ժառանգությունը հնչում է իբրև պայծառ հիշեցում՝ մեր ժողովրդի իրական նրբության ու հոգու մասին:
Comments